Խայտաքիս
Խայտաքիս | |
Խայտաքիս | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Գիշատիչներ (Carnivora) |
Ընտանիք | Կզաքիսներ (Mustelidae) |
Ցեղ | Vormela |
Տեսակ | Խայտաքիս (V. peregusna) |
Միջազգային անվանում | |
Vormela peregusna | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Խայտաքիս (լատին․՝ Vormela peregusna), կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է Լոռու և Կոտայքի մարզերի լեռնատափաստաններում և կիսաանապատներում։ Բնակվում է տարբեր կենդանիների (հիմնականում՝ ավազամկների) լքված հին բներում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 27-35 սմ է, պոչինը՝ 12-20 սմ։ Մազածածկը կարճ է, հարթ, խայտաբղետ։ Դեղին ֆոնի վրա ցրված են շիկակարմիր կամ գորշադարչնագույն մանր, տձև բծեր, որոնք թիակների վրա ավելի խոշոր են։ Դնչի վերին ծայրը, ականջների միջև և պոչի ծայրը մուգ են, պոչի միջին մասը՝ բաց դարչնագույն։ Աչքերի վերին մասը, բերանի շուրջը և ականջների ծայրերն ընդգծված են սպիտակ շերտով։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է կրծողներով (հիմնականում՝ ավազամկներով), որոնց որսում է բների մեջ։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմացումը սկսվում է վաղ գարնանը։ Ձագերը ծնվում են մայիսի սկզբին։ Ունենում է 3-8 ձագ։ Ակտիվ է երեկոյան և լուսաբացին, ցերեկը թաքնվում է բնում։ Վտանգի դեպքում պաշտպանվում է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակը տարածված է Հարավարևելյան Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք, Հարավային Չինաստան և Մոնղոլիա։ Հանդիպում է Հայաստանի համարյա բոլոր շրջաններում, ծովի մակարդակից 1000–2000 մ բարձրություններում։ Արեալը և էկոլոգիան բոլորովին ուսումնասիրված չեն[1]։
Հատուկ պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտակար է. ոչնչացնում է վնասատու կրծողներին։ Հայաստանում որսն արգելված է։
Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները հայտնի չեն։
Վտանգման հիմնական գործոններից է բիոտոպերի ոչնչացումը։ Թվաքանակի աճին խոչընդոտող հիմնական սահմանափակող գործոնը կիսաանապատային և լեռնատափաստանային հողերի մշակումն է, դրանց ապրելավայրերում անասունների գարնանային արածեցումը, ինչպես նաև մեծ քանակությամբ պեստիցիդների և քիմիական պարարտանյութերի օգտագործումը։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Էրեբունի» արգելոցներում, «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաքիս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաքիս» հոդվածին։ |
|