Խլուրդներ (լատին․՝ Talpidae), միջատակերների կարգի կաթնասուն կենդանիների ընտանիք։ Հիմնականում հարմարվել են ստորգետնյա կյանքին։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 9-23 սմ, դունչը երկար է, կնճիթանման։ Ականջի արտաքին խեցին բացակայում է, առջևի վերջավորությունները կարճ են, լավ զարգացած։ Մազածածկը թավշանման է, առանց խավի։ Տեսողությունը թույլ է, որոշ տեսակների աչքերը ծածկված են մաշկային բարակ թաղանթով։ Հոտառության և շոշափելիքի օրգանները լավ զարգացած են։
Հայտնի է 4 ենթաընտանիք, 17 ցեղ և մոտ 40 տեսակ, որից սևծովյան խլուրդները (լատին․՝ Talpa orientalis) տարածված են նաև Հայաստանի Տաշիրի, Ստեփանավանի, Վանաձորի, Դիլիջանի, Շամշադինի, Ալավերդու և Սևանի շրջաններում։ Ապրում են խառը և սաղարթախիտ անտառներում, մարգագետիններում, երբեմն այգիներում ու բանջարանոցներում։ Փորում են խորը, բարդ անցուղիներով բներ։ Սնվում են անձրևորդերով, միջատներով ու թրթուրներով։ Բազմանում են տարեկան մեկ անգամ, ունենում 4-5 ձագ։ Մորթին բավականին արժեքավոր է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 55)։