Johnny B. Goode, 1958 թվականին ստեղծված ռոքնռոլ ժանրի երգ, որը գրվել և առաջին անգամ ձայնագրվել է Չաք Բերիի կողմից։ Երգը դարձել է գլխավոր հիթ՝ հասնելով Billboard magazine Hot R&B Sides հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականին և Hot 100 հիթ-շքերթի ութերորդ հորիզոնականին։
«Johnny B. Goode»-ը համարվում է ամենահայտնի երգերից մեկը երաժշտության պատմության մեջ[3]։ Համարվում է «ռոքնռոլի փառքի մասին առաջին ռոքնռոլ հիթը»։ Այն ձայնագրվել է բազմաթիվ այլ կատարողների կողմից և ստացել տարբեր մրցանակներ։ Երգը Rolling Stone-ի «բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերը» ցանկում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը[4]։
1955 թվականին Բերիի կողմից գրված երգը պատմում է Նոր Օռլեանի շրջանի անգրագետ գյուղացու մասին, որը կիթառ է նվագում այնպես, «ասես զանգեր է հնչեցնում», և որը մի օր կարող է հայտնի դառնալ[5]։ Բերին խոստովանել է, որ երգը մասամբ ինքնակենսագրական է և բնօրինակ բառերը նկարագրում են Ջոնիին՝ որպես «սևամորթ տղայի», բայց նա փոխել է բառերը, որպեսզի այն հեռարձակվի ռադիոյով[6]։ Բացի գյուղացու՝ լավ կիթառահար լինելուց, վերնագիրն ունի ինքնակենսագրական տարրեր, քանի որ Բերին ծնվել է 2520 Goode Avenue-ում (Սենթ Լուիս)[7][8]։ Երգի համար ոգեշնչման աղբյոր է եղել ոնի Ջոնսոնը, որ սովորական դաշնակահար էր Բերիի խմբում, սակայն հետագայում վերածվել է հիմնականում Բերիի մասին պատմող երգի։ Ջոնսոնը նվագել է Բերիի բազմաթիվ այլ ձայնագրությունների համար, սակայն այս երգի համար դաշնամուր նվագել է Լաֆայեթ Լիքը։
Երգի անվանումը բառախաղ է. «Johnny B. Goode»-ը կարծես սովորական անուն և ազգանուն է, սակայն անգլերենում հնչում է որպես «Johnny be good» («Ջոնի, բարի եղիր»)։
Երգը ձայնագրվել է «Վոյաջերի» ոսկե ձայնասկավառակի վրա։
«Johnny B. Goode» երգը կատարվել է «Հետ դեպի ապագա» ֆիլմում և ներկայում երբեմն ասոցացվում է հենց այդ ֆանտաստիկ ֆիլմի հետ։ Սյուժեի համաձայն՝ Չաք Բերին ոչ թե գրել է այդ երգը, այլ ընդամենը լսել է այն իր զարմիկ Մարվինից հեռախոսով։ 1955 թվականին նրա զարմիկը լսել է դա դպրոցական երեկոյի ժամանակ, որտեղ գլխավոր հերոսը՝ Մարտի Մաքֆլայը, որ եկել էր ապագայից, կատարում է այդ հիթը՝ այն իմանալով որպես Չաք Բերիի երգ (խաղարկվում է ժամանակային հանգույցի դասական պարադոքսը)։ Ֆիլմի լուսագրերում ՄաքՖլայը նշված է որպես երգի կատարող Starlighters խմբի հետ։
↑Taylor, Timothy D. (2000). «Chapter 7 – His Name Was in Lights: Chuck Berry's 'Johnny B. Goode'». In Middleton, Richard (ed.). Reading Pop: Approaches to Textual Analysis in Popular Music. Oxford University Press. էջեր 165–167, 177. ISBN0-19-816611-7.
↑«Johnny B. Goode». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
↑«Johnny Johnson». Blues Music Now. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.