«2 On», ամերիկացի երգչուհի Թինաշեի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Սքուլբոյ Քյուն։ Երգը թողարկվել է 2014 թվականի հունվարի 21-ին, որպես երգչուհու «Aquarius» կոչվող դեբյուտային ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է Թինաշեի, Սքուլբոյ Քյուի, Բոբի Բրեքինսի, Նեյթ Ուոքայի, DJ Mustard-ի, Ջոն Ռեդուանի, Մարլի Ուոթերսի, Մայրոն Բիրդսոնգի, Շոն Փոլի և Թրոյ Ռամիի կողմից։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Հաննա Լաքս Դևիսը, թողարկվել է 2014 թվականի մարտի 24-ին։ Երաժշտական քննադատների կողմից տեսահոլովակը հիմնականում դրական արձագանքներ է ստացել։ «Idolator»-ի բլոգերներից մեկը տեսահոլովակի խորեգրաֆիան համեմատել է երգչուհիներ Ջանեթ Ջեքսոնի և Բրիթնի Սփիրսի տեսահոլովակների հետ[1], իսկ «Stereogum» օնլայն հրատարակչության լրագրողը իր հոդվածում նշել է, որ տեսահոլովակն ունի երգչուհի Ալիայի տեսահոլովակներին բնորոշ որոշ բաներ իր մեջ[2]։