Օկապի
Օկապի | |
Օկապի | |
Օկապի (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
Ընտանիք | Ընձուղտանմաններ (Giraffidae) |
Ցեղ | 'Okapia' |
Տեսակ | Օկապի (O. johnstoni) |
Միջազգային անվանում | |
Okapia johnstoni | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տաքսոնի տարածվածությունը |
Օկապի[1] կամ Ջոնսթոնի օկապի[1] (լատին․՝ Okapia johnstoni), երկսմբակավորի տեսակ, որն օկապի (լատին․՝ Okapia) ցեղի միակ ներկայացուցիչն է։ Օկապիի մարմինն առաջին հայացքից ավելի շատ հիշեցնում է ձիու, քան ընձուղտի, բացի այդ, նրանք ունեն շերտավոր վերջույթներ, ինչպիսին զեբրերինն է։ Այնուամենայնիվ, ձիազգիները օկապիներից բավականին հեռու են, քանի որ պատկանում են բոլորովին այլ կարգի (բայց որոշ չափով նման են ընձուղտների հին, քիչ մասնագիտացված, ընդհանուր նախնիներին)։ Տեսակի մականունը տրվել է բրիտանացի ճանապարհորդ Հարի Ջոնսթոնի պատվին (1858-1927)[2]։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օկապին ունի շոկոլադե գույնի թավշյա բուրդ, որը երանգավորվում է կարմրավուն երանգով։ Վերջույթները սպիտակ կամ բաց շագանակագույն են, իսկ դունչը՝ սև-սպիտակ նրբերանգով։ Պարանոցը և ոտքերը բավականին երկար են, թեև ոչ այնքան, որքան ցեղակից տափաստանային ընձուղտինը։ Արուներն ունեն ամեն տարի փոխարինվող ծայրերով երկու կարճ եղջյուրներ, իսկ էգերը եղջյուրներ չունեն։ Օկապիի քաշը կազմում է շուրջ 250 կգ։ Մարմնի երկարությունը մոտ 2,1 մ է, փոչի երկարությունը՝ 30-40 սմ։ Վզակոթի բարձրությունը 150-170 սմ է։ Էգերը միջին հաշվով փոքր-ինչ բարձր են արուներից։ Օկապիի լեզուն այնքան երկար է, որ կենդանին լիզում է սեփական աչքերը։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միակ պետությունը, որի տարածքում հանդիպում է օկապի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է։ Օկապին բնակվում է երկրի հյուսիում և արևելքում գտնվող խիտ արևադարձային անտառներում, օրինակ, «Սալոնգա», «Մաիկո» և «Վիրունգա» արգելոցներում։
Վայրի բնությունում օկապիի ժամանակակից թվաքանակը անհայտ է։ Քանի որ օկապին շատ վախկոտ և գաղտնի կենդանի է և ապրում է այնպիսի երկրում, որը քայքայվում է քաղաքացիական պատերազմից, ազատության մեջ նրանց կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Անտառահատումները, որոնք նրանցից խլում են կենսատարածքները, հավանաբար հանգեցնում են պոպուլյացիայի նվազման։ Ազատության մեջ ապրող օկապի տեսակի առանձնյակների թվաքանակը տատանվում է 35 հազարից մինչև 50 հազարի միջև[3]։ Աշխարհի կենդանաբանական այգիներում հաշվվում է 160 օկապի[4]։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես ազգակից ընձուղտները, այնպես էլ օկապիները հիմնականում սնվում են ծառերի տերևներով. իրենց երկար և ճկուն լեզվով կենդանիները բռնում են թփի երիտասարդ ընձյուղները և հետո սահուն շարժմամբ նրա վրայից պոկում են տերևները։ Բայց քանի որ օկապիի վիզը ընձուղտի վզից կարճ է, դրա համար այս կենդանին նախընտրում է ուտել միայն այն բուսատեսակները, որոնք աճում են գետնին մոտ։ Բացի դրանից, օկապիները ուտում են խոտ, պտերներ, սունկ և մրգեր։ Ինչպես ցույց են տվել կենդանաբան Դե Մեդինայի ուսումնասիրությունները, կերի ընտրության հարցում օկապին բավականին քմահաճ է. 13 ընտանիքի բույսերից, որոնք աճում են արևադարձային անտառների ստորին յարուսում (հարկում), նա կանոնավոր օգտագործում է դրանց միայն 30 տեսակը։ Օկապիի արտաթորանքի մեջ հայտնաբերել են նաև փայտածուխ և աղ, որը պարունակում է անտառի եզրով հոսող առվակի կավ։ Ըստ երևույթին այդ կերպ կենդանիները կոմպենսացնում են հանքային կերերի պակասը։ Օկապիները սնվում են օրվա լուսավոր ժամերին[5]։
Օկապին ակտիվ է ցերեկային ժամերին։ Մեծահասակ էգերը ունեն հստակ սահմանված տարածքներ, մինչդեռ արուների տարածքները հատվում են և միանշանակ սահմանված չեն։ Օկապիներն ապրում են միայնակ։ Ժամանակ առ ժամանակ դրանք կարող են հայտնաբերվել փոքր խմբերով, բայց թե ինչ պատճառներով են դրանք կազմավորվում, դեռ անհայտ է։
Օկապիի հղիությունը տևում է 450 օր։ Բազմացումը կախված է տարվա եղանակից։ Ծննդաբերությունը տեղի է ունենում օգոստոս-հոկտեմբեր ամիսներին` անձրևների շրջանում։ Ծննդաբերության համար էգը հեռանում է խուլ վայրեր, նորածին ձագը մի քանի օր պառկում է և թաքնվում թավուտներում։ Մայրը գտնում է նրան իր ձայնով։ Հասուն օկապիի ձայնը հիշեցնում է մեղմ հազ։ Նմանատիպ ձայներ արձակում են նաև ձագերը, բայց կարող է նաև փոքր-ինչ բառաչել հորթի նման կամ երբեմն մեղմ սուլել։ Մայրը շատ կապված է երեխայի հետ. հայտնի են դեպքեր, երբ էգը փորձել է իր ձագից վռնդել նույնիսկ մարդկանց։ Օկապիի զգայարաններից առավել զարգացած են լսողությունը և հոտառությունը։ Գերության մեջ օկապին կարող է ապրել մինչև 30 տարի։
Օկապիի հայտնաբերման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օկապիի հայտնաբերման պատմությունը 20-րդ դարի առավել աղմկալից կենդանաբանական սենսացիաներից մեկն է։ Անհայտ կենդանու մասին առաջին տեղեկությունները 1890 թվականին ստացել է հայտնի ճանապարհորդ Հենրի Մորտոն, որին հաջողվել է հասնել Կոնգոյի ավազանի կուսական անտառներ։ Իր զեկույցում Ստենլին ասել է, որ պիգմեյները, տեսնելով իր ձիերին, չեն զարմացել (հակառակ սպասումներին) և պարզաբանել, որ նմանատիպ կենդանիներ հայտնաբերվել են իրենց անտառներում։ Մի քանի տարի անց Ուգանդայի այն ժամանակվա նահանգապետ անգլիացի Ջոնսթոնը որոշել է ստուգել Սթենլիի խոսքերը. անհայտ «անտառային ձիերի» մասին տեղեկությունները անհեթեթ էին թվում։ Սակայն 1899 թվականի խմբային արշավի ժամանակ Ջոնսթոնին հաջողվել է գտնել Ստենլիի խոսքերի հաստատումը. սկզբում պիգմեյները, իսկ հետո սպիտակ միսիոներ Լլոյդը Ջոնսթոնին նկարագրել են «անտառային ձիու» արտաքին տեսքը և հայտնել նրա տեղական անվանումը՝ օկապի։ Հետո Ջոնսթոնի բախտն ավելի շատ է բերել. Բենի ամրոցում բելգիացիները նրան երկու կտոր օկապիի կաշի են նվիրել։
Դրանք ուղարկվել են Լոնդոնի Թագավորական կենդանաբանական ընկերություն։ Դրանց ստուգման արդյունքը ցույց է տվել, որ կաշին չի պատկանում հայտնի զեբրերի տեսակին, և 1900 թվականի դեկտեմբերին կենդանաբան Սկլաթերը հրապարակել է կենդանու նոր տեսակի նկարագրությունը՝ տալով նրան «Ջոնսթոնի ձի» անվանումը։ Միայն 1901 թվականի հունիսին, երբ Լոնդոն է ուղարկվել ամբողջ կաշին և երկու գանգը, պարզվել է, որ դրանք ձիու չեն պատկանում, բայց մոտ են վաղուց անհետացած կենդանիների ոսկորներին։ Հետևաբար, այս խոսքը բոլորովին նոր տեսակի կենդանու մասին էր։ Այսպիսով, օրինականացվել է ժամանակակից օկապի անվանումը՝ անուն, որը հազարավոր տարիներ օգտագործվել է Իտուրի անտառների մոտ բնակվող պիգմեյների կողմից։ Սակայն օկապիները մնում են գրեթե անհասանելի։
Երկար ժամանակ ապարդյուն են եղել կենդանաբանական այգիների հարցումները։ Միայն 1919 թվականին Անտվերպենի կենդանաբանական այգին ստացել է առաջին երիտասարդ օկապիին, որը Եվրոպայում ապրել է ընդամենը հիսուն օր։ Եվս մի քանի փորձեր ավարտվել է անհաջողությամբ։ Սակայն 1928 թվականին Անտվերպենի կենդանաբանական այգի է ժամանել Տելե մականունով էգ օկապի։ Նա ապրել է մինչև 1943 թվականը և մահացել է սովից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Իսկ 1954 թվականին նույն Անտվերպենի կենդանաբանական այգում ծնվել է օկապիի առաջին ձագը, որը շուտով մահացել է։ Օկապիի առաջին լիարժեք հաջողված բազմացումը ստացվել է 1956 թվականին Փարիզում։ Ներկայումս Էպուլուում (Կոնգոյի Հանրապետություն, Կինշասա) գործում է հատուկ կայան կենդանի օկապիների որսման համար[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Օկապիի գլուխը և լեզուն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 128. — 10 000 экз.
- ↑ Bo Beolens, Michael Watkins, and Mike Grayson The eponym dictionary of mammals. — Baltimore: The Johns Hopkins University Press, 2009. — P. 214. — 574 p. — ISBN 978-0-8018-9304-9
- ↑ Скалдина Оксана, Слиж Евгений. Красная книга Земли. Litres, 2013 ISBN 545749893X
- ↑ Zoo Basel(չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 կենդանիների կյանքը բաժանվում են 6 հատորների։ / Լ․ Ա․ Զենկևիչ Հ․ 6 Մ․, 1971 էջ 627-481
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Животные Африки. Окапи Արխիվացված 2009-04-17 Wayback Machine
- Юбилей окапи(չաշխատող հղում)
- Резерват окапи(չաշխատող հղում)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկապի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկապի» հոդվածին։ |
|