Տռի
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Ուտիք |
Հիմնական լեզու | գրաբար, ուտիերեն |
Ազգային կազմ | ուտիներ, ավարներ, կասպեր |
Կրոնական կազմ | զրադաշտականություն |
Տռի, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում[1]՝ համաձայն Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնի և այլ բնակավայրերի մասին տեղեկություններ չեն պահպանվել։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տռին եղել է Ուտիքի ութ գավառներից մեկը, հանդիսացել է սահմանային ծայրագավառ։ Հյուսիս-արևմուտքում սահմանակցել է Առանռոտ, հարավ-արևելքում՝ Ռոտ-Պացյան, հարավում, հարավ-արևմուտքում՝ Արցախ նահանգին (Մուխանք և Պարզկանք գավառներ), իսկ հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր գետից այն կողմ, Աղվանքն էր։ Տարածքով է անցել Պարտավը (Բարդա) Վարդանակերտին կապող ճանապարհը։
Տարածքով հոսում էր Կարկառ գետը, որը թափվում էր Կուր։ Ունի հարթավայրային ռելիեֆ։ Կլիման մերձարևադարձային է՝ մեղմ ձմեռներ և շոգ ամառներ։ Հարմար է երկրագործության (այգեգործություն, դաշտավարություն և խաղողագործություն), ինչպես նաև անասնապահության համար։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Բայլագանի շրջանին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը Ուտիք նահանգի կազմում եղել է դեռ Երվանդունիների թագավորության ժամանակ՝ համահայկական պետության կազմավորման տարիներին, սակայն Աքեմենյան շրջանում վերածվելով սատրապության՝ երկիրը կորցրել է որոշ ծայրագավառներ։ Հետագայում Տռին մտել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Արցախի մի շարք գավառների և ամբողջ Ուտիքի հետ միասին, հաշվի առնելով Ուտիքում հայ բնակչության սակավությունը և աղվանական ցեղերի բազմաքանակությունը, անցել է Աղվանից մարզպանությանը (Սասանյան Պարսկաստան)։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից կարճ ժամանակ անց աղվանների արքա Ուռնայրը ևս ընդունում է քրիստոնեություն և հիմնում աղվանից եկեղեցին։ Վերջինս 552 թվականին վերածվում է կաթողիկոսության, որի կենտրոնը Կապաղակն էր, իսկ միջնադարում մուսուլմանների նվաճումներից հետո՝ զարգացած միջնադարում տեղափոխվում է Արցախի Գանձասարի վանք։ Մոտ չլինելով գավառին՝ դրա բնակչությունը, մասնավորապես ավարները և փոքրաքանակ կասպերը, շարունակում է մնալ հեթանոս, ապա և ընդունում է իսլամ։
Ինչպես գավառը, այնպես էլ Ուտիք նահանգի հարավային հատվածը, հայկական պետությունների (Բագրատունիների թագավորություն, Զաքարյան իշխանապետություն) մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Որոշ քարտեզներում գավառը անգամ ներկայացվում է որպես Փայտակարանի մաս, ի տարբերություն Ուտիքի հյուսիսային՝ հայաբնակ գավառների։ Դրանում բնակվող քրիստոնեադավան ուտիները Աղվանքի թագավորության կործանումից և արաբական նվաճումներից հետո աստիճանաբար տեղափոխվել են Շամախիի և Արցախի լեռնային շրջաններ, հաճախ ձուլվել հայ բնակչությանը, իսկ այստեղ մնացել են աղվանական ցեղերից ավարները, ձուլվել են նաև փոքրաքանակ կասպերը։ Տարածաշրջանում արդեն ուշ միջնադարում այստեղ հաստատվել են կիսաքոչվոր և քոչվոր անսասնապահ ցեղեր՝ կարակոյունլու և ակկույունլու թուրքմեններ, օղուզներ և զանազան թյուրքալեզու գերդաստաններ, որոնք 20-րդ դարի կեսից մեծամասնություն էին կազմում տարածաշրջանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
- Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
- Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
- Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
- Մեծ Հայքի վարչական բաժանումը Արխիվացված 2013-12-27 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |