Jump to content

Վանքասարի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանքասարի եկեղեցի
Վանքասարի եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԱրցախ Արցախ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված7-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Vankasar Church Վիքիպահեստում

Վանքասարի եկեղեցի, կրոնական կառույց Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` Ստեփանակերտից Մարտակերտ տանող մայրուղու ձախ կողմում` Վանքասար կոչվող ժայռի գագաթներից ամենաբարձրի վրա։ Եկեղեցու այսպիսի տեղադրությունը նրան հնարավորություն է տվել ստանձնել Խաչենագետի ներքնահովտից հարավ ընկած այս հատվածի ծավալային դոմինանտի դերը, որտեղից ընդգրկուն տեսարան է բացվում դեպի Կուր-արաքսյան հարթավայր և Կովկասյան լեռնաշղթա։ Նախկինում սա պատմական Ուտիք նահանգում է[1]։

Եկեղեցու մասին առաջին հպանցիկ հիշատակությունը թողել է Ս. Ջալալյանցը.

Ի գագաթ լերին է աւերակ մենաստանի, զորմէ աւանդեն գոլ առաջնորդարան այսր նահանգի[2]։

Մակար Բարխուդարյանն էլ իր «Արցախ» գրքում բերում է ավանդություններ, և ըստ դրանցից մեկի՝ եկեղեցու կառուցումը վերագրված է Վաչե Բ իշխանին.

Վաչե Բ շինած է մի խաչաձև մենաստան, որի գլուխն այժմ խոնարհված է ամբողջապես[3]։

Ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային շրջանում Վանքասարի եկեղեցին առաջինը ուսումնասիրության առարկա է դարձրել և գիտական հանրությանը ներկայացրել Զ. Յամպոլսկին։ Իր հրապարակման մեջ նա ներկայացրել է նաև եկեղեցու հատակագիծն ու լուսանկարներ։ Սակայն նա, հակառակ այն հանգամանքին, որ ինքն է նաև նշում կառույցի հորինվածքային առանձնահատկությունների նույնականությունը հայկական վաղմիջնադարյան մի շարք այլ եկեղեցիների հետ՝ տուրք տալով հայկական հուշարձաններն աղվանական համարելու ադրբեջանական գիտնականների մտայնությանը, առանց հիմնավորման, հուշարձանը համարում է աղվանական[4]։

Հուշարձանի մյուս հետազոտողները (Մուրադ Հասրաթյան[5], Վ. Գրիգորյան[6], Շ. Մկրտչյան[7][8], Ս. Կարապետյան[9], Հ. Սիմոնյան, Հ. Սանամյան[10]) Վանքասարի եկեղեցին հայ մշակույթից օտարելու Յամպոլսկու հրապարակմանը գնահատական և պատասխան են տվել։ Սակայն մինչև այսօր հուշարձանի ու նրա «վերականգնման» մանրամասն քննությունը կատարված չէ։

Վանքասարի եկեղեցու հորինվածքը ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական ճարտարապետության մեջ ուշագրավ երևույթ է։ Ուսումնասիրությունները պարզում են նաև, որ խաչաձև հորինվածքներ այլ տեղերում նույնպես կառուցվել են, որոնք, սակայն, հռոմեական, բյուզանդական ճարտարապետության մեջ հիմնականում առնչվում են դամբանային թեմայի հետ և շատ տարածում չունեն։ Խաչի ձևով այդ կառույցները նախատեսված չէին ծիսական արարողությունների համար։ Հռոմեական ճարտարապետության մեջ գմբեթավոր հորինվածքները հիմնականում զարգացել են ութանիստ և բոլորաձև հիմք ունեցող կառուցվածքային լուծումներով (բացառություն են կազմում Ս. Սիկստի և Ս. Ցիցիլիայի դամբարանները, որոնք եռաբսիդ հորինվածքներ են)[11]։ Բյուզանդական ճարտարապետության մեջ ևս պարզ խաչաձև կառուցվածքները հիմնականում վերաբերում են դամբանային ճարտարապետությանը, և խաչաձևությունը դիտվում էր որպես խաչի խորհրդանշան։ Դրանք գործառույթային նշանակություն չունեին՝ այստեղ ծիսական արարողություններ չէին իրականացվում[12]։ Բյուզանդիայում տարածված էին նաև խաչաձև մկրտարանները, որոնք, սակայն, ինչպես նկատել են ուսումնասիրողները, հստակ թվագրություն չունեն և վիճահարույց է դրանց վաղ շրջանին պատկանելությունը[13]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ունի խաչաձև հատակագծային հորինվածք և պատկանում է վաղմիջնադարյան փոքր խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների եռախորան ենթատիպին։ Հորինվածքի հիմքը կազմող գմբեթատակ քառակուսին ամփոփված է արևմուտքից ուղղանկյուն, մյուս կողմերից կիսաշրջանաձև խաչաթևերով, որոնք արտաքինից ուղղանկյուն են։ Հատակագծային այս հորինվածքի արևելք-արևմուտք առանցքն ունի 10 մ երկարություն, իսկ հյուսիս-հարավը՝ 9,15 մ, որի հետևանքով արևմտյան խաչաթևը մի փոքր (0,85 մ) երկարել է։ Մուտքերը բացված են երեք կողմերի (արևելյանից բացի) խաչաթևերում, ուր զետեղված են նաև պատուհաններ։ Մուտքերի առկայությունը երեք խաչաթևերում Վանքասարի եկեղեցու հատակագծային հորինվածքի առանձնահատկությունն է իր խմբի մյուս հուշարձանների համեմատ։ Մյուս բոլոր կառույցներում մուտքերի այդպիսի առատություն չի դիտարկվում։ Մուտքերի ուղղանկյուն բացվածքները ծածկված են բարավորի կամարաձև քարերով, որոնք պատի հարթության մեջ են և նրա որմածքի օրգանական մասն են կազմում։ Բոլոր մուտքերի բացվածքներն իրար հավասար են (1,05 մ)։ Արևմտյան մուտքի բարավորը ունեցել է խաչաքանդակ[7]։

Այսօր այդ հորինվածքից նույնպես միայն հետքեր են մնացել, քանզի այն ևս միտումնավոր եղծվել, հարթեցվել է։ Արևմտյան ճակատի վրա նշմարելի են շքամուտքի դրոշմված հետքերը, որոնք խոսում են ժամանակին վերջինիս գոյության մասին։ Այն սյունազարդ հորինվածք է եղել, որտեղ սյուները հպվել են եկեղեցու պատին՝ դրանից առաջ գալով, և հենված են եղել որմնախարսխի աստիճաններին։ Կամարը նստել է այդ սյուների վրա, որոնք պսակված են եղել խոյակներով։ Ամեն կողմում զույգ որմնասյուներ են եղել։ Շքամուտքերը մեկական որմնասյուներով հազվադեպ են իրականացվել (Ավանի տաճար), քանզի այս դեպքում դրանց համապատասխանող խոյակները չէին կարող շքամուտքը պսակող կամարի կրունկի քարի և երկթեք ծածկի համար անհրաժեշտ լայնության հենարան ապահովել։ Այդ պատճառով հիմնականում մշակվել և իրականացվել են երկու որմնասյուն ունեցող տարբերակները։

Վաղմիջնադարում ճակատների ձևավորման հարցում շքամուտքերը կարևոր դերակատարում են ունեցել։ Դրանք հիմնականում կառույցների հարավային ու արևմտյան ճակատներում են տեղավորվել և կրկնում են վաղ շրջանի բազիլիկատիպ հորինվածքներում հանդիպող ձևերը։ Այսպիսի շքամուտքերը բնորոշ են 5-7-րդ դարերի եկեղեցիներին (Թալինի Սուրբ Աստվածածին, Քարաշամբի Սուրբ Գևորգ, Այլաբերի ու Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցիներ և այլն)[14]։

Վերանորոգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքասարի եկեղեցու բոլոր քարերը կրում են հայերեն տառերի տեսքով վարպետների նշաններ՝ նման Սիսիանի 7-րդ դարի տաճարի նշաններին[15]։ Հատակի նախնական վիճակի մասին խոսելը հնարավոր չէ, քանզի նորոգումից հետո այն ամբողջովին պատվել է վաղմիջնադարին անհարիր փոքր, քառակուսի սալերով (0,4 x 0,4 մ)։ Արդյունքում՝ արևմտյան կողմում ստորին նշագծումը հավասարվել է հատակի մակերևույթին, և շեմերը բացակայում են։ Շեմերի առկայությունը եկեղեցիներում ամրապնդում էր պատերի կապերը հիմքերի հետ դռների խոռոչների տեղերում և ապահովում գետնի մակարդակի վրա գտնվող շենքը մթնոլորտային տեղումների ներթափանցումից։

Կառույցի ծավալատարածական հորինվածքն ու համաչափական համակարգը նույնպես տուժել են։ Արդյունքում աղճատվել է եկեղեցու նախնական հորինվածքը։ Վանքասարի եկեղեցու ոճական և շինարարական առանձնահատկությունների հետ առնչվող վաղմիջնադարյան բոլոր հուշարձանները կառուցված են այլ կերպ։

Ճակատներում չեն շարվել քիվերը։ Մինչդեռ հայկական հուշարձանների, մասնավորապես, վաղմիջնադարյանների համար ինչպես կոնստրուկտիվ, այնպես էլ ճարտարապետական մշակման գործում խիստ կարևոր են այս տարրերը։ Դրանք առկա են Վանքասարի եկեղեցու հետ առնչվող բոլոր կառույցներում[16]։ Բացի այդ, Տիգրանակերտի վաղքրիստոնեական եկեղեցու պեղումների ժամանակ գտնվել են ատամնաշարերով քիվերի բազմաթիվ օրինակներ, որոնք վկայում են այն մասին, որ Վանքասարի եկեղեցու կառուցումից էլ առաջ այստեղ եղել են տաճարներ, որոնք ունեցել են վաղմիջնադարյան կառույցներին բնորոշ բավական զանգվածեղ քիվեր։ Վանքասարի եկեղեցում ձևափոխված են նաև պատուհանների բացվածքները. դրանք բոլորը շարվել են ուղղանկյունաձև՝ մինչդեռ վաղքրիստոնեական բոլոր զուգահեռներում կամարաձև վերջավորությամբ լուսամուտներ են։

Վաղմիջնադարյան եկեղեցիներում դեկորատիվ հարդարանքը ներկայացված է նաև լուսամուտների պսակներով, որոնք պահպանվել են վերևում արդեն նշված և այլ հուշարձաններում։ Լուսամուտների պսակները շրջանցում էին դրա վերնամասը և շատ հաճախ զգալի ելուստ ունեին, որոնք պատերի հարթությունների վրա լուսաստվերային տպավորիչ հանգույցներ էին ստեղծում։ Հարդարանքի տարր լինելուց զատ, սրանք ունեին նաև որոշակի կոնստրուկտիվ նշանակություն ու կոչված էին ապահովելու պատի մակերեսով հոսող ջրերի հեռացումը և կանխելու բացվածքից դեպի ներս թափանցումը։ Այլափոխվել են նաև կոնստրուկտիվ հանգույցների (տրոմպներ, գմբեթարդներ, թաղ, գմբեթ) իրականացման եղանակները։ Խաչաթևերից արևմտյան ուղղանկյուն խորանը ծածկված է գլանաձև թաղով, իսկ մյուս՝ կիսաշրջանաձև խորանները՝ գմբեթարդներով։

«Նորոգված» գմբեթարդներն իրականացված են հարթ քարերով, մինչդեռ վաղմիջնադարյան հայ քարագործ վարպետներն ու ճարտարապետները կատարելապես էին տիրապետում այդ կոնստրուկտիվ հանգույցն իրականացնելու տեխնիկային և դրանք շարել են միակոր՝ ոչ թե հարթ քարերով։ Հարթ քարերով իրականացված թաղը, գմբեթարդներն ու գմբեթը խաթարել են կառույցի նախնական տեսքը, որը հարիր չէ վաղմիջնադարյան կառուցողական արվեստին։ Գմբեթատակ քառակուսին պահող կամարակիր որմնասյուների խոյակները շատ փոքր ելուստ ունեցող իմպոստներ են և ունեն քանդակազարդ քիվեր։ Վանքասարի եկեղեցում անկյունային փոխանցումը տրոմպային է եղել, որը վերականգնվել է որպես առագաստային, այն էլ սխալ իրականացմամբ։ Նախնական տարբերակում գմբեթատակ տարածությունը կազմվել է խաչաթևերի պարզ հպման միջոցով, որոնց եզրային երկշերտ կամարներն իրենց վրա են կրել գմբեթատակ քառակուսին։ Տրոմպները տեղադրված են եղել գմբեթակիր կամարների վերին հարթություններին համապատասխանող որմածքի հորիզոնական շարքի վրա և դրանց թռիչքը համարյա բոլոր համաժամանակյա նույնատիպ կառույցներում փոքր է գմբեթակիր քառակուսուն ներգծված ութանիստի կողից։ Արդյունքում՝ թմբուկի անկյունային նիստերն ավելի նեղ են ստացվել, իսկ հիմնական ուղղություններին համապատասխանողներն՝ ավելի լայն։

Վանքասարի եկեղեցում նույնպես այդպես է և, այս տեղում «վերականգնողները» հարազատ են մնացել տեկտոնիկ համակարգին։ Տրոմպները վաղքրիստոնեական նմանատիպ կառուցվածքներում հանդիպում են ինչպես միաշերտ, այնպես էլ երկշերտ։ Դժվար է ասել, թե Վանքասարի եկեղեցու նախնական կառույցում դրանք ինչպիսին են եղել։ Դրանք պարփակվել են գմբեթակիր քառակուսու անկյունային մասերում՝ պրիզմայաձև պատվանդաններում, որոնք ծածկված են եղել երկլանջ կղմինդրապատ ծածկերով, և որոնք իրենց նախնական ձևերով պահպանվել են Կարմրավորում[17]։ Այս պատվանդանները փոխանցող տարր են խաչաթևերի և թմբուկի բազմանիստ ծավալի միջև։ Սրանց ճակատներին հպված են ուղղանկյուն խաչաթևերի ծածկերը, որոնք Վանքասարի եկեղեցում երկթեք են՝ այսօր սալածածկ, իսկ ժամանակին՝ ինչպես վաղմիջնադարյան համաժամանակյա համարյա մյուս բոլոր կառույցներում, կղմինդրածածկ են եղել։ Եկեղեցու թմբուկն ութանիստ է, որի չորս անկյունային կողերը մյուսներից ավելի նեղ են և ծածկված են բրգաձև վեղարով։ Այն ժամանակին կղմինդրապատ է եղել, բայց վերակառուցվել է սալածածկ։ Այսօր բոլոր ճակատներում (հյուսիսայինից բացի) վերակառուցվել է նաև երկթեք կտուրների հարթությունների հատման գագաթնագծի ճակտոնի քանդակազարդ (թերևս, ձիու նմանվող) քարը, որն ավելի պահպանված է արևելյան կողմում։

Խաչաձև դամբանային հորինվածքներ հանդիպում են նաև Սիրիայում, որտեղ նույնպես քառաթևության մեջ աբսիդները բացակայում են[18]։ Այս հորինվածքներում ակնհայտ է, որ կառուցողները էական դժվարություններ են ունեցել կոնստրուկտիվ տեկտոնիկ համակարգերում, մասնավորապես, քառակուսի հիմնատակի վրա գմբեթ բարձրացնելու գործում։ Այդ պատճառով խուսափել են տրոմպային և առագաստային փոխանցումներից ու դրանք փոխարինել են արխիտրավային հեծաններով կամ էլ աշխատել քառակուսի հիմնատակն արդեն հատակագծում ութանիստի վերածելու ուղղությամբ։

Հայաստանում, հակառակը, քանի որ եկեղեցու ներսում արգելված էին թաղումները և սարկոֆագ-քարատապանների տեղադրումը, այդպիսի կառույցները դառնում էին մեմորիալ հուշարձաններ՝ կառուցված մահացած իշխանի գերեզմանի վրա կամ նրա մոտ, որտեղ տարին մի քանի անգամ ծիսակատարություններ էին արվում։ Այդ պատճառով էլ հայկական եկեղեցիներում առաջանում էր աբսիդի անհրաժեշտությունը։ Այս մասին են խոսում նաև այդ եկեղեցիների փոքր չափերը։ Դրանք կարող են տեղավորել սահմանափակ քանակությամբ մարդիկ։ Կարևոր էր և այն հանգամանքը, որ նմանատիպ կառույցներում հատակագծային ու ծավալային ձևերում դրսևորված է քրիստոնեության խորհրդանիշը՝ խաչը։

Վանքասարի եկեղեցին տուժել էր նաև Արցախյան պատերազմից։ Արևմտյան ճակատում՝ բարավորից վերև արկը բավական մեծ խոռոչ էր բացել, որը սպառնում էր պատի կայունությանը։

2011 թվականի աշնանը ԼՂՀ Զբոսաշրջության վարչությունը մաքրման, ամրակայման և բարեկարգման աշխատանքներ է իրականացրել այստեղ։ Մասնակի ամրակայման աշխատանքներն ավարտվել են 2012 թվականի հունվարին, և եկեղեցու գմբեթին տեղադրվել է խաչ։ Վերաշարվել է արևմտյան ճակատի քանդված մասը։ 2020թ.-ի նոյեմբերի 20-ից անցել է Ադրբեջանի հսկողության տակ և չի գործում։ Վանքի ներկա վիճակն անհայտ է։

  • Լյուբա Կիրակոսյան. Վանքասարի եկեղեցու ճարտարապետությունը և ադրբեջանական «վերականգնումը». Պատմաբանասիրական հանդես.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սուրեն Երեմյան (1969). Հայաստանն ըստ «Աշխարհացոյցի». Երևան. էջեր 75։.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Ս․ Ջալալյանց (1858). Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, մասն Բ. Տփխիս. էջ 344.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Մակար Բարխուդարյան (1995). Մունք. Ստեփանակերտ. էջ 266.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. З. Ямпольский (1960). Памятники Кавказской Албании на горе Бешидаг․. «Советская археология». էջեր 246–250.
  5. Մ․ Հասրաթյան (1992). Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը. Երևան. էջեր 28–29.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Վ․ Գրիգորյան (1982). Հայաստանի վաղմիջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները. Երևան. էջեր 26–27.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. 7,0 7,1 Շ․ Մկրտչյան (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան. էջ 78.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Ш. Мкртчян (1988). Историко-архитектурные памятники Нагорного Карабаха. Ереван. էջեր 63–64.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Ս․ Կարապետյան (1999). Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում. Երևան. էջեր 223–226.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Հ․ Սիմոնյան, Հ․ Սանամանյան (2005). Վանքասարի հուշարձանները. ― Հուշարձան, Գ. Երևան. էջեր 165–167.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. A. Grabar (1946). Martyrium, Recherches sur le culte des reliques et l'art chre'tien antique, vol. 1. Paris. էջեր 60-61։.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. E. Ebersolt (1934). Monuments d' architecture Byzantique. Paris. էջ 41.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. А. Якобсон (1964). Средневековый Крым. М.–Л․. էջ 24.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. Հայկական ճարտարապետություն..., էջ 266–268։
  15. З. Ямпольский (1960). Памятники Кавказской Албании на горе Бешидаг․. «Советская археология». էջ 249.
  16. Վ․ Գրիգորյան (1982). Հայաստանի վաղմիջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները. Երևան. էջեր 23–24.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  17. Հայկական ճարտարապետություն..., էջ 34
  18. Հայկական ճարտարապետություն…, էջ 47