Սփոփման կայարան
«Սփոփման կայարան», ռազմական հասարակաց տներ, որոնք գոյություն են ունեցել 1932-1945 թվականներին Ճապոնիայի կողմից բռնազավթված Արևելյան և Հարավարևելյան Ասիաներում։ Կանայք, որոնք հայտնվել են այդ հասարակաց տներում, սեռական ստրկության են ենթարկվել ճապոնացի զինվորականների կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին գեներալ-լեյտենանտ Յասուձի Օկամուրայի տրամադրության տակ է հայտնվել 223 զեկույց՝ Չինաստանի բռնազավթված տարածքներում ճապոնացի զինվորականների կողմից տեղացի կանանց նկատմամբ բռնաբարությունների մասին։ Այդ նպատակով գեներալ-լեյտենանտը դիմել է ղեկավարությանը՝ ստեղծելու «սփոփման կայարաններ», պատճառաբանելով, որ «կայարանները ստեղծվում են բռնազավթված տարածքներում հակաճապոնական տրամադրությունների նվազեցման, ինչպես նաև ճապոնացի զինվորականների մոտ վեներական և այլ հիվանդությունների ի հայտ գալու վտանգը կանխելու համար, որոնք կարող էին գցել զինվորականների մարտունակությունը»։
Առաջին «սփոփման կայարանը» բացվել է 1932 թվականին Շանհայում, որտեղ բերվել էին կանայք Ճապոնիայից։ Սակայն, ժամանակի ընթացքում, կայարանների թիվն ավելացավ, դրա հետ զուգընթաց բարձրացավ նաև պահանջարկը։ Այդ ժամանակ, սեքս ստրկուհիներին սկսեցին բերել ինդոնեզական և ֆիլիպինյան համակենտրոնացման ճամբարներից, իսկ բռնազավթված տարածքներում սկսեցին տարածվել հայտարարություններ՝ երիտասարդ կանանց «աշխատանքի տեղավորելու» մասին։
Տարբեր հաշվարկներով «սփոփման կայարաններով» անցել են 50-ից մինչև 300 000 հազար երիտասարդ բռնաբարված կանայք, որոնցից շատերը եղել են 18 տարեկանից ցածր։ Մինչև պատերազմի ավարտը կենդանի է մնացել միայն մեկ քառորդը։ Յուրաքանչյուրին օրական բռնաբարել է 20-30 զինվոր։
Ամեն շաբաթ կանանց ստուգել են բժիշկները՝ վեներական հնարավոր հիվանդություններից խուսափելու համար։ Եղել են դեպքեր, երբ ռազմական բժիշկները իրենք էին բռնաբարում պացիենտ կանանց։ Վարակման դեպքում նրանց ներարկել են «606 դեղամիջոց»։ Հղի կանանց նույնպես ներարկել են այս դեղամիջոցը՝ աբորտ իրականացնելու նպատակով։ Դեղամիջոցն ունի անցանկալի կողմնակի ազդեցություն էֆեկտ։ Այն առաջացնում էր ստերջություն (անպտղաբերություն)։
«Սփոփման կայարանների» թիվն աճել է՝ տարածվելով Ճապոնական կայսրության ողջ տարածքում։ 1942 թվականի սեպտեմբերի 3-ին պաշտպանության նախարարության ղեկավարության նիստի ժամանակ հայտարարվել է․
Հյուսիսային Չինաստանում գործում են 100 «սփոփման կայարաններ», Կենտրոնական Չինաստանում՝ 140, Հարավային Չինաստանում՝ 40, Հարավ-արևելյան Ասիայում՝ 100, Հարավային ծովերում՝ 10, Սախալինում՝ 10։
Ընդհանուր առմամբ գործել է 400 «սփոփման կայարաններ»։
«Սփոփման կայարանների» ի հայտ գալուն զուգահեռ՝ տեղացի կանանց բռնաբարությունների թիվը չնվազեց, քանի որ յուրաքանչյուր այցելության համար զինվորները ստիպված էին վճարել։
Սփոփման կայարանները բաժանված են եղել երեք խմբերի։ Առաջինները գտնվել են ճապոնական ռազմական հրամանատարության ուղիղ ղեկավարության ներքո։ Երկրորդները, որոնք իրենց թվաքանակով ամենաշատն էին, ֆորմալ առումով ղեկավարվել են մասնավոր անձնանց կողմից, սակայն, դե ֆակտո, գտնվել են զինվորականների հսկողության ներքո։ Երրորդները կառավարվել են մասնավոր անձանց կողմից և այնտեղ թույլատրել են ինչպես զինվորականներին, այնպեսլ էլ սովորական ճապոնացիներին։ Սփոփման կայարանները իրենց գործունեությունը դադարեցրել են ճապոնացիների պարտությունից անմիջապես հետո, երբ կայսերական զորքերը լքեցին բռնազավթված տարածքները։
Սփոփող կանայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սփոփող կին, էվֆեմիզմ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օգտագործվել է բնորոշելու չինացի, կորեացի, թայվանցի և ճապոնացի կանանց, որոնք ստիպված էին աշխատել ռազմական հասարակաց տներում («սփոփման կայարաններ»)[1]։ Այս հասարակաց տներում աշխատած կանանց թիվը տատանվում են 20 000-ից (ճապոնական տվյալներ) մինչև 410 000 (չինական տվյալներ)[2]։
Այս երևույթի բնութագրությունը և մասշտաբը ճապոնական, չինական և կորեական պատմագրության մեջ համարվում է պոլեմիկա։ Ճապոնացի պատմաբանները, որպես կանոն, մարմնավաճառությունը բնորոշում են որպես մասնավոր և «կամավոր» գործընթաց։ Չինացի և կորեացի պատմաբանները շեշտը դնում են «սփոման կայարաններում» առևանգումների և բռնությամբ մարմնավաճառության դրդման դեպքերի մասին, որոնք անմիջականորեն խրախուսվել և ղեկավարվել են ճապոնական հրամանատարության կողմից[2]։
1990-ական թվականներին ճապոնական կառավարությունը մի քանի անգամ ներողություն է խնդրել՝ կանանց մարմնավաճառության մեջ ներգրավելու համար, սակայն ֆինանսական օգնություն չի տրամադրել[3]։ 2007 թվականի մարտի 2-ին Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն հայտարարել է, որ մարմնավաճառության մեջ կանանց ներգրավման կազմակերպված բնույթը մինչ օրս չի ապացուցվել[4], սակայն, ամերիկյան ազդեցության ներքո, արդեն մարտի 26-ին Ճապոնիայի վարչապետն իր ափսոսանքն է հայտնել մարդու իրավունքների խախտման համար, որոնք գրանցվել են «սփոփման կայարաններում»[5]։
2007 թվականին, Աբեի հայտարարությունից հետո ծագած միջազգային սկանդալից հետո, ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հուլիսի 30-ին ընդունել է հռչակագիր, որով կոչ էր արվում Ճապոնիային ընդունել «սփոփման կայարանների» ստեղծման և պահպանման պատմական պատասխանատվությունը[6]։ 2007 թվականի նոյեմբերին նմանատիպ հռչակագիր է ընդունել նաև Կանադայի խորհրդարանի ստորին պալատը (Կանադայի համայնքների պալատը), իսկ դեկտեմբերին՝ Եվրախորհրդարանը[7]։
2015 թվականի դեկտեմբերի 28-ին Ճապոնիայի կառավարությունը ընդունել է իր պատասխանատվությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կանանց սեռական ստրկության ենթարկելու համար և հայտարարել, որ պատրաստ է փոխհատուցում տրամադրել զոհերին և տուժածներին։ Միևնույն ժամանակ, Կորեայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է, որ այս հարցով ճապոնական կողմի հետ ձեռք է բերել համաձայնություն[8]։ 2011 թվականին Սեուլում Ճապոնիայի դեսպանատան առջև կանգնեցվել է հուշարձան, որը խորհրդանշում էր «սփոփման կայարանի կանանց»[9]։
2017 թվականի հունվարի 4-ին Ճապոնիայի կառավարությունը բողոքի պաշտոնական նոտա է հղել Կորեայի Հանրապետությանը նախագահ Մուն Չժե Ինի կողմից «սփոփման կայարանի կանանց» վերաբերյալ արտահայտած կարծիքների համար[10]։
2017 թվականի սեպտեմբերի 24-ին ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի է ունեցել հուշարձանի տեղադրման արարողություն, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ճապոնիայի կողմից Կորեական թերակղզում իգական բնակչության բռնի սեռական տեղահանմանը։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել է «սփոփման կայարանի» զոհերից մեկը՝ Յուն Սու Լին։
2017 թվականի նոյեմբերի 24-ին Կորեայի Հանրապետության խորհրդարանը օգոստոսի 14-ը հռչակել է «Սփոփման կայարանի» կանանց հիշատակի օր, ովքեր ենթարկվել էին սեռական ստրկության ճապոնացի օկուպանտների կողմից։
2017 թվականի դեկտեմբերի 28-ին Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ 2015 թվականին Ճապոնիայի հետ կնքված համաձայնագիրը ընդունելի չէ Հարավային Կորեայի բնակչության կողմից, քանի որ չի պարունակում մի շարք կարևոր հանգամանքներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Comfort-Women.org
- ↑ 2,0 2,1 https://web.archive.org/web/20070628152156/http://www.awf.or.jp/woman/pdf/ianhu_ei.pdf
- ↑ Report of the Special Rapporteur on systematic rape
- ↑ Japan rules out new apology to 'comfort women' | World news | The Guardian
- ↑ «Latest News :: HONDA WELCOMES JAPANESE PRIME MINISTER'S REGRET ON 'COMFORT WOMEN' ISSUE 'Formal, Official, Unambiguous' Japanese Government Apology is the Logical Extension». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ House wants Japan apology / ‘Comfort women’ resolution urges government to say it’s sorry
- ↑ European Parliament speaks out on sexual slavery during WWII Արխիվացված 2007-12-19 Wayback Machine
- ↑ Япония и Корея урегулировали исторический спор о «женщинах утешения»
- ↑ Япония отзывает посла в Южной Корее из-за памятника «женщинам для утешения»
- ↑ «СМИ: Токио заявил протест Сеулу из-за слов президента о проблеме "женщин для утешения"». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Истории женщин, работавших проститутками в годы Второй мировой войны». Lenta.ru. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- «Позор Японии: принудительная проституция во время Второй Мировой войны». Журнал «Профиль». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- «Проблема «женщин для утешения» в современных японо-южнокорейских отношениях». Российский институт стратегических исследований. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սփոփման կայարան» հոդվածին։ |
|