Սպլիտի մայր տաճար
Սպլիտի մայր տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | Խորվաթիա |
Տեղագրություն | Սպլիտ |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Split-Makarska? |
Մասն է | Historical Complex of Split with the Palace of Diocletian? |
Նվիրված | Saint Domnius? |
Ճարտարապետական ոճ | Հին հռոմեական ճարտարապետություն և Pre-Romanesque architecture? |
Cathedral of Split Վիքիպահեստում | |
nadbiskupija-split.com |
Սպլիտի մայր տաճար (խորվ.՝ Splitska katedrala), կաթոլիկ տաճար Խորվաթիայի Սպլիտ քաղաքում։ Սպլիտ-Մակարսկայի արքեպիսկոպոսության մայր տաճարն է, ճարտարապետական հուշարձան։ Տաճարի հիմնական մասը կայսերական նախկին դամբարանն է։ Այլ հուշարձանների, այդ թվում՝ Դիոկղետիանոսի պալատի հետ ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Կառույցը ի սկզբանե կառուցվել է 305 թվականին որպես պալատ Դիոկղետիանոս կայսեր համար, այնուհետև վերափոխվել է քրիստոնեական տաճարի։ Այն ամենահին երկրորդ կառույցն է աշխարհում, որ վերածվել է քրիստոնեական մայր տաճարի[1][2]
Տաճարը սովորաբար անվանում են սուրբ Դոմնի (խորվ.՝ Dujam, Duje) անունով, որը 3-րդ դարում եղել է Սոլինի եպիսկոպոսը, չնայած նրան է նվիրված միայն տաճարի զանգակատունը, իսկ տաճարը նվիրված է Մարիամ Աստվածածնին։ Դոմն եպիսկոպոսը այլ քրիստոնյաների հետ մարտիրոսվել է քրիստոնյաների հալածանքների ժամանակ, որ կազմակերպել էր Դիոկղետիանոս կայսրը։
Տաճարը գտնվում է Դիոկղետիանոսի պալատի կենտրոնում, և այն ելք ունի պալատի պերիստիլ։ Տաճարը բաղկացած է չորս մասերից, որոնք կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում։ Տաճարի հիմնական մասը, որն ութանկյուն ձև ունի ու Դիոկղետիանոս կայսեր դամբարանն է, կառուցվել է 3-4-րդ դարերի սահմանագծին։ Տաճարի հարևանությամբ զանգակատունը կառուցվել է 1100 թվականին և վերակառուցվել 1908 թվականին[3]։ Չնայած տարբեր դարաշրջաններում կառուցված լինելուն՝ տաճարի բոլոր մասերը կառուցված են նույն նյութերով՝ տուֆով, որը բերվել է տեղի գետերի շրջանից, ու Բրաչ կղզուց բերված կրաքարով։
Ինտերիեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նախկին պալատը տաճար վերափոխելուն՝ կառույցի ճարտարապետությունը և ինտերիերի մի շարք տարրեր պահպանվել են անփոփոխ։ Տաճարի ներսում երկու շարք սյուները պահում են շքեղ զարդարված քիվերը։ Հռոմեական ժամանակաշրջանում դամբարանի գմբեթը զարդարված է եղել խճանկարով, սակայն նրանից ոչինչ չի պահպանվել։ Կայսերական ընտանիքի սարկոֆագները եղել են կառույցի կենտրոնում, սակայն ոչնչացվել են 7-րդ դարում։ Գմբեթից ներքև եղած քիվին պահպանվել են Դիոկղետիանոսի և նրա կնոջ՝ Պրիսկայի բարձրաքանդակները՝ զարդարված դափնեպսակներով։
Քրիստոնեական շրջանի արվեստի տարրերից են 13-րդ դարի փայտե դռների փեղկերը, որոնք տեղադրված են եկեղեցու մուտքին։ Դրանք ունեն 5.3 մ բարձրություն և 3.6 մ լայնություն, շքեղորեն զարդարված են փորագրությամբ։ Ամեն փեղկին փորագրված է Քրիստոսի կյանքի 14 դրվագ, որոնք բոլորը զարդարված են բարդ զարդանախշով։ Մուտքից ձախ գտնվող քարե ամբիոնը կառուցվել է 13-րդ դարում ռոմանական ոճով։ Սուրբ Դուեի մատուռում, որը գտնվում է կողմնային հատվածում, պահպանվել է 15-րդ դարի խորանը, որի հեղինակը միլանցի վարպետ Բոնինո դա Կամպիոնեն է։ Սուրբ Ստանիսլավի մատուռի խորանը, որ գտնվում է հյուսիսարևելյան մասում, պատված է Քրիստոսի խարազանումը ներկայացնող բարձրաքանդակով[4]։ Հյուսիսային խորանը ավելի ուշ շրջանում է ստեղծվել՝ 1767 թվականին։ Այն կառուցել է Գ. Մորլաիտերը բարոկկո ոճով։ Տաճարի գլխավոր խորանը ստեղծվել է երգչախմբի համար նախատեսված հատվածների հետ նույն ժամանակաշրջանում՝ 17-րդ դարում։
Տաճարի կրիպտեն նույնպես ունի հռոմեական ծագում։ Քրիստոնեության շրջանում այստեղ կառուցվել է Սուրբ Լուցիոս Սիրակուզացու մատուռը։
Տաճարի գանձարանում պահվում է եկեղեցական պարագաների հարուստ հավաքածու՝ մասունքներով արկղիկներ, սրբապատկերներ։ Բացի այդ՝ հավաքածուում ներկայացված են մեծ թվով միջնադարյան գրքեր ու ձեռագիր մատյաններ։ Արվեստի արժեքավոր նմուշներից է ռոմանական ոճով արված 13-րդ դարի որմնանկարը՝ «Աստվածամայրը մանկան հետ»[5]։
Սուրբ Դոմնի հիշատակին ամեն տարի՝ մայիսի 7-ին, Սպլիտի շուրջ խաչերով երթ է տեղի ունենում։ Պատարագը մատուցում են եկեղեցական սլավոներենով։ Իոսիպ Տիտոյի կառավարման ժամանակաշրջանում խաչերով երթը կազմակերպվել է միայն տաճարի շուրջ. քաղաքի շուրջ երթն արգելվել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Papa u Splitu i Solinu – kolijevci hrvatskog kršćanstva i državnosti
- ↑ Najstarija katedrala na svijetu
- ↑ «Kampanel St. Domnius». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Stephen Williams, Diocletian and the Roman recovery, pg. 200, Taylor & Francis, Inc. (1996),
- ↑ Naklada Naprijed, The Croatian Adriatic Tourist Guide, pg. 237, Zagreb (1999), 953-178-097-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хорватия. Изд. «Вокруг Света», 2006. ISBN 5-98652-047-5. Стр. 203—205
- Сплит. Документальный фильм Ю. А. Сенкевича, 1997.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպլիտի մայր տաճար» հոդվածին։ |