Jump to content

Սկզբունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը ներկայացնող արձան

Սկզբունք (լատին․՝ principium; հուն․՝ αρχή - բառացի` «առաջնագույն»), որևէ տեսության, ուսմունքի, գիտության, աշխարհայացքի, առհասարակ ամեն մի գործունեության, վարքի, քաղաքականության, կուսակցական ղեկավարման և ելակետային դրույթը, որևէ սարքի, մեխանիզմի կառուցվածքի հիմնական առանձնահատկությունը։

Փիլիսոփայության մեջ սկզբունքը կեցության ելակետը, սկիզբը, առաջնահիմքն է, որի գոյությունը ենթադրվել է մտահայեցողաբար՝ աշխարհի երևույթների բազմազանությունը միասնության (միևնույն հիմքին) հանգեցնելու համար։

Հին հույները սկզբունքն անվանում են արխե (հուն․՝ αρχή— սկիզբ), լատիներեն՝ հոմանիշն է պրինցիպ (principium—սկիզբ, առաջին)։

Մետաֆիզիկայում սկզբունքը համընկնում է, այսպես կոչված, «վերջնական պատճառի» հետ։ Նոր ժամանակի դիալեկտիկական, հակամետաֆիզիկական փիլիսոփայության մեջ սկզբունքն ըմբռնվում է որպես հիմունք, որից, եթե առկա են անհրաժեշտ և բավարար պայմանները, գոյանում է երևույթը։

Բոլոր դեպքերում, այս կամ այն կերպ առանձնացված և ըմբռնված սկզբունքները դառնում են, միաժամանակ, նաև առարկաների ճանաչողության և բացատրության ելակետ։ Տեսական գիտելիքն ամբողջական, համակարգված տեսք է ստանում, երբ հաջողվում է ձևակերպել այն սկզբունքները, որոնք ի մի են բերում փորձից հայտնի երևույթների բազմազանությունը և էմպիրիկական օրինաչափությունները։

Գիտության մեթոդաբանության մեջ բանավեճի առարկա է սկզբունքների վրա հիմնված տեսությունների հարաբերությունը աքսիոմատիկ-դեդուկտիվ համակարգերի նկատմամբ։ Մեթոդաբանության ձևապաշտական ուղղությունը հանիրավի փորձում է «սկզբունքների մեթոդով» կառուցված գիտական տեսություններն առավելագույն չափով մոտեցնել ձևական տրամաբանական ճշգրտության իդեալին, այնինչ իրականում սկզբունքները, աքսիոմների նման, դեդուկցիայի նախադրյալներ չեն, որոնցից անմիջականորեն տրամաբանական ձևափոխությունների միջոցով արտածելի լինեին փորձնական ընդհանրացումները (բնության օրենքները)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկզբունք» հոդվածին։