Սոուլ Հյուդսոնը, ով ավելի հայտնի է որպես Սլեշ, ծնվել է 1965 թվականի հուլիսի 23-ին Համփստեդում, սպիատակամորթ անգլիացու և սևամորթ ամերիկացու ընտանիքում։ Նրա մայրը դիզայներ էր, իսկ հայրը պատրաստում էր սկավառակների կազմեր այնպիսի երաժիշտների համար, ինչպիսիք են՝ Նիլ Յանգը և Ջոնի Միտչելը։ 6 տարեկանում մոր հետ տեղափոխվում է ԱՄՆ, իսկ հայրը մնում է Անգլիայում։
1970 թվականի կեսերին հաճախել է Բեվերլի Հիլզի միջնակարգ դպրոցը և դաստիարակվել տատիկի կողմից, քանի որ ծնողները բաժանված էին, իսկ մայրը զբաղված էր աշխատանքով։
15 տարեկանում տատիկը նվիրում է նրա առաջին ակուստիկ կիթառը, որի վրա կար ընդամենը մեկ լար։ Շուտով ծանոթացավ Սթիվեն Ադլերի հետ և միասին հիմնեցին իրենց առաջին խումբը՝ The Road Crew։ Այնուհետև Սլեշը ծանոթացավ Էքսլ Ռոուզի հետ և ստեղծվեց Guns N' Roses խումբը։ Սլեշը դարձավ խմբի լիդերներից մեկը։ Նրանց մեծ հաջողություն է բերում 1987 թվականին լույս տեսած «Appetite for Destruction» ալբոմը։ Խմբին մեծ ճանաչում են բերում նաև 1991 թվականին լույս տեսած 2 ալբոմ՝ Use Your Illusion I և II։ 1993 թվականին Սլեշի և Էքսլ Ռոուզի միջև տեղի ունեցավ վեճ, որի պատճառով Սլեշը հեռացավ Guns N' Roses խմբից։ 1994 թվականին Սլեշը հիմնում է Slash's Snakepit խումբը։ 1995 թվականին խումբը թողարկում է իր առաջին ալբոմը՝ It's Five O'Clock Somewhere։ Այս ալբոմից հետո խմբի անդամները ցրվում են, իսկ Սլեշը հիմնում է Slash’s Blues Ball խումբը, որը գոյատևում է ընդամենը 2 տարի (1996-1998)։ 1998 թվականին Slash’s Snakepit խումբը կրկին միավորվում է և 2000 թվականին թողարկում է Ain’t Life Grand ալբոմը։ Խմբի հին անդամներից մնացել էր միայն Սլեշը։
2002 թվականին Սլեշը կրկին միավորվում է Դաֆ ՄքԿագենի և Մեթ Սորումի հետ Ռեդի Կաստիլոի հիշատակին նվիրված միջոցառման համար։ Նրանք որոշում են հիմնադրել նոր խումբ։ Նրանց միացավ Դեյվ Կուշները, ով դարձավ խմբի ռիթմ-կիթառահարը։ Խմբին անհրաժեշտ էր վոկալիստ։ Մի քանի ամիս շարունակ խումբը չէր կարողանում գտնել վոկալիստ։ Ի վերջո նրանց վոկալիստը դարձավ Սքոթ Վեյլենդը՝ Stone Temple Pilots խմբից։
2003 թվականի ամռանը, Velvet Revolver խումբը մի քանի համերգներ ունեցավ և թողարկեց իր առաջին սինգլը՝ «Set me free»։ 2014 թվականիհունիսին նրանք թողարկեցին իրենց առաջին դեբյուտային ալբոմը՝ Contraband, որը վաճառվել է 2 միլիոն օրինակով։
Սլեշը շատ անգամ հանդես է եկել Էլիս Կուպերի, Օզզի Օսբորնի, Մայքլ Ջեքսոնի և Զակ Վայլդի հետ։
2010 թվականին Սլեշը թողարկում է իր համատեղ ալբոմը Օզզի Օսբորնի, Լեմմիի, Դեյվ Գրոլի, Կիդ Ռոքի, Իգի Փոփի, Էլիս Կուպերի և ուրիշների հետ։
Երկար ժամանակ նրա խորհրդանիշերն են եղել՝ գլխարկը (ցիլինդր), երկար գանգուր մազերը, ակնոցը, ծխախոտը բերանում, նեղ կաշվե տաբատը և մի կապույտ կտոր տաբատի հետևի աջ գրպանից կախված։
Հիմնականում նվագում է Gibson կիթառի Les Paul մոդելի վրա, ունի Gibson կիթառների մեծ հավաքածու, դրանցից ամենահինը արտադրվել է 1959 թվականին։
2012 թվականից Սլեշը համագործակցում է Մայլս Քեննեդիի, Թոդ Քերնսի և Բրենթ Ֆիթզի հետ։ Նույն թվականին նրանք թողարկում են իրենց առաջին ալբոմը՝ Apocaliptic Love։ 2014 թվականին նրանք թողարկեցին իրենց 2-րդ ալբոմը՝ World on fire։
1992 թվականիհոկտեմբերի 10-ին Սլեշն ամուսնացավ Ռեն Սուրանի հետ։ 5 տարի համատեղ ամուսնական կյանքից հետո նրանք բաժանվեցին։ 2001 թվականի հոկտեմբերի 15-ին Սլեշն ամուսնացավ Փերլա Ֆերրարի հետ։ Այս ամուսնությունից ծնվեցին Սլեշի 2 տղաները՝ Լոնդոն Էմիլիոն (2002 թվականի օգոստոսի 28) և Քեշ Էնթընին (2004 թվականիհունիսի 23)։
Մինչև 2008 թվականը Սլեշն ուներ օձերի հավաքածու, կազմված 80 օձերից։ Նա պահեց միայն 1 օձ վախենալով, որ դրանք կվնասեն երեխաներին։
2009 թվականին նրա մայրը մահացավ թոքի քաղցկեղից, որից հետո նա թողեց ծխելը։
13 տարեկանում նա առաջին անգամ օգտագործեց կոկաին, իսկ 19 տարեկանում՝ հերոին։ Նա 4 անգամ կլինիկական մահ է տարել։ Նա թմրանյութերից վերջնականապես կարողացավ ազատվել 2001 թվականին։
Այսօր Սլեշը համարվում է աշխարհի մասշտաբով, ամենալավ կիթառահարներից մեկը։ 2005 թվականին Սլեշը համարվեց բոլոր ժամանակների ամենալավ կիթառահարը՝ ըստ Esquire ամսագրի։ 2008 թվականին Սլեշը զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը «բոլոր ժամանակների 50 ամենամեծ կիթառահարները» ցուցակում՝ ըստ Gigwise ամսագրի։ 2011 թվականին, ըստ Rolling Stone ամսագրի Սլեշը զբաղեցրեց 65-րդ հորիզոնականը «բոլոր ժամանակների 100 ամենամեծ կիթառահարները» ցուցակում։