Jump to content

Սերբերի մեծ արտագաղթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերբերի մեծ արտագաղթ (սերբ.՝ Велике сеобе Срба, Velike seobe Srba), ավանդաբար այսպես են կոչվում Օսմանյան կայսրությունից Հաբսբուրգների միապետություն սերբերի երկու արտագաղթերը, որոնք տեղի են ունեցել 1690 և 1740 թվականներին։ Սերբերի արտագաղթը պայմանավորված էր թուրքական ջոկատների գործողություններով, որոնք բռնության էին ենթարկում քրիստոնյաներին ավստրիացիներին օգնելու համար։ Այս արտագաղթերն էապես փոխել են ժամանակակից Սերբիայի էթնիկ կազմը. սերբերն արդեն փոքրամասնություն են կազմել հրաավային շրջաններում, սակայն բնակչության հիմնական մասն են կազմել ներկայիս Վոևոդինայում։

Սերբերի դրությունը Օսմանյան կայսրությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական նվաճումների արդյունքում սերբական հողերը մասնատվել են, անկում է ապրել գյուղատնտեսությունը, հանքային արդյունաբերությունը գրեթե ընդհատվել է։ Սկսվել է բնակչության զանգվածային տարաբնակեցում Դանուբից Սավայի մերձակայք, ինչի հետևանքով սերբերի էթնիկական տարածքն ընդարձակվել է հյուսիսի ուղղությամբ։ Սերբերը զանգվածաբար տեղափոխվել են ժամանակակից Հունգարիայի ու Խորվաթիայի տարածք, որոնք այն ժամանակ Հաբսբուրգների միապետության կազմում էին՝ այնտեղ ձևավորելով գրանիչարների շերտը։ Ռազմական ծառայության և թուրքերի հետ կռվելու դիմաց գրանիչարները հող են ստացել և ազատվել հարկերից[1][2]։ Ընդ որում, ազատված հարթավայրային տարածքներում բնակություն են հաստատել թուրքերը, ալբանացիները[3]։ Քրիստոնյա բնակչությունը սահմանափակված էր քաղաքացիական իրավունքներով։ Ամեն դեպքում, ի տարբերություն Ալբանիայի, Բոսնիայի ու Մակեդոնիայի՝ Սերբիայում իսլամ ընդունել է բնակչության մի փոքր հատվածը միայն։ Դրանում իր մեծ դերակատարումն է ունեցել Պեչի պատրիարքությունը, որը վերականգնվել էր 1557 թվականին[4][5]։ Օսմանյան կառավարման տարիներին այն կենտրոնացրել է սերբերի ազգային ու մշակութային կյանքը։ Ուղղափառ եկեղեցին պահպանել է իր ավանդույթները, ունեցել է տարրական դպրոցներ բացելու հնարավորություն[4]։

Ֆեոդալական դասը օսմանյան տիրապետության շրջանում հիմնականում ներկայանում էր մուսուլմաններով և իսլամ ընդունած սլավոններով։ Բնակչության կորիզը կազմում էր կախյալ գյուղացիությունը՝ ռայան, որն ուներ ժառանգաբար փոխանցվող հողի իրավունք և սուլթանին ու տարբեր ֆեոդալներին հարկ էր վճարում։ Հարավային Սերբիայում և մերձդանուբյան շրջաններում պահպանվել է անասնապահությամբ զբաղվող վլախների խավը[6]։ Գյուղացիության հիմնական մասը կապված էր հողին և չէր կարող լքել այն առանց տեղի ֆեոդալի թույլտվության։

Ուղղափառ եկեղեցին թուրքական տիրապետության պայմաններում կարողացել է շարունակել իր գործունեությունը, սակայն ավելի դժվար պայմաններում։ Սերբիայի բնակավայրերը գրավելուց անմիջապես հետո թուրքերը եկեղեցական կառույցները հարմարացրել են իրենց պահանջներին։ Նոր եկեղեցիների կառուցումն արգելված է եղել՝ բացի Սլավոնիայի, Բանատի ու Սրեմի տարածքներից, որտեղ էլ հաստատվել են սերբերը՝ փորձելով փրկվել թուրքական հալածանքներից[7]։

1690 թվականի արտագաղթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատրիարք Արսենի III

Վիեննայի մոտ և մի քանի այլ տեղերում պարտություն կրելուց հետո, ինչպես նաև թուրքական տիրապետության դեմ ստեղծված կոալիցիայից՝ Սրբազան լիգայից (1684) հետո Օսմանյան կայսրության վիճակը լրջորեն բարդացել էր։ Կայսերական զորքերն ազատագրել էին Հունգարիան, Տրանսիլվանիան ու Սլավոնիան։ Իր հերթին, վենետիկցիները տիրել էին Աթենքին, Մորեային ու մարտեր էին մղում Դալմաթիայի համար։ Վախենալով քրիստոնյաների ապստամբությունից՝ թուրք աստիճանավորները թուլացրել են նրանց նկատմամբ բռնությունները, ինչը, սակայն, չի կանխել 1688 թվականի զանգվածային ապստամբությունը Սերբիայում ու Մակեդոնիայում։ Սերբ ականատեսը հետևյալ կերպով է նկարագրել այդ իրադարձությունները. «Եվ այդ ժամանակ շատ սերբեր անցան կայսրի կողմը ու սկսեցին պայքարել թուրքերի դեմ և քշեցին նրանց սերբական Բուդիմ քաղաքից մինչև սերբական մեծ քաղաք Բելգրադը»[8][8]։

1689 թվականի աշնանը ապստամբած սերբերը Հաբսբուրգների զորքերի աջակցությամբ ազատագրել են Սերբիայի հյուսիսը գրեթե ամբողջությամբ։ Դրանից հետո ավստրիացիները որոշել են արշավանք կազմակերպել Սերբիայով, Մակեդոնիայով և Ալբանիայով դեպի Ադրիատիկ ծով։ 3.700 ավստրիացի զինվորներին գլխավորում էր Պավել Դեակը։ Սերբիայով անցնելու ճանապարհին նրանք ազատագրել են քաղաքներ ու գյուղեր՝ ստանալով տեղի սերբերի աջակցությունը[9]։ Բացի նրանցից՝ զորքին միացել են զգալի թվով ալբանացիներ[10]։

Փորձելով իր կողմը գրավել որքան հնարավոր է մեծ թվով սերբերի՝ ավստրիացիները կապեր են հաստատել պատրիարք Արսենի III-ի հետ՝ նրան խնդրելով հանուն քրիստոնեության ավելի շատ սերբերի կոչ անել համընդհանուր ապստամբության[9]։ Սակայն երբ պատրիարքը, թուրքերի կողմից հաշվեհարդար ստանալու սպառնալիքի տախ փախել է ավստրիացիների կողմը, պարզվել է, որ ինքը նրանց այլևս հարկավոր չէ։ Այս պահից սկսած՝ ավստրիացիները դադարում են նրա հետ խորհրդակցել՝ նրան կանգնեցնելով արդեն ընդունված որոշումների առաջ[10]։

Ավստրիական զորքերին ու սերբական ջոկատներին մեծ օգնություն են ցույց տվել Մակեդոնիայի հյուսիսային մասի հայդուկները։ Այնտեղ նրանց ղեկավարում էր հարամբաշա Կարպոշը, որի ղեկավարությամբ թուրքերն արդեն դուրս էին մղվել Կրատովից, Կումանովից, Կոչանից և մի շարք այլ բնակավայրերից։ Տեղի բնակիչներն իրենց թագավոր էին համարում Կարպոշին։ Երբ ավստրիացիներն ու սերբերը մտնում են Մակեոնիայի տարածք, հայդուկները միանում են նրանց։ Համատեղ ջանքերով 1689 թվականի հոկտեմբերին ազատագրվել է Սկոպիեն, ապա Պրիզրենը։ Թուրքերի պարտության մասին լուրերը լսելով՝ ավելի շատ կամավորներ էին միանում ավստրիացիներին ու սերբերին։ Արդյունքում, 1689 թվականին Ստամբուլը կորցնում է Սերբիայի ու Մակեդոնիայի նկատմամբ վերահսկողությունը[11]։

Այս ընթացքում թուրքերին հաջողվում է Մակեդոնիայում մեծ ուժեր կենտրոնացնել։ Փոխարինվում է սերասկեր Ռեջեպ փաշան։ Մեծ վեզիրի պաշտոնը ստանձնում է Մուստաֆա Չուպրիլիչը, որը ջիհադ է հռչակում։ Օսմանյան բանակը քրիստոնյաներին կոտորում է Կաչանիկի ճակատամարտում, ընդ որում ավստրիացիների կողքին կռվող ալբանացիներն անցնում են թուրքերի կողմը։ Դրանից հետո սկսվում է քրիստոնյաների նահանջը Հարավային Սերբիայից Նիշի ուղղությամբ[10]։

Ավստրիացիների պարտության մեջ իր դերն է ունեցել տեղի բնակչության վերաբերմունքի փոփոխությունը նրանց հանդեպ։ Գեներալ Պիկոլոմինի զինվորները իրենց չեն պահել ազատագրողների պես, այլ տերերի՝ թալանելով տեղի բնակչությանը։ Հատկապես մեծ վրդովմունք է առաջացրել Սկոպիեի թալանն ու այրումը, ինչպես նաև սերբական ու ալբանական ջոկատների զինաթափումը, որոնց ընդհանուր թիվը հասնում էր 20.000-ի։ Արդյունքում, սերբերը սկսում են ինքնուրույն պայքարել թուրքերի դեմ, իսկ ալբանացիներն անցնում են թուրքերի կողմը[10]։

Սերբերի արտագաղթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերբերի արտագաղթը Դանուբով

Ավստրիացիների նահանջը խուճապի ու զանգվածային փախուստի տեղիք է տվել տեղի բնակչության շրջանակներում։ Շատերը փախել են ավստրիացիների հետ, մյուսները թաքնվել են սարերում, ճահիճներում ու անտառներում, որպեսի փրկվեն թուրքերից։ Թուրքական զորքերը կրկին գրավել են քրիստոնյաների ազատագրած տարածքները՝ Նիշը, Բելգրադը, Կրագուևացը, Սկոպիեն, Պրիզրենը և մի շարք այլ քաղաքներ։ Օսմանյան լծի վերականգնումն ուղեկցվել է թալանով ու կոտորածով[10][12]։

Ֆրանցիսկյան հոգևորական Տոմո Ռոսպասարիի առաջարկով ավստրիական իշխանությունները 1690 թվականի ապրիլի 6-ին սերբերին առաջարկել են դավանանքի ազատություն, հարկերից ազատում, ինքնավարության իրավունք, նրանց ավանդույթների հարգում թուրքերի դեմ պայքարել շարունակելու դիմաց։ Պատրիարք Արսենին անձամբ է նամակ ստացել կայսրից այդ առաջարկներով։ Սերբերի խմբի հետ նահանջելով՝ 1690 թվականի հունիսի 18-ին Բելգրադում ժողովրդական հավաք է հրավիրվել, որտեղ քննարկվել են ավստրիական միապետից ստացված նամակը և դրա պատասխանը, որը Վիեննա է տարել Եսայի Ջակովիչը։ Ընդունելով Լեոպոլդ կասյեր առաջարկը՝ սերբերը խնդրել են ավելի քիչ իրավունքներ, քան խոստացվել էր իրենց՝ հիմնական ուշադրությունը դարձնելով եկեղեցու՝ որպես ազգային ինքնության պահապանի անկախության վրա[10]։

Սերբերի պատասխանը չի բավարարել ավստրիացիներին, որոնք կարծում էին, որ սերբերը, հավաստիացումներ ստանալով իրենց կարգավիճակի մասին, կրկին զենք կվերցնեն, ոչ թե վերաբնակություն կհաստատեն կայսրության տարածքում։ Երկար քննարկումներից հետո Վիեննան ընդունել է սերբերի պայմանները, և 1690 թվականի օգոստոսի 11-ին կայսրը հաստատել է ուղղափառների համար խոստացված նախապայմանները թուրքերից ազատագրված տարածքներում։ Կաթոլիկ եկեղեցու գործադրած ջանքերի պատճառով՝ ավստրիական իշխանությունները չէին հիշատակում սերբերի մասին, որոնք արդեն հաստատվել էին Սրեմում, Սլավոնիայում ու Խորվաթիայում, սակայն Եսայի Ջակովիչի դիմումից հետո կայսերական հրովարտակում հիշատակվել են և նրանք[10]։

Կայսեր՝ ուղղափառ քրիստոնյաներին ուղղված հրովարտակը կարդալու օրը թուրքերը ավստրիացիներին խոշոր պարտության են մատնել Տրանսիլվանիայում։ Փորձելով Հունգարիան պաշտպանել թուրքական հնարավոր հարձակումից՝ կայսերական զորքերը լքել են Սերբիան Դանուբից ու Սավայից հարավ։ Նրանց հետ հեռացել են փախստականները, որոնք կուտակվել էին Բելգրադի մերձակայքում[10]։ Արտագաղթի հիմնական ալիքը գրանցվել է սեպտեմբերի 6-ից, երբ թուրքերը գրավել են Նիշը, մինչև 1690 թվականի սեպտեմբերի 26-ը, երբ թուրքերը սկսել են Բելգրադի պաշարումը[12]։

Արտագաղթած սերբերի ճշգրիտ քանակը հայտնի չէ։ Պատրիարք Արսենիի տվյալներով նրա հետ Հաբսբուրգների միապետության տարածք է արտագաղթել մոտ 30.000 մարդ։ Պատմագրության մեջ շրջանառվում են այլ թվեր՝ մինչև 37.000 ընտանիք։ Նրանք լքել են Սրեմի, Բարանյայի, Բաչկայի տարածքները, որոնց մի մասը Վիեննան ներառել է ռազմական սահմանի տարածքում։ Արտագաղթի արդյունքում զգալիորեն նվազել է սերբերի թվաքանակը Ռաշկայում, Կոսովոյում և այլ շրջաններում, որտեղ ակտիվորեն սկսել են հաստատվել մուսուլման ալբանացիները և թուրքերը[13]։ Սերբական ուղղափառ եկեղեցին Հին Սերբիայում հայտնվել է դժվարին իրավիճակում. պղծվում էին եկեղեցիները, իսկ որոշ եկեղեցիներ թուրքերը վերածում էին մզկիթների[10]։

Հետագա իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապույտով նշված են սերբերի բնակեցրած տարածքները (1690)

Հարկ է նշել, որ իրենց տները լքած սերբերի շրջանում իշխում էր մի կարծիք, որ Հաբսբուրգների համար պայքարելով՝ իրենք մոտեցնում են հայրենիքի ազատագրության բաղձալի օրը, որից հետո կկարողանան վերադառնել հայրենիք[14]։ Արտագաղթած սերբերը նաև կարծում էին, որ Ավստրիական կայսրությունում իրենք կստանան հատուկ հողեր, որտեղ կապրեն իրենց սովորույթներով[14]։ Այս հույսերը զգալիորեն նվազում են Կարլովիցի համաձայնագրի կնքումից հետո։ Ապագա գրանիչարները չէին կարող պատկերացնել, որ իրենց կցրեն տարբեր տեղերում գերմանացի սպաների հսկողությամբ, և որ իրենք ստիպված կլինեն կռվել թուրքերի, հունգարների հետ Եվրոպայի շատ ճակատամարտերում[15]։

Սկզբնական ժամանակաշրջանում ավստրիական սպայակազմը և հունգար աշխարհիկ իշխանությունները չէին վստահում սերբերին՝ վախենալով, որ նրանց մեջ կլիներ թուրքական լրտեսներ[15]։ Իրենց հերթին, շատ ընտանիքներ չէին ցանկանում թողնել իրենց ընտանիքները տեղի իշխանությունների հույսին՝ նրանց իրենց հետ պատերազմ տանելով։ Դա արվում էր ոչ առանց հիմքի. ոչ միշտ էին քաղաքացիական իշխանությունները հասցնում հոգալ նորեկների կենցաղային հարցերը, իսկ կաթոլիկ եկեղեցին ջանքեր էր գործադրում նրանց իր կողմը գրավելու[16][10]։

Պետական իշխանությունների բարձրագույն մարմինները և Հաբսբուրգների միապետության ազդեցիկ ուժերը տարբեր կերպ էին վերաբերվում սերբական հարցին։ Կայսերական պալատն անհանգստանում էր գահի ու պետական սահմանների անվտանգության համար։ Ռազմական խորհուրդը ցանկանում էր հավաքագրել որքան հնարավոր է շատ, բայց էժան զինվորներ։ Պալատին հետաքրքրում էին վարչական ու տնտեսական հարցերը. հունգարական իշխանություններն ու ազնվականությունը՝ որպես հունգարական պետական ավանդույթների կրողներ, հարց էին բարձրացնում հունգարական հողերում սերբերի կարգավիճակի մասին[15]։

Սերբիայի ու Մակեդոնիայի դատարկված հողերը ծանր են անդրադարձել տնտեսության ու բնակիչների վիճակի վրա։ Նույն 1690 թվականին թուրք աստիճանավորները հասկացել են հետևանքների մասշտաբները՝ փորձելով նվազեցնել հարկերը ու ներել ապստամբության մասնակիցներին։ Սակայն դա քիչ ազդեցություն է ունեցել ընդհանուր իրավիճակի վրա, իսկ թուրքական տիրապետության տակ գնտվող հողեր վերադարձածների թիվը շատ քիչ է եղել[17]։

1740 թվականի արտագաղթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատրիարք Արսենի IV

Լինելով Ռուսական կայսրության դաշնակից՝ Հաբսբուրգների միապետությունը 1737 թվականին պատերազմ է հռչակել Օսմանյան կայսրությանը՝ կատարելով իր դաշնակցային պարտականությունը և զգուշանալով Բալկաններում իր ունեցած դիրքից։ Ռազմական գործողություններ սկսելուց հետո Կառլ VI կայսրը դիմել է բալկանյան ժողովուրդներին՝ իր զորքերին օգնելու ու թուրքերի դեմ ապստամբելու կոչով։ 1737 թվականի մարտին կայացած գաղտնի ժողովում, որին ներկա էին պատրիարք Արսենի IV -ը, մի քանի եպիսկոպոսներ, իշխաններ, որոշում է ընդունվել սատարել օսմանյան տերության դեմ կռվող ավստրիացիներին։ Կոչին արձագանքել են նույնիսկ Զևայի լեռնային շրջաններում բնակվող սերբերն ու որոշ ալբանացիներ[18]։

Ավստրիական ջոկատները, որոնց զորակցում էին սերբ ապստամբները Ստանիշ Մարկովիչի ղեկավարությամբ, շարժվում են դեպի Սերբիայի հարավ։ Հուլիսի 28-ին առանց կռվի հանձնվել է Նիշը։ Նույն օրը սերբերն ազատագրել են Նովի Պազարը։ Աթանասի Ռաշկովիչը հայդուկների զորաջոկատով մաքրել է Նովի Վարոշն ու Պրիեպոլիեն։ Սակայն դաշնակիցների հաջողությունները այսքանով էլ սահմանափակվել են։ Ավստրիական ղեկավարությունը բավականաչափ փորձառու չէր և ունեցել է մի շարք բացթողումներ։ Բացի այդ՝ ապստամբության սկսվելուն պես թուրքերը դաժան հաշվեհարդար են տեսել տեղի բնակչության հետ։ Նրանք ձերբակալել են պատրիարք Արսենիին, որին հաջողվել է ավելի ուշ փախչել, սպանել են եպիսկոպոս Սիմեոնին[18]։

Զորք հավաքագրելով՝ թուրքերը սկսել են հակահարձակումը՝ ցուցաբերելով հրաշալի պատրաստականություն։ Թուրքական բանակի՝ Սերբիա մտնելու հետ շատ սերբեր ու ալբանացիներ դադարել են ավստրիացիներին օգնել՝ վախենալով թուրքերի վրեժխնդրությունից։ Շուտով Հաբսբուրգների զորքը պարտություն է կրել Վիդինի մերձակայքում։ Օգոստոսի 13-ին ավստրիացիները լքել են Նովի Պազարը և սկսել նահանջը։ Նրանց հետ նահանջել են նաև սերբերը, որոնց մի մասը վերադարձել է տուն։ Շուտով ավստրիացիները թողել են նաև Նիշը[18]։

Սերբիայի տարածքում թուրքերը մի քանի անգամ պարտության են մատնել Հաբսբուրգների ու սերբերի միացյալ ուժերին։ Դրանից հետո պատրիարք Արսենին ժամանել է Բելգրադ։ 1737 թվականի կեսերին նա մեկնել է Վիեննա։ Իրենց հետ այնտեղ գնացած փախստականներից ավստրիացիները փորձել են ձևավորել գունդ՝ 2.000 զինվորից, սակայն չեն հասցրել դա անել։ Սերբիայից նահանջող բանակը տուժել էր թուրքերի հարձակումներից, հիվանդությունից ու դասալքությունից։ Վատացել էր նրա մատակարարումը, որն առաջին հերթին ուղղվում էր կայսերական զորքին, ինչի պատճառով սերբերը զանգվածաբար լքում էին զորքերը։ Սեպտեմբերի 7-ին Բելգրադում ստորագրվել է համաձայնագիր, որով Հաբսբուրգները վերադարձնում էին Բելգրադն ու շրջակա տարածքները[18]։

Բելգրադը լքած ավստրիական զորքերի հետ Դանուբով սկսում են արտագաղթել հազարավոր սերբեր, կաթոլիկ ալբանացիներ, որոնք այդպիսով փորձում էին փրկվել թուրքական բանակից։ Փախստականները հիմնականում հաստատվել են Սրեմի շրջանում[18]։ 1740 թվականին փախած սերբերի մի մասը սերբ գրանիչարների որոշ քանակության հետ 1750-ական թվականներին հաստատվել է Ռուսական կայսրությունում[18]։

Սերբերի մեծ արտագաղթը սերբերի պատմության առանցքային դրվագներից է։ Այն զգալի ազդեցություն է թողել սերբերի հասարակական ու քաղաքական կյանքի վրա, ինչպես նաև լրջորեն փոխել է սերբ ժողովրդի էթնիկ սահմանները։ Հարավային Սերբիան (Ռաշկա, Կոսովո, Մետոհիա) կորցրել է մինչ այդ գերիշխող սերբական բաղադրիչը։ Սերբերի կողմից զանգվածաբար լքված շրջաններում վերաբնակություն են հաստատել ալբանացիներն ու թուրքերը։ Այդ ժամանակից էլ Ռաշկան ստացել իր թուրքական Սանջակ անունը։ Ավելի քիչ է փոխվել ժողովրդագրական պատկերը Սերբիայի կենտրոնական հատվածում, չնայած այդտեղից էլ են շատ սերբեր տեղափոխվել հյուսիս։ Սերբական մեծ արտագաղթի հետևանքով կտրուկ աճել է սերբերի թիվը Սլավոնիայի, Բաչկայի, Բարանյայի և Հարավային Հունգարիայի տարածքներում[19]։

Ալբանացիներին բնակեցնելով Սերբիայի հարավային շրջաններում՝ Օսմանյան կայսրությունն ամեն կերպ փորձում էր նրանց մեջ թշնամություն հրահրել։ Մուսուլման ալբանացիներն ավելի շահեկան վիճակում էին հայտնվում, քան ուղղափառ սերբերը, որոնք թուրքերի օրոք նվազագույն իրավունքներ ունեին։ Ալբանացիներին ամեն կերպ աջակցելով՝ Ստամբուլը փորձում էր կասեցնել սերբերի քաղաքական ակտիվության զարգացումը՝ չթողնելով, որ նրանք ազատագրական պայքար սկսեն[17]։

Ստամբուլը փորձում էր նաև սահմանափակել Սերբիայի ուղղափառ հոգևորականության գործունեությունը։ 18-րդ դարի առաջին կեսից թուրքերն իրենք են սկսում պատրիարք նշանակել, որոնք նախկինում ընտրվում էին եկեղեցական հավաքներում։ Եկեղեցիներն ու տաճարները թալանվում էին մուսուլմանների կողմից, սկսվում է հոգևորականության վրա տնտեսական ճնշումը։ 1730-ական թվականների վերջերին պատրիարքները նշանակվում են կայսրության նկատմամբ լոյալ դիրք ունեցող հույները, որոնք իրենց հերթին հելլենականության քաղաքականություն էին վարում և պարզապես կողոպտում էին պատրիարքության ունեցվածքը։ 1766 թվականին լուծարվել է Պեչի պատրիարքությունը, որը ենթակա էր Պոլսի պատրիարքությանը։ Դա Արևմտյան Բալկանների ուղղափառ բնակչությանը զրկել է մի կառույցից, որը իրենց համախմբելու գործառույթ էր կատարում[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Переселения сербов» (սերբերեն). Rastko. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  2. Станко Нишић Хрватска олуја и српске сеобе. — Београд: Књига комерц, 2002. — С. 125.
  3. Savich C. K. The Kosovo Crisis: Origins and History Արխիվացված 2018-11-11 Wayback Machine (անգլ.)
  4. 4,0 4,1 История Югославии. Том 1, 1963, էջ 202
  5. Чиркович, 2009, էջ 174
  6. История Югославии. Том 1, 1963, էջ 195
  7. Чиркович, 2009, էջ 171
  8. 8,0 8,1 История Югославии. Том 1, 1963, էջ 210
  9. 9,0 9,1 Чиркович, 2009, էջ 183
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 «Велика сеоба Срба у Аустрију» (սերբերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  11. История Югославии. Том 1, 1963, էջ 211
  12. 12,0 12,1 Срби у Војводини, 1957, էջ 316
  13. Срби у Војводини, 1957, էջ 320
  14. 14,0 14,1 Поповић, 1959, էջ 87
  15. 15,0 15,1 15,2 Поповић, 1959, էջ 88
  16. Srbi u Hrvatskoj, 1991, էջ 38
  17. 17,0 17,1 История Югославии. Том 1, 1963, էջ 212
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 «Аустриски порази» (սերբերեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  19. Срби у Војводини, 1957, էջ 325
  20. История Югославии. Том 1, 1963, էջ 213