Jump to content

Սեսիլիա Գրիերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեսիլիա Գրիերսոն
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1859(1859-11-22)[1]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էապրիլի 10, 1934(1934-04-10)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանԲուենոս Այրեսի Բրիտանիկո գերեզմանատուն[2]
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունբժիշկ, համալսարանի դասախոս և սուֆրաժիստ
ԱշխատավայրԲուենոս Այրեսի համալսարան
 Cecilia Grierson Վիքիպահեստում

Սեսիլիա Գրիերսոն (անգլ.՝ Cecilia Grierson, նոյեմբերի 22, 1859(1859-11-22)[1], Բուենոս Այրես, Արգենտինա - ապրիլի 10, 1934(1934-04-10)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինուհի բժիշկ, բարեփոխումների հեղինակ, նշանավոր ազատամիտ։ Առաջին կինն է Արգենտինայում, ով ստացել է բժշկական դիպլոմ։

Սեսիլիա Գրիերսոնը ծնվել է Բուենոս Այրեսում, 1859 թվականին՝ իռնադացի-արգենտինացի Ջեյն Դաֆիի և Ջոն Ռոբերտսոն Գրերսոնի ընտանիքում։ Նրա հորական պապիկը` Վիլյամ Գրիերսոնը, շոտլանդացի գաղութարարների շարքում էր, ովքեր եկել էին Բուենոս Այրես 1825 թվականին՝ բնակեցնելու Մոնտե Գրանդեն[3]։ Գրիերսոնի վաղ մանկությունն անցել է իր ընտանիքի կալվածքում, Էնտրե Ռիոս շրջանում, որտեղ նրա ընտանիքը հարուստ ֆերմա ուներ։ Վեց տարեկան հասակում սկսել է հաճախել անգլիական ու ֆրանսիական դպրոցներ Բուենոս Այրեսում, սակայն հոր վաղաժամ մահվան պատճառով ստիպված է եղել տուն վերադառնալ։ Նա օգնել է մորը` հաճախելով գյուղական դպրոց և այնտեղ էլ նախնական կրթություն է ստացել։ Գրիերսոնը վերադարձել է Բունեոս Այրես` հաճախելու աղջիկների թիվ 1 դպրոցը, որն ավարտել է 1878 թվականին` ուսուցչի մասնագիտությամբ։ Մի քանի տարի սովորել է տղաների դպրոցում և որոշել է բժշկություն ուսումնասիրել[3]։

Բժշկական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիերսենը դիմադրության է հանդիպել` 1883 թվականին բժշկական դպրոց ընդունվելիս. նրանից գրավոր արդարացում է պահանջվել` բժիշկ դառնալու իր ցանկության համար։ Մեկ այլ կին` Էլիդա Պասոն, Բժշկական դպրոց էր ընդունվել դեղատան բժշկի դիպլոմ ստանալու համար` 1885 թվականին դառնալով առաջին արգենտինուհին, ով Արգենտինայում համալսարանի դիպլոմ էր ստանում[4]։ Պասոն մի շարք մերժված դիմումներից հետո վերադարձել է` բժշկական դիպլոմ ստանալու, սակայն ուսումնառության հինգերորդ տարում լուրջ հիվանդություն է ձեռք բերել և մահացել է 1893-ին` առանց դիպլոմ ստանալու[3]։ Կանանց այդ ժամանակ արգելված էր սովորել երկրի չորս համալսարանների բժշկական դպրոցներում. իրականում, 19-րդ դարի Արգենտինայում շատ քիչ կանայք էին կարողանում ստանալ ֆորմալ միջնակարգ կրթություն։ Գրիերսոնն, այնուամենայնիվ, բառացիկ աշակերտ էր, նա կամավոր, անվարձահատույց աշխատում էր համալսարանի լաբորատորիայում և 1885 թվականին սկսում է իր գիտական գործունեությունը Հանրային առողջության ֆակուլտետում։ Դեռևս ուսանելու տարիներին նա կազմակերպել է շտապ օգնության ծառայություն` ներկայացնելով ահազանգերի օգտագործման հնարավորությունները, մի բան, որ մինչև այդ ժամանակը միայն հրշեջների մենաշնորհն էր։ Նրա աշխատանքը 1886 թվականի խոլերայի համաճարակի օրերին հայտնի են դարձրել նրան` որպես շատ արդյունավետ բժիշկ[3]։ Գրիերսոնը նաև եղել է կինեզոլոգիայի առաջամարտիկներից։ Նա ներկայացրել է մերսման թերապիայի կուրս Բժշկական դպրոցում, հետագայում ձևակերպել է իր մտքերը «Գործնական մերսում» դասագրքում։ Գիրքը լայնորեն տարածվել է ու մեծ դեր է ունեցել Արգենտինայում ժամանակակից կինեզոլոգիայի զարգացման գործում։ 1888 թվականին միացել է Ռիվադավիա հիվանդանոցի (Կանանց հիվանդանոց) աշխատակազմին և 1889 թվականին գինեկոլոգիայի ոլորտում իր գիտական աշխատանքի հաջող պաշտպանության շնորհիվ ավարտել է Բժշկական դպրոցն ու դարձել առաջին կինն Արգենտինայում, ով ստացել է բժշկական դիպլոմ[3]։ Ավարտելուց հետո սկսել է աշխատել Սան Ռոքու հիվանդանոցում։ Նաև անատոմիայի դասեր է տվել դե Բելաս Արտես ակադեմիայում, անվճար հոգեբանական օժանդակություն է տրամադրել հատուկ կարիքներով երեխաներին` աշխատելով հատկապես կույր և խուլ երեխաների հետ։ Ավարտել է իր «Կուրության կրթությունը» (իսպ.՝ La educación del ciego), «Հիվանդների խնամք» (իսպ.՝ Cuidado del enfermo) և «Առաջին ազգային բուժքույրության դասագիրք» (իսպ.՝ Primer Tratado Nacional de Enfermería) դասագրքերը։

Գրիերսոնը 1890 թվականին հիմնել է Արգենտինայում առաջին` Բուենոս Այրեսի Բրիտանիկո հիվանդանոցի բուժքույրական դպրոցը։ Ուսանող բուժքույրերը հաճախել են մանուկների խնամքի, առաջին բուժօգնության, հիվանդների խնամքի դասերի։ Այս նախաձեռնությունից 1891 թվականին ծագել է Բուժքույրական դպրոց հիմնելու գաղափարը, որը Գրիերսոնը ղեկավարել է մինչև 1913 թվականը։ Այս հաջող փորձը նրան 1891 թվականին դարձրել է Արգենտինայի բժշկական ասոցիացիայի հիմնադիր անդամ։ Ոգեշնչվելով Միջազգային Կարմիր Խաչի Երկրորդ միջազգային խորհրդաժողովի զեկույցներից` նա 1892 թվականին ստեղծել է Արգենտինայի առաջին բուժօգնության ընկերությունը` պատահարների զոհերին օժանադակելու վերաբերյալ գիրք հրատարակելով[5]։

1892 թվականին ներկա է եղել Արգենտինայում առաջին կեսարյան հատմանը, որից հետո 1901 թվականին հիմնել է Մանկաբարձության ազգային խորհուրդ և դրա ամսագիրը` Revista Obstétrica: Նա նաև գիմնաստիկայի դասեր է տվել Բժշկական դպրոցի քիչ թվով կին ուսանողուհիներին, որոնցից մեկը, Արմանդիա Պոգետին, 1902 թվականին դարձել է առաջին կինն Արգենտինայում, ով ստացել է դեղագիտության դիպլոմ[5]։ Գրիերսոնը հիմնել է Տնային տնտեսության ընկերությունը 1902 թվականին։ Այս կազմակերպությունը, որը հետագայում վերանվանվել է Տնային կառավարման տեխնիկական դպրոց, երկրում առաջինն էր իր տեսակի մեջ, և 1907 թվականին նա սկսել է տնային գործերի կառավարման դասընթաց Բուենոս Այրեսի աղջիկների միջնակարգ դպրոցում։ Նրա 1909 թվականի զեկույցից հետո, որը վերաբերում էր կրթության պայմանների, կենսակերպի բարելավմանը և մասնագիտական դպրոցների հասանելիության կարևորությանը, Ազգային կրթական խորհուրդը հաստատել է Արգենտինայում մասնագիտական դպրոցների բացելու ուսումնական ծրագիրը։ Գրիերսոնը տպագրել է «Կանանց տեխնիկական կրթություն» (իսպ.՝ Educación técnica de la mujer) ծրագիրը` ներկայացնելով այս դպրոցների համար կարևորագույն խնդիրները։ Նա դասընթացներ է վարել Գեղեցիկ արվեստների դպրոցում և Աղջիկների միջնակարգ ազգային դպրոցում։ Արգենտինայի կառավարությունը նրան ներկայացուցիչ է նշանակել 1912 թվականին Լոնդոնում կայացած Առաջին միջազգային եվգենիկայի խորհրդաժողովին[3]։

Ֆեմինիստական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական համալսարան ընդունվելիս իր հանդեպ կիրառված ճնշումները Գրիերսոնին հետագայում օգնել են պայքարել Արգենտինայում կանանց իրավունքների պաշտպանության համար։ Նա միացել է Արգենտինայի սոցիալիստական կուսակցությանն ու դարձել է Արգենտինայի բարձաշխարհիկ հասարակության այն փոքրաթիվ կանանցից մեկը, ովքեր աջակցել են ֆեմինիզմն ու կանանց իրավունքների պաշտպանության շարժումներին ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Գրիերսոնն ընտրվել է ընտրական իրավունքի համար պայքարող Կանանց միջազգային խորհուրդ կազմակերպության երկրորդ հանդիպման փոխնախագահ, որն անց է կացվել Լոնդոնում, 1889 թվականին։ Սրանից հետո 1900 թվականին ստեղծվել է Արգենտինայի կանանց խորհուրդը։ Գրիերսոնը Արգենտինայի ազատամտականության ընկերության ակտիվ աջակիցներից էր, որը տարածում ու պաշտպանում էր ռացիոնալիզմը, հակակղերականությունը, կյանքի հանդեպ գիտական մոտեցումը և կանանց իրավունքների պաշտպանությունն Արգենտինայում։

Գրիերոսոնը հանրային կերպով պարգևատրվել ու գնահատվել է 1914 թվականին, երբ նա թողել է ակադեմիայի աշխատանքը։ Աշխատանքից հեռանալուց հետո նա ապրել է Կորդոբա շրջանի Լոս Կոկոս ավանում` մեծապես կիրառելով ընտանեկան բժշկության սկզբունքները։ Հայտնի գիտնականն ու ակտիվիստը մահացել է Բուենոս Այրեսում 1934 թվականին, 74 տարեկանում և թաղվել է քաղաքի բրիտանական գերեզմանոցում[5]։ 1891 թվականին նրա հիմնադրած բուժքույրական դպրոցը նրա մահից հետո կոչվել է իր անունով[5]։ Նրա անունով են կոչվել նաև փողոցներ Բունեոս Այրեսում և Լոս Կոկոսում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Base biographique (ֆր.)BIU Santé.
  2. Cementerio Británico de Buenos Aires
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Barry, Carolina (April 2005). «Cecilia Grierson: Argentina's First Female Doctor». The Southern Cross.
  4. «Elida Passo, la primera universitaria argentina». Mujeres Que Participan.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Cecilia Grierson». Historia de Inhumados del Cementerio Británico de Bs. As. por Eduardo A. Kesting. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «Calles de Puerto Madero». Luis Cortese.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլիա Գրիերսոն» հոդվածին։