Jump to content

Սեռական դաստիարակություն (հեռուստասերիալ, 2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեռական դաստիարակություն
(անգլ.՝ Sex Education)
Изображение логотипа
Ժանր
ՍտեղծողԼորի Նան
Երկիր{{{2}}} Մեծ Բրիտանիա
ԼեզուԱնգլերեն
Գլխավոր
դերերում
ՊրոդյուսերՋոն Ջենինգս
Գործադիր պրոդյուսեր
  • Ջեյմի Քեմփբել
  • Բեն Թեյլոր
Օպերատոր
  • Ջեյմի Քեյրնի
  • Օլի Ռասել
Երաժշտություն
  • Թոլգա Քահրաման
  • Մեթ Բիֆա
  • Սիարա Էլվիս
  • Ռուբի Ուոսմեթ
  • Ֆիոնա Քրույքշենք
  • Սեմ Թոմփսոն
Մոնտաժ
  • Սթիվ Աքրոյդ
  • Դևիդ Ուեբ
  • Քալում Ռոս
Նկարահանման վայրԱնգլիա, Ուելս, Wye Valley? և Otis' house?
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ32
Սերիաների ցանկՍերիաների ցանկ
Էկրաններին էՀունվարի 11, 2019 (2019-01-11)-ից այժմ (այժմ)
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունEleven Film
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պատկերի ձևաչափ4K (UHDTV)
Պաշտոնական կայքէջ

«Սեռական դաստիարակություն» (անգլ.՝ Sex Education), բրիտանական կատակերգական դրամա հեռուստասերիալ, որը պատմում է անգլիական Մուրդեյլ քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտների և նրանց խնդիրների մասին։ Սերիալի առաջին եթերաշրջանը, որը բաղկացած է 8 սերիայից, թողարկվել է Նեթֆլիքսի կողմից 2019 թվականի հունվարի 11-ին։ Առաջին եթերաշրջանը Rotten Tomatoes կայքի օգտատերերի կողմից բարձր գնահատականների է արժանացել։ Սերիալում լուսաբանվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սեռական ինքնությունը, հիպերսեռականությունը, ակամա ինքնազսպումը, ձեռնաշարժությունը, սիրային ամաչկոտությունը, դեռահասային սեռականությունը, դեռահասային հղիությունը, ռիսկային սեռական վարքագիծը[1][2]։

2019 թվականի փետրվարի 2-ին Նեթֆլիքս սթրիմինգային ծառայությունը պաշտոնապես երկարաձգել է սերիալը մինչև երկրորդ եթերաշրջան[3]։ 2020 թվականի փետրվարի 10-ին հայտարարվել է, որ թողարկվելու է նաև երրորդ եթերաշրջանը[4]։

Սերիալի գործողությունը տեղի է ունենում Մուրդեյլ փոքրիկ քաղաքի միջնակարգ դպրոցում։ Սյուժեի հիմքում ընկած են այն իրավիճակները, որոնցում հայտնվում են գլխավոր հերոսի՝ Օթիս Միլբերնի համադասարանցիները։ Օթիսն ապրում է իր մոր՝ Ջին Միլբերնի հետ, որը սեքսոլոգիայի և հարաբերությունների հոգեբանության հայտնի մասնագետ է։ Ուսումնական տարվա առաջին իսկ օրերին Օթիսը ստիպված է օգնել դպրոցական խուլիգանին սեռական խնդիրների հարցում` իր ընկերոջը հանգիստ թողնելու խոստման դիմաց։ Մեյվ Ուալիի համար ակնհայտ է դառնում Օթիսի՝ դեռահասների անձնական խնդիրները լուծելու բացահայտ տաղանդը, ինչի պատճառով էլ նա առաջարկում է վերջինիս խորհուրդներ տալ դասընկերներին փողի դիմաց։ Մեյվի հետ մտերմանալու ցանկությունը դրդում է Օթիսին համաձայնվել և բիզնես սկսել նոր ընկերուհու հետ։

Դերասանական կազմ և կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օթիս Միլբերն (Էյսա Բաթերֆիլդ)՝ Մուրդեյլի միջնակարգ դպրոցի աշակերտ, կույս և իր մարմնից ամաչող «ներդ»։ Նրան դաստիարակում է մայրը, որը հայտնի սեքսոլոգ է։ Օթիսն ինքն իրեն համարում է դպրոցական սոցիումի ամենացածր օղակի ներկայացուցիչ, շատ ժամանակ է անցկացնում երաժշտություն լսելով և դասեր անելով։ Լավ տեղեկացված է հարաբերությունների հոգեբանության հիմնական խնդիրների մասին։
  • Ջին Միլբերն (Ջիլիան Անդերսոն)՝ Օթիսի մայր, որն ամուսնալուծվել է Օթիսի հոր հետ, որը նույնպես սեքսոլոգիայի հայտնի մասնագետ է։ Փորձում է որդու հետ նույն ալիքի վրա լինել, ինչը պարբերաբար արտահայտվում է հիպերտրոֆացված հոգատարության օրինակներում։ Ջինն ամուսնալուծությունից հետո մշտական հարաբերությունների կողմնակից չէ։ Նա հայտնի է Մուրդեյլի տղամարդկանց շրջանում։
  • Ռեմի (Ջեյմս Փյուրֆոյ)՝ Օթիսի հայր, որը թողել է ընտանիքը դավաճանության մեջ բռնվելուց հետո։ Ապրում է ԱՄՆ-ում և երբեմն կապ է հաստատում որդու հետ համացանցի միջոցով՝ գրեթե մասնակցություն չունենալով նրա կյանքին։
  • Էրիկ Էֆիոնգ (Շուտի Գաթվա)՝ Օթիսի լավագույն ընկեր, որը նրան ճանաչում է դեռ մանկությունից։ Էրիկը բացահայտ գեյ է, որը դաստիարակվում է կրոնական աֆրիկյան ընտանիքում, որտեղ փորձում են ընդունել նրա սեռական կողմնորոշումը։ Դպրոցում նա այդքան էլ հայտնի չէ։ Դպրոցական նվագախմբում նվագում է գալարափող։
  • Մեյվ Ուալի (Էմմա Մաքի)՝ դպրոցում «վատ աղջկա» հեղինակություն ունի։ Նրա մորը կործանում են թմրամոլությունը և ալկոհոլի հետ խնդիրները։ Մեյվի հայրը լքել է ընտանիքը, երբ նա փոքր էր, եղբայրն էլ հանցագործ է։ Մեյվը հետաքրքրվում է գրականության ու ֆեմինիզմի պատմությամբ, սիրում է փանկ ռոք լսել։ Լինելով սեռականապես ազատ և համարձակ, նա Օթիսի հակապատկերն է։ Դպրոցում ոչ միանշանակ հեղինակություն ունի, ինչը մասամբ պայմանավորված է այն բանով, որ նա դարձել է բուլիինգի (ծաղրանքի) զոհ։ Ապրում է աղքատության մեջ և չափազանց ամաչում է իր կենսակերպից, հաճախ բախվում է գոյատևման համար գումար գտնելու անհրաժեշտության հետ։
  • Ադամ Գրոֆ (Քոնոր Սուինդելս)՝ տնօրենի որդի, դպրոցական խուլիգան և ավարա։ Ապրում և սովորում է իր պահպանողական ընտանիքի հետ առճակատման մեջ։ Ունի բազմաթիվ հոգեբանական խնդիրներ և բարդույթներ։ Անսպասելիորեն Օթիսից հոգեբանական օգնություն ստանալով՝ սկիզբ դրեց գլխավոր հերոսի և Մեյվ Ուայլիի ընկերությանը։
  • Ջեքսոն Մարչեթի (Քիդեր Ուիլյամս Սթիրլինգ)՝ դպրոցի ավագ, տնօրինության կողմից սիրված և մեծ հույսեր ներշնչող մարզիկ։ Ծանոթանում է Մեյվի հետ և փորձում է իրենց հարաբերությունները «սեքս առանց պարտավորությունների» կարգավիճակից վերածել մշտական հարաբերությունների։ Ջեքսոնը դաստիարակվում է նույնասեռ զույգի կողմից՝ նա երկու մայր ունի։
  • Ռուբի (Միմի Կինի)՝ դպրոցի գեղեցկուհիներից մեկը՝ «Անձեռնմխելիների» հավաքույթից, որը փորձում է հավատարիմ մնալ միայն իր շփման շրջանակին։
  • Էյմի Գիբս (Էյմի Լոու Վուդ)՝ Ռուբիի ընկերուհի, որը նույնպես «Անձեռնմխելիների» ակումբի կազմում է։ Գաղտնի շփվում և ընկերանում է Մեյվ Ուայլիի հետ։ Էյմին ունևոր ընտանիքից է, ինչի պատճառով նրա տունը հաճախ օգտագործվում է երեկույթների համար։
  • Անվար (Չանեյլ Քուլար)՝ հնդկական հարուստ ընտանիքից գեյ և մոդայամոլ, «Անձեռնմխելիների» խմբի առաջնորդներից մեկը։
  • Օլիվիա (Սիմոն Էշլի)՝ «Անձեռնմխելիների» ակումբի անդամ, Օթիսի և Մեյվի առաջին հաճախորդ։
  • Լիլի Այգլհարթ (Տանյա Ռեյնոլդս)՝ Օթիսի երազկոտ դասընկերուհի, որը փոքր տարօրինակություններ ունի։ Նա իր ազատ ժամանակը տրամադրում է դեպի այլ մոլորակներ ճամփորդության և իր առաջին սեռական փորձի որոնման մասին էրոտիկ կոմիքսներ ստեղծելուն։ Նա վախենում է մինչև դպրոցն ավարտելը կույս մնալ և առանց ամաչելու առաջարկում է իր դասընկերներին սեքսով զբաղվել։
  • Ջեյքոբ Նյուման (Միքայել Պերսբրանդտ)՝ սանտեխնիկ, որը պարբերաբար այցելում է Միլբերնների տունը վերանորոգման աշխատանքներ անցկացնելու համար։ Օթիսի մոր հանդեպ զգացմունքներ ունի։
  • Օլա Նյուման (Պատրիսիա Էլիսոն)՝ Ջեյքոբի դուստր, որը սիրահարվել է Օթիսին։ Ինչպես և Օթիսը, հարաբերությունների փորձ չունի։

Եթերաշրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթերաշրջան Սերիաներ Ցուցադրման բնօրինակ տարեթիվ
Եթերաշրջանի պրեմիերա
1 8 2019 թվականի հունվարի 11
2 8 2020 թվականի հունվարի 17
No.TitleDirected byWritten byOriginal release date
1"Առաջին սերիա"Բեն ԹեյլորԼորի ՆանՀունվարի 11, 2019 (2019-01-11)
Օթիս՝ ձեռնաշարժության հետ խնդիներ ունեցող քոլեջի տասնվեցամյա ուսանող, որն ապրում է իր մոր՝ հայտնի սեքսոլոգ Ջինի հետ։ Նրա լավագույն ընկերը՝ Էրիկը, բացահայտ գեյ է։ Նա ասում է, որ իրենց բոլոր դասընկերներն ամառվա ընթացքում սեքսով են զբաղվել։ Ադամը, դպրոցի խուլիգանը և տնօրենի որդին, չի կարողանում սեքսի ժամանակ օրգազմ զգալ իր ընկերուհու՝ Էյմիի հետ։ Էյմին կիսվում է այս խնդիրով իր ընկերուհու՝ Մեյվի հետ։ Ադամը և Օթիսը համատեղ հանձնարարություն են ստանում և՝ գալով Օթիսի տուն, Ադամն իմանում է, որ Օթիսի մայրը սեքսոլոգ է, չնայած դա թաքցնելու Օթիսի փորձերին։ Հաջորդ առավոտ նա պատմում է բոլորին այդ բանի մասին՝ ստիպելով շփոթված Օթիսին փախչել, բայց Մեյվը հետևում է նրան։ Ավելի ուշ նրանք գտնում են Ադամին լքված դպրոցական զուգարանում։ Ադամը տառապում էր երեք վիագրա հաբերի ընդունման հետևանքներից։ Նա պատմում է, թե ինչ է պատահել, և Օթիսը խորհուրդ է տալիս նրան ընդունել իրեն։ Հաջորդ օրը Ադամը մերկանում է ամբողջ դպրոցի առջև՝ «ինքն իրեն ընդունելու» համար։ Նա կարողանում է օրգազմի հասնել Էյմիի հետ։ Դրանից հետո Էյմին թողնում է նրան, քանի որ իր արարքից հետո նա ամաչում էր։ Մեյվն առաջարկում է Օթիսին դպրոցում կազմակերպել սեքս թերապիայի կլինիկա, որտեղ նա պատասխանատու կլինի կազմակերպության համար, իսկ Օթիսը՝ խորհրդատվության։
2"Երկրորդ սերիա"Բեն ԹեյլորԼորի ՆանՀունվարի 11, 2019 (2019-01-11)
Էյմին իր տանը հավաքույթ է կազմակերպում, որտեղ Օթիսը և Մեյվը փորձում են հաճախորդներ գտնել՝ անվճար խորհուրդներ տալով (ինչպես առաջարկել էր Էրիկը)։ Էրիկը փորձում է սովորեցնել աղջիկներին ճիշտ մինետ անել, բայց նրանցից մեկի մոտ փսխողական ռեֆլեքս է առաջանում, ինչն աղետի է հանգեցնում։ Օթիսը պատահաբար փակվում է լոգարանում մի զույգի հետ միասին, որոնք սեռական փորձ կատարելիս վնասել են միմյանց և նրանց համար թերապիայի սեանս է կազմակերպում։ Ադամը ներխուժում է երեկույթ, որտեղ տեսնում է Էյմիին, որը խոսում էր մեկ այլ տղայի հետ։ Նա այդ տղայի գլխի վրա ջարդում է Էյմիի տատիկի աճյունով աճյունակալը։ Ջինը փորձում է ընդհանուր լեզու գտնել որդու հետ, որը, նրա կարծիքով, հեռանում է իրենից, Իսկ Օթիսը նեղանում է՝ մոր պահվածքը համարելով կպչուն։ Մեյվը բացահայտում է, որ հղի է, և Ջեքսոնի հետ սեքսով է զբաղվում այդ մտքերից շեղվելու համար։ Սակայն Ջեքսոնը լուրջ հարաբերություններ է ցանկանում։ Հիասթափված իր դիրքից, Մեյվը ասում է Օթիսին, որ սեռական թերապիան վատ գաղափար է, որից արժե հրաժարվել։ Հաջորդ օրը միանգամից մի քանի աշակերտներ խորհուրդ են ուզում Օթիսից և անգամ պատրաստ են լինում վճարել։ Նա հայտնում է Մեյվին, որ մտադիր է շարունակել ծրագիրը։
3"Երրորդ սերիա"Բեն ԹեյլորՍոֆի ԳուդհարթՀունվարի 11, 2019 (2019-01-11)
Օթիսը երազում տեսնում է Մեյվին, և նրա մոտ էյակուլյացիա է պատահում, որը նա անհաջող կերպով փորձում է թաքցնել Ջինից։ Մեյվը պատրաստվում է աբորտ անել, բայց կլինիկայի քաղաքականությունը պահանջում է, որ ինչ-որ մեկը վերցնի նրան վիրահատությունից հետո։ Նա խնդրում է Օթիսին, ինչին նա համաձայնում է, մտածելով, որ Մեյվը նրան ժամադրության է հրավիրում։ Էրիկը լսումներ է անցնում քոլեջի երաժշտական խմբում, և կլարնետահարուհի Լիլին նրան օգնություն է առաջարկում նյութի յուրացման հարցում։ Էրիկի տանը հայտնվելով, նա փորձում է սեռական հարաբերությունների մեջ մտնել նրա հետ, սակայն հետո նրանք զվարճանում են կոսմետիկայով և գեյ պոռնոգրաֆիա դիտում, երբ Էրիկն ասում է, որ գեյ է։ Միսս Սենդսը՝ անգլերենի դասախոսը, Մեյվին կասկածում է գրագողության մեջ և կոչ է անում ավելի ճիշտ օգտագործել իր տաղանդը։ Օթիսը գալիս է ժամանակից շուտ, նրան վռնդում են, և նա կլինիկայի պատերի մոտ աբորտների դեմ բողոքող զույգին խորհուրդներ է տալիս հարաբերությունների վերաբերյալ։ Ջեքսոնը հաղթում է լողի մրցումներում, սակայն տխրում է՝ իմանալով, որ Մեյվը տրիբունայում չի եղել։ Աբորտից հետո Օթիսը Մեյվին ուղեկցում է տուն, ինչից հետո գրկում է նրան։
4"Չորրորդ սերիա"Բեն ԹեյլորԼորա Նիլ և Լորի ՆանՀունվարի 11, 2019 (2019-01-11)
Օթիսը և Մեյվը շարունակում են իրար հաղորդագրություններ ուղարկել, իսկ Ջեքսոնը փորձում է խնդրել Մեյվին դառնալ նրա ընկերուհին։ Նա խորհուրդ է խնդրում Օթիսից և դրա փոխարեն կանխավճար է վճարում։ Փորձելով վերադարձնել գումարը, Օթիսը ակամայից խորհուրդներ է տալիս Մեյվի հետաքրքրությունների մասին, և Ջեքսոնն օգտվում է այդ տեղեկություններից։ Ջինը համակրանք է զգում Ջեյքոբի հանդեպ, որը եկել էր իր լոգարանը վերանորոգելու համար։ Երբ Օթիսը լեսբուհիների պոռնոգրաֆիա է նայում՝ ուսումնասիրելով իր լեսբուհի հաճախորդների խնդիրները, Օլան՝ Ջեյքոբի դուստրը, հանկարծ սենյակ է մտնում։ Էրիկը շների զբոսարարի աշխատանք է ստանում և պատահաբար ստիպում է Ադամի շանը փախչել այգուց, ինչի պատճառով Ադամը խնդիրներ է ունենում իր հոր հետ։ Լիլին առաջարկում է Օթիսին սեքսով զբաղվել, քանի որ նրանք երկուսն էլ կույս են, բայց վերջինս հրաժարվում է։ Օթիսն իր հաճախորդների հետ սեանս է անցկացնում, բայց ապարդյուն։ Դրանից հետո նրանք զվարճալի ծեծկռտուք են կազմակերպում Մեյվի հետ լողավազանում, և Օթիսի մոտ էրեկցիա է պատահում, որը նա թաքցնում է։ Ջեքսոնը կրկին հարցնում է Մեյվի հետաքրքրությունների մասին, Օթիսն առաջարկում է ինչ-որ մեծ ժեստ կատարել՝ հույս ունենալով, որ Մեյվը կմերժի։ Բայց դա աշխատում է, և Մեյվը համաձայնում է լինել Ջեքսոնի ընկերուհին։
5"Հինգերորդ սերիա"Բեն ԹեյլորՍոֆի Գուդհարթ և Լորա ՀանթերՀունվարի 11, 2019 (2019-01-11)
Ջեքսոնն իր ծնողների հետ ընթրիքի է հրավիրում Մեյվին, բայց ամեն ինչ սխալ է ընթանում, երբ նրանք սկսում են հարցուփորձ անել նրան ընտանիքի մասին, ինչի պատճառով էլ նա փախչում է սև մուտքով։ Ավելի ուշ, նա ներողություն է խնդրում Ջեքսոնից և պատմում է իր անապահով ընտանիքի մասին, իսկ Ջեքսոնը պատմում է իր հոգեբանական խնդիրների մասին։ Մեյվը և Օթիսը փորձում են պարզել, թե ով է տարածում իրենց հաճախորդներից մեկի անպարկեշտ լուսանկարը։ Էրիկը և Օթիսը պլանավորում են դիտել «Հեդվիգը և չարաբաստիկ թիզը» ֆիլմը։ Նրանք հագնվում են այդ ֆիլմի հերոսների նման, հետևելով Էրիկի ծննդյան օրվա ավանդույթներին։ Տարված լինելով լուսանկարի գաղտնիքի բացահայտմամբ՝ Օթիսը թողնում է Էրիկին։ Էրիկի հեռախոսը և դրամապանակը գողանում են, իսկ տուն գնալու ճանապարհին նրան ծեծի են ենթարկում երկու հոմոֆոբներ։ Նա զանգում է Ջինին, որը նրան տուն է տանում։ Երբ Օթիսը վերադառնում է, Էրիկի հետ լուրջ լեզվակռիվ է տեղի ունենում, ինչի արդյունքում նրանք միմյանցից հեռանում են։
6"Վեցերորդ սերիա"Քեյթ ՀերոնԼորի Նան և Ֆրեդի ՍիբորնՀունվարի 11, 2019 (2019-01-11)
Ֆլեշբեքում փոքրիկ Օթիսը պատահաբար տեսնում է, թե ինչպես է իր հայրը՝ Ռեմին, սեքսով զբաղվում իր հաճախորդի հետ, ինչը հանգեցնում է նրա ծնողների բաժանմանը։ Հետևելով հոր խորհրդին, Օթիսը համաձայնում է ընդունել Լիլիի առաջարկը։ Երբ նրանք փորձում են սեռական հարաբերությունի մեջ մտնել, Օթիսն իրեն աներևակայելի ծանրաշարժ է պահում, ապա խուճապային հարձակում է զգում, քանի որ Լիլիի գործողությունները մանկական հիշողություններ են առաջացնում։ Էրիկն իրեն ավելի մեկուսացված է զգում և փորձում է «նորմալ» հագնվել։ Արդյունքում՝ փորձի ժամանակ նա հարձակվում է դպրոցական խմբի ղեկավարի վրա, իսկ հետո միջանցքում հարվածում է Անվարին, ինչի պատճառով նրան հեռացնում են դպրոցից մինչև տարվա վերջ։ Նրա հայրը փորձում է խոսել նրա հետ, բայց ապարդյուն։ Ադամը հաղթում է շարադրությունների մրցույթում, որի համար նա վճարել է Մեյվին։ Միսս Սենդսը (ինչպես նաև Օթիսը) հասկանում է, որ շարադրությունը գրել է Մեյվը և հայտնում է տնօրեն Գրոֆին, որը նույնպես կասկածում էր։ Օթիսը խորհուրդ է տալիս Էյմիին, որի նոր ընկերը ցանկանում է, որ նա անկողնում նախաձեռնություն ցուցաբերի։ Ջինը դեռ տարված է Ջեյքոբով, այդ պատճառով էլ միտումնավոր իրավիճակ է ստեղծում, որպեսզի նա գա, և նրանք մտերմանում են։ Շոնը՝ Մեյվի եղբայրը, երկար բացակայությունից հետո վերադառնում է։ Նրանց միջև լարվածություն է առաջանում, բայց ավելի ուշ նրանք հաշտվում են։ Օլան և Օթիսը փորձում են հասկանալ իրենց զգացմունքները, սակայն Օլան անում է առաջին քայլը՝ բարդացնելով իրավիճակը։
7"Յոթերորդ սերիա"Քեյթ ՀերոնՍոֆի ԳուդհարթՀունվարի 11, 2019 (2019-01-11)
Մեյվը և Օթիսը չեն ցանկանում գնալ պարերի դպրոցական երեկոյին, սակայն Ջեքսոնը և Օլան ստիպում են նրանց փոխել որոշումը։ Մեյվը փորձում է սաբոտաժի ենթարկել Օլայի և Օթիսի հարաբերությունները, սակայն Օլան անընկալունակ է լինում նրա փորձերին․ ավելի ուշ նա փորձում է խոսել Օթիսի հետ, բայց վերջինս ակամա վիրավորում է նրան, և Օլան հեռանում է։ Ոգեշնչված նորահայտ վստահությամբ՝ Էրիկը գալիս է պարելու, որտեղ հաշտվում է Օթիսի հետ։ Պարային երեկոյի ժամանակ Օթիսի հաճախորդը սպառնում է ցատկել բարձր դեկորացիաներից, սակայն Օթիսի մոտ ստացվում է համոզել նրան՝ խոսք հնչեցնելով անբաժան սիրո մասին, ինչը տպավորություն է թողնում Մեյվի վրա։ Ջեքսոնը խոստովանում է, որ Օթիսին վճարել է Մեյվի վերաբերյալ խորհուրդներ տալու համար՝ վիճաբանություն առաջացնելով նրանց միջև։ Ավելի ուշ, հարբած Ջեքսոնը ընդհարվում է իր մոր հետ և հեռանում տնից։ Նա գալիս է Մեյվի տուն և խոստովանում նրան սիրո մեջ։ Ադամը ֆիզիկական վիճաբանության մեջ է մտնում հոր հետ՝ լարելով նրանց առանց այդ էլ բարդ հարաբերությունները։ Երբ Ջեյքոբն ասում է Ջինին, որ լուրջ հարաբերություններ է ցանկանում, նա հրաժարվում է, որպեսզի չբարդացնի Օլայի և Օթիսի զարգացող հարաբերությունները։ Օթիսը գտնում է Ջինի նոր գրքի սևագիրը, որը նկարագրում է Օթիսի սեռական խանգարումները։
8"Ութերորդ սերիա"Քեյթ ՀերոնԼորի ՆանՀունվարի 11, 2019 (2019-01-11)
Պարոն Գրոֆը գտնում է թմրանյութերը, որոնք Շոնը վաճառում էր պարի ժամանակ, և կարծում է, որ Մեյվը և Օթիսը թմրավաճառություն են կազմակերպել դպրոցում։ Երբ նա սպառնում է ոստիկանություն զանգահարել, Մեյվը պատասխանատվություն է ստանձնում՝ իրեն դպրոցից հեռացման թեկնածու դարձնելով։ Նա պաշտպանվում է հանձնաժողովի առջև, սակայն որոշումը հետաձգվում է։ Ջեքսոնը, որը հիասթափված է Մեյվի այն հայտարարությունից, որ վերջինս չի սիրում նրան, բաց է թողնում մարզումները։ Նա ասում է պարոն Գրոֆին, որ կրկին կներկայացնի դպրոցը, եթե Մեյվին թողնեն, բայց տնօրենը վերջում զրոյացնում է գործարքը։ Էրիկն ու Ադամը հայտնվում են պատժի սենյակում, արդյունքում նրանց ֆիզիկական խառնաշփոթը հանգեցնում է համբույրի և սեքսի, բայց նրանց հարաբերությունները շարունակություն չեն ունենում, քանի որ Ադամին ուղարկում են ռազմական ակադեմիա։ Օթիսը պայքարում է Ջինի կպրունության դեմ, և նրանք որոշում են փոխել իրենց կյանքը։ Ջինը գնում է Ջեյքոբի տուն, իրենց հարաբերություններում վերջակետ դնելու համար, բայց արդյունքում նրանք կրկին սեքսով են զբաղվում։ Օթիսը հաշտվում է Օլայի հետ, և վերջինս համաձայնում է նրան տուն տանել։ Երբ Մեյվը վերադառնում է տուն, նա հայտնաբերում է, որ Շոնը կրկին փախչել է։ Նա նաև գտնում է ներողություններով կարճ նամակը և լավագույն շարադրության համար մրցանակը, որն Օթիսը գողացել է դպրոցից։ Երբ Մեյվը որոշում է պատմել իր զգացմունքների մասին Օթիսին, նա գնում է նրանց տուն, բայց տեսնում է նրան՝ Օլայի հետ համբուրվելիս, և հեռանում է։ Համբույրը հուզում է Օթիսին, և նրա մոտ վերջապես ստացվում է ձեռնաշարժությամբ զբաղվել։

Հեռուստասերիալի արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր նոր պատմություն, որպես կանոն, սկսվում է սեքսի տեսարանից, որը ցույց է տալիս այն խնդիրը, որը պետք է լուծի գլխավոր հերոսը։ Դեռահասների սեռական խնդիրները հասունացման, սեփական անհատականության, բարոյական ընտրության, կյանքի իմաստի որոնման ավելի խորը հարցերի լուսաբանման համար ֆոն են դարձել։ Սերիալի թիմը մեծ ուշադրություն է հատկացրել դպրոցներում բուլիինգի, հոմոֆոբիայի, սերունդների հակամարտության, թմրամիջոցների օգտագործման և ինքնասպանության փորձ կատարելու համար հնարավոր պատճառները լուսաբանելու վրա։ Հատկանշական է, որ ի տարբերություն այլ երիտասարդական սերիալների, «Սեռական դաստիարակությունը» նվազագույն շեշտ է դնում ժամանակակից դարաշրջանի ատրիբուտների վրա՝ փորձելով հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել մարդկանց միջև կենդանի հարաբերությունների վրա։

Հեռուստասերիալի երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալում մեծ շեշտ է դրվում երաժշտական ուղեկցության ընտրության վրա՝ հերոսների բնավորությունը և անհատականությունը ընդգծելու համար։ Օթիս Միլբերնը պոստ փանկի երկրպագու է, թեև իր խոստովանությամբ քնում է միայն կետերի ճիչերի ձայնագրության ներքո։ Մեյվ Ուայլին սիրում է նոր ալիքի փանկ ռոք լսել։ Նրա ամենասիրելի խմբերից մեկը նորվեգական Sløtface քառյակն է։ Սերիալում հնչում են նաև The Cure, Bikini Kill, Billy Idol, Talking Heads, UB40, The Smiths, A-Ha և Generation X խմբերի երգերը։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի նկարահանումներն անցկացվել են Հարավային Ուելսի տարածքում և Անգլիայի Ուայ գետի հովտում, այդ թվում՝ Մոնմութշիրի Լլանդոգո և Թինթերն բնակավայրերում։ Տեսարանները, որոնք տեղի էին ունենում Մուրդեյլի միջնակարգ դպրոցում, նկարահանվել են Նյուպորտի Կորլեոնե քաղաքի Հարավային Ուելսի համալսարանի նախկին կամպուսում[5][6][7]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանը դրական արձագանք է ստացել քննադատների կողմից։ Rotten Tomatoes վեբ կայքում հավանության վարկանիշն 91% է՝ 8,36 միջին գնահատականով։ Այդ գնահատականը հիմնված է 57 գրախոսությունների վրա։

Metacritic կայքը, որն օգտագործում է միջին արժեքը, եթերաշրջանին շնորհել է 100-ից 81 գնահատականը 16 ակնարկների հիման վրա, ինչը «համընդհանուր ճանաչում» է նշանակում[8]։

Դրական ակնարկում Լիզ Շենոն Միլերը IndieWire-ից սերիալին A- է գնահատել[9]։

Լյուիս Նայթը Daily Mirror-ից սերիալը պարգևատրել է 5 աստղով՝ նշելով.

Դա ուրախ, ազնիվ և թարմացնող կատակերգություն է՝ տաղանդավոր դերասանական կազմով և դեռահասների (և նրանց ծնողների) սեռականության մասին անկեղծ խոսակցությամբ[10]։

Նյու Յորք Թայմսի մեկնաբան Ջեյմս Պոնիվոզիկը սերիալը բնութագրել է որպես

Իր ժամանակին, բայց ոչ շատ արդիական, ֆեմինիստական, իր առարկայի նկատմամբ վախի թարմացնող զգացումով։ Այս շոուի մեջ սեքսը խնդիր կամ հետաքրքիր խայծ չէ, այլ առողջության ասպեկտ[11]։

The Washington Post-ից Հենք Սթյուերի խառը գնահատականում նշվում է.

Նեթֆլիքսի սերիալները տիպիկ խնդիր ունեն, երբ եթերաշրջանի կեսին սյուժեն մեկ կամ երկու սերիայով հանդարտվում և դադար է վերցնում, այն ժամանակ, երբ սցենարիստները և պրոդյուսերները պարզում են սերիալի ավարտը։ Սակայն նյութի մեջ զգացվում է մտահղացում և անկեղծ հոգատարություն, և կարևոր միտք այն մասին, որ խնդիրը ոչ միայն մեր «սեռական օրգանների» ձևերի և չափերի մեջ է[12]։

Էդ Փաուերը The Independent-ից քննադատել է սերիալը և դրան 5-ից ընդամենը 2 աստղ է նշանակել՝ գրելով.

Նա ձգտում է գոհացնել բոլորին, բայց շփոթված է, և հենց սերիալին է անհրաժեշտ թերապևտի օգնությունը[13]։

Շուտի Գաթվան, որը կատարել է սևամորթ գեյ դեռահաս Էրիկի դերը, գովեստի խոսքեր է ստացել քննադատների կողմից, որոնք նշել են, որ նրան հաջողվել է իր կերպարում խուսափել գեյի և սևամորթ «լավագույն ընկերոջ» կլիշե կերպարից[14][15][16]։

2019 թվականի հունվարի 17-ին՝ թողարկումից մեկ շաբաթ անց, Նեթֆլիքսը հայտարարել է, որ հեռուստասերիալը դիտվել է ավելի քան 40 միլիոն հանդիսատեսի կողմից[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Джиллиан Андерсон идет в секс-терапевты — вышел первый сезон сериала «Половое воспитание»» (ռուսերեն). moskvichmag.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  2. «Почему все вокруг говорят про сериал «Половое воспитание»». РБК.Стиль. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  3. «Сериал Половое Воспитание от Netflix продлили на второй сезон». Роккульт. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  4. Thorne, Will (2020 թ․ փետրվարի 10). «'Sex Education' Renewed for Season 3 at Netflix». Variety (անգլերեն).
  5. Williams, Kathryn (2019 թ․ հունվարի 16). «There are loads of Welsh locations in this major new Netflix series». Wales Online. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  6. Medd, James (2019 թ․ հունվարի 22). «Where is 'Sex Education' on Netflix filmed?». Condé Nast Traveller. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  7. Moon, Ra (2019 թ․ հունվարի 13). «Sex Education Location: The British school where the Netflix series is filmed». Atlas of Wonders. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  8. «Sex Education: Season 1». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  9. Miller, Liz Shannon (2019 թ․ հունվարի 11). «'Sex Education' Review: Sweet and Sexy Netflix Series Is the Anti-'13 Reasons Why'». IndieWire. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  10. Knight, Lewis (2019 թ․ հունվարի 10). «Sex Education on Netflix review – "Hilariously honest and refreshingly diverse"». Daily Mirror. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  11. Poniewozik, James (2019 թ․ հունվարի 9). «Review: 'Sex Education,' a Sweet Teen Comedy of Modern Lust». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  12. Stuever, Hank (2019 թ․ հունվարի 11). «Review | 'Sex Education' is a bracingly frank look at high school's busy birds and bees». The Washington Post. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  13. Power, Ed (2019 թ․ հունվարի 10). «Sex Education review: Gillian Anderson's Netflix comedy is eager to please but tonally confused». The Independent. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  14. «From Ncuti Gatwa to floral tributes: this week's fashion trends». The Guardian. 2019 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  15. Lockett, Dee (2019 թ․ հունվարի 22). «Sex Education's Ncuti Gatwa Doesn't Want to Play the Gay Best Friend». Vulture. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  16. Okundaye, Jason (2019 թ․ հունվարի 22). «Sex Education's vital, complex portrayal of black queer teenhood». Dazed (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  17. Porter, Rick (2019 թ․ հունվարի 17). «Netflix Reveals Viewership Numbers for 'You,' 'Sex Education' and More». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեռական դաստիարակություն (հեռուստասերիալ, 2019)» հոդվածին։