Jump to content

Սասունիկ Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սասունիկ Թորոսյան
Ծնվել էմարտի 5, 1945(1945-03-05)
ԾննդավայրՆերքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 24, 2006(2006-02-24) (60 տարեկան)
Մասնագիտությունգրող, արձակագիր և հրապարակախոս
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀայաստանի հանրային ռադիո և Ավանգարդ

Սասունիկ Աղասու Թորոսյան (մարտի 5, 1945(1945-03-05), Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 24, 2006(2006-02-24)[1]) հայ գրող, արձակագիր, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասունիկ Թորոսյանը ծնվել է 1945 թվականի մարտի 5-ին, Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում։ Հայրը՝ Աղասի Թորոսյանը, Հայրենական պատերազմի մասնակից էր, մայրը՝ Սանամը, աշխատասեր, ազնիվ ու աստվածապաշտ կին։ Սասունիկ անունը Թորոսյանին տվել էր տատը, այսինքն կորած էրգրի, Սասուն աշխարհի մի փոքրիկ մասնիկ։ Հաճա խել է ծննդավայրի յոթնամյա դպրոց, ապա հարևան Ներքին Սասնաշեն գյուղի միջնակարգ դպրոց։ 1962 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ։ Առաջին անգամ տպագրվում է ուսանողական տարիներին՝ 1965 թվականին «Ավանգարդ» թերթում։ Երիտասարդ տարիքից շատ էր սիրում Հեմինգուեյի, Ֆոլկների գործերը, ինչպես նաև Դոստոևսկի, Տոլստոյ և այլն։ Համալսարանական տարիներին առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում արևմտահայ և սփյուռքահայ գրողների ստեղծագործություններին։ 1968 թվականին ավարտում է համալսարանը։ 1969 թվականին աշխատանքի է ընդունվում Հայաստանի Պետական ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում։ Ռադիոյում աշխատանքի տարիներին գրվում են «Անձրևը», «Հովիվը», «Ձմեռանոցում», «Խնձորեսկ», «Հազրիկը», «Խաղողի պես քաղցր», «Արևի փառքը» և շատ ուրիշ ակնարկներ ու ռադիոպատմվածքներ։ Սասունիկ Թորոսյանը 1971 թվականին աշխատանքի է անցնում «Ավանգարդ» թերթի խմբագրությունում։ Այդ տարիներին ստեղծվեցին «Կանաչ մարգեր», «Օրն էլ կիրակի էր ու արևոտ», «Փոքրիկ տղան», «105 տարիների ձայնը», «Աստղաթափ գիշեր», «Գյուղը և օրը», «Ճամփեզրի ծաղիկներ», «Ձյուների լույսը», «Տիգրանուհին», «Բացակա կաթիլը» և այլ ստեղծագործությունները։ 1973 թվականին տպագրվեց լայն արձագանք գտած «Տաք Տայգա» պատմվածքը։ Բազմաթիվ պատմվածքներ տպագրվեցին «Գարուն», «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրերում։ 1980 թվականին ճանաչվեց տարվա լավագույն լրագրող։ 1981 թվականին Գարուն ամսագրում տպագրվեց «Գեներալը և զինվորներից միայն մեկը» պատվածքը։ Գրողը, հրապարակախոսը 1982 թվականին աշխատանքի անցավ «Մանկավարժ» ամսագրում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ, այնուհետև նաև՝ գլխավոր խմբագիր։ 1983 թվականին տպագրվեց «Ափնարոտիկ» պատմվածքը, որը հետագայում լույս տեսավ առանձին մատենաշարով։ 1990-1992 թվականներին աշխատում էր նաև «Սասուն» հայրենակցական միության տասնօրյա հանդեսում՝ «Երկիր ավետյաց» հանդեսի էջերում բազմաթիվ հոդվածներ տպագրվեցին՝ «Բալը թանկ է, կամ հարկավոր կեղծիք», «Հայացք ներսից», «Թումանյանին տեսնելու ժամանակը»։ 1991 թվականին աշխատանքի անցավ «Նաիրի» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր։ 1995-1996 թվականներին «Ար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն էր։ Այստեղ ևս տպագրվեցին բազմաթիվ հոդվածներ՝ «Առաջնորդողներ» ինչպես նաև «Մենք՝ հայերս, և Աքչամի պապն ու մնացյալ թուրքերը»։ 2002-2003 թթ․ աշխատել է «Օրրան» օրաթերում որպես գլխավոր խմբագրի տեղակալ։ Օրրանում աշխատելու տարիներին Ժամանակի հրատապ հարցերը լուսաբանող շատ հոդվածներ և հրապարակախոսություններ տպագրվեցին։ Սասունիկը սիրով հոդվածներ էր տրամադրում նաև «Զինվոր» շաբաթաթերթին։ 2004 թվականին լույս տեսավ «Ափնարոտիկ» ժողովածուն։ Մինչև 2006 թվականի փետրվարի 21-ը աշխատում է «Նաիրի» հրատարակչությունում։ Սասունիկ Թորոսյանը կյանքից հեռացավ 2006 թվականի փետրվարի 24-ին՝ 60 տարեկանում։ 2007 թվականին տպագրվեցին «Գիշերը» վիպակը և «Արևոտ Ձյուներ» ժողովածուն։ Սասունիկ Թորոսյանը ՀՀ գրողների միության անդամ էր։

Սասունիկ Թորոսյանն ու կինը՝ լեզվաբան, մանվարժ Հռիփսիմե Բարսեղյանը, ունեն չորս զավակ՝ Արգիշտին, Ծովինարը, Խանդութը, Թորիկը։ Սասունիկ Թորոսյանն ունի 9 թոռնիկ՝ Արամը, Հովակը, Պետրոսը, Նուարդը, Սուրենը, Նարեն, Սասունը, Տաթևը, Արևիկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հուշ-ցերեկույթով և գրքի շնորհանդեսով նշվեց արձակագիր Սասունիկ Թորոսյանի 75- ամյակը».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]