Սանսկրիտական գրականություն
Սանսկրիտական գրականություն, հնդկական գրականության ընդհանրություն՝ դասական սանսկրիտով։ Սանսկրիտական գրականությունը I հազարամյակում առաջատար է եղել Հնդկաստանում։ Հաճախ հասկացվել է լայն իմաստով․ նրա մեջ ընդգրկվել են վեդայական և էպիկական սանսկրիտով, ինչպես նաև պրակրիտներով հուշարձանները։ Ազգային գրականությունների և ազգամիջյան նոր գրական ընդհանրությունների կազմավորմանը համեմատ՝ սանսկրիտական գրականության նշանակությունն սկսել է ընկնել։ Սանսկրիտական գրականությունը, որ Հնդկաստանի ժողովուրդների միատեղված գրական փորձ է, ներառել է դրանց բանահյուսական և գրական ավանդույթները։ Առավել վաղ ներկայացուցիչներն են բանաստեղծ և դրամատուրգ Աշվագհոշան (II դար) և դրամատուրգ Բհասան (մոտ IV դար)։ I հազարամյակի կեսին և վերջին ստեղծվել են Կալիդասայի, Բհավաբհուտիի, Շուդրակայի, Վիշաքադատայի դրամաները, Ամարուի, Բհարթրիհարիի քնարերգությունը, Վասուբանդհուի, Բանայի, Դանդինի արձակը, գրական ձև ստացած «Բրիհաթքաթհա», «Պանչատանտրա», «Շուքասափթաթի» և այլ բանահյուսական հուշարձաններ, երգիծական ֆարսերը, որոնք համաշխարհային նշանակություն ունեն։ Սանսկրիտական գրականությունը ոչ միայն արտացոլել է Հնդկաստանի ժողովուրդների սոցիալական ու մշակութային զարգացման ողջ հակասականությունը հնում և վաղ միջնադարում, այլև ազնվականական միտումների կողքին միաժամանակ զարգացրել է հասարակական մտքի առաջադիմական հոսանքների հետ կապված դեմոկրատական միտումները։ Սանսկրիտական գրականության շրջանակներում են առաջընթաց ապրել գրականության տեսությունն ու գեղագիտությունը։ Սանսկրիտական գրականությունը կարևոր տեղ է գրավում պատմագրական․ համաշխարհային պրոցեսում։ «Պասնչատանտրա», «Վետալայի 25 պատմությունները», «Թագավորական գահի 32 պատմությունները», «Թութակի 70 պատմությունները» ժողովրդական գրքերը ընդունվել և մշակվել են տարբեր ժողովուրդների (այդ թվում նաև եվրոպական) գրականություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 183)։ |