Jump to content

Ռադիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադիո
արդյունաբերություն, տեխնոլոգիա Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաշփում
 • remote communication
  • հեռահաղորդակցություն Խմբագրել Wikidata
Հայտնաբերման ամսաթիվ1894 Խմբագրել Wikidata
Inter­na­tio­nal Standard Indust­rial Clas­si­fi­ca­tion code Rev.46010 Խմբագրել Wikidata
Կազմված էՏրանսմիտեր, Ռադիոընդունիչ, modulator, անտենա Խմբագրել Wikidata
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռադիո (այլ կիրառումներ)

Ռադիո (լատին․՝ radio - ճառագայթում եմ ← radius - ճառագայթ), ոչ լարային կապի տարատեսակ, որի ժամանակ որպես ազդանշանի կրիչ են օգտագործվում տարածության մեջ ազատ տարածվող ռադիոալիքները։

Ռադիոն հնարավորություն է տալիս լսել մեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ձայնափողով (միկրոֆոն) խոսող մարդու ձայնը։ Քանի որ ձայնային ալիքները չեն կարող հաղթահարել այդպիսի հեռավորություններ, ուստի դրանք վերածվում են ռադիոալիքների, որոնք տարածվում են օդում։ Իսկ լսելու համար անհրաժեշտ է այդ ռադիոալիքներն ալեհավաքով հավաքել ռադիոընդունիչի մեջ և կրկին վերածել սովորական ձայների։ Ամեն օր մարդիկ ռադիոյով տեղեկանում են վերջին նորություններին, երաժշտություն լսում։ Ռադիոյի շնորհիվ իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդիկ միմյանց այնքան լավ են լսում, ասես կողք կողքի լինեն։

Ռադիոալիքը էլեկտրամագնիսական ճառագայթման տեսակ է։ Ճառագայթման մյուս տեսակների, օրինակ՝ լույսի նման ռադիոալիքները կարող են մեծ արագությամբ (300.000 կմ/վ) հաղթահարել հսկայական տարածություններ։

Աշխատանքի սկզբունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդագրությունների հաղորդման կետում տեղադրվում է ռադիոհաղորդիչ սարքավորումը, որն ունի ռադիոհաղորդիչ և հաղորդիչ անտենա, իսկ հաղորդագրությունների ընդունման կետում՝ ռադիոընդունիչ սարքավորումը, որն ունի ընդունիչ անտենա և ռադիոընդունիչ։ Հաղորդիչում գեներացվող կրող հաճախականությամբ ներդաշնակ տատանումները մոդուլվում են հաղորդվող հաղորդագրությանը համապատասխան։ Մոդուլված ռադիոհաճախային տատանումները ռադիոազդանշաններ են, որոնք հաղորդիչից մտնում են հաղորդիչ անտենա։ Անտենայի միջոցով շրջակա տարածության մեջ գրգռվում են մոդուլված էլեկտրամագնիսական ալիքներ։ Ռադիոլիքները, տարածվելով, հասնում են ընդունիչ անտենային և նրանում գրգռում էլեկտրական տատանումներ, որոնք այնուհետև մտնում են ռադիոընդունիչ։ Ընդունված ռադիոազդանշանը շատ թույլ է, քանի որ ընդունիչ անտենային է հասնում ճառագայթված էներգիայի աննշան մասը։ Այդ պատճառով ռադիոազդանշանը ռադիոընդունիչում մտնում է էլեկտրոնային ուժեղացուցիչ, ենթարկվում դեմոդուլման կամ դետեկտման։ Ստացված ազդանշանը(սովորաբար ուժեղացված) վերարտադրող սարքավորման օգնությամբ փոխակերպում է հաղորդագրության, որը լիովին համապատասխանում է սկզբնական հաղորդագրությանը։

Ընդունման կետում ռադիճառագայթումների կողմնակի աղբյուրներից կարող են վերադրվել էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք խանգարում են հաղորդագրության ճիշտ վերարտադրմանը և այդ պատճառով էլ կոչվում են ռադիոընդունման խանգարումներ։

Հաճախային միջակայքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոկապի համար օգտագործվում է ռադիոալիքների չափազանց լայն միջակայք՝ կիլոմետրականից մինչև սանտիմետրական ալիքներ։ Շնորհիվ այն բանի, որ դեցիմետրական և սանտիմետրական ալիքների հաճախային միջակայքը (30 Մհց-30 Գհց) մոտ 1000 անգամ գերազանցում է 30 Մհց-ից ցածր հաճախությունների միջակայքերին, հնարավոր է դառնում իրականացնել բազմուղի ռադիոկապ։ Կիրառելով դեցիմետրական և սանտիմետրական ալիքների տարածության մեջ ուղղագիծ տարածվելու հատկությունը՝բազմակի վերահաղորդման միջոցով մեծ հեռավորությունների վրա իրականացվում է ռադիոռելեային կապ։ Ռադիոյի համար Երկրի արհեստական արբանյակների օգտագործումը հիմք դրեց տիեզերական կապի ստեղծմանը։ Մետրական միջակայքի մեծ հզորություն և հաճախականության նեղ շերտ ունեցող ալիքների՝ իոնոլորտի ցրման երևույթի հիման վրա ստեղծվեց իոնոլորտային ռադիոկապ, իսկ մթնոլորտի վերին շերտերում այրվող ասուպների իոնացված հետքերից ռադիոալիքների անդրադարձման երևույթի հիման վրա՝ ասուպային ռադիոկապ։

Ձայնի հաղորդումը ռադիոյով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնափողը սարք է, որը մարդու խոսելու ժամանակ առաջացած ձայնական տատանումները վերածում է փոփոխական թույլ հոսանքի՝ էլեկտրական ազդանշանների։ Իսկ ռադիոհաղորդիչն այդ էլեկտրական ազդանշանները վերածում է հզոր ռադիոալիքների, որոնք անընդհատ հոսքով, որոշակի հաճախությամբ (կոչվում է կրող հաճախություն) ալեցիրով սփռում է տարածության մեջ՝ բոլոր ուղղություներով։ Այդ ալիքները լույսի արագությամբ հավասարապես տարածվում են և՛ մթնոլորտում, և՛ անօդ տարածության մեջ։ Ռադիոընդունիչն ալեհավաքի օգնությամբ որսում է այդ ռադիոալիքները, ուժեղացնում դրանք ու, կատարելով հակառակ գործողությունները, ալիքը փոխակերպում է խոսքի, երաժշտության և այլ հնչյուններ։

Ռադիոն հաղորդալարերի կարիք չունի (չնայած կան նաև այդպիսի ռադիոցանցեր, օրինակ՝ քաղաքային լարային ռադիոն։)

Ռադիոհաղորդումների ունկնդիրների թիվն անսահմանափակ է, որովհետև մեծ հեռավորությունները ռադիոալիքների համար խոչընդոտ չեն։

Ռադիոյի կիրառությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոկապը կիրառվում է կյանքի բոլոր ոլորտներում։ Շտապ օգնության, ոստիկանության և հրշեջ մեքենաների անձնակազմերը, տաքսու վարորդներն օգտվում են երկկողմ ռադիոկապից։ Բջջային հեռախոսները նույնպես ռադիոյով կապված են գլխավոր հեռախոսակայանի հետ։ Եվ վերջապես, հեռուստատեսությունն օգտագործում է ռադիոալիքները՝ պատկերի և ձայնի հաղորդման համար։

Ինչպես լույսն ու ձայնը, ռադիոալիքները նույնպես արգելքի հանդիպելիս մասնակիորեն անդրադառնում են դրանից։ Անդրադարձված ալիքներով կարելի է հայտնաբերել արգելքը և որոշել դրա չափերը։ Այս երևույթի վրա է հիմնված ռադիոտեղորոշումը՝ առարկաների հայտնաբերումը ռադարներով։ Նավերում և ինքնաթիռներում ռադիոն անհրաժեշտ է կապի և տեղորոշման համար։

Ռադիոյով հաղորդվող ազդանշան-հրամանների օգնությամբ ճարտարագետները կառավարում են միլիոնավոր կիլոմետրեր հեռու գտնվող սարքերի աշխատանքը։ Այդպես էին կառավարվում և՛ լուսնագնացը, և՛ Վեներայի ու Մարսի վրա վայրէջք կատարած միջմոլորակային ինքնաշխատ կայանները։ Ռադիոյով կառավարվող մեխանիզմները կարող են աշխատել մարդու համար վտանգավոր տեղերում՝ թունավոր մթնոլորտում, ճառագայթաակտիվ վայրերում, օվկիանոսի հատակին և այլուր։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադիո» հոդվածին։