Ջրարծիվ
Ջրարծիվ | |
Ջրարծիվ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճուռականմաններ (Accipitriformes) |
Ընտանիք | Ջրարծիվներ (Pandionidae) |
Ցեղ | Pandion |
Տեսակ | Ջրարծիվ (P. haliaetus) |
Միջազգային անվանում | |
Pandion haliaetus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Ջրածիվ (լատին․՝ Pandion haliaetus), բազեանմանների կարգի ջրարծիվների ընտանիքի բնադրող–չվող, հազվագյուտ թռչուն։ Հայտնի է 1 տեսակ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 55-58 սմ է, թևերի բացվածքը՝ 145-170 սմ, կենդանի զանգվածը՝ 1,3-1,9 կգ։ Խոշոր գիշատիչ թռչուն է՝ սևի ու սպիտակի համադրությամբ։ Թևերը համեմատաբար նեղ են, պոչը՝ կարճ։ Հասունի կրծքի վերին մասի լայնակի բաց մոխրագույն շերտը փոփոխական է։ Երիտասարդը վերևից ավելի բաց գույնի է, ներքևից՝ քիչ խայտերով, կրծքի շերտը նեղ է։ Թռչում է թևերը կախ գցած։ Սնվում է ձկներով, հազվադեպ՝ գորտերով։ Երկար, հզոր մատների ու մագիլների շնորհիվ կարողանում է անվրեպ ձուկ որսալ ջրի խորքերում։ Փետրածածկը շատ խիտ է, սուզվելիս չի թրջվում։ ճանկում է 200-400, որոշ դեպքերում՝ 800-900 գ ձկներ. ողջ բնադրման շրջանում օգտագործում է մոտ 150 կգ ձուկ։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձուկ որսալիս հաճախ մի պահ կանգ է առնում օղում, ապա թևերի արագ ու կարճ թափահարումներով, ոտքերն առաջ պարզած, նետվում է ջուրը։ Նստում է սյուներին, ծառերի անթաքույց ճյուղերին։ Բնակվում է ափամերձ անտառների կամ ժայռերի առկայությամբ գետերում, լճերում, լճակներում (Հայաստանում՝ Սևանա լճում, Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում, Ապարանի, Ախուրյանի ջրամբարներում)։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույնը խոշոր հարթակ է՝ ճյուղերից։ Բնադրում է ամենաբարձր ծառերին կամ ժայռաքիվերին, նախընտրում է բարձր սյուների վրա հարմարեցված արհեստական բնադրահարթակները։ Դնում է 62 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր-դարչնագույն վրձնախազերով 2-3 ձու։ Թխսակալում է հիմնականում էգը՝ 35-38 օր։ Աշխարհի մի շարք երկրներում թունաքիմիկատների օգտագործման հետևանքով ջրարծվի թվաքանակը նվազել է։ Արհեստական բնադրահարթակների տեղադրումը նպաստում է ջրածվի բազմացմանը։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակը հանդիպում է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում։ Հայաստանում հանդիպում է Սևանա լճի մերձափնյա գոտում, Արաքս գետի հովտում, բնական ու արհեստական ջրավազանների մոտ՝ հանրապետության տարբեր տարածաշրջաններում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սակավաթիվ, վտանգված տեսակ է։ Գրանցված էր նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Հայաստանում թվաքանակը կազմում է մոտ 3-6 զույգ։ 2008 թվականի դրությամբ Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 3 առանձնյակ։
Վտանգման հիմնական գործոններն են մերձհունային բարձրաբուն անտառների հատումը, ջրի աղտոտվածությունը, գյուղատնտեսության մեջ վնասատուների դեմ պայքարի ժամանակ թունաքիմիկատների օգտագործումը։ Արարատյան հարթավայրում, ձկնաբուծարանների թվի մեծացման հետ կապված, ջրարծիվը բնակչության կողմից կարող է ենթարկվել հետապնդման և դիտարկվել որպես ձկնային տնտեսության վնաս հասցնող տեսակ։
Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում, «Չվող թռչունների պահպանման մասին» համաձայնությունների հավելվածում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրարծիվ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրարծիվ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |