Ջոն Ֆիսկեն Էդմունդ Բրուստեր Գրինի միակ զավակն էր։ Ջոն Ֆիսկեի հայրը խմբագիր էր աշխատում Հարթֆորդի, Նյու Յորքի, Պանամայի թերթերում։ Էդմունդ Բրուստեր Գրինի մահից հետո՝ 1852 թվականին, նրա այրին ամուսնանում է[6], իսկ Էդմունդ Ֆիսկե Գրինը, ի պատիվ մորական նախապապի, վերցնում է նրա անունը՝ Ջոն Ֆիսկե։ Ջոն Ֆիսկեի մանկությունն ու պատանեկությունն անցնում են Միդլթաունում (Կոնեկտիկուտ), ապա ընդունվում է Հարվարդի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ և ավարտում այն 1865 թվականին։ Ֆիսկեի առաջին հոդվածը՝ «Պարոն Բակլի մոլորությունները» (անգլ.՝ Mr. Buckle's Fallacies), լույս է տեսնում 1861 թվականին National Quarterly Review-ում։ Հետայդու նա թղթակցում է ամերիկյան և բրիտանական պարբերականների։
1869-1871 թվականներին փիլիսոփայության դասախոսություններ է կարդում Հարվարդի համալսարանում, 1870 թվականին դասավանդում է պատմություն, իսկ 1872-1879 թվականներին աշխատում է իբրև գրադարանավարի օգնական։ 1879 թվականին ընտրվում է հոգաբարձուների խորհրդի անդամ, սահմանված 6 տարուց հետո վերընտրվում է 1885 թվականին։ 1881 թվականից սկսած ամենօրյա ռեժիմով ամերիկյան պատմության վերաբերյալ դասախոսութուններ է կարդում Միսսուրի նահանգիՍենթ Լուիս քաղաքի Վաշինգտոնի համալսարանում։ 1884 թվականին դառնում է պրոֆեսոր։ Ամերիկյան պատմության վերաբերյալ դասախոսութուններ է կարդում Լոնդոնի համալսարանական քոլեջում 1879-ին, իսկ 1880-ին՝ Մեծ Բրիտանիայի թագավորական համալսարանում։ Բազմաթիվ դասախոսություններ է կարդում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ամենատարբեր քաղաքներում[6]։
Թեև Ջոն Ֆիսկեն իր կյանքի մեծագույն մասը նվիրել է պատմության ուսումնասիրմանը, բայց վաղ տարիքում մարդու զարգացման բնույթին նվիրված ուսումնասիրությունները նրան հանգեցրին էվոլյուցիոն տեսությունների մանրակրկիտ ուսումնասիրությանը, և մասնավորապես Չարլզ Դարվինի տեսության ուսումնասիրությանը[6]։ Նա փիլիսոփայորեն էր մեկնաբանում Չարլզ Դարվինի աշխատությունները, այս թեմայով գրել է բազմաթիվ գրքեր և էսսեներ։ Նրա փիլիսոփայական միտքը կրում է Հերբերտ Սփենսերի՝ Էվոլյուցիայի մասին հայացքների ազդեցությունը։ 1874 թվականին Չարլզ Դարվինի՝ նրան ուղղած նամակում գրված է․
Ես իմ կյանքում երբեք չեմ կարդացել այնպիսի հստակ մեկնաբանի (հետևաբար և մտածողի), ինչպիսին Դուք եք։