Jump to content

Պլատոն Զուբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլատոն Զուբով
Ծննդյան օր՝ նոյեմբերի 15 (26), 1767
Ծննդավայր՝Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր՝ապրիլի 7, 1822(1822-04-07) (54 տարեկան)
Վախճանի վայրը՝Պիլսրունդալե, Կուրլանդիական գուբերնիա
Ամուսին ՝Tekla Valentinovich?
Երեխաներ՝Valerian Platonov?
Դինաստիա՝Zubov?
Հայր՝Ալեքսանդր Զուբով
Պարգևներ՝
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Աննայի շքանշան Սև արծվի շքանշան Կարմիր արծվի շքանշան Սպիտակ Արծվի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան

Կոմս (1793-ից), Նորին Վսեմություն իշխան (1796-ից) Պլատոն Ալեքսանդրովիչ Զուբով (ռուս.՝ Плато́н Алекса́ндрович Зу́бов. նոյեմբերի 15 (26), 1767, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 7, 1822(1822-04-07), Պիլսրունդալե, Կուրլանդիական գուբերնիա[1]), ռուս պետական գործիչ, Եկատերինա II- ի վերջին ֆավորիտը, գեներալ-ֆելդցայխմայստեր (1793), Սևծովյան նավատորմի պետ (1796)[2]:

Նորին Վսեմություն իշխան Գրիգորի Պոտյոմկին-Տավրիկյանի մահից հետո դարձել է Նովոռոսիայի փոխարքայության գեներալ-նահանգապետը[3], Արտաքին գործոց կոլեգիայի նախագահը և մինչև 1793 թվականը եղել է Ռուսական կայսրության ամենաազդեցիկ մարդը Եկատերինա II-ից հետո:

Արտաքին քաղաքականության մեջ նա հանդես էր գալիս Շվեդիայի և Պրուսիայի հետ դաշինքի օգտին և հովանավորում էր հեղափոխական Ֆրանսիայից Ռուսաստան փախած ազնվական էմիգրանտներին: Լեհ-Լիտվական Համագործակցության՝ Ռեչ Պոսպոլիտայի երրորդ բաժանման կազմակերպիչներից մեկն էր, և այդ բաժանման արդյունքում դարձել է Լիտվայի խոշորագույն հողատերերից մեկը։ Կոստանդնուպոլիսը գրավելու հավակնոտ նախագծի հեղինակն էր, նախագիծ, հանուն որի 1796 թվականին կազմակերպվեց պարսկական արշավանքը։ Զուբովը քայլեր է ձեռնարկել ռուսական հեծելազորն ու հրետանին բարեփոխելու ուղղությամբ: Նա համարվում է Օդեսայի հիմնադիրներից մեկը:

Եկատերինայի բարեհաճությունը վայելելու տարիներին Պլատոն Ալեքսանդրովիչի հայրը, քույրը՝ Օլգա Ժերեբցովան և եղբայրները՝ Նիկոլայը, Դմիտրին ու Վալերիանը, ինչպես նաև Զուբովների այլ հարազատներ ու ծանոթներ մեծ համբավ ու ազդեցություն են ձեռք բերել։

Կայսրուհու մահից հետո Պլատոն Զուբովը հանդես է եկել գահը, մեծ դուքս Պավել Պետրովիչին շրջանցելով, նրա որդուն՝ մեծ դուքս Ալեքսանդր Պավլովիչին փոխանցելու օգտին։ Բայց նրա ակնկալիքներին հակառակ՝ գահակալել է Պավելը, և իշխան Զուբովն իր եղբայրների հետ միասին հայտնվել է շնորհազրկված վիճակում, կորցրել բոլոր պաշտոնները, ստիպողաբար ուղարկվել արտասահմանյան արձակուրդ, վերադառնալուց հետո էլ մեկուսացված պահվել սեփական կալվածքում: 1800 թվականին, իրենց կողմնակիցների ինտրիգների, խարդավանքների շնորհիվ, Զուբով եղբայրները վերադարձել են արքունիք. Պլատոն Ալեքսանդրովիչը ստացել է հետևակի գեներալի կոչում և գլխավորել 1-ին կադետական կորպուսը: Նա ակտիվորեն մասնակցել է Պավել I-ի դեմ դավադրությանը և ներկա է գտնվել կայսեր սպանությանը այլ դավադիրների ձեռքով[4]։

Ալեքսանդր I-ի գահ բարձրանալուց հետո Պլատոն Զուբովը կրկին դարձել է Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, ընդգրկվել կայսրության բարձրագույն խորհրդակցական մարմնի՝ Непременный совет-ի / Մշտական խորհրդի կազմում, որտեղ առաջարկել է սահմանադրության նախագիծ և ճորտատիրության մեղմացմանն ուղղված մի շարք բարեփոխումներ, որոնցից մի քանիսն իրականացվել են։ Սակայն սահմանադրությունն այդպես էլ չընդունվեց, և մի քանի ամիս անց իշխան Զուբովը կրկին հայտնվեց շնորհազրկված վիճակում ու, արձակուրդ ստանալով, մեկնեց արտերկիր: Հետագա տարիներին նա շատ է ճանապարհորդել ողջ Եվրոպայում՝ ժամանակ առ ժամանակ հայտնվելով Սանկտ Պետերբուրգում՝ տարբեր նախագծերով, որոնցից մի քանիսը հավանության են արժանացել Ալեքսանդր I-ի կողմից։ Երբ սկսվել է 1812 թվականի Հայրենական պատերազմը, նա, ֆորմալ կերպով մնալով արձակուրդում, կրկին կանչվել է աշխատանքի և հաճախակի հայտնվել Նապոլեոնի դեմ գործող բանակի գլխավոր շտաբում։ Զուբովը պաշտպանել է Ալեքսանդր I-ի՝ ռազմական գործողություններին անձամբ մասնակցելուց հրաժարվելը, Ֆիլիի խորհրդում էլ հանդես է եկել Մոսկվայից հեռանալու օգտին: 1813 թվականից հետո, մինչև իր մահը, ժամանակը հիմնականում անց է կացրել Լիտվայի իր ընդարձակ կալվածքներում։

Ուշագրավ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պլատոնի հայրը՝ Ալեքսեյ Զուբովը, որ կոմս Նիկոլայ Սալտիկովի կալվածքների կառավարիչն էր, բազմիցս բռնվել է կաշառակերության ու շորթումներ կատարելու մեջ և «ողջ պետության մեջ ամենաանազնիվ ազնվականի»[5] համարում ուներ:
  • 60-ամյա Եկատերինա II-ի հետ առաջին երեք գիշերներն անցկացնելուց հետո 22-ամյա Պլատոնն ստացել է 10.000 ռուբլի և կայսրուհու դիմապատկերով մատանի, դրանից 10 օր անց էլ նրան, որ դեռևս սեկունդ-ռոտմիստր էր, միանգամից շնորհվել են գնդապետի և կայսրուհու ֆլիգել-ադյուտանտի կոչումներ[6][7]:
  • Սկսած 1793 թվականից՝ Պլատոն Զուբովը թաքուն սիրահետել է պալատական այլ կանանց՝ խանդելու առիթներ տալով Եկատերինային:
  • Իշխանության տարիներին Զուբովը հսկայական կարողություն է կուտակել, ստացել բազմաթիվ բարձրագույն տիտղոսներ ու պաշտոններ։ Կայսրուհին նրան շնորհել է հսկայական կալվածքներ՝ տասնյակ հազարավոր ճորտերով, պալատականները մրցակցում էին միմյանց հետ՝ նրան շռայլ նվերներ մատուցելու մեջ: Եկատերինայի գահակալության վերջին տարում Զուբովի խորհրդով էին լուծվում նույնիսկ ամենաչնչին հարցերը։ Ամեն առավոտ խնդրարկուների ամբոխը հավաքվում էր նրա ննջասենյակում՝ հուսահատորեն փորձելով գրավել եթե ոչ իր, ապա գոնե նրա սիրելի կենդանի կապիկի ուշադրությունը: Ծեր գեներալները նրա համար սուրճ էին պատրաստում։ Մինչև անգամ Զուբովի քարտուղարներն էին հարստացել խնդրարկուների տված կաշառքներով։
  • 1795 թվականի օգոստոսի 20-ին Սեմյոն Վորոնցովին հղած նամակում Ֆյոդոր Ռոստոպչինը գրել է. «Կոմս Զուբովն այստեղ ամեն ինչ է։ Ամենուր և ամեն ինչում նրա կամքն է իշխում։ Նրա զորությունն ավելի մեծ է, քան Պոտյոմկինը։ Նա նախկինի պես անխոհեմ է և անկարող, թեև կայսրուհին անընդհատ կրկնում է, որ նա Ռուսաստանի պատմությանը հայտնի ամենամեծ հանճարն է»:
  • Պլատոն Զուբովի կյանքի վերջին օրերն անցել են առանձնության մեջ: Նրա երիտասարդ կինը՝ տեղացի կալվածատիրոջ դուստր Թեկլա Վալենտինովիչը (1801-1873), ամուսնու մահից հետո ամուսնացել է կոմս Անդրեյ Շուվալովի (1802-1873) հետ և այդպիսով Զուբովի հսկայական կալվածքները միացրել Շուվալովների կալվածքներին:

Պլատոն Զուբովն արժանացել է մեծ պատիվների։ Նրա ժամանակակիցներից Շառլ Մասոնը գրել է, որ նա այնքան շատ շքանշաններ ու մեդալներ ուներ, որ նմանվում էր «ժապավեններ ու ձուլածո ապրանքներ վաճառողի»[8]: Զուբովը Ռուսական կայսրության Սուրբ Անդրեաս առաքյալի, Սուրբ Վլադիմիրի, Ալեքսանդր Նևսկու, Սուրբ Աննայի, լեհական Սպիտակ արծվի, Սուրբ Ստանիսլավի, պրուսական Սև Արծիվ, Կարմիր արծիվ և բազմաթիվ այլ շքանշանների ասպետ էր: Նրան իր հոր և եղբայրների՝ գեներալ-մայորներ Վալերիանի (1771–1804), Նիկոլայի (1763–1805) և Դմիտրիի (1764–1836) հետ 1793 թվականին կայսր Ֆրանց II-ը շնորհել է Հռոմեական սրբազան կայսրության կոմսի կոչում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ныне — в пос. Пилсрундале, Կաղապար:МС, Латвия.
  2. Суворов по этому поводу писал, что Зубову пожаловали «шпагу и скоро при президентстве получит кейзер-флаг Черноморских флотов, кои в своем правлении изгноил и людей выморил».
  3. Генерал-губернаторы. histpol.pl.ua
  4. «О том, что произошло в спальне царя». Արխիվացված է օրիգինալից 2010-07-16-ին. Վերցված է 2009-11-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Долгоруков, 2004, էջ 215
  6. Кудряшов, 1897
  7. ВЭС, 1912, Платон Александрович З., кн.
  8. Труайя А. Екатерина Великая. Москва, 2007. С. 430.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

[рус.] / Пер. с фр. рукописи, под ред. и с прим. Е. С. Шумигорского. — СПб. : Тип. А. С. Суворина, 1900. — 286 с.

  • «Асса» / «Ասսա» (1987) — դերակատար՝ Կիրիլ Կոզակով
  • «Бедный, бедный Павел»/ «Խեղճ, խեղճ Պավել» (2003) — դերակատար՝ Անդրեյ Չումանով
  • «Золотой век» / «Ոսկե դար» (հեռուստասերիալ, 2003) — դերակատար՝ Մաքսիմ Ֆեդոսեև
  • «Адъютанты любви» / «Սիրո համհարզները» (հեռուստասերիալ, 2005) — դերակատար՝ Եվգենի Վլասենկո
  • «Фаворит»/ «Սիրեցյալը» (հեռուստասերիալ, 2005) — դերակատար՝ Եվգենի Իվանով
  • «Екатерина. Фавориты» / «Եկատերինա. Սիրեցյալները» (հեռուստասերիալ, 2023) — դերակատար՝ Նիկիտա Կրախմալյով

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլատոն Զուբով» հոդվածին։