Պերիդոտ
Պերիդոտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | Սիլիկատներ |
Բանաձև (կրկնվող միավորը) | (Mg, Fe)2SiO4 |
Նույնականացում | |
Գույն | Դեղին, դեղնականաչ, ձիթապտղի կանաչ, դարչնագույնին մոտ, երբեմն զմրուխտի գույն |
Բյուրեղային համակարգ | Օրթոռոմբիկ |
Թերթականություն | Վատ |
Բեկում | Կոնխոիդալ |
Մոոսի կարծրություն | 6.5–7 |
Փայլ | Ապակեփայլ |
Շերտեր | Չունի |
Ձգողականություն | 3.2–4.3 |
Բեկման ցուցանիշ | 1.64–1.70 |
Երկճառագայթաբեկում | 0.036 |
Ենթակատեգորիա | forsterite? և թանկարժեք քար |
Պերիդոտ կամ խրիզոլիտ, սիլիկատային միներալ։ Օլիվին կոչվող թանկարժեք սիլիկատային միներալի ((Mg Fe)2SiO4) տարատեսակ, որն ավելի հարուստ է մագնեզիումով, և բանաձևն ավելի մոտ է Mg2SiO4: Բյուրեղները նման են կարճ պրիզմայաձև սյուների, որոնք ավարտվում են բուրգաձև գլխիկով։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերիդոտ անվան ծագումը պարզ չէ։ Օքսֆորդի անգլերեն լեզվի բառարանն առաջարկում է անգլոնորմանդական pedoretés բառի ձևափոխված տարբերակը, որը նշանակում է օպալ, բայց ոչ արաբական faridat-ը, որը նշանակում է թանկարժեք քար։ Միջնադարի անգլերեն բառարաններում այս բառի մի քանի տարբերակ է հանդիպում, օրինակ՝ պերիդոտ, պերիտոտ, պելիդոդ, պիլիդոդ և այլն[1]։
Պերիդոտի ամենավաղ օգտագործումը եղել է Սուրբ Օլբանս աբբայության լատինագիր մատյաններում, թարգմանվել է 1705 թվականին և, հնարավոր է, առաջին օգտագործման դեպքն է եղել անգլերեն լեզվում։ Այնտեղ գրված է, որ 1245 թվականին եպիսկոպոս Ջոնը իր մահից հետո աբբայությանն է կտակել տարբեր իրեր, որոնց մեջ կար նաև պերիդոտ[2]։
Խրիզոլիտը հին հունարեն բառ է՝ χρυσός-ոսկի և λίθος-քար։
Տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ քիչ միներալներ են, որ գոյություն ունեն միայն մեկ գույնի մեջ, պերիդոտը այդ քչերից մեկն է։ Հիմնական գույնը կանաչ ձիթապտղի գույնն է, կանաչի ինտենսիվությունը կախված է երկաթի քանակությունից։ Այդ պատճառով պերիդոտի առանձին միներալներ կարող են ունենալ դեղնականաչից մինչև կանաչադարչնագույն երանգներ։ Հազվագյուտ դեպքերում՝ պերիդոտը կարող է ունենալ մաքուր կանաչ գույն՝ առանց դեղին կամ դարչնագույն երանգների[3]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ պերիդոտը հանդիսանում է սիլիկատային միներալ, այն բոլոր սիլիկատների նման ձևավորվում է լավայի մեջ։ Հանդիպում է նաև երկնաքարերում։
Պերիդոտները իրարից տարբերվում են չափերով և բաղադրությամբ։ Հրաբխային ակտիվության ժամանակ ձևավորված պերիդոտը լիթիումի, նիկելի և ցինկի ավելի բարձր բաղադրություն ունի, քան երկնաքարի մեջ ձևավորվածը[4]։
Օլիվինը տարածված միներալ է, բայց ոսկերչական որակի պերիդոտ տարատեսակը բավականին հազվագյուտ է՝ քիմիապես անկայուն լինելու պատճառով։ Օլիվինը սովորաբար հանդիպում է մանր հատիկների ձևով և հողմահարված վիճակում՝ անպիտան դեկորատիվ նպատակների համար։
Ֆորստերիտի (անգույն օլիվին) խոշոր բյուրեղներն օգտագործում են պերիդոտի զարդաքարերը երեսակելու համար, հանդիպում են հազվադեպ, արդյունքում օլիվինը համարվում է արժեքավոր քար։
Հնագույն ժամանակներում՝ Ք.ա. 300-ական թվականներին, Կարմիր ծովի Սուրբ Հովհաննես կղզում արդյունահանում էին պերիդոտ, որն այն ժամանակ անվանում էին տոպազիոս[5]։
Այսօր պերիդոտի հիմնական աղբյուրը հանդիսանում է Արիզոնայում Սան Կարլոս Ապաչ հնդկացիների տարածաշրջանը[6]։ Արդյունահանվում է նաև Արիզոնայի այլ վայրերում, ԱՄՆ-ի Արկանզաս, Հավայան կղզիներ, Նևադա, Նյու Մեքսիկո նահանգներում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Եգիպտոսում, Քենիայում, Մեքսիկայում, Մյանմայում, Նորվեգիայում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Հարավային Աֆրիկայում, Շրի Լանկայում և Տանզանիայում։
Պերիդոտի բյուրեղներ ստացվել են նաև որոշ երկնաքարերից։
Գեմոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբեմն պերիդոտն ընկալում են որպես զմրուխտ կամ այլ կանաչ քար։ Հայտնի գեմոլոգ Ջորջ Ֆրեդերիկ Կունցը[7] քննարկել է զմրուխտների և պերիդոտների խառնաշփոթները եկեղեցական գանձարաններում, մասնավորապես՝ Գերմանիայի Քյոլնի տաճարում գտնվող Երեք մոգերի գանձարանում։
Պերիդոտ օլիվինի ամենամեծ նմուշը գտնվում է Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանում, քաշը՝ 62 կարատ։
Համարվում է, որ պերիդոտը օգոստոսին ծնված մարդկանց քարն է[8]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պերիդոտ (հնչունացված՝ Շելբի Ռաբորա), Cartoon Network հեռուստաալիքի Սթիվենի տիեզերքը շոուի գլխավոր գործող անձը[9][10]։
- Պերիդոտ (հնչունացված՝ Յուկի Կայդա), ճապոնական Jewelpet անիմե շոուի գործող անձ, որն իրենից ներկայացնում է փոքրիկ շուն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պերիդոտ-օլիվինը ծակոտկեն բազալտի վրա (տեսանելի դաշտը 35մմ)
-
Պերիդոտ Արիզոնայից
-
Ձիթապտղի կանաչ գույն պերիդոտ
-
Կաթնագույն ներառումներով պերիդոտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sherman M Kuhn (1982). Middle English Dictionary. University of Michigan Press. էջեր 818–. ISBN 0-472-01163-4.
- ↑ Sir James Ware (1705). The Antiquities and History of Ireland. A. Crook. էջեր 628–.
- ↑ Wise, Richard W. (2016). Secrets Of The Gem Trade, The Connoisseur's Guide To Precious Gemstones (2nd ed.). Lenox, Massachusetts: Brunswick House Press. էջ 220. ISBN 9780972822329.
- ↑ Shen, A., et al. (2011). Identification of Extraterrestrial Peridot by trace elements, Gems & Gemology, p. 208-213
- ↑ St. John's Island peridot information and history at Mindat.org
- ↑ "Although some good olive-colored crystals are found in a few other places, like Burma, China, Zambia, and Pakistan, ninety percent of all known peridots are found in just one place. It is a Native American reservation, and it is located in a little-visited corner of the United States. San Carlos" Finlay, Victoria. Jewels: A Secret History (Kindle Locations 2543-2546). Random House Publishing Group. Kindle Edition.
- ↑ Kunz, Gems and Precious Stones, on Peridot Արխիվացված 2013-12-19 Wayback Machine. farlang.com
- ↑ «August Birthstone». American Gem Society. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Thurm, Eric (2017 թ․ դեկտեմբերի 22). «Peridot wilts, then blossoms on two emotional Steven Universe episodes». AV Club. Onion, Inc. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Borenstein, Jay (2016 թ․ հունիսի 25). «20 Times Peridot From "Steven Universe" Was Our Favorite Gem». Buzzfeed. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պերիդոտ կատեգորիայում։ |