Պեզելլինո
Պեզելլինո | |
---|---|
Ծնվել է | 1422[1][2][3][…] կամ 1422[4] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Վախճանվել է | հուլիս 1457 կամ 1457[4] |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, մանրանկարիչ և գծանկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Seven Liberal Arts? և Seven Virtues? |
Ուսուցիչ | Giuliano Pesello? և Ֆրա Ֆիլիպպո Լիպպի |
Հայր | Stefano di Francesco? |
Francesco di Stefano Pesellino Վիքիպահեստում |
Պեզելլինո, իրական անունը՝ Ֆրանչեսկո դի Ստեֆանո (իտալ.՝ Pesellino, Francesco di Stefano, 1422[1][2][3][…] կամ 1422[4], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հուլիս 1457 կամ 1457[4], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), իտալացի գեղանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստի իտալացի պատմաբան Ջորջո Վազարին կազմել է նկարչի փոքրիկ կենսագրություն, որում նա խանդավառությամբ խոսում է նրա աշխատանքների մասին, բայց միևնույն ժամանակ, թվում է, որ նա դրանում խառնել է այն ամենը, ինչ հնարավոր է։
Ֆրանչեսկո դի Ստեֆանոն ծնվել է Ստեֆանո դի Ֆրանչեսկոյի և նրա կնոջ՝ Նաննայի ընտանիքում, որը նկարիչ Ջուլիանո դ'Արրիգոյի ավագ դուստրն էր՝ Պեզելլո մականունով։ 1427 թվականին, երբ տղան ընդամենը 5 տարեկան էր, նրա հայրը մահացավ, և երեխան տեղափոխվեց իր մորական պապու՝ Ջուլիանո դ'Արրիգոնի մոտ, որի արհեստանոցը գտնվում էր Ֆլորենցիայի կորսո Ադիմարիում (այժմյան՝ վիա դեի Կալցայոլին)։ «Պեզելլինո» (այսինքն՝ «փոքրիկ Պեզելլո») մականունն էլ իր պապից անցավ Ֆրանչեսկոյին։ Քսան տարեկան հասակում Ֆրանչեսկո Պեզելլինոն ամուսնացավ Ռոպպոյի ոմն Սիլվեստրի դստեր՝ Տարսիայի հետ, ինչի մասին վկայում է 1442 թվականի նոյեմբերի 22-ին պահպանված փաստաթուղթը։
1446 թվականին մահացավ նրա պապը, իսկ Ֆրանչեսկոն ժառանգեց նրա արհեստանոցը։ 1447 թվականին նա միացավ Սուրբ Լուկասի Եղբայրությանը՝ արվեստի մարդկանց միավորող կազմակերպությանը (չնայած հետազոտողները համոզված չեն, որ ցուցակում գտնվող Ֆրանչեսկո դի Ստեֆանոն հենց Պեզելլինոն է)։ Մեկ այլ փաստաթուղթ, որը թվագրվում է նույն տարվա փետրվարին, հայտնում է, որ երիտասարդ նկարիչը աշխատում էր կորսո Ադիմարիի արհեստանոցում՝ «դրոշներ պատրաստելով և նկարազարդելով»։ Ոչ ոք հաստատ չգիտի, թե ով էր նրա ուսուցիչը (եթե ոչ պապը)։ Տարածված կարծիք կա, որ նա Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի ուսանողը և համագործակցողն էր, բայց մինչ այդ նա կարող էր դասեր ստանալ Ֆրա Անջելիկոյի մոտ։ Համենայն դեպս, նրա վաղ աշխատություններում գուշակվում է վերջինիս արվեստի հետ կապը (Սիլիո Իտալիկի «Պունիկա» մանրանկարները, որոնք այժմ բաժանված են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի պետական թանգարանի և Վենետիկի Մարկիանա գրադարանների միջև, 1447-1448 թվականներ)։
Առաջին աշխատանքը, որը կարող է վստահորեն թվագրվել, զոհասեղանի պրեդելլան է, որը պատվիրվել է Սան Կրոչե եկեղեցու (Ֆլորենցիա) մատուռի համար։ Խորանն ինքնին նկարել է Ֆրա Ֆիլիպպո Լիպպին 1440-1445թթ. (Այժմյան՝ Ուֆֆիցի պատկերասրահում, Ֆլորենցիա, պրեդելլա նկարներ Լուվրում, Փարիզում և Ուֆֆիցիում, Ֆլորենցիա)։ Այս միջադեպը համարվում է երկու վարպետների համագործակցության առաջին վկայությունը։ Ֆրա Ֆիլիպպոն այդ ժամանակ 36 տարեկան էր, իսկ Պեզելլինոն՝ մոտ 20։ Ավագ վարպետի ձևը որոշիչ ազդեցություն ունեցավ Ֆրանչեսկոյի ոճի ձևավորման վրա։
Նկարչի ստեղծագործական զարգացումը բավականին ինտենսիվ էր, և Ֆրանչեսկոն արագորեն ձեռք բերեց բազում պատվիրատու-հովանավորներ. 1444 թվականին Պիերո դեի Մեդիչիի և Լուկրեցիա Տորնաբուոնիի հարսանիքի համար Նիկոլաս V (Պարենտուչելլի) պապը պատվիրեց Սիլիո Իտալիկի «Պունիկա» մանրանկարչությունը։
1453 թվականին Ֆրանչեսկոն համագործակցության մեջ մտավ Ձանոբի դի Միլյորեի և Պիերո դի Լորենցո դա Պրատեզեի հետ, որի պայմանների ներքո երեք նկարիչները պարտավոր էին հավասարապես բաժանել ստացված հասույթը (այս նկարիչների արհեստանոցները գտնվում էին նույն կորսո Ադիմարիում, ինչ Պեզելլինոյի արհեստանոցը)։ Դա զուտ ֆինանսական համաձայնագիր էր, որը չէր պահանջում, որ երեք վարպետները միասին աշխատեն յուրաքանչյուր պատվերի շուրջ։ Ձանոբին շուտով լքեց այս ձեռնարկությունը, բայց Պիերո դի Լորենցոն մնաց։ Հետազոտողները ենթադրում են, որ, հավանաբար, Պիերո դի Լորենցոն այն խորհրդավոր նկարիչն էր, ով բազմիցս կրկնօրինակել է Պեզելլինոյի «Տիրամայրը մանկան հետ» ստեղծագործությունը, և որը արվեստաբանները կնքեցին «Կեղծ Պիեր Ֆրանչեսկո Ֆիորենտինո» անունով։
1455 թվականին Սուրբ Երրորդություն միաբանության քահանաները Պիստոյայում Պեզելլինոյի մոտ պատվիրեցին զոհասեղան պատրաստել իրենց եկեղեցու համար՝ խնդրելով պատկերել Սուրբ Երրորդությունը և Զենոնի սրբերին, Հերոնիմին, Հակոբ ավագին և Մամեսին։ Զոհասեղանի վրա աշխատանքները շարունակվեցին մինչև 1457 թվականի հուլիսը, երբ Ֆրանչեսկոն ծանր հիվանդացավ։ Պարզվեց, որ հիվանդությունը մահացու է, զոհասեղանը մնաց անավարտ (այն վերջացրեց Ֆրա Ֆիլիպպո Լիպպին իր օգնականների հետ միասին)։
Նկարիչը կարճ կյանք է ունեցել. նա մահացավ Ֆլորենցիայում 1457 թվականի հուլիսի 29-ին 35 տարեկան հասակում՝ թողնելով մի երիտասարդ այրի և որբ երեխաներին։ Նրան թաղեցին Պիացցայի Սանտա Ֆելիչե եկեղեցում։ Նրա մահից հետո նրա ուղեկից Պիերո դի Լորենցոն դատի է տվել Պեզելլինոյի այրուն՝ պահանջելով իրեն վճարել զոհասեղանի համար նախատեսված գումարի մի մասը, որը Ֆրանչեսկոն երբեք չի կարողացել հատուցել։ Բայց Ֆլորենցիայի դատարանը կանգնեց այրու կողմը։
Խոշոր աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վազարին իր բազմաբնույթ աշխատության մեջ հայտնում է, որ Պեզելլինոյին են պատկանում շատ փոքր ձևաչափի բազմաթիվ նկարներ, մասնավորապես՝ հարսանեկան կասոնային արկղերի նկարազարդումները, ինչպես նաև «Տիրամայրը մանկան հետ» պատկերները, որոնցում նա օգտագործել է Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի տեխնիկան և ավելացնում. «քաղաքի բնակիչների տներում կան բազմաթիվ տոնդոներ (կլոր շրջանակով եկեղեցական նկարներ) և նրա նկարներից» (չնայած սխալմամբ այդ գործերը վերագրում էին նրա պապ Պեզելլոյին)։ Այսպիսով, Պեզելլինոյի աշխատանքների մեծ մասը ոչ թե եկեղեցական մեծ զոհասեղաններն են, այլ տնային օգտագործման համար փոքր ձևաչափի ստեղծագործությունները։
Ըստ վերջին ուսումնասիրությունների (Անջելինի և Բելլոզի, 1990, Էվերեթ Ֆեյհի, 2001, Անդրեա դե Մարկի, 2004, Լորենս Կանտեր, 2005), Պեզելլինոյի ամենավաղ աշխատանքը երեք մոգերի ճանապարհորդություններին նվիրված նկարների շարքն է, որը նա նկարել է Ֆրա Անջելիկոյի աշակերտի՝ նշանավոր մանրանկարչի, որի հետ Ֆրանչեսկոն աշխատում էր Սիլիո Իտալիկի «Պունիկա» մանրանկարների վրա, Ձանոբի Ստրոցիի հետ։ Պեզելլինոյին են վերագրում «Մելխիոր թագավորը հատում է Կարմիր ծովը» շարքի նկարներից մեկը (65,5x70 սմ. 1440-1445, Քլարկի ինստիտուտ, Ուիլյամսթաուն)՝ դրանում տեսնելով «Ֆրա Անջելիկոյի ավելի հնագույն ձևը» և Դոմենիկո դի Միկելինոյի աշխատանքի ազդեցությունը։ Բացի «Երեք մոգերի ճանապարհորդությունից», Պեզելլինոյի և Ձանոբի Ստրոցիի համագործակցությանն են այսօր վերագրում Ավինյոնի Պտի Պալե թանգարանի «Սյուզաննայի պատմություն»-ը երկու կասոնե պանելները։ Պեզելլինոն 10 տարով փոքր էր Ստրոցիից, և սկզբնական փուլում որոշ ժամանակ շատ արդյունավետ էր համագործակցում նրա հետ։
Մոտավորապես 1445 թվականին Պեզելլինոն նկարել է սրբի պատմությունը պատկերող նկար (նկարագրությունը և վերագրումը՝ Ռոբերտ վան Մարլենի), սակայն այս աշխատանքի հետքերը կորել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի կողմից նույն 1445 թվականին նկարած զոհասեղանի պրեդելլայի հինգ նկարները վկայում են այն փաստի մասին, որ Պեզելլինոն յուրացրել է իր դասախոսի հնարքները. «Սուրբ Ծնունդ», «Կոզմա և Դամիանոս սրբերի նահատակություն», «Սբ. Անտոնին գտնում է իր սիրտը վաշխառուի կրծքում» (բոլորը՝ Ուֆֆիցի պատկերասրահում, Ֆլորենցիա), «Սուրբ Ֆրանցիսկոսը ստանում է խարան», «Սուրբ Կոզման և Դամիան կերակրում են հիվանդին» (երկուսն էլ՝ Լուվրում, Փարիզ)։ Նրանց համագործակցությունը շարունակվեց 1450-ականների ողջ ընթացքում, մինչև 1460-ականների սկիզբը։ Պեզելլինոն իրեն ավելի շատ նվիրեց մանրանկարչությանը, քան մեծ ձևաչափին։ Հավանաբար դա է պատճառը, որ Ֆրա Ֆիլիպպո Լիպպին, որը միշտ չէր հասցնում կատարել պատվերները, պրեդելլայի կատարումը և բոլոր մանր դետալները վստահեց իր երիտասարդ զուգընկերոջը։ Մոտավորապես նույն ժամանակաշրջանին (1445-50 տարի) է վերագրվում Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանի «Տիրամայրը մանկան և վեց սրբերի հետ» փոքրիկ պատկերի ստեղծումը։ Նկարն ունի մանրանկարի չափսեր (22,5x20,3 սմ) և նախատեսված էր տնային օգտագործման համար։
Սիլիո Իտալիկի «Պունիկա» (Հռոմի և Կարթագենի Պունիկյան պատերազմների մասին) մանրանկարների վրա աշխատանքը արդեն վկայում է այն մասին, որ 1440-ականների կեսերին Պեզելլինոն հասուն և ձևավորված նկարիչ էր։ Այս ձեռագրից մեկ մանրանկար պահվում է Վենետիկի Մարչիանա գրադարանում, վեցը գտնվում են Էրմիտաժում, Սանկտ Պետերբուրգում։ Նրանց մեջ կա Նիկոլայ V պապի հոյակապ դիմանկարը, որը հաստատում է վարպետի բարձր ստեղծագործական հեղինակությունը։ Այս աշխատանքների գունային սխեման շատ նման է Ֆրա Անջելիկոյի օգտագործած ներկապնակին։
-
Սիրո, Մաքրաբարոյության և Մահվան հաղթության հանդիսավոր դիմավորում։ Կասսոնե, մոտավոր 1448 թվական, Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան, Բոստոն
-
Փառքի, ժամանակի և հավերժության հաղթական հանդիսություններ։ Կասսոնե, մոտավոր 1448 թվական, Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան, Բոստոն
-
Դրվագներ Գրիսելդայի պատմությունից։ Կասոնե, 1445-1450, Բերգամո, Կարարարի ակադեմիա
-
Դավիթն ու Գոլիաֆը։ Կասսոնե, 1445-1455, Ազգային պատկերասրահ, Լոնդոն
-
Դավթի հաղթական տոնակատարությունը։ Կասսոնե, 1445-1455, Ազգային պատկերասրահ, Լոնդոն
-
Հորացի Կոկլեսը պաշտպանում է կամուրջը։ Կասսոնե, մոտավոր 1450 թվական, Վիկտորիայի և Ալբերտի թանգարան, Լոնդոն
Պեզելլինոյին վերագրվող կասոնային արկղերից մի քանի պանելներ պահպանվել են մինչ օրս։ Առաջին հերթին դրանք Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանի հաղթական հանդիսությունների հոյակապ տեսարաններն են, որոնք, ըստ ամենայն հավանականության, պատվիրվել են Պիերո դե Մեդիչիի և Լուկրեցիա Տորնաբուոնիի հարսանիքի համար, որն անցկացվել է 1448 թվականին։ Որմնանկարների թեման վերցված է Ֆրանչեսկո Պետրարկայի «Հաղթական հանդիսույուններից». մի պանելի վրա՝ «Սիրո մաքրաբարոյություն և մահվան հաղթական հանդիսություններ», մյուսում՝ «Փառքի հաղթանակ, ժամանակի հաղթանակ և հավերժության հաղթանակ»։ Նրանց մեջ, ինչպես նաև Մետրոպոլիտենի թանգարանի փոքրիկ «Մադոննա»-ում, հետազոտողները տեսնում են Ֆրա Անջելիկոյի ազդեցությունը, բայց նրանց նկարչությունն արդեն վկայում է մարդու անատոմիայի և հեռանկարային կանոնների ավելի լավ ընկալման մասին։ Կասոնային նկարչության մեկ այլ, ոչ պակաս ուշագրավ օրինակ է «Դրվագներ Գրիսելդայի պատմությունից»-ը (1445-1450, Կարարայի ակադեմիա, Բերգամո), գրված Ջովանի Բոկաչչոյի վեպի թեմայով։ Ավելի ուշ՝ 1450-ականների վերջերին, վերագրվում է Թուլուզի Օգոստինոսների թանգարանից «Որսորդության տեսարան» կասոնային պանելը։ Աշխատանքների այս խմբին մոտ են գտնվում կասոնային երկու վահանակներ՝ Սբ. Սիլվեստրի պատմությամբ. մեկը՝ «Սբ. Սիլվեստրը և վիշապը/Սբ. Սիլվեստր և Տարկուինուս»-ը գտնվում է Հռոմի Դորիա Պամֆիլիա պատկերասրահում, ևս մեկը՝ «Հրաշք ցուլի հետ» Արվեստի թանգարանում, Վուսթերում (Մասաչուսեթս)։
Այն գործերի շարքում, որոնցում առավել ցայտուն է Ֆիլիպպո Լիպպիի ազդեցությունը, կա «Աստվածամայրը մանկան հետ» նկար՝ Բոստոնում գտնվող Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանից։ Նույն նկարի մեկ այլ տարբերակ պահվում է Էսթերգոմի Քրիստոնեական թանգարանում։ Նրան են վերագրվում նաև թանգարանների և մասնավոր հավաքածուների մի շարք «Տիրամայրեր»։
1453 թվականից հետո, երբ Պեզելլինոն համագործակցության մեջ մտավ Պիերո դի Լորենցոյի և Ձանոբի դի Միլյորեի հետ, նա նկարեց «Տիրամայրը մանկան հետ» նկարը Կազենտինոյի Սեն-Անջելո Չետիկա եկեղեցու համար, Ֆլորենցիայի Սան Գաետանո եկեղեցու համար «Խաչելությունը» և «Ավետում» նրբագեղ երկթև սրբանկարը (այժմ՝ Լոնդոնի Քուրթո ինստիտուտում)։ Նույն ժամանակահատվածում, մոտավոր 1455 թվականին են թվագրվում Լոնդոնի ազգային պատկերասրահի կասոնային անկղերի մի քանի պանելներ. «Դավիթ և Գողիաթ», «Դավթի հաղթական հանդիսությունը» (մեկ այլ վարկածի համաձայն` երկու գործերն էլ ստեղծվել են 1440-ական թվականներին)։ Իրենց ժամանակին երկու նկարներն էլ գնվել են Ֆլորենցիայի Պացցի ընտանիքից։ Լոնդոնի ազգային պատկերասրահի կատալոգի հեղինակ Միշել Լակլոտի խոսքերով՝ երկրորդ պանելում պատկերված հարսանիք՝ Երուսաղեմի պատերի ներքո նկարը ակնարկ է Էլեոնորա Պացցիի հարսանիքին, որի սունդուկի համար էր նկարը պատվիրված։
Հավանաբար, 1450-ականների կեսերից սկսած, նկարիչը փորձել է ավելի մեծ ձևաչափով աշխատանքներ կատարել։ Լուվրի «Տիրամայրը մանկան և չորս սրբերի հետ» մեծ կտավը (1,76x1,73 սմ) թվագրվում է 1455-1457 թվականների միջև։ Կար ժամանակ, երբ այն զարդարում էր եկեղեցու զոհասեղանը, բայց դրա պրեդելլան չի հաջողվել պահպանել։ Փորձագետների կարծիքով, այս աշխատանքն ավելի շատ փորձարարական էր, քան ավարտված։
Վարպետի իրական գլուխգործոցը դարձավ Սուրբ Երրորդությունը, որն այժմ գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։ Սա նկարչի վերջին (և միայն ճշգրտորեն փաստաթղթավորված) աշխատանքն էր, որը պատվիրվել է 1455-ին՝ Սբ. Երրորդություն Միաբանության կողմից։ Պայմանագրի համաձայն՝ Պեզելլինոն պետք է պատկերեր Սբ. Երրորդությունը, որին հարգում էին կարգի անդամները, մասնավորապես՝ Սուրբ Զենոնը, որը Պիստոյայի հոգևորականության հովանավորն էր, Սուրբ Հակոբ Ավագը, որը Պիստոյայի հովանավորն էր, և Սուրբ Հիերոնիմը։ Սուրբ Մամեսի նկարի ընդգրկումը կատարվել է միաբանության գանձապետ Պյերո սեր Լանդիի անձնական խնդրանքով, որը ամբողջ նախագծի շարժիչ ուժն էր[5]։ Նա նկարչից ստացավ նախնական գծագրեր, քննարկեց միաբանության անդամների հետ, թե ինչ պետք է պատկերել, և Պեզելլինոն սկսեց աշխատել։ Սակայն մահացու հիվանդությունը խանգարեց նրան ավարտին հասցնել սկսածը։
Այս առիթով Ջորջո Վազարին իր «Պեզելլոյի և Ֆրանչեսկո Պեզելլիի կենսագրության» մեջ գրում է հետևյալը. «...եթե Պեզելլինոն ավելի երկար ապրեր, ապա, դատելով մեր իմացածից, նա շատ ավելին կաներ, քան արեց, քանի որ նա աշխատասեր էր արվեստում և երբեք չէր դադարում նկարել օր ու գիշեր»։ Իր կյանքի վերջին երեք-չորս տարիներին Պեզելլինոն առաջատար նորարար նկարիչ էր Ֆլորենցիայում։ Անատոմիայի և հեռանկարի կանոնների գերազանց իմացությունը, լույսի զգացումը, իր կերպարներին քանդակագործական արտահայտչություն հաղորդելը, ճանապարհ բացեց գեղանկարչության զարգացման համար հաջորդ սերնդի նկարիչների՝ Վերոկկիոյի, Պոլլայոլոյի, Բոտիչելիի և Լեոնարդո դա Վինչիի համար։ Սբ. Երրորդության զոհասեղանը բոլորովին անսովոր տեսք ուներ 1450-ականների նկարչության համար։
Պեզելլինոյի մահից հետո զոհասեղանի վրա կատարվող աշխատանքները վստահվեցին Ֆիլիպպո Լիպպիին և նրա արհեստանոցին, որը 1460 թվականի հունիսի 8-ին ավարտված աշխատանքը հանձնեց հաճախորդներին։ Փորձագետները կարծում են, որ աջ կողմի երկու սրբերը և կենտրոնական պանելի «Երրորդություն»-ը պատկանում են Պեզելլինոյի վրձինին։ Մնացածը նկարել է Ֆիլիպպո Լիպպին՝ Ֆրա Դիամանտի և Դոմենիկո անունով օգնականի հետ միասին։
-
Կարթագենի այլաբանությունը։ Մանրանկարչություն Սիլիո Իտալիկայի «Փյունիկա»-ից, մոտավոր 1450 թվական, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ
-
Հռոմի այլաբանությունը։ Մանրանկարչություն Սիլիո Իտալիկայի «Փյունիկա»-ից, մոտավոր 1450 թվական, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ
-
Մարս (պատերազմի այլաբանություն):Մանրանկարչություն Սիլիո Իտալիկայի «Փյունիկա»-ից, մոտավոր 1450 թվական, Մարչիանայի գրադարան, Վենետիկ
-
Աստվածամայրը մանկան հետ։ Մոտավոր 1445 թվական, Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան, Բոստոն
-
Աստվածամայրը մանկան հետ, 1450-ական թվականներ, Լիոն, Գեղարվեստի թանգարան
-
Աստվածամայրը մանկան հետ, 1450-ական թվականներ, Մասնավոր հավաքածու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Public Catalogue Foundation — 2003.
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.biografiasyvidas.com/biografia/p/pasellino.htm
- ↑ Երբ զոհասեղանը գրեթե պատրաստ էր, գանձապահը մեղադրվեց խարդախության մեջ և խայտառակորեն հեռացվեց պաշտոնից։ Հետագայում նրա անձնական հովանավոր սրբի՝ նկարում ներկայությունը, հետագայում խորը գրգռվածություն առաջացրեց գործընկերների մոտ։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջորջո Վազարի։ Ամենահայտնի նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կենսագրությունները։ М.1996, т. II, էջ 469—472
- H. Mackowsky, The masters of the Pesellino Trinity, in The Burlington Magazine, LVII (1930), pp. 212–223;
- The Isabella Stewart Gardner Museum. Catalogue of the exhibited paintings and drawings, a cura di Ph. Hendy, Boston 1931, pp. 252–259;
- B. Berenson, Alcuni disegni che si ricollegano alla Trinità del Pesellino, in L’Arte, XXXV (1932), pp. 357–371, 377;
- B. Berenson, Quadri senza casa. Il Quattrocento fiorentino, in Dedalo, XII (1932), pp. 665–692;
- P. Toesca, F. Pesellino miniatore, ibid., pp. 84–91;
- G. Gronau, In margine a F. Pesellino, in Rivista d’arte, XX (1938), pp. 123–146;
- P. Bacci,Documenti e commenti per la storia dell’arte, in Le Arti, III (1940-41), pp. 353–370, 418—434 (cfr. rec. di M. Pittaluga, in Rivista d’arte, XXVI [1950], pp. 233–239);
- M. Pittaluga, Filippo Lippi, Firenze 1949, pp. 203 s. e passim;
- U. Procacci, Di Jacopo di Antonio e delle compagnie di pittori del corso degli Adimari nel XV secolo, in Rivista d’arte, XXXV (1960), pp. 13, 31 e passim;
- M. Levi D’Ancona, Miniatura e miniatori a Firenze dal XIV al XVI secolo, Firenze 1962, pp. 123–126;
- B. Berenson, Italian pictures of the Renaissance. Florentine school, London 1963, I, pp. 167 s. (con elenco delle opere attribuite a F.); II, tavv. 820—833;
- F. Zeri — E. Gardner, Italian paintings. A catalogue of the collection of the Metropolitan Museum of art. Florentine school, New York 1971, ad Indicem;
- F. Zeri, Italian paintings in the Walters Art Gallery, I, Baltimore 1976, ad Indicem;
- M. Laclotte, «Une chasse» du Quattrocento florentin, in Revue de l’art, 1978, nn. 40-41, pp. 65–70;
- Gli Uffizi. Catalogo generale, Firenze 1979, p. 409;
- F. Rossi, Accademia Carrara, Bergamo 1979, p. 36;
- M. Natale, in Museo Poldi Pezzoli. Dipinti, Milano 1982, pp. 152 s.;
- C. Del Bravo, Etica o poesia e mecenatismo: Cosimo il Vecchio, Lorenzo e alcuni dipinti, in Gli Uffizi.Quattro secoli di una galleria. Atti del Convegno internaz. di studi (1982), a cura di P. Barocchi — G. Ragionieri, Firenze 1983, pp. 201 s., 214;
- A. Garzelli,Miniatura fiorentina del Rinascimento 1440—1525…, Firenze 1985, I, pp. 21–23; II, fig. 29;
- A. Angelini,Disegni ital. del tempo di Donatello (catal.), Firenze 1986, pp. 33–37;
- La pittura in Italia. Il Quattrocento, Milano 1987, pp. 283, 285, 345, 731 s.;
- A.Angelini, in Pittura di luce. Giovanni di Francesco e l’arte fiorentina di metà Quattrocento (catal., Firenze), a cura di L. Bellosi, Milano 1990, pp. 125–133;
- Il libro di Antonio Billi, a cura di F. Benedettucci, Anzio 1991, pp. 23, 88, 109;
- J. Ruda,Fra Filippo Lippi. Life and work…, London 1993, pp. 449–452, 490;
- C. Baker — T. Henry, The National Gallery. Complete illustrated catalogue, London 1995, pp. 526 s.; L’opera da ritrovare…, a cura di L. Morozzi — R. Paris, Roma 1995, pp. 53 s.;
- E. Fahy in A. di Lorenzo, Omaggio a Beato Angelico, Exh. cat., Museo Poldi Pezzoli, Milano, 2001, pp. 71–72;
- A. De Marchi, Catalogo della Pinacoteca Nazionale di Bologna, ed. J. Bentini & D. Scaglietti, 2004, vol. I, pp. 220–223, n.83
- C.B. Strehlke. Italian paintings 1250—1450. John G. Johnson Collection and the Philadelphia Museum of Art. 2004, pp. 352–356
- Da Donatello a Lippi. Officina pratese. Exh. cat. SKIRA, Milano, 2013, pp. 136–139.
- Վերածննդի դարաշրջանի մեծ նկարիչներ Բերգամոյի Կարրարա ակադեմիայից, М. 2014, էջ 54-61
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեզելլինո» հոդվածին։ |
|