Jump to content

Ուիլյամ Ջոզեֆ Դոնովան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ջոզեֆ Դոնովան
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, St. Joseph's Collegiate Institute? և Նիագարայի համալսար
Մասնագիտություն՝ փաստաբան, սպա, քաղաքական գործիչ, դիվանագետ և հետախույզ
Ծննդյան օր հունվարի 1, 1883(1883-01-01)[1][2][3]
Ծննդավայր Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանի օր փետրվարի 8, 1959(1959-02-08)[1][2][3] (76 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, ԱՄՆ
Թաղված Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Պարգևներ

Ուիլյամ Ջոզեֆ Դոնովան (անգլ.՝ William Joseph Donovan, ԱՄՆ-ում առավել հայտնի է «Վայրի Բիլ» անվամբ, Wild Bill[6], հունվարի 1, 1883(1883-01-01)[1][2][3], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[4] - փետրվարի 8, 1959(1959-02-08)[1][2][3], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և հատուկ ծառայությունների աշխատակից, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից որոշ ժամանակ անց Ռազմավարական ծառայությունների վարչության ղեկավարը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իռլանդիայից ներգաղթյալների ընտանիքում։ Սովորել է Նիագարա քոլեջում (անգլ.՝ Niagara College)։ 1905 թվականին բակալավրի աստիճան է ստացել Կոլումբիայի համալսարանում, իսկ 1907 թվականին նույն բուհում ստացել է նաև իրավաբանական գիտությունների բակալավրի աստիճան։ Սովորել է Նյու Յորքում, որտեղ ֆուտբոլային թիմում էլ ստացել է իր ողջ կյանքի ուղեկից «Վայրի Բիլ» մականունը[7] և մտերմացել Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հետ։ 1907 թվականին ավարտելով համալսարանը՝ ստացել է իրավաբանի որակավորում, սկսել աշխատել որպես գործող փաստաբան։ Եղել է ԱՄՆ հանրապետական կուսակցության ակտիվ անդամ, որտեղ էլ մտերմացել է նախագահ Հերբերտ Հուվերի հետո։ Ավելի ուշ, դարձել է վերջինիս քաղաքական խորհրդականը։ 1916 թվականին ընդունվել է ԱՄՆ Ազգային գվարդիայի շարքերը։

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան ռազմաճակատում։ 69-րդ հետևակային գնդի կազմում եղել է փոխգնդապետ։ 1918 թվականին էլ դարձել է 165-րդ գնդի հրամանատար։ Մարտական գործողությունների ժամանակ պարգևատրվել է Փառքի մեդալով, 3 անգամ դարձել «Մանուշակագույն սրտի» շքանշանակիր, ինչպես նաև արժանացել ամերիկյան և բրիտանական մի շարք այլ պարգևների։

Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ որոշ ժամանակ գտնվել է ռուսական բանակի արևելյան ռազմաճակատի հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Կոլչակի շտաբում՝ զբաղեցնելով կապի սպայի պաշտոն։ 1920 թվականի վերջին Միացյալ Նահանգներ վերադարձից հետո որոշ ժամանակ ծառայել է որպես փոխնահանգապետ, իսկ 1922 թվականին ընդունվել գլխավոր դատախազի գրասենյակ[8]` 1924-1929 թվականներին զբաղեցնելով նրա օգնականի պաշտոնը։ 1929-1941 թվականներին Նյու Յորքում զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ[9]։ Նրա հաճախորդների թվում, մասնավորապես, եղել է նաև Ուինսթոն Չերչիլը։ 1932 թվականին Նյու Յորքի նահանգապետի պաշտոնին նրա թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը։ Այդ ժամանակ, սակայն, Ուիլյամ Ջոզեֆ Դոնովանը պարտություն կրեց։ Երբ նախագահ ընտրվեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, Ուիլյամ Ջոզեֆ Դոնովանը Ուոլ Սթրիթի ամենաազդեցիկ փաստաբաններից մեկն էր և հասցրել էր կուտակել խոշոր կարողություն, որը գնահատվում էր միլիոնավոր դոլարներ։

Պատմաբանների կարծիքով՝ եղել է Ռուզվելտի «Նոր կուրսի» համոզված ընդդիմախոսներից մեկը։ 1940 թվականին գործուղվել է Միացյալ Թագավորություն՝ որպես Ֆրանկլին Ուիլյամ Նոքսի ռազմածովային հարցերով ոչ պաշտոնական ներկայացուցիչ-քարտուղար։ 1941 թվականի հուլիսի 11-ին Ռուզվելտը Դոնովանին նշանակել է տեղեկատվության հարցերով անձնական համակարգող (հետախուզական գործունեության ուղղությամբ)։ Ռուզվելտի կողմից բազմիցս ուղարկվել է Եվրոպա և Մերձավոր Արևելք՝ Դիմադրության շարժման հետ կապեր հաստատելու նպատակով։

1941 թվականի ապրիլին Ֆրանկլին Ուիլյամ Նոքսին ուղղված նամակում շարադրել է իր տպավորությունները բրիտանական հետախուզության գործունեության վերաբերյալ և ըստ այդմ իր մոտեցումներն առաջարկել ԱՄՆ-ում համանման հետախուզական կառույց ստեղծելու համար[10]։ Դոնովանն առաջարկել է, որ նոր ծառայության ղեկավարը նշանակվի ԱՄՆ նախագահի կողմից և պատասխանատվություն կրի միայն նրա առաջ։ Նա համարում էր, որ կառույցի բյուջեն պետք է գաղտնի լինի և հաստատվի նախագահի կողմից։ Բացի այդ, հետախուզական այդ կառույցը պետք է ինքնուրույն իրականացնի արտաքին հետախուզությունը, համակարգի արտասահմանում տեղեկատվության հավաքումը, դրա կենտրոնացված մշակումը, ինչպես նաև իրականացնի այլ առաջադրանքներ, որոնք կդրվեն նախագահի կողմից։

1942 թվականին պաշտոնապես զորակոչվել է և 1942 թվականի հունիսի 13-ին նշանակվել հատուկ նրա ղեկավարման համար ստեղծված Ռազմավարական ծառայությունների վարչության (անգլ.՝ Office of Strategic Services; OSS) տնօրեն, որը գործում էր Շտաբների պետերի կոմիտեի ենթակայության տակ։ Վարչությունը բաղկացած էր երեք բաժիններից՝ հետախուզություն, հատուկ գործողություններ, հետազոտություններ։ Նրա տեղակալը եղել է Ջոն Մագրուդերը։ Ուիլյամ Ջոզեֆ Դոնովանը ղեկավարմամբ իրականացվել է հետախուզական տեղեկատվության հավաքում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում, Եգիպտոսում և Եվրոպայում իրականացվել են դիվերսիոն գործողություններ։ Ստեղծել է լրտեսական՝ իր չափսերով աննախադեպ մեծ գաղտնի ցանց (մոտ 16 հազար մարդ)։ 1945 թվականի ապրիլի 12-ին նախագահ Ռուզվելտը մահացավ, իսկ Դոնովանի ազդեցությունը կտրուկ թուլացավ։

Նրան այդպես էլ չհաջողվեց ընդհանուր լեզու գտնել երկրի նոր ղեկավար կազմից հետ և պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականի սեպտեմբերի 20-ին Ռազմավարական ծառայությունների վարչությունը նախագահ Հարի Ս. Թրումանի կողմից կազմացրվեց, իսկ դրա գործառույթները փոխանցվեցին Պետքարտուղարությանն ու Պենտագոնին։ Սակայն 1947 թվականի սեպտեմբերի 18-ին, հաշվի առնելով Ռազմավարական ծառայությունների վարչության փորձը, ստեղծվեց Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ ԿՀՎ-ն։

1946 թվականին անցել է թոշակի։ Մասնակցել է Նյուրնբերգյան դատավարության գործընթացին՝ լինելով ԱՄՆ-ից նշանակված դատավոր Ռոբերտ Ջեքսոնի օգնականը[11]։ 1953-1954 թվականներին զբաղեցրել է Թաիլանդում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, սակայն արդեն 1,5 տարի անց, առողջության վատթարացման պատճառով, լքել է այդ պաշտոնը։ Նրա անունն ամրագրված է ԱՄՆ ռազմական հետախուզության փառքի սրահում։

Զինվորական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փոխգնդապետ (անգլ.՝ Lieutenant Colonel)՝ մինչև 1918 թվականը[12]։
  • Գնդապետ (անգլ.՝ Colonel)՝ 1918 թվականից, ինչպես նաև 1942 թվականին զինվորական ծառայության վերադարձից սկսած։
  • Բրիգադի գեներալ (անգլ.՝ Brigadier General), ստացել է 1943 թվականի մարտի 23-ին։
  • Գեներալ մայոր (անգլ.՝ Major General), ստացել է 1944 թվականի նոյեմբերի 10-ին[13]։

Կերպարը կինեմատոգրաֆիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կեղծ գայթակղություն» ֆիլմում գեներալ Բիլ Սալիվանի կերպարը մեծապես հիմնված է Ուիլյամ Ջոզեֆ Դոնովանի կենսագրության վրա։ Սալիվանի դերը մարմնավորել է ֆիլմի ռեժիսոր Ռոբերտ դե Նիրոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119383829 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
  6. Anthony Cave Brown The Last Hero: Wild Bill Donovan : the Biography and Political Experience of Major General William J. Donovan, Founder of the OSS and "father" of the CIA, from His Personal and Secret Papers and the Diaries of Ruth Donovan. — Times Books, 1982. — 936 с. — ISBN 978-0-8129-1021-6
  7. A Look Back … Gen. William J. Donovan Heads Office of Strategic Services Արխիվացված 2017-06-06 Wayback Machine(անգլ.)
  8. Thomas A. Rumer, The American Legion: A Official History, 1919–1989, New York: M. Evans and Co., 1990; p. 107.
  9. Waller 2011, p. 35.
  10. Troy N. F. Donovan and CIA. New York, 1984. P. 417, 418.
  11. Waller 2011, pp. 342–349.
  12. Medal of Honor Recipients — World War I Արխիվացված 2010-12-31 Wayback Machine(անգլ.)
  13. Major General, US Army William Donovan Արխիվացված 2011-08-21 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ջոզեֆ Դոնովան» հոդվածին։