Jump to content

Ներբող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներբող կամ օդա, չափածո ստեղծագործության հնագույն ժանր կամ երաժշտական ժանր։

  1. Որպես չափածո ստեղծագործական ժանր իրենից ներկայացնում է գովասանական կամ փառաբանական բովանդակություն ունեցող բանաստեղծություն։ Հին Հունաստանում նշանակել է երգեցողություն, երգչական ձայնով կատարվող ստեղծագործություն, ավելի ուշ՝ հանդիսավոր, բարոյախոսական բնույթի քնարական խմբերգային երգ։ Ներբողներ են գրել Պինդարոսը (մ.թ.ա. V դարում), Հորացիոսը (մ.թ.ա. I դարերին)։ Վերածննդի և Բարոկկոյի շրջանում (XVII—XVIII դարերին) «Ներբող» տերմինը գործածության մեջ է մտել պաթետիկորեն բարձր քնարական գործերը հատկանշելու համար (Պ. Ռոնսար՝ Ֆրանսիայում, Գ. Քյաբրերա՝ Իտալիայում, Ա. Քոուլի և Ջ. Դրայդեն՝ Անգլիայում, Գ. Ռ. Վեկեռլին՝ Գերմանիայում)։ Այնուհետե առաջատար ժանր է դարձել կլասիցիզմի (XVII— XVIII դարերին) գրականության մեջ (Ֆ. Մալերբ, Վոլտեր, Ժ. Բ. Ռուսո, Է. Լեբրեն՝ Ֆրանսիա)։ Ներբող իր տեսական ձևավորումն ստացել է ներբող Բուալոյի (1636—1711 թվականներին) «Քերթողական արվեստ» (1674 թվականին) տրակտատում։ Այն լայնորեն կիրառել են նաև ռուս բանաստեղծները (Վ. Տրեդյակովսկի, Մ. Լոմոնոսով, Գ. Գերժավին, Ա. Պուշկին)։ Հայ գրականության մեջ հայտնի են Դ. Վարուժանի («Ձոն»), Սիամանթոյի («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), Ե. Չարենցի («էպիքական լուսաբաց» և «Գիրք ճանապարհի» ժողովածուներում) ներբողները։
  2. Որպես երաժշտական ժանր հնում հանդիսացել է որևէ մեկին ուղղված երաժշտական ստեղծագործություն։ XVII դարից արևմտաեվրոպական երկրներում ներբող նշանակել է նաև պալատական տոնակատարությունների համար գրված վոկալ-գործիքային երաժշտական ստեղծագործություն որևէ պալատականի պատվին։ Անգլիայում մոտիկ է եղել կանտատին (Հ. Պյորսել, Գ. Ֆ. Հենդել)։ Գերմանիայում, կանտատակերպ ներբողների կողքին (Յո. Ս. Բախ, «Սգո ներբող», Լ. Բեթհովեն, 9-րդ սիմֆոնիայի ավարտը), տարածում են գտել նաև այլ տիպի երգ ներբողներ՝ նվագակցությամբ (Գ. Ֆ. Տելեման, Ֆ. է. Բախ, Ք. Վ. Գլյուկ)։ Հետագայում ստեղծվել են գործիքային ներբողներ։ Ավելի ուշ ներբող են կոչվել բազմազան ձևերի, կատարողական տարբեր կազմերի համար գրված հանդիսավոր, հիմնի բնույթի երկերը։ Ներբողներ են գրել Լ. Քերուբինին, Ֆ. Լիստը, Ժ. Բիզեն, Ի. Ստրավինսկին, Ս. Պրոկոֆևը, Ա. Խաչատրյանը («Ներբող Վ. Ի. Լենինի հիշատակին», «Ուրախության ներբող»)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 242