Նեյտրոնոգրաֆիա
Նեյտրոնոգրաֆիա (< նեյտրոն և ․․․ գրաֆիա), նեյտրոնների փնջի ցրման միջոցով մոլեկուլների, բյուրեղների և հեղուկների կառուցվածքի ուսումնասիրման մեթոդ։ Այս բնագավառում առաջին աշխատանքները կատարել է Էնրիկո Ֆերմին (1946-1948)։ Նեյտրոնոգրաֆիայի փորձերն իրականացվում են միջուկային ռեակտորներում ստացված ջերմային նեյտրոնների փնջերով, որոնց Դը Բրոյլի ալիքի երկարությունը համեմատական է մոլեկուլներում միջատոմային հեռավորություններին։ Դա հնարավոր է դարձնում նեյտրոնների դիֆրակցիան բյուրեղներում՝ երևույթ, որն ընկած է կառուցվածքային նեյտրոնոգրաֆիայի հիմքում։ Ի տարբերություն ռենտգենյան ճառագայթների և էլեկտրոնների, նեյտրոնները ցրվում են ատոմների միջուկներից, հետևաբար նեյտրոնների դիֆրակցիան տեղեկություններ է տալիս հետազոտվող նմուշի ոչ թե էլեկտրոնային, այլ միջուկային, այսինքն՝ ատոմամոլեկուլային կառուցվածքի մասին։ Միևնույն էներգիայի նեյտրոնների ցրման անկյունային բաշխվածության պատկերը կոչվում է նմուշի նեյտրոնոգրամ։ Նեյտրոնի մագնիսական մոմենտի առկայությունը, որը կարող է փոխազդել բյուրեղի ատոմների մագնիսական մոմենտների հետ, թույլ է տալիս իրականացնել նեյտրոնների մագնիսական դիֆրակցիան մագնիսակարգավորված բյուրեղներում․ այդ երևույթն ընկած է մագնիսական նեյտրոնոգրաֆիայի հիմքում։ Նեյտրոնոգրաֆիայի մեթոդը թույլ է տալիս ուսումնասիրել նյութի կառուցվածքին վերաբերող բազմազան հարցեր (օրինակ, կենսապոլիմերների, ամորֆ նյութերի կազմությունը, հատուկ համաձուլվածքների միկրոկառուցվածքը, նյութի ֆազային անցումները և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 222)։ |