Jump to content

Մյուրիշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Մյուրիշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու շրջան
ՀամայնքՄարտունու շրջան
Մակերես1066,6 հա կմ²
ԲԾՄ810 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն160 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC 4
Մյուրիշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մյուրիշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Մյուրիշեն, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում՝ Մարտունու շրջանում՝ նախկին Վարանդա գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Բովուրխանի լեռնազանգվածից դեպի արևելք ձգվող լեռնաճյուղի արևելահայաց թևերին։ Ընդհանուր առմամբ գյուղը շրջափակված է Պուղուս ղլեն քերծ, Կարմիր քերծ, Ախնավ, Քարեգ, Օռած թումբ, Մաչի մաննը, Դերին կալ սարերով և անտառապատ բլուրներով։ Բնակավայրի դիմաց գտնվում է Մաթեգ լեռը, որի վրա կա նաև սրբավայր[1]։

Համայնքը լեռնային է, ունի 1066,6 հա տարածք, որից 669,47 հա գյուղատնտեսական նշանակություն, 344,79 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 8 աղբյուրներ` «Քյահրիզ», «Պլլա ջուր», «Ղաթ», «Օխնը», «Ռուսեն», «Կարմիր Վերդի», «Խուդուն» և «Ծլլոկ»։

Առկա են իսլանդական շպատի հանքային պաշարներ։

Ծննդով Մյուրիշենցի, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիկ Հակոբյանը եկել էր այն եզրակացությանը, որ գյուղը գոյություն ունի 12-13-րդ դարերից։ Դրա վկայությունն է նաև Մյուրիշենի մոտ պահպանված Ծռած թումբ ամրոցի մնացորդները, հին գերեզմանոցի 12-16-րդ դարերի մահարձանները։ Ըստ ավանդության՝ բնակավայրը սկզբում գտնվում էր Աղվաշ կոչված տեղամասում։ 17-րդ դարի վերջերին և 18-րդ դարի սկզբներին բնակիչները որոշում են տեղափոխվել ավելի հարմարավետ վայր և իրենց գյուղի հարևանությամբ հիմնում Մյուրիշենը[1]։

Աղվաշ հնավայրում պահպանվում են խաչքարեր,տների պատերի հետքերը։

1869 թվականին կառուցվել է Սբ․ Էջմիածին եկեղեցին։

18-րդ դարի վերջերին Մյուրիշեն, Կաղարծի, Հադրութ և Շոշ բնակավայրերից որոշ ընտանիքներ տեղափոխվել են Շամախու գավառ և Մադրաս գյուղի հարևանությամբ հիմնել Մյուրիշեն գյուղը։ 1905-1906 թվականները հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Մյուրիշենը ճակատային գծում էր հայտնվել։ Հարևան Ավդալ և Գյուլափլու թուրքաբնակ գյուղերից ավազակախմբերը հարձակումներ էին գործում Մյուրիշեն և Ավդուռ հայկական գյուղերի վրա։ Հայ ինքնապաշտպաններին հաջողվում է հետ մղել այդ հարձակումները։ Վիճակը ավելի ծանրացավ 1918 թվականին, երբ ավազակախմբերին միացավ թուրքական կանոնավոր զորքը։ Արցախի կառավարության և տեղի ինքնապաշտպանական ջոկատներին հաջողվել է կանխել արհավիրքը։ Խորհրդային տարիներին Մյուրիշենը ներառված էր ԼՂԻՄ Մարտունու շրջանի վարչական կազմում[1]։

1930 թվականին գյուղում կազմակերպվել է կոլտնտեսություն։ Խոշորացման տարիներին՝ 1950-ական թվականներին, կազմակերպվել էր Մյուրիշենի և Ավդուռի միացյալ կոլտնտեսություն։ 1988 թվականին այն նորից առանձնացվել է։ 1998 թվականին հողերի սեփականաշնորհումից հետո ստեղծվել են անհատական տնտեսություններ։ Տարբեր տարիների Մյուրիշենի կոլտնտեսությունը ղեկավարել են Արշակ Հակոբյանը,Շահեն Հարությունյանը,Պողոս Պետրոսյանը,Վարդան Թովմասյանը,Ավագ Ավագյանը,Ռշտուն Առաքելյանը,Սլավիկ Պողոսյանը,Ռուբեն Գրիգորյանը,Գրիշա Մեժլումյանը,Բորիկ Մեժլումյանը[1]։

Հայրենական մեծ պատերազմին Մյուրիշենից մասնակցել է 156 մարդ,որոնցից զոհվել է 82-ը։ Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կառուցվվել։

Արցախյան ազատագրական պատերազմի հաղթանակի կերտման գործում իր ներդրումն է ունեցել նաև Մյուրիշենի հայությունը։ 1989-1990 թվականներին գյուղում կազմակերպվել է կամավորական ջոկատ։ Մարտական գործողություններին մասնակցել է 40 հոգի։ 6 ազատամարտիկներ զոհվել են։ ԱՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանի հետմահու արժանացել է Արկադի Զաքարյանը։

Ծննդով և ծագումով Մյուրիշենից են ԱՀ Գերագույն Խորհրդի Ազգային ժողով առաջին գումարման քարտուղար,պատմական գիտությունների թեկնածու,դոցենտ Վլադիկ Հակոբյանը, Ուկրաինայի հանրապետության ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Առաքելյանը[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Մյուրիշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 160 մարդ, կա 39 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 188 179 155

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1869 թ.), գերեզմանոց (15-17-րդ դարեր), ջրաղաց (19-րդ դար), գերեզմանոց (XV-XVII դդ.), Ծռած թումբ ամրոց բնակատեղին (10-12-րդ դարեր), հաշվառված է 11 հուշարձան։

Գյուղի աղբյուրներն են՝ Պլլաճուր, Ծլլոկ, Կարմիր, Վերդուն, Խուդոն, Ռուսեն, Կտավ, Օխնը, Կարապետի, Մալա, Ռուսեն, Ղաթ։ Մյուրիշենի հանդամասներն են՝ Սոնեն բաղ, Էրկան արտ, Ախնավ, Աղվաշ, Ճեխեն ծոր, Անձուղ արտ, Պառավ արտ, Արջեն պռակ, Քարեգ, Խուդոն չորքակ, Բադուն գյոլ, Մոշին ակն, Բուդաղա վեղ, Ղուզոն կյումեր, Գունե կյումեր, Ղզարա բաղ[1]։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Մյուրիշենցի բարերար Արմեն Սարգսյանի միջոցներով հիմնովին վերակառուցվել է Մյուրիշենի հուշակոթողը և կառուցվել նորը, որը նվիրված է ինչպես Հայրենական, այնպես էլ Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին[1]։ 1873 թվականին Մյուրիշենում բացվել էր եկեղեցական-ծխական դպրոց։ Ուսուցիչն էր Արշակ Տեր-Հայրապետյանը։ 1896 թվականին դպրոցը փակվել և վերաբացվել է 1906 թվականի սեպտեմբերին։ Դպրոցի ուսուցիչներն էին Լևոն Զաքարյանը և Ավետիս Գասպարյանը։ Դպրոցը պահվում էր բաքվաբնակ մյուրիշենցիների և ինչ-որ չափով աշակերտների ուսման վարձով[1]։

1928 թվականին Մյուրիշենում բացվել է տարրական դպրոց։ 1936-1937 ուսումնական տարում այն յոթնամյայի,իսկ 1964-1965 ուսումնական տարվանից՝ ութամյայի կարգավիճակ էր ստացել։ 1947-1948 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 132 աշակերտ։ 1980-ական թվականներին Մյուրիշենի դպրոցում սովորում էր առավելագույնը 42 աշակերտ, 2018-2019 ուսումնական տարում՝ 15 աշակերտ։ Կրթօջախը հիմնական դպրոցի կարգավիճակ ունի[1]։  

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 12 աշակերտներ[3]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 467–469.
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 250.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)