1860-ական թվականների սկզբին Բալակիրևի գլխավորությամբ կազմավորվել է «Ռուսական նոր երաժշտական դպրոց»-ը, որը հայտնի է նաև «Բալակիրևյան խմբակ» և «Հզոր խմբակ» անուններով։ 1862 թվականին խմբավար Գ․ Յա․ Լոմակինի հետ Պետերբուրգում հիմնադրել է Անվճար երաժշտական դպրոց։ 1867–1869 թվականներին Բալակիրև Ռուսական երաժշտական ընկերության գլխավոր դիրիժորն էր։ 1883–1894 թվականներին վարել է Պալատական երգեցիկ կապելլայի տնօրենի պաշտոնը։ Բալակիրևի ստեղծագործության կենտրոնական թեման ժողովուրդն է, ռուսական կյանքի և բնության պատկերները։ 1866 թվականին հրապարակված նրա «40 ռուսական ժողովրդական երգ ձայնի և դաշնամուրի համար» ժողովածուն դարձել է ժողովրդական երգերի մշակման դասական օրինակ։ «Ռուսական երեք թեմայով նախերգանք»-ում (1858, 2-րդ խմբ․՝ 1881), «1000 տարի» ռուս, երեք թեմայով երկրորդ նախերգանքում (1862, ուշ խմբ․՝ «Ռուսիա» սիմֆոնիկ պոեմ, 1887, 1907) և «Չեխական նախերգանքում» (1867, 2-րդ խմբ․՝ «Չեխիայում» սիմֆոնիկ պոեմ, 1906) ժողովրդական թեմաների սիմֆոնիկ զարգացման բնագավառում շարունակել է Գլինկայի ավանդույթները։ Բալակիրև մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Արևելքի (Կովկասի), լեհական, չեխական և իսպանական երաժշտական մշակույթի նկատմամբ։ Բնանկարային և ժողովրդա–պարային բնույթի թեմաներով գրված «Թամարա»-ն (1882, ըստ Լերմոնաովի համանուն բանաստեղծության) ծրագրային սիմֆոնիկ պոեմի լավագույն նմուշ է։ Բալակիրևի անվան հետ է կապված ռուս, էպիկական սիմֆոնիայի ստեղծումը (2 սիմֆոնիա, 1898 և 1908)։ Արևելյան գույներով հագեցած նրա պատկերավոր «Իսլամեյ» ֆանտազիան (1869) ազգային դաշնամուրային ոճը հիմնադրող երկերից է։ Նշանակալից են նաև Բալակիրևի երգերն ու ռոմանսները։ 1896-ին Բալակիրև բարձր է գնահատել Մ․ Եկմալյանի «Պատարագ» «Արցունքներ» գրական–գեղարվեստական–երաժշտական ժողովածուում (1907, Պետերբուրգ) տպագրվել է նրա ներդաշնակած «Հայկական երգ»-ը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 225)։