Մեծ փախուստ (ֆիլմ, 1963)
Մեծ փախուստ անգլ.՝ The Great Escape | |
---|---|
Ֆիլմի պաստառներից | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | Արկածային դրամա պատմական ռազմական |
Թեմա | փախուստ |
Հիմք | Մեծ Փախուստ |
Թվական | 1963 |
Պրեմիերա | Հունիսի 20, 1963 |
Լեզու | Անգլերեն Գերմաներեն Ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ջոն Սթարջես |
Պրոդյուսեր | Ջոն Սթարջես Ջեյմս Կլավել |
Սցենարի հեղինակ | Փոլ Բրիքհիլ (վեպ) Ջեյմս Կլավել Ուիլիամ Բարնեթ Ուոլթեր Նյուման |
Դերակատարներ | Սթիվ Մակքուին Ջեյմս Գարներ Ռիչարդ Աթենբորո Ջեյմս Դոնալդ Չարլզ Բրոնսոն Դոնալդ Փլիզենս Ջեյմս Կոբուրն Դեյվիդ Մակկալում |
Օպերատոր | Դենիել Ֆեփ Ուոլթեր Ռիմլ |
Երաժշտություն | Էլմեր Բեռնստայն |
Մոնտաժ | Ֆերիս Ուեբստեր |
Պատմվածքի վայր | Գերմանիա |
Նկարահանման վայր | Գրոսսհեսսոլոհե |
Կինոընկերություն | United Artists Mirisch Company |
Տևողություն | 165 րոպե |
Բյուջե | 3 800 000 $ |
Շահույթ | 11 744 471 $ |
MPAA վարկանիշ | |
The Great Escape (film) Վիքիպահեստում |
«Մեծ փախուստ» (անգլ.՝ The Great Escape), 1963 թվականին նկարահանված ամերիկյան պատմական դրամա։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Սթիվ Մակքուինը, Ջեյմս Գարները և Ռիչարդ Աթենբորոն։ Ֆիլմում նկարագրվում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բրիտանական համագործակցության սպաների փախուստը ռազմագերիների ճամբարներից։
Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է ավստրալիացի ռազմական օդաչու և նախկին ռազմագերի Փոլ Բրիքհիլի՝ 1950 թվականին հրատարակած համանուն վեպը, որը պատմում է Նացիստական Գերմանիայի Շագան քաղաքում (ներկայումս՝ Ժագան) գտնվող «Շտալագ լուֆթ III» ռազմագերիների ճամբարում իրականացված զանգվածային փախուստի մասին։
Ֆիլմի հերոսներն ստեղծված են իրական անձանց նախատիպով, իսկ որոշ դեպքերում՝ մի քանիսի հավաքական կերպարներն են։ Այնուամենայնիվ, որոշ դեպքեր ֆիլմում փոփոխված են։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1963 թվականի հունիսի 20-ին՝ Լոնդոնի «Օդեոն Լեյքաստեր սքուեր» կինոթատրոնում[1]։
Առաջադրվել է Ակադեմիայի մրցանակի՝ «լավագույն մոնտաժի» անվանակարգում, ինչպես նաև Ոսկե գլոբուսի՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարունակ փախուստ գործող դաշնակից ռազմագերիների վերահայտնաբերման վրա հսկայական ռեսուրսներ ծախսելուց հետո, 1943 թվականին Նացիստական Գերմանիայի կառավարության կողմից ի վերջո ստեղծվում է ռազմագերիների համար նախատեսված «Շտալագ լուֆթ III» բարձր հոսկողությամբ համակենտրոնացման ճամբարը, որտեղ էլ տեղափոխում են կալանավորված օդագնացների մեծ մասին։ Ֆաշիստական պահակախմբի զինվորական պարետ (կոմանդանտ), գնդապետ ֆոն Լյուգերը (Հաննես Մեսեմեր) շտապում է տեղեկացնել ճամբար ժամանած բրիտանացի ավագ սպա, ավիացիայի գնդապետ Ռամզիին (Ջեյմս Դոնալդ), որպեսզի վերջինս իր ռազմագերի ծառայակիցների հետ զերծ մնա փախուստ գործելու մտադրությունից։ Ֆոն Լուգերը շտապում է հայտնել Ռամզիին ճամբարի զանազան կառուցվածքների ու նորամուծությունների մասին, որոնց շնորհիվ ոչ մեկի մտքով չի անցնի փախուստ գործելը։ Միևնույն ժամանակ ֆոն Լյուգերը նշում է, որ ճամբարում բավականին առավելություններ կան։ Առաջին օրվա ընթացքում բլից-փախուստի մի քանի ձախողված փորձից հետո, ռազմագերիներն ի վերջո հիմնվում են ճամբարում։
Միևնույն ժամանակ, Գեստապոյի և Անվտանգության ծառայության գործակալների կողմից ճամբար է բերվում Մեծ Բրիտանիայի արքայական օդային ուժերի ավիաջոկատի առաջնորդ Ռոջեր Բարթլեթը (Ռիչարդ Աթենբորո)։ Լայն շրջանակներում հայտնի լինելով «Մեծ Իքս» պատվանվամբ, Բարթլեթը ֆիլմում ներկայացվում էր որպես փախուստների գլխավոր կազմակերպիչ։ Բարթլեթին բանավոր կերպով զգուշացնում են, որ եթե վերջինս կրկին փախուստի փորձ կատարի, ապա բռնվելու դեպքում անմիջապես կգնդակահարվի։ Այնուամենայնիվ, իր շուրջ համախմբելով ճամբարում հաստատված փախուստի մասնագետներին, Բարթլեթը պլանավորում է իրագործել բոլոր ժամանակների մեծագույն փախուստը՝ նախատեսելով ընդհատակյա թունելների միջով դուրս բերել 250 ռազմագերու։ Փախուստի գերնպատակն էր հնարավորինս քամել ֆաշիստական ուժերի ռեսուրսները, որպեսզի դրանք չօգտագործվեին ռազմաճակատում։
Փախուստի իրագործման աշխատանքների համար ձևավորվում են հատուկ խմբեր։ Լեյտենանտ Ռոբերտ Հենդլին (Ջեյմս Գարներ), ով Արքայական ուժերում ծառայող ամերիկացի էր, դարձել էր ծրագրի մատակարարը, անհասկանալի և երբեմն՝ տարօրինակ ճանապարհներով կարողանալով հայթայթել անհրաժեշտ իրեր՝ ֆոտոխցիկից մինչև համազգեստներ ու նույնականացման քարտեր։ Ավստրալիացի Լուիս Սեդվիկը (Ջեյմս Քոբերն) պատրաստում էր անհրաժեշտ գործիքներ, օրինակ՝ բահեր փորելու համար կամ փքոց՝ թունելներում օդ մղելու համար։ Օդային ուժերի լեյտենանտներ Դենի Վելինսկին (Չարլզ Բրոնսոն) և Ուիլիամ Դիքեսը (Ջոն Լեյտոն) ստացել էին «թունելային արքաներ» մականունը, քանի որ զբաղվում էին փորման աշխատանքներով։ Բարթլեթի աջ ձեռք, լեյտենանտ Էնդրյու Մաքդոնալդը (Գորդոն Ջեքսոն) պատասխանատու էր հետախուզության համար։ Արքայական ռազմածովային ուժերի լեյտենանտ-հրամանատար Էրիկ Էշլի-Փիթը (Դեյվիդ Մակկալում) զբաղվում էր փորված հողի գաղտնի դուրսբերմամբ։ Լեյտենանտ Գրիֆիտը (Ռոբերտ Դեզմոնդ) զբաղվում էր դերձակությամբ և գողացված կտորեղեններով քաղաքացիական հագուստ գործում ռազմագերիների համար։ Փաստաթղթերի կեղծումը վստահվում է լեյտենանտ Քոլին Բլայդին (Դոնալդ Պլեզենս), ով շարունակաբար մոմի լույսի տակ աշխատելիս, ձեռքբերած կարճատեսության պատճառով գրեթե կորցնում է տեսողությունը։ Հենդլին իր վրա է վերցնում Բլայդի փախուստի պատասխանատվությունը։ Ռազմագերիները միանգամից երեք թունել են փորում՝ դրանք անվանելով «Թոմ», «Դիք» և «Հարի»։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի կապիտան Վիրջիլ Հիլթսը (Սթիվ Մակքուին) դարձել էր պահակախմբի մղձավանջը՝ անընդհատ փախուստի փորձեր կատարելով և խիստ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նրանց հանդեպ։ Ամեն անգամ բռնվելուց և ճամբար վերադարձվելուց հետո Հիլթսը հայտնվում էր պատժախցերում, ինչի շնորհիվ էլ ստացել էր «պատժախցի արքա» պատվանունը։ Արքայական օդային ուժերի շոտլանդացի սպա Արչիբալդ Այվզը (Անգուս Լենի) Հիլթսի հետ պլանավորում էր գիշերը ճամբարի եզրային մասում փոքր թունել փորելով դուրս գալ արտաքին աշխարհ։ Բարթլեթն համաձայնում է տվյալ գաղափարի հետ, համոզված լինելով, որ եթե այդ երկուսը բռնվեն, հսկիչները կկարծեն, որ տվյալ ճանապարհով այլևս ոչ մեկի մտքով չի անցնի փախուստ գործել։ Ինչևէ, Հիլթսն ու Այվզը բռնվում և ետ են բերվում ճամբար, հերթական անգամ հայտնվելով հարազատ պատժախցերում։ Պատժախցի ժամկետի ավարտվելուն պես, Բարթլեթն ու Մաքդոնալդը Հիլթսին խնդրում են, որպեսզի կրկին փախուստի փորձի կատարի՝ այս անգամ հետախուզական բնույթի, որպեսզի բռնվելուց հետո ճամբարակիցներին կարողանա ցույց տալ մոտակա քաղաքի տեղադիրքը ճամբարից։ Այդ ընթացքում Հենդլին ընկերանում է գերմանացի պահակ Վերների հետ (Ռոբերտ Գրաֆ), ումից կարողանում է հափշտակել փաստաթղթեր, ինչպես նաև շանտաժի միջոցով նրանից փախուստի համար անհրաժեշտ նյութեր է կորզում։ Բարթլեթի հրամանով «Դիք» և «Հարի» թունելները փակվում են և բոլոր ուժերը կենտրոնացվում են «Թոմի» վրա, քանի որ վերջինս ամենամոտն էր ավարտին։
Մինչ ռազմագերիները վայելում էին ամերիկացի կոլեգաների կազմակերպած հուլիսի 4-ի տոնակատարությունը, պահակները հայտաբերում են «Թոմ» թունելը։ Տոնական օրվա խինդն անմիջապես վերածվում է հուսահատության, երբ ամենից շատ ընկճված Այվզը խուճապահար մագլցում է ճամբարը շրջապատող փշալարը։ Հիլթսը շտապում է Այվզին ետ պահելու, սակայն արդեն ուշ էր. գրեթե ցանկապատի կատարին հասած Այվզը դառնում է գնդացիրի թիրախատեղին։ Ռազմագերիներն ուժերը կենտրոնացնում են «Հարիի» վրա, իսկ Հիլթսը համաձայնում է հետազոտական փախուստ իրականացնել և անմիջապես հանձնվել։ Հիլթսի բերած տեղեկության հիման վրա քարտեզներ են կազմվում՝ նշմարելով մոտակա քաղաքի և երկաթգծի տեղադիրքը։
Թունելի վերջնամասն ավարտին է հասցվում հենց փախուստի գիշերին, սակայն շուտով պարզ է դառնում, որ փորված թունելի ելքամասը 20 ոտնաչափ ետ է անտառից և գտնվում է ճամբարի ցանկապատի և ծառների միջև։ Այնուամենայնիվ Բարթլեթը հրամայում է շարունակել պլանի իրագործումը։ Հիլթսը դուրս է գալիս և թփերում թաքնվելով, ազդանշաններով հասկացնում ընկերներին, թե երբ կարելի է դուրս գալ արտաքին աշխարհ։ Կլաուստրոֆոբիայով տառապող Դենին քիչ է մնում հրաժարվի փախչելուց, սակայն նրան օգնության է հասնում Ուիլին։ Ընդհանուր առմամբ ճամբարից փախուստ է գործում 76 ռազմագերի։ Մնացյալ գերիների փախուստը ձախողվում է այն պահին, երբ անհամբերության պատճառով դերձակ Գրիֆիտը չի սպասում ազդանշանին և ինքնագլուխ դուրս է գալիս հորից։ Գերմանացիները միանգամից հայտնաբերում են կատարվածի մասին։
Փախստականները փորձում էին հասնել դեպի Շվեյցարիա, Շվեդիա և Իսպանիա (Երկրորդ աշխարհամարտի տարիներին դրանք չեզոք երկրներ էին), սակայն ճանապարհին կամ ձերբակալվում էին կամ էլ՝ գնդակահարվում։ Հենդլին ու Բլայդը մի օդանավ են գողանում և դրանով փորձում անցնել շվեյցարական սահմանը, սակայն շուտով խաթարվում է օդանավի շարժիչը և նրանք վթարային վայրէջք են կատարում։ Զինվորները դեպքի վայր հասնելուն պես մահացու վիրավորում են Բլայդին, իսկ Հենդլին հանձնվում է։ Երբ մարդաշատ կայարանում գեստապոյական գործակալը ճանաչում է Բարթլեթին, Էշլի-Փիթը սեփական ատրճանակով գնդակահարում է գործակալին, սակայն փախուստի ժամանակ ինքն է սպանվում։
Իրարանցման շնորհիվ Բարթլեթն ու Մաքդոնալդը ճողոպրում են, սակայն բռնվում են այն ժամանակ երբ ավտոբուս նստելիս կասկածամիտ գեստապոյականը Մաքդոնալդին անգլերենով հաջողություն է մաղթում, ինչին վերջինս անզգուշորեն պատասխանում է կրկին անգլերենով։ Հիլթսը մի մոտոցիկլետ է գողանում։ հասնելով շվեյցարա-գերմանական սահման, Հիլթսը մոտոցիկլետով թռիչք է գործում դեպի սահմանային գոտի, սակայն երկրորդ փորձ կատարելիս վայրէջք կատարում ուղիղ փշալարի վրա։
Վերաձերբակալված ռազմագերիներով լի երեք բեռնատար բաժանվում են երեք տարբեր ուղղությունների։ Բեռնատանրերից մեկը, որը տանում էր Բարթլեթին, Մաքդոնալդին, Քավենդիշին, Հեյնսին և այլ սպաների կանգ է առնում դաշտում։ Գերմանացի զինվորականները գերիներին հրամայում են դուրս գալ և «մի փոքր հանգստանալ», քանի որ դեռ երկար ճանապարհ էր սպասվում մինչև ճամբարը։ Բոլոր ռազմագերիների դուրս գալուն պես գերմանացիները նրանց ուղղությամբ սկսում են գնդացրի կրակահերթ բացել։ Հիսուն ռազմագերի կնքում է մահկանացուն։ Շուտով ճամբար են վերադառնում Հենդլին և ևս ինը փախստական։ Ֆոն Լյուգերն ազատվում է զինվորական պարետի պարտականություններից։
Փախստականներից միայն երեքին է հաջողվում ապահով հեռանալ. Դենին և Ուիլին մի մակույկ են հայտնաբերում և գետի ստորին հոսքով դուրս գալիս դեպի Բալթիկ ծով, որտեղ էլ միանում շվեդական առևտրական նավի անձնակազմին, այդ ընթացքում Սեդվիկը հեծանվով հասնում է մի բեռնատար նավի, որտեղ էլ ֆրանսիական դիմադրության շարժման ներկայացուցիչների օգնությամբ անցնում իսպանական սահմանը։
Շուտով գերմանացի զինվորականները ճամբար են վերադարձնում նաև Հիլթսին։ Ճակատագրի հեգնանքով Հիլթսի ժամանման պահին պաշտոնազրկված ֆոն Լյուգերը պատրաստվում էր լքել ճամբարը։ Զինվորականները Հիլթսին ուղեկցում են պատժախուց, որն արդեն վաղուց հարազատ միջավայրի էր վերածվել։
Ֆիլմն ավարտվում է հետևյալ մակագրությամբ. «Կինոնկարը նվիրվում է հիսունի հիշատակին»՝ նկատի ունենալով գնակարաված 50 փախստականներին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Սթիվ Մակքուին | Հիլթս («Պատժախցի արքա») |
Ջեյմս Գարներ | Հենդլի («Մուրացող») |
Ռիչարդ Աթենբորո | Բարթլեթ («Մեծ Իքս») |
Ջեյմս Դոնալդ | Ռամզի («Էս Բի Օու») |
Չարլզ Բրոնսոն | Դենի («Թունելային արքա») |
Դոնալդ Պլեզենս | Բլայդ («Զեղծարար») |
Ջեյմս Քոբերն | Սեդվիկ («Արտադրող») |
Հաննես Մեսեմեր | ֆոն Լյուգեր («Կոմանդանտ») |
Դեյվիդ Մակկալում | Էշլի-Փիթ («Ցրող») |
Գորդոն Ջեքսոն | Մաքդոնալդ («Հետախույզ») |
Ջոն Լեյտոն | Ուիլի («Թունելային արքա») |
Անգուս Լեննի | Այվզ («Խլուրդ») |
Նայջել Սթոք | Քավենդիշ («Հետազոտող») |
Ռոբերտ Գրաֆ | Վերներ («Ժանտաքիս») |
Ջադ Թեյլոր | 1-ին լեյտենանտ Գոֆ |
Հանս Ռայզեր | Հեր Քյուն, գեստապո |
Հարի Ռիբաուեր | Շտրացվից |
Ուիլյամ Ռասել | Սորրեն |
Ռոբերտ Ֆրայթագ | Կապիտան Պոզեն |
Ուլրիխ Բայգներ | Փռայզեն |
Ջորջ Միկել | Լեյտենանտ Դիտրիխ |
Լոուրենս Մոնտեյն | Հեյնս |
Ռոբերտ Դեզմոնդ | Գրիֆիթ («Դերձակ») |
Թիլ Քիվե | Ֆրիկ |
Հայնց Վայս | Կրամեր |
Թոմ Ադամս | Դայ Նիմո |
Կարլ-Օտտո Ալբերտի | Սպա Ստայնախ |
Արթուր Ատկինսոն | Բրիտանացի սպա Չառլի (նշված չէ տիտրերում) |
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սյուժեն վերցված է Փոլ Բրիքհիլի «Մեծ փախուստ» վեպից։ Բրիքհիլը Երկրորդ աշխարհամարտի տարիներին նույնպես գերեվարվել և տեղափոխվել է «Շտալագ Լուֆթ III» ճամբար։
Ֆիլմն ունի գեղարվեստական բնույթ՝ հիմնված իրական պատմական դեպքերի վրա։ Այնուամենայնիվ, կոմերցիոն հաջողությունն ապահովելու և ժամանակի հոլիվուդյան պահանջները բավարարելու համար կինոնկարում առկա են մի շարք արմատական փոփոխություններ։ Կերպարների մեծամասնությունը հորինված է, իսկ որոշ դեպքեր՝ ձևափոխված։ Այնուամենայնիվ, շատ կերպարներ բազմաթիվ իրական մարդկանց ամալգամներն են։ Մասնավորապես, պատմական փախուստի ժամանակ չեն օգտագործվել ոչ օդանավեր, և ոչ էլ՝ մոտոցիկլետներ։ Դերասան Սթիվ Մակքուինը, ով մոլի մոտոցիկլահար էր, անձամբ էր խնդրել սցենարիստական անձնակազմին, որպեսզի ֆիլմում մտցվի նման դրվագ։ Բացի ֆիլմի վերջնամասից, մնացյալ բոլոր մոտոցիկլային տեսարանները կատարել է անձամբ Մակքուինը[3]։ Վերաձերբակալված ռազմագերիներին իրականում երբեք նույն տեղում չեն պահել։ Չնայած իրական փախուստի կազմակերպման մեջ հիմնական դերակատարումն ունեցել են բրիտանացի և դաշնակից այլ ռազմագերիները, ֆիլմում բավականին հաճախ ընդգծվում է ամերիկացիների ներդրումը։ Իրականում թունելի կառուցման և փախուստի պլանի նախնական մշակման մեջ ներգրավված են եղել որոշ ամերիկացի ռազմագերիներ, սակայն նրանց հետագայում տեղափոխել են այլ ճամբար՝ պատմական փախուստից ուղիղ յոթ ամիս առաջ[4]։ Բացի այդ, ըստ ֆիլմի, ապահով փախուստ գործած երեք գերիները բրիտանացի, լեհ և ավստրալիացի էին, այնինչ իրականում նրանցից երկուսը եղել են նորվեգացի (Յենս Մյուլլեր և Պեր Բերգսլանդ), իսկ մեկը՝ հոլանդացի (Բրամ վան դեր Ստոկ)[5]։
Ֆիլմում ընդհանրապես չի հիշատակվում թունելների կառուցման և փախուստի նախապատրաստման մեջ կանադացիների ունեցած առանցքային դերակատարման մասին։ Մոտ 1800 ռազմագերուց բաղկացած ճամբարում փախուստի նախապատրաստման մեջ ընդգրկված են եղել 600-ը, որոնցից 150-ն ունեցել են Կանադայի քաղաքացիություն։ Նկարահանման հրապարակում որպես տեխնիկական խորհրդական է աշխատել Կանադայի արքայական օդային ուժերի նախկին օդաչու և հանքային ինժեներ Ուոլի Ֆլադին։ Վերջինս եղել է պատմական փախուստի «Թունելային արքան» (ֆիլմում տվյալ կերպարին մարմնավորում է Չարլզ Բրոնսոնը)[6]։
Պատմական փախուստի ժամանակ ռազմագերիներն իրենց հասցեագրված օգնության փաթեթներում բազմաթիվ քողարկված քարտեզներ, գործիքներ և այլ թղթեր են ստացել։ Բազմաթիվ նախկին ռազմագերիներ ռեժիսորին խնդրեցին չհիշատակել այդ փաստի մասին՝ հետագա նմանատիպ փախուստները վտանգի չենթարկելու համար։ Անձնակազմը համաձայնեց։
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվ Մակքուինի կերպարը վերցված է առնվազն երեք ռազմական օդաչուի գործունեությունից (Դեյվիդ Ջոնս, Ջոն Դորթչ և Ուիլյամ Էշ) և համարվում է ֆիլմի գլխավոր հերոսը։ Ինքը՝ Մակքուինը հետպատերազմյան տարիներին ծառայել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում և Արկտիկայում անցկացված զորավարժություններից մեկում կարողացել է փրկել ծառայակիցների կյանքը։
Ռիչարդ Աթենբորոին բաժին է ընկնում Մեծ Բրիտանիայի արքայական օդային ուժերի ավիաջոկատի առաջնորդ Ռոջեր Բարթլեթի («Մեծ Իքս») դերը, որը հիմնված է պատմական փախուստի կազմակերպիչ Ռոջեր Բուշելի վրա։ Ֆիլմի շնորհիվ Աթենբորոն մեծ ճանաչում է ձեռք բերում Միացյալ Նահանգներում։ Աթենբորոն նույնպես զբաղվել է զինվորական գործունեությամբ՝ ծառայելով Արքայական օդային ուժերում[7]։
Ավագ սպա Ռամզիի կերպարը ներշնչված էր ավիացիայի գնդապետ Հերբերտ Մեսսիի կերպարով։ Վերջինս մասնակցություն էր ունեցել թե՛ Առաջին և թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմներում։ Ռամզիի դերում հանդես է գալիս դերասան Ջեյմս Դոնալդը։ Երկու պատերազմներում նույն ոտքին ստացած վնասվածքների պատճառով Մեսսին կաղում էր և քայլում միայն ձեռնափայտի օգնությամբ։ Հենց նույն ձևով էլ ֆիլմում պատկերվում էր Ռամզիի կերպարը։ Չնայած Մեսսին փախուստ գործելու մասին անգամ երազել չէր կարող, որպես վերադաս նա պետք է միշտ իրազեկված լիներ ամեն ինչից։ Նախկինում փախուստի բազմաթիվ փորձեր կատարելիս Մեսսին գրեթե միշտ ընդհարվել է գեստապոյի հետ։ Ենթադրաբար Ջեյմս Դոնալդի կերպարը մասամբ հիմնված էր նաև մեկ այլ բրիտանացի զինվորականի՝ հրամանատար Հարի Դեյի վրա, քանզի Դոնալդն արտաքնապես բավականին նման էր նրան[8]։
Արքայական օդային ուժերի լեյտենանտ Քոլին Բլայդը, ում ֆիլմում մարմնավորում է Դոնալդ Պլեզենսը, հիմնված է ոմն զինվորական Թիմ Վալենի վրա։ Ինչպես դերասանական կազմի շատ անդամներ, Պլեզենսը նույնպես զինվորական փորձ ուներ՝ Պատերազմի տարիներին ծառայելով Արքայական օդային ուժերում։ Պլեզենսի օդանավը կործանվել էր գերմանական հետևակի կողմից, և նա շուրջ մեկ տարի անցկացրել էր «Շտալագ Լուֆթ I» ռազմագերիների ճամբարում։
Չարլզ Բրոնսոնը որպես գնդացրորդ ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերում և օդային հրաձգություններից մեկում վիրավորվել։ Ինչպես ֆիլմում նրա մարմնավորած կերպարը՝ Դենի Վելինսկին, Բրոնսոնը նույնպես տառապում էր կլաուստրոֆոբիայով, ինչպես նաև նախկինում զբաղվել էր հանքափորությամբ։
Ջեյմս Գարները կրկնակի վիրավորվել էր Կորեական պատերազմին մասնակցելու տարիներին։
Ճամբարի կոմանդանտ ֆոն Լյուգերի կերպարը ստեղծված էր նացիստական բանակի սպա Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Լինդայներ-Վիլդաուի նախատիպով[9]։ Ֆոն Լյուգերի դերում հանդես է գալիս գերմանացի դերասան Հաննես Մեսեմերը, ով Պատերազմի տարիներին հայտնվել էր խորհրդային ռազմագերիների ճամբարում։ Մեսեմերին հաջողվել էր փախուստ գործել ճամբարից և անցնել գերմանական սահմանը[10]։
Արչիբալդ Այվզը (դեր.՝ Անգուս Լենի) հիմնված էր Ջիմմի Քիդելի կերպարի վրա, ով խուճապահար փորձել էր մագլցել ճամբարը շրջապատող փշալարը, սակայն դարձել էր գնդացիրի թիրախատեղին[11]։
Նկարահանման վայրի ընտրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է Բավարիայի կինոստուդիայում, Բավարիայի Գայզելգայստայգ գյուղական արվարձանում, որտեղ էլ նկարահանման աշխատանքների համար «Շտալագ Լուֆթ III»-ի նախատիպով կառուցվել է ստուդիական ճամբարը՝ իր խրճիթներով և արհեստական թունելներով։ Կառուցված ճամբարը գտնվում էր Պարլաչեր կոչվող անտառի բացատում[12][13]։ Պատմական ճամբարը գտնվել է Նացիստական Գերմանիայի Շագան քաղաքի մոտակայքում (ներկայումս Լեհաստանի Ժագան քաղաքն է)։ Ֆիլմում քաղաքը կրում է Նոյշտադտ անվանումը։ Բազմաթիվ քաղաքային տեսարաններ նկարահանվել են Բավարիայի Շվաբիա վարչական շրջանի Ֆյուսեն քաղաքում։ Ոչ հեռու գտնվող Փֆրոնտեն կոմունան և տեղի Սուրբ Նիկողայոսի եկեղեցին նույնպես հաճախ երևում են ֆիլմում։
Բազմաթիվ տեսարաններ, որոնցում պատկերվում են գնացքներ և երկաթգծի կայարաններ, նկարահանվել են Դայզենհոֆեն կայարանում և Գրոսսհեսսոլոհե-Հոլցկիրհեն երկաթուղային գծում։ Բլայդն ու Հենդլին օդանավով փախուստ կատարելիս անցնում են Նոյշվանշտայնի ամրոցի վրայով[14]։
Ֆիլմի վերջին տեսարաններից մեկը, որտեղ Հիլթսը մոտոցիկլետով հայտնվում է միջպետական սահմանի փշալարերի վրա, նկարահանվել է Ֆյուսենի մարգագետիններում։ «Փշալարը» պատրաստված է եղել անփուշ մետաղալարի վրա ձգված կաուչուկե շերտերից։ Այն ազատ ժամանակ պատրաստել էին դերասաններն ու նկարահանող խմբի աշխատակիցները։ Վերջին մոտոցիկլետային թռիչքի ժամանակ Սթիվ Մակքուինին փոխարինել է կասկադյոր Բադ Էկինսը։ Մնացած բոլոր տեսարաններում մոտոցիկլետը վարում է հենց Մակքուինը։
Ցուցադրություն, քննադատական կարծիքներ և հետագա հիշատակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի բյուջեն կազմել է 4 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ համաշխարհային կինովարձույթում եկամուտը կազմել է 11 744 471 ԱՄՆ դոլար։ Չնայած ծանրակշիռ մրցակցությանը, «Մեծ փախուստն» այս կերպ դառնում է 1963 թվականի բարձր կոմերցիոն հաջողություն գրանցած կինոնկարներից մեկը։ Մեծ պրեմիերայից ի վեր, տարիների ընթացքում ֆիլմին հաջողվել է հանդիսատեսների մեծ բանակ հավաքել և իր տեղը զբաղեցնել բոլոր ժամանակների դասական կինոնկարների շարքում[15]։ 1963 թվականի հուլիսի 21-ին Սթիվ Մակքուինը Մոսկվայի 3-րդ միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում արժանանում է արծաթե մրցանակի[16]։
Կինոքննադատների և լայն հանրության շրջանակներում «Մեծ փախուստն» արժանանում է բարձր գնահատանքի։ «Rotten Tomatoes» կինոբազայում ֆիլմի վարկանիշը կազմում է 93%[17]։ IMDb վարկածով բոլոր ժամանակների 250 լավագույն ֆիլմերի ցուցակում ֆիլմը, 2016 թվականի նոյեմբերի դրությամբ, գրավում է 124-րդ տեղը[18]։
2006 թվականին, Մեծ Բրիտանիայի հեռուստադիտողների շրջանում անցկացվել էր հարցում, թե որ կինոնկարը կնախընտրեին դիտել Սուրբ ծնունդին։ Առաջին հորիզոնականը զբաղեցնում էր «Այս հրաշալի կյանքը», երկրորդը՝ «Օզ երկրի հրաշագործը», իսկ «Մեծ փախուստին» բաժին է ընկնում 3-րդ հորիզոնականը։ Բացի այդ, այն տղամարդ հեռուստադիտողների առաջին ընտրությունն էր[19]։
2009 թվականին, պատմական Մեծ փախուստի 65-րդ տարելիցին, յոթ նախկին ռազմագերիներ վերադարձան «Շտալագ Լուֆթ III»։ Ֆիլմը ցուցադրվեց միջոցառման ժամանակ[20]։ 2014 թվականին Արքայական օդային ուժերի կողմից անցկացվեց փախուստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որի ժամանակ սպայական անձնակազմի հիսուն անդամներ պահում էին զոհված ռազմագերիների լուսանկարները[21]։
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին սկավառակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Original Motion Picture Soundtrack | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Main Title» | 2:30 | |||||||
2. | «At First Glance» | 3:07 | |||||||
3. | «Premature Plans» | 2:28 | |||||||
4. | «If At Once» | 2:31 | |||||||
5. | «Forked» | 1:28 | |||||||
6. | «Cooler» | 1:59 | |||||||
7. | «Mole» | 1:28 | |||||||
8. | «"X"/Tonight We Dig» | 1:30 | |||||||
9. | «The Scrounger/Blythe» | 3:50 | |||||||
10. | «Water Faucet» | 1:23 | |||||||
11. | «Interruptus» | 1:33 | |||||||
12. | «The Plan/The Sad Ives» | 1:43 | |||||||
13. | «Green Thumbs» | 2:28 | |||||||
14. | «Hilts And Ives» | 0:38 | |||||||
15. | «Cave In» | 2:01 | |||||||
16. | «Restless Men» | 1:56 | |||||||
17. | «Booze» | 1:47 | |||||||
18. | «"Yankee Doodle"» | 0:55 | |||||||
19. | «Discovery» | 3:40 |
Երկրորդ սկավառակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Original Motion Picture Soundtrack (Cont'd) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Various Troubles» | 3:52 | |||||||
2. | «Panic» | 2:05 | |||||||
3. | «Pin Trick» | 0:59 | |||||||
4. | «Hendley’s Risk» | 1:43 | |||||||
5. | «Released Again/Escape Time» | 5:25 | |||||||
6. | «20 Feet Short» | 3:06 | |||||||
7. | «Foul Up» | 2:37 | |||||||
8. | «At The Station» | 1:33 | |||||||
9. | «On The Road» | 3:27 | |||||||
10. | «The Chase/First Casualty» | 6:49 | |||||||
11. | «Flight Plan» | 2:09 | |||||||
12. | «More Action/Hilts Captured» | 6:07 | |||||||
13. | «Road’s End» | 2:06 | |||||||
14. | «Betrayal» | 2:20 | |||||||
15. | «Three Gone/Home Again» | 3:13 | |||||||
16. | «Finale/The Cast» | 2:47 |
Երրորդ սկավառակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Original 1963 United Artists Score Album | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Main Title» | 2:07 | |||||||
2. | «Premature Plans» | 2:08 | |||||||
3. | «Cooler And Mole» | 2:26 | |||||||
4. | «Blythe» | 2:13 | |||||||
5. | «Discovery» | 2:54 | |||||||
6. | «Various Troubles» | 2:40 | |||||||
7. | «On The Road» | 2:54 | |||||||
8. | «Betrayal» | 2:05 | |||||||
9. | «Hendley’s Risk» | 2:24 | |||||||
10. | «Road’s End» | 2:00 | |||||||
11. | «More Action» | 1:57 | |||||||
12. | «The Chase» | 2:49 | |||||||
13. | «Finale» | 3:14 |
Հիշատակումներ հանրամատչելի մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]ֆիլմերում, հեռուստասերիալներում, համակարգչային խաղերում և բազմաթիվ այլ ոլորտներում բազմաթիվ առիթներով հիշատակվել են ֆիլմի որոշ տեսարաններ։ Բազմաթիվ առիթներով հնչեցվել են կինոկոմպոզիտոր Էլմեր Բեռնստայնի հեղինակած սաունդթրեքային կատարումները։
Ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը տարբեր ձևաչափերով հիշատակվում է «Միանգամայն գաղտնի», «Փախուստ հավաբնից», «Կատաղի շները», «Ծուղակ ծնողների համար» և «Չառլիի հրեշտակները» ֆիլմերում[22]։
Հեռուստատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը հիշատակվում է նաև «Թռչող կրկես», «Սիմփսոնները», «Հոգանի հերոսները», «Սայնֆելդ» «Խե՛լք հավաքիր» և «Կարմիր թզուկը» հեռուստասերիալներում[22]։
- «Մեծ փախուստ 2։ Չպատմված պատմություն» ոչ պաշտոնական հեռուստասիկվելը եթեր է բարձրացել 1988 թվականին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Քրիստոֆեր Ռիվը և Ջադ Հիրշը, իսկ Դոնալդ Պլեզենսը մարմնավորում է հեռուստաֆիլմի գլխավոր չարագործին[22]։
Սպորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 1996 թվականից, Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումներում «Փուկա փայս» կոչվող փողային նվագախումբը կատարում է Բեռնստայնի հեղինակած գլխավոր սաունդթրեքային երաժշտությունը։ Նույն թեմատիկ կոմպոզիցիան հնչեցվել է նաև 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի և 2000 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ[23]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Andrews, Allen (1976). «Exemplary Justice. London»: Harrap. ISBN 0245527753.
- Barris, Ted (2013). «The Great Escape: A Canadian Story». Toronto: Thomas Allen. ISBN 1771022728.
- Brickhill, Paul (1950). The Great Escape. New York: Norton.
- Burgess, Alan (1990). The Longest Tunnel. New York: Grove Press. ISBN 1555840337.
- Hehner, Barbara (2004). The Tunnel King: The True Story of Wally Floody and the Great Escape. Toronto: Harper Trophy Canada.
- Hevesi, Dennis (2012 թ․ ապրիլի 22). «Alex Cassie of 'Great Escape' Dies at 95». Նյու Յորք Թայմս. էջ 20.
- Müller, Jens (1946). Tre kom tilbake. Norge: Gyldendal Norsk Forlag.
- Smith, Sydney (1968). 'Wings' Day. London: Pan Books. ISBN 0-330-02494-9.
- Vance, Jonathan F. (2000). A Gallant Company: The True Story of the Man of "The Great Escape". New York: I Books. ISBN 978-0739442425.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Մեծ փախուստի» պրեմիերան». «Թայմս». Լոնդոն. 1963 թ․ հունիսի 20. էջ 2.
- ↑ Մրցանակների ցանկը IMDb.com կայքում
- ↑ Բրիսետ, Փիթ (2005 թ․ հուլիսի 15). «Սթիվ Մակքուինը 40 ամառ առաջ...». Motorcycle.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.(անգլ.)
- ↑ Ուոլթեր, Թիմ (2001). Ռազմագերիների բեյսբոլը Երկրորդ աշխարհամարտում. «Մակֆարլենդ». էջեր 24–25. ISBN 978-0-7864-1186-3.
- ↑ Հանսեն, Մագնե; Carlsen, Մարիան Ռուստադ (2014 թ․ փետրվարի 26). «Hollywood droppet nordmenn» [Հոլիվոդը չհիշատակեց նորվեգացիներին]. NRK. Վերցված է (նորվ.)-ին.
- ↑ «Կանադացիները և Մեծ փախուստը». Կանադան պատերազմի տարիներին. 2009 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 10-ին.(անգլ.)
- ↑ Ուոլի, Քիրստի (2008 թ․ նոյեմբերի 10). «Փախուստային մասնագետի օրագրերը». This is Local London. Newsquest Media Group / A Gannett Company. Վերցված է նոյեմբերի 233, 2016-ին.
- ↑ Gill, Anton (2002). The Great Escape. Լոնդոն: Review. էջ 96. ISBN 9780755310388.(անգլ.)
- ↑ Carroll, Tim (2004). The Great Escapers. Mainstream Publishing. ISBN 1-84018-904-5.
- ↑ «Combat Films: American Realism, 1945-2010, 2d ed. - Steven Jay Rubin - Google Books». Books.google.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Hall, Allan (2009 թ․ մարտի 24). «British veterans mark Great Escape anniversary». The Daily Telegraph. Telegraph Media Group Limited. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Riml, Walter (2013). Behind the scenes... The Great Escape. Helma Turk & Dr. Christian Riml. էջեր 28, 44ff. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.(անգլ.)
- ↑ Ուայսթենս, Դոն Ջ. (2014). «Մեծ փախուստի նկարահանման վայրերը». thegreatescapelocations.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.(անգլ.)
- ↑ Warren, Jane. «The Truth About The Great Escape | Express Yourself | Comment | Daily Express». Express.co.uk. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.(անգլ.)
- ↑ Իդեր, Բրյուս (2009). «Մեծ փախուստ». «AllMovie». Macrovision Corporation. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Մոսկվայի 3-րդ միջազգային կինոփառատոն (1963)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «The Great Escape». Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ IMDb Թոփ 250
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Պատերսոն, Թոնի (2009 թ․ մարտի 25). «Մեծ փախուստի վետերանները վերադառնում են Շտալագ». «The Independent». Լոնդոն: «Independent News & Media». ISSN 0951-9467. OCLC 185201487. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.(անգլ.)
- ↑ Հոլ, Ռոբերտ (2014 թ․ մարտի 24). «Լեհաստանում անցկացվել է Մեծ փախուստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում». BBC News. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.(անգլ.)
- ↑ 22,0 22,1 22,2 Նիքսոն, Ռոբ (2008). «Զանգվածային մշակույթի դասընթաց։ Մեծ փախուստ». «Turner Classic Movies». Turner Entertainment Networks, Inc. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.(անգլ.)
- ↑ «ChartArchive – England Supporters' Band». Chartstats.com.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ փախուստ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մեծ փախուստ»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Մեծ փախուստ»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Էջը «Rotten Tomatoes» կինոբազայում(անգլ.)
- Ֆիլմի նկարահանումը (լուսանկարներ)(անգլ.)
- «Մեծ փախուստ» ֆիլմի նկարահանման վայրերը(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ փախուստ (ֆիլմ, 1963)» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի մայիսի 21-ի օրվա հոդված: |
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների անգլերեն ֆիլմեր
- 1963 ֆիլմեր
- United Artists ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- 1960-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1943 թվականին