Jump to content

Մարիաննա Վերյովկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիաննա Վերյովկինա
Ծնվել էսեպտեմբերի 10, 1860(1860-09-10)[1] կամ սեպտեմբերի 11, 1860(1860-09-11)[2]
ԾննդավայրՏուլա, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 6, 1938(1938-02-06)[3][4][5][…] (77 տարեկան)
Մահվան վայրԱսքոնա, Իսոլե, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[6]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Ոճէքսպրեսիոնիզմ և սիմվոլիզմ[7]
Ժանրդիմապատկեր
ԹեմաներԿերպարվեստ[8], գեղանկարչություն[8] և էքսպրեսիոնիզմ[8]
Ուշագրավ աշխատանքներԻնքնապատկեր
ՀայրՎլադիմիր Վերյովկին
ՄայրԵլիզավետա Պետրովնա Դարագան
Համատեղ ապրողԱլեքսեյ ֆոն Յավլենսկի
 Marianne von Werefkin Վիքիպահեստում

Մարիաննա Վլադիմիրովնա Վերյովկինա (ռուս.՝ Мариа́нна Влади́мировна Верёвкина, սեպտեմբերի 10, 1860(1860-09-10)[1] կամ սեպտեմբերի 11, 1860(1860-09-11)[2], Տուլա, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 6, 1938(1938-02-06)[3][4][5][…], Ասքոնա, Իսոլե, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[6]), ռուս նկարիչ, գեղանկարչության էքսպրեսիոնիստական ուղղության ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիաննա Վերյովկինան ծնվել է ականավոր զորավար, պետական գործիչ Վլադիմիր Վերյովկինի և Ելիզավետա Դարագանի (հուլիսի 5, 1834 - մարտի 18, 1885) ընտանիքում։ Զբաղվել է սրբանկարչությամբ և դիմանկարչությամբ։ Մայրական կողմից գրող և մանկավարժ Աննա Դարագանի թոռնուհին է։ Ծնողների հետ 1862 թվականին Տուլայից տեղափոխվել է Վիտեբսկ, որտեղ հայրը նշանակվել է ռազմական նահանգապետ։ 1868-1878 թվականներին ընտանիքն ապրել է Վիլնոյում՝ կապված հոր Վիլնոյի ռազմական օկրուգի ղեկավարի պաշտոնում նշանակվելու հետ։ 1872 թվականին Մարիաննան ընդունվել է Վիլնոյի Մարիինյան կանանց բարձրագույն դպրոց, որտեղ սովորել է մինչև 1876 թվականը։ 1879 թվականին տեղափոխվել է լեհական Լյուբլին քաղաք, որտեղ ծնողների հետ բնակվել է մինչև Մոսկվա տեղափոխվելը։ 1883 թվականից մասնավոր դասեր է ստացել Պրյանիշնիկովից Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցում, ինչպես նաև Պոլենովի ղեկավարությամբ նատյուրմորտ է սովորել։ Մոր մահից հետո՝ 1885 թվականին, հոր հետ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ծանոթացել է Իլյա Ռեպինի հետ և սկսել նկարչության դասեր ստանալ նրանից։

Կարմիր քաղաք (1909)

1888 թվականին, որսի ժամանակ, դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Վերյովկինան կրակել է իր աջ ձեռքի ափին և այդ պահից ի վեր նա սովորել է վրձինը բռնել միջնամատի և մատնեմատի միջև։ Վիսբադենի թանգարանում է գտնվում Ռեպինի մի ստեղծագործություն, որտեղ պատկերված է Վերյովկինան վիրակապված ձեռքով։ 1889 թվականին նա մեկնել է Կովկաս։ 1891 թվականին ծանոթացել է Ալեքսեյ Յավլենսկու հետ, որը նույնպես Ռեպինի աշակերտն է եղել։ 1892 թվականին նա մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության XX ցուցահանդեսին։ Այդ տարիներին Ռեպինը Վերյովկինայի մասին ասել է, որ նա «ռուսական Ռեմբրանդտ է», ինչպես նաև նրան համեմատել է Վելասկեսի և Ֆրանսիսկո Սուրբարանի հետ։ 1896 թվականին հոր մահից հետո, Յավլենսկու հետ տեղափոխվելով Մյունխեն, նա մի քանի տարի դադարել է նկարել[9]։ 1897 թվականին Վերյովկինան Յավլենսկու, Իգոր Գրաբարի, Անտոն Աժբեի և Դմիտրի Կարդովսկու հետ մեկնել է Վենետիկ։ 1905 թվականին շարունակել է նկարել, ծանոթացել է նկարիչներ Ֆրանց ֆոն Լենբախի և Ֆրանց ֆոն Շտուկի հետ (1906)։ 1908 թվականի ամառվա մեծ մասը նա Յավլենսկու և Կանդինսկու հետ անցկացրել է Գաբրիելա Մյունտերի տանը՝ Մուրնաու գյուղում։ Նույն թվականին մասնակցել է Բեռլինյան սեցեսսիոնի ցուցահանդեսին և Սանկտ Պետերբուրգի սալոնին։

1909 թվականի մարտի 22-ին Կանդինսկու, Յավլենսկու, Կանոլդտի և Էրբսլոյի հետ հիմնել է Մյունխենյան նոր գեղարվեստական միավորումը (Neue Künstlervereinigung München, N.K.V.M.): Միավորման առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Մյունխենի Տանհաուզեր պատկերասրահում։ Այդ ժամանակ Վերյովկինան հետաքրքրվել է ճապոնական արվեստով և փայտի փորագրությամբ։ 1910 թվականին Վերյովկինայի աշխատանքները ցուցադրվել են Ռիգայում և Սանկտ Պետերբուրգում։ 1911 թվականին Յավլենսկու հետ նա այցելել է Փարիզ, որտեղ ծանոթացել է Մատիսի հետ։

1912 թվականին «Կապույտ հեծյալ» (Der Blaue Reiter) խմբի հետ նա ցուցադրել է իր աշխատանքները Բեռլինի Der Sturm պատկերասրահում։ 1912 թվականի դեկտեմբերի սկզբին Վերյովկինան և Յավլենսկին լքել են Մյունխենյան նոր գեղարվեստական միավորումը։ 1913 թվականին մասնակցել է Բուդապեշտի ցուցահանդեսին և Բեռլինի առաջին գերմանական աշնանային սալոնին։

1914 թվականին Յավլենսկու հետ տեղափոխվել է Շվեյցարիա, որից հետո մասնակցել է ցուցահանդեսի Դրեզդենում, այնուհետև «Կապույտ հեծյալ» խմբի հետ միասին Հելսինկիում, Թրոնհեյմում, Գյոթեբորգում։ 1917 թվականին նրանք օգնել են Ալեքսանդր Սախարովին Լուգանոյում բալետ բեմադրելիս։ 1919 թվականից Վերյովկինան բնակվել է Ասկոնայում (Տիչինո կանտոն)։ 1921 թվականին նա վերջնականապես բաժանվել է Յավլենսկուց։ 1924 թվականին հիմնադրել է «Մեծ Արջի համաստեղություն» Der Große Bär գեղարվեստական խումբը, որը, ինչպես Մեծ Արջի համաստեղությունը, ներառել է յոթ աստղ, բաղկացած յոթ անդամից՝ Վալտեր Հելբիգ, Օտտո Նայմաեր, Էռնստ Ֆրիկ, Ալբերտ Կոհլեր, Գորդոն Մակ Կուխ, Օտտո վան Ռայս և Ռիչարդ Սիվալդ։ 1928 թվականին Վերյովկինան Բեռլինի Նիրենդորֆ պատկերասրահում Կարլ Շմիդթ-Ռոթլուֆի և Քրիստիան Ռոլֆսի հետ համատեղ մասնակցել է «Մեծ Արջի համաստեղություն» խմբի ցուցահանդեսին։

Ընտրյալ գործեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Աշուն, դպրոց», 1907, Ասկոնա, Մարիաննա Վերյովկինա հիմնադրամ,
  • «Սրճարանում», 1909,
  • «Տխուր տրամադրություն», 1910,
  • «Ինքնադիմանկար I», 1910, Մյունխեն, Լենբախհաուս քաղաքային պատկերասրահ,
  • «Մաշկազերծարան», 1910, Վիսբադեն, Քաղաքային արվեստի թանգարան,
  • «Չմշկորդը», 1911։

Անհատական ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դարագան, Աննա Միխայլովնա (1806-1877) - տատիկը, ռուսերենի ուսուցչուհի և մանկագիր։
  • Վերյովկին, Նիկոլայ Նիկիտիչ (1766-1830) - պապիկը, Սանկտ Պետերբուրգի պարետ, Մոսկվայի պարետ, ռուսական կայսերական բանակի գեներալ-լեյտենանտ։
  • Վերյովկին, Վլադիմիր Նիկոլաևիչ (1821-1896) - հայրը, ռուս գեներալ, Ղրիմի պատերազմի մասնակից։
  • Վերյովկին, Պյոտր Վլադիմիրովիչ (հունվարի 5, 1862 - փետրվարի 18, 1946) - եղբայրը, կայսր Նիկոլայ II-ի ընկերը, եղել է Կովենի (1904-1912), Վիլնոյի (1912-1915) և Էստլյանդիայի (1915-1917) նահանգապետ։
  • Վերյովկին, Վսևոլոդ Վլադիմիրովիչ (1872-1924) - եղբայրը, Վերոնիկա Աբեգի ամուսինը՝ նկարիչ, Ռեպինի աշակերտը։
  • Վերյովկին, Ալեքսանդր Նիկոլաևիչ (?-1854) - հորեղբայրը, գեներալ-մայոր, կովկասյան պատերազմի մասնակից։
  • Դարագան, Պյոտր Միխայլովիչ (1874-1960) - երկրորդ զարմիկը, ֆլիգել ադյուտանտ Ե. Ի. Վ., Ռուսական կայսերական բանակի գնդապետ, Առաջին համաշխարհային պատերազմի և Սպիտակ շարժման մասնակից, Կարգոպոլի դրագունյան վերջին գնդի հրամանատար, սպիտակ էմիգրանտ։
  • Դարագան, Իվան Միխայլովիչ (1885-1977) - երկրորդ զարմիկ, Պաժերի կորպուսի շրջանավարտ, ռուսական կայսերական բանակի գլխավոր շտաբի փոխգնդապետ, Առաջին համաշխարհային պատերազմի և Սպիտակ շարժման մասնակից, սպիտակ էմիգրանտ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bruno Goetz. Das gottlish Gesicht. — 1927.
  • J. Hahl-Koch. Marianne von Werefkin und der russische Symbolismus. — Münch., 1967.
  • K. Federer. Marianne von Werefkin. Zeugnis und Bild. — Zürich, 1975.
  • B. Fäthke. Marianne von Werefkin. Leben und Werk. — Münch. 1988.
  • D. Elger. Expressionismus. — Köln, 2007.
  • Laima Laučkaitė. Ekspresionizmo raitelė Mariana Veriovkina. — Vilnius: Kultūros, filosofijos ir meno institutas, 2007. — ISBN 978-9986-638-95-7.
  • Боулт Дж. Э., Фолини М., Лаучкайте Сургайлене Л. Марианна Верёвкина (1860—1938): Художники русского зарубежья. — М.: Третьяковская галерея, 2010. — 310 с. — ISBN 978-88-965321-8-8.
  • Олейник Мария. Марианна Верёвкина: Эволюция стиля от символизма к импрессионизму. — СПб}: Алетейя, 2019.
  • Джон Эллис Боулт «Воскресный день»: Марианна Веревкина и русский Серебряный век // «Амазонки авангарда» / Ответственный редактор Георгий Фёдорович Коваленко; Государственный институт искусствознания Министерства культуры Российской Федерации. — М.: Наука, 2004. — С. 69—80. — ISBN 5-02-010251-2.
  • Толстая Н. Марианна Веревкина. Женщина и художник // Третьяковская галерея : журнал. — 2010. — № 3 (28).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ
  2. 2,0 2,1 SIKART — 2006.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Marianne von Werefkin (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Marianne von Werefkin — 2006.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118631365 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. RKDartists (նիդերլ.)
  8. 8,0 8,1 8,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. Посещала частную художественную школу Антон Ашбе
  10. Собств. корр. Вернисажи недели. 6—12 сентября 2010 года // OpenSpace.Ru. — 2010. — 6 сентября.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիաննա Վերյովկինա» հոդվածին։