Մանուել Գարսիա Պրիետո
Մանուել Գարսիա Պրիետո | |
Կուսակցություն՝ | Ազատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սուրբ Իսիդորի ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, փաստաբան, քաղաքական գործիչ և իրավաբան |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 5, 1859[1][2] |
Ծննդավայր | Աստորգա, Լեոնի շրջան, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[3] |
Վախճանի օր | մարտի 8, 1938 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Մանուել Գարսիա Պրիետո, Ալուսեմասի 1-ին մարկիզ (իսպ.՝ Manuel García-Prieto, նոյեմբերի 5, 1859[1][2], Աստորգա, Լեոնի շրջան, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[3] - մարտի 8, 1938, Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի քաղաքական գործիչ, փաստաբան։ 1912 թվականից մինչև 1923 թվականն ընկած ժամանակահատվածում չորս անգամ նշանակվել է վարչապետ։ Տարբեր ժամանակներում զբաղեցրել է նաև ներքին գործերի, արդարադատության, արտաքին գործերի և հասարակական աշխատանքների նախարարների պաշտոնները, եղել է Սենատի նախագահ։ Լինելով Էուխենիո Մոնտերո Ռիոսի փեսան և զինակիցը կարևոր դեր է խաղացել 20-րդ դարի առաջին երկու տասնամյակների գալիսյան և իսպանական քաղաքականության մեջ։ Իրավագիտության և օրենսդրության թագավորական ակադեմիայի անդամ է (իսպ.՝ Real Academia de Jurisprudencia y Legislación):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է իսպանական Լեոն գավառի Աստորգա քաղաքում։ Իրավաբանություն սովորել է աներոջ` Մոնտերո Ռիոսի մոտ, որն ազդեցիկ քաղաքական գործիչ էր, իրավաբան, եղել է Մադրիդի քաղաքային դատարանի դատախազ և ռազմական իրավաբանական կորպուսի անդամ (իսպ.՝ Cuerpo Jurídico Militar): Շուտով նա զբաղվում է քաղաքականությամբ` ընդունվելով Լիբերալ կուսակցություն, որտեղից էլ 1887 թվականին ընտրվել է Կոնգրեսի պատգամավոր հայրենի Աստորգայից։ 1893 թվականին դարձավ պատգամավոր Սանտյագո-դե-Կոմպոստելայից` 20 տարի ներկայացնելով իսպանական խորհրդարանի ստորին պալատը, մինչև Սենատի անդամ դառնալը։ 1897 թվականին Գարսիա Պրիետոն դարձավ արտաքին գործերի նախարարության աշխատակից, այնուհետև անդրծովյան տարածքների գծով փոխնախարար։ 1905 թվականին ղեկավարել է ներքին գործերի նախարարությունը, Մոնտերո Ռիոսի կառավարությունում։ Նույն թվականին նա դարձավ արդարադատության նախարար Սեխիզմունդո Մորետայի կաբինետում, սակայն հրաժարական տվեց վարչապետի կողմից զինվորականներին տրվող զիջումների քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։ 1906 թվականին Գարսիա Պրիետոն դարձավ Հասարակական աշխատանքների նախարար գեներալ Լոպես Դոմինգեսի կառավարությունում։ 1910 թվականին նշանակվում է Արտաքին գործերի նախարար Խոսե Կանալեխասի կաբինետում։ Այդ պաշտոնում նա մեծ հաջողությունների է հասնում միջազգային քաղաքականության բնագավառում, նպաստելով 1911 թվականի իսպանո մարոկկոյական պայմանագրի կնքմանը, 1912 թվականին Ֆրանսիայի հետ բանակցություններ է իրականացնում Մարոկկոյի նկատմամբ պրոտեկտորատի հարցով և հասնում է նրան, որ Ամերիկայի իսպանալեզու պետությունները ներկայացուցչություն ունենան Հաագայի միջազգային դատարանում։ Նրա ջանքերով նախապատրաստվում է պայմանագիր, որով Իսպանիան պրոտեկտորատ է սահմանում Մարոկկոյի մի մասի նկատմամբ, ստանում է ազնվականություն, մարկիզ Ալուսեմասի տիտղոս և ցմահ սենատորի կոչում։ 1912 թվականի նոեմբերի 12-ին վարչապետ Կանալեխասի սպանությունից հետո, Գարսիա Պրիետոն երկու օր նախագահում է Նախարարների խորհրդում։ 1913 թվականին, Լիբերալ կուսակցության առաջնորդության համար պայքարում պարտություն կրելուց հետո, նա ստեղծում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որի համար հիմք է հանդիսանում Լիբերալ կուսակցության հիմնադիր Սագաստայի խմբակցությունը, որը հանդես էր գալիս կուսակցության նոր առաջնորդ և կառավարության ղեկավար Ալվարո Ֆիգերոայի և Տորեսի, կոմս Ռոմանոնեսի դեմ։ Նոր կուսակցության առաջին փորձությունը դարձավ 1914 թվականի ընտրությունները, որի արդյունքներով նրանք Կոնգրեսում ունեցան 34 պատգամավոր, դառնալով երկրի երրորդ կուսակցությունը, պահպանողականներից, Էդուարդո Դատոյից (193 մանդատ) և լիբերալներից, կոմս Ռոմանոնեսից (84 տեղ) հետո[5]։
1916 թվականի ընտրություններից առաջ կոմս Ռոմանոնեսը և Գարսիա Պրիետոն կարողացան համաձայնության գալ ընտրություններում միասնական լիբերալների ցուցակով հանդես գալու հարցում և ստացան 233 մանդատ (56,97 %)։ Ընտրություններում հաղթելուց հետո Գարսիա Պրիետոն նշանակվեց Սենատի նախագահ։ Բանակում տեղ գտած չարաշահումների դեմ պայքարում սպայական կազմի հետ ունեցած տարաձայնությունների և ընդհարումների պատճառով 1917 թվականի ապրիլի 19-ին կոմս Ռոմանոնեսը ոտիպած հրաժարական տվեց և Մանուել Գարսիա Պրիետոն դարձավ վարչապետ։ Նրան չհաջողվեց հաղթահարել ընդհանրապես երկրում, մասնավորապես բանակում աճող դժգոհությունները։ Դրա հետևաքով էլ արդեն հուիսի 11-ից կառավարությունը սկսեց ղեկավարել պահպանողականների առաջնորդ Էդուարդո Դատոն, ով Գարսիա Պրիետոին առաջարկեց հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնը։ 1917 թվականի հուլիսին Մանուել Գարսիա Պրիետոն հաղթեց միավորված Լիբերալ կուսակցության ղեկավարության համար մղվող պայքարում։ Քանի որ վարչապետ Դատոյի կողմից ձեռնարկված միջոցառումները Իսպանիայում իրադրության կայունություն չապահովեցին, 1917 թվականի նոյեմբերի 3-ին թագավոր Ալֆոնս 13-րդը հանձնարարեց Գարսիա Պրիետոին ձևավորել այսպես կոչված ազգային համակենտրոնացման կառավարություն (անգլ. Gobierno de Concentración Nacional), որում ընդգրկվեցին լիբերալները, լիբերալ դեմոկրատները, պահպանողականները Անտոնիո Մաուրայի և Խուան դե լյա Սերվի խմբակցությունից, ինչպես նաև պատմության մեջ առաջին անգամ կատալոնական տարածաշրջանայինները։ Կառավարությունը գործեց մինչև 1918 թվականի ընտրությունները։ 1918 թվականի փետրվարին կայացած ընտրություններից առաջ լիբերալները նորից բաժանվեցին։ Գարսիա Պրիետոի լիբերալ դեմոկրատները ընտրություններում կարողացան ապահովել 92 մանդատ (22,49 %), դառնալով Իսպանիայի երկրորդ կուսակցությունը, իրենից առաջ թողնելով «դատիստաս»- պահպանողականներին։ Նոր կառավարությունում, որը ղեկավարում էր պահպանողականների առաջնորդներից Անտոնիո Մուարան, Գարսիա Պրիետոն նոր կառավարությունում ստացավ ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Նոյեմբերի 9-ին թագավորը հանձնարարեց Մանուելին ձևավորել նոր կառավարություն, որտեղ ընդգրկվեցին միայն պահպանողականների ճամբարի ներկայացուցիչները (լիբերալ դեմոկրատները, լիբերալները և ձախ լիբերալները)։ Սակայն նոր կառավարությունը գոյատևեց ընդամենը 26 օր։ 1918 թվականի դեկտեմբերի 5-ից արդեն կառավարությունը գլխավորում էր կոմս Ռոմանոնեսը։
1919 թվականի ընտրությունները լիբերալների համար ամբողջությամբ, իսկ լիբերալ դեմոկրատների համար մասնակիորեն, անհաջող էին։ Գարսիա Պրիետոյի կողմնակիցները ստացան միայն 52 մանդատ (12,71 %), ի վերջո դառնալով երրորդ կուսակցությունը երկրում, «դատիստասներից » և «մաուրիստասներից » հետո։ 1920 թվականի ընտրությունների արդյունքները լիբերալների համար ամբողջովին ողբալի էին։ Լիբերալ- դեմոկրատական կուսակցությունը, չնայած երկրում դարձավ երկրորդ ամենաազդեցիկ խորհրդարանական ուժը, կարողացավ ստանալ միայն 45 մանդատ (11,0 %)։
1920 թվականին ընտրված Կոնգրեսի պատգամավորների աշխատանքները ընթանում էին երկրում տիրող անարխիզմի և ահաբեկչության պայմաններում, որն առաջացել էր Հյուսիսային Մարոկկոյի ապստամբության հետևանքով, 1921 թվականին բերբերական Ռիֆ էմիրաթի դեմ սկսված պատերազմի արդյունքում։ 1921 թվականի մարտի 8-ին կատալոնական անարխիստները Մադրիդում գնդակահարեցին վարչապետ Էդուարդո Դատոյին։ Պատերազմը Մարոկկոյում, որտեղ իսպանական բանակը դիմակայում էր պարտիզանական պայքարի մարտավարություն որդեգրած ռիֆական ցեղերի ոչ կանոնավոր ուժերին, ընթանում էր անհաջող։ 1921 թվականի հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին Անվալի ճակատամարտում, Աբդ ալ- Քարիմի հրամանատարության ներքո մարտնչող 3000 ռիֆ ապստամբները գլխովին ջախջախեցին 23000 իսպանացի զինվորականների, որոնցից շուրջ 13000-ը զոհվեցին։ Այդ պարտությունը պատմության մեջ մտավ, որպես «Անվալի աղետ», ոչ միայն առաջ բերեց պահպանողական -«սերվիստաս» Մանուել Ալենդեսալասարի կաբինետի անկումը, այլև սկիզբ դրեց լուրջ քաղաքական ճգնաժամի[6]։
1922 թվականի դեկտեմբերի 7-ին Մանուել Գարսիա Պրիետոն չորրորդ անգամ ղեկավարեց իսպանական կառավարությունը։ 1923 թվականի ընտրություններից առաջ նրան հաջողվեց կազմավորել իշխանամետ կոալիցիա, որտեղ ընդգրկվեցին ոչ միայն լիբերալ խմբավորումները (լիբերալ դեմոկրատները, «ռոմանոնիստասը», ձախ լիբերալները, «գասսետիստասը», «նիսետիստասը» և անկախ լիբերալները), այլև ռեֆորմիստները (Մելկիադես Ալվարեսի Ռեֆորմիստական կուսակցությունը և անկախ ռեֆորմիստները)։ Կոալիցիան հաղթեց ընտրություններում Կոնգրեսի 409 պատգամավորական տեղերից ստանալով 222-ը (54,28 %)։
Մանուել Գարսիա Պրիետոի չորրորդ կաբինետը դարձավ սահմանադրական միապետության վերջին ընտրված կառավարությունը։ 1923 թվականի սեպտեմբերի 15-ին գեներալ Միգել Պրիմո դե Ռիվերան ռազմական հեղաշրջում իրականացրեց, երկրում դիկտատուրա հաստատելով։ Գարսիա Պրիետոն փորձեց կասեցնել հեղաշրջումը, սակայն անհաջողության մատնվեց և ստիպված եղավ հրաժարական տալ։
Պրիմո դե Ռիվերայի բռնապետության ընթացքում Գարսիա Պրիետոն քաղաքականությունից հեռացավ, համակրելով ընդդիմությանը։ Դիկտատորի մահից հետո նա համաձայնեց միանալ ադմիրալ Խուան Բաուտիստա Ասնարա- Կաբանյասի վերջին բռնապետական կառավարությանը, որտեղ զբաղեցրեց արդարադատության և կրոնի գործերով նախարարի պաշտոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1067438475 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://hemerotecadigital.bne.es/issue.vm?id=0001067117&search=&lang=es
- ↑ «Anatomia dunha rede caciquil» (իռլանդերեն). Consello da Cultura Galega. 2006. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Manuel García Prieto (1859—1938)». Enciclopedia de Historia de España,vol IV (Diccionario biográfico) (իսպաներեն). Base documental d'Història Contemporània de Catalunya. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Գարսիա Պրիետո» հոդվածին։ |
|