Jump to content

Հուշաթղթիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուշաթղթիկ

Հուշաթղթիկ (ռուս.՝ шпарга́лка), ինֆորմացիայի կրիչ, որն օգտագործում են քննությունների, թեստերի, ստուգողական աշխատանքների և գիտելիքների ստուգման այլ ձևերի ժամանակ՝ նպատակ ունենալով նայել կամ արտագրել այն, ինչը քննվող անձը պետք է հիշեր։

Օգտագործման հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշաթղթիկի օգտագործումը պաշտոնապես արգելվում է։ Սովորողի մոտ հայտնաբերվելիս վերջինիս, որպես կանոն, հեռացնում են քննությունից՝ նշանակելով անբավարար գնահատական[1]։

Պատժի ծանրությունը ուսումնական տարբեր հաստատություններում տարբեր է և հաճախ կախված է երկրի ավանդույթներից ու քննություն ընդունողի օրինապահությունից։ Ադա Բասկինն իր գրքում ներկայացրել է հետևյալ տեղեկությունը.

Չիկագոյի հեղինակավոր համալսարանում արտակարգ պատահար էր տեղի ունեցել։ Հեռացվել էր միանգամից հինգ ուսանող՝ գրավոր քննությանը հուշաթղթիկ օգտագործելու համար։ Երկուսը նրա համար, որ արտագրել էին, երեքը նրա համար, որ դրանցից օգտվել էին։ Բոլոր հինգն էլ ներգաղթել էին Ռուսաստանից։ Ռեկտորի հրամանում այդ հանցանքը որակվել էր որպես «անթույլատրելի խաբեություն, խարդախություն, համալսարանի բարոյականության հետ անհամատեղելի»։ Իրենք՝ անհաջողակ ուսանողները, իրենց վարքը բացատրում էին «ռուսներին հատուկ մտածելակերպով»:

— «Ասացեք «չի-ի-ի՜զ»։ Ինչպես են ապրում ժամանակակից ամերիկացիները», Ադա Բասկինա

Միևնույն ժամանակ որոշ դեպքերում թույլատրվում է քննություններին օգտվել համառոտագրություններից կամ դասագրքից. օրինակ՝ եթե խոսք է գնում մաթեմատիկական բարդ ապարատով գիտաճյուղերի մասին, որոնք դժվար են հիշվում։ Այս դեպքում ստուգվում է սովորողի կողմից նյութի հասկացվածության աստիճանը և հիմնական հասկացությունների ու բանաձևերի իմացությունը (լրացուցիչ հարցերի միջոցով)։

Հուշաթղթիկի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռումբ (կոկորդիլոս), քննության առաջադրանքների լուծումներով թերթիկ, որ պատրաստվում է նախօրոք։ Տոմսն ստանալուց հետո քննություն հանձնողը, հարմար պահ գտնելով, «ռումբերի» փաթեթից հանում է այն թերթիկը, որը համապատասխանում է տոմսի համարին և հանձնում որպես քննության ժամանակ գրված։ Երբեմն ռումբը պատրաստվում է «մաքուր թղթի» ձևով. տեքստը գրվում է թանաքը վերջացած գնդիկավոր գրիչով և թղթի վրայի հետքերով գրվում է «տեղում»։
  • Արխիվ, շատ փոքր տպատառով տպագրված հուշաթղթիկ։ Որպես «կրիչ» ամենից հաճախ օգտագործվում են վանդակավոր տետրի թղթերը (փոքր տպատառերը չեն ընդգծվում)։
  • Վիքի-հուշաթղթիկ, ծույլիկ, Վիքիպեդիայից տպագրված հոդվածների հավաքածու (քննության հարցաշարերում հանդիպող բառերով)։ Որպես կանոն՝ այն պատրաստվում է «ռումբեր» գրելու համար ժամանակի բացակայության պայմաններում։ Նաև վիքի-հուշաթղթիկը ենթադրում է տեղեկության հավաքում անմիջապես վեբ-կայքից բջջային հեռախոսի կամ շարժական այլ սարքի միջոցով։ Այս եղանակը հնարավորություն է տալիս նախօրոք պատրաստվելու փոխարեն տեղեկությունը փնտրել քննության ընթացքում[2]։ Սակայն սովորողների շրջանում բջջային հեռախոսների տարածվածության հետ կապված բազմաթիվ դպրոցներում և բուհերում սահմանվել են այնպիսի կանոններ, որոնցով սովորողներին արգելվում է քննությունների ժամանակ իրենց մոտ նման սարքավորումներ պահել[3][4][5][6], իսկ որոշ համալսարաններում քննությունների ժամանակ համացանցն արգելափակվում է։
  • Ակորդեոն, համեմատաբար նեղ և երկար թղթե ժապավեն՝ նյութի համառոտ բովանդակությամբ ու հիմնական տերմիններով։ Գրելուց հետո այն լայնությամբ ծալվում է հավասար մասերով, ինչպես ակորդեոնն է։ Այս տեսակի առավելությունն այն է, որ ունի փոքր չափեր ու համեմատաբար աննկատելի է ծալված վիճակում։ Թերություն այն է, որ օգտագործումն աղմուկով է և բացված վիճակում նկատելի է, ու որքան մեծ է «ակորդեոնը», այնքան դժվար և դանդաղ է այն թաքցվում։
  • Գլանափաթեթ, «ակորդեոնի» ավելի առաջադեմ տարբերակն է։ Ի տարբերություն «ակորդեոնի»՝ գրելուց հետո թղթե ժապավենը ոչ թե ծալում են, այլ ամուր փաթաթում մատիտի, գրիչի շուրջ, որից հետո գրիչը հանում են, իսկ ստացված գլանակը պահպանում է իր ձևն ու առաձգականությունը։ Թերությունն այն է, որ այն դժվար է բացել առանց ուշադրություն գրավելու։ Առավելությունն այն է, որ տերմինը տեսնելուց հետո բավական է միայն բաց թողնել ժապավենի ծայրը, և այն արագ ու անձայն նորից կվերածվի գլանակի։

Հուշաթղթիկի օգուտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հաճախ այն սովորողները, որոնք գրել են մեծ քանակությամբ հուշաթղթիկներ, դրանցից այդպես էլ չեն օգտվել, բայց մեծ հաջողությամբ պատասխանել են իրենց հիշողության շնորհիվ։ Այդ «պարադոքսի» «մեղավորը» մարդու մնեմոնիկական հիշողությունն է։

Տեղեկատու նյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի լայն իմաստով, հատկապես անգլախոս միջավայրում, «հուշաթղթիկ» հասկացությունը վերաբերում է կարճ, մեկից երկու էջից կազմված տեղեկատու նյութերին, մասնավորապես, դրանք պարունակում են մաթեմատիկական և քիմիական բանաձևեր, ծրագրավորման հրամաններ, ստեղնաշարի համակցումներ և այլն[7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Правда ли, что из РЭШ могут выгнать из-за шпаргалки?». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  2. «Экзамены и мобильный: за и против», mobiset.ru
  3. «Exams ban for mobile phone users», BBC
  4. «Mobiles fuel exam cheating rise», BBC
  5. «Exam authority finds rise in mobile phone cheats», The Guardian
  6. «Abitur 2001 — Handy-Verbot in Baden-Württemberg», heise.de
  7. Cheat-Sheets.org(անգլ.)
  8. Шпаргалка по редактору «Emacs»