Հունգարիա
Magyarország Հունգարիա |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Հունգարիայի Օրհներգ | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Բուդապեշտ | |||
Պետական լեզուներ | հունգարերեն | |||
Կառավարում | խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Կատալին Նովակ | ||
- | Վարչապետ | Վիկտոր Օրբան | ||
Հիմնադրում | ||||
- | Հայտարարված | հոկտեմբերի 23 1989 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 93,030[1] կմ² (109-րդ) | ||
- | Ջրային (%) | 0,74 | ||
Բնակչություն | ||||
- | 2015 նախահաշիվը | 9,897,541[2] (88-րդ) | ||
- | 2011 մարդահամարը | 9,976,062[3] | ||
- | Խտություն | 106 /կմ² (73-րդ) 275 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2011 գնահատում | |||
- | Ընդհանուր | $196.196 միլիարդ[4] (58-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $19,647[5] (49-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $147.874 միլիարդ[6] (58-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $14,808[7] (57-րդ) | ||
Ջինի (2014) | 27.9[8] (ցածր) | |||
ՄՆԶԻ (2014) | 0.881[9] (շատ բարձր) (54th) | |||
Արժույթ | Ֆորինտ (HUF) | |||
Ժամային գոտի | 1, 2 | |||
Ազգային դոմեն | .hu | |||
Հեռախոսային կոդ | 36 |
Հունգարիա (հունգարերեն՝ Magyarország Մադյառօռսագ), պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Սահմանակից է Սլովակիային, Ավստրիային, Սլովենիային, Սերբիային, Խորվաթիային, Ռումինիային և Ուկրաինային։ Տարածությունը 93,030 կմ2 (109) է, բնակչությունը 9,897,541[2] (88) (2015)։ Մայրաքաղաքը՝ Բուդապեշտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունգարիայի հնագույն բնակիչները եղել են սկյութները, իլլիրիացիները, կելտերը, որոնց մ.թ.ա. 1-ին դարի վերջին-մ.թ. 2-րդ դարի սկզբին նվաճել է Հին Հռոմը։ ժողովուրղների մեծ գաղթի ժամանակ Հունգարիայի տարածքը բնակեցրել են գերմանացի և թյուրքական ժողովուրդներ, 6-րդ դարուներևացել են սլավոնները, 9-րդ դարի վերջին՝ քոչվոր հունգարները։ Նախնադարյան-համայնական կարգերի քայքայման վերջին փուլում գտնվող հունգարները հաճախակի ասպատակել են Կենտրոնական, Հարավային և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրները։ Աուգսբուրգի մոտ գերմանական զորքերից կրած պարտությունից (955) հետո այդ ասպատակությունները դադարել են։ Սկսել է աճել երկրագործության նշանակությունը, կազմավորվել ֆեոդալիզմը։ Արպադների դինաստիայի Գյոզա իշխանի և նրա որդու՝ Իշտվան 1-ի (997-1038, թագավոր՝ 1000-ից) օրոք Հունգարիայում առաջացել է պետական կազմավորում, ընդունվել քրիստոնեություն (կաթոլիկություն)։ Ցայսօր քրիստոնեությունը հիմնական կրոնն է. մուսուլմանները միասին չեն անցնում մեկ տոկոսը։
Աստիճանաբար հունգարների տիրապետությունը տարածվել է դեպի արևելք (Տրանսիլվանիա) և հյուսիս (Սլովակիա), 12-րդ դարի սկզբին միացվել են Խորվաթիան և Դալմաթիան։ XIII դ. թագավորական իշխանությունը թուլացել է, որը հեշտացրել է թաթար-մոնղոլների ներխուժումը (1241—1242) Հունգարիա։ XIII դ. վերջին — XIV դ. սկզբին Հունգարիան բաժանվել է մի շարք ինքնուրույն քաղաքական տիրույթների։ Թագավոր Կարլոս I-ի ժամանակ (1308-42) ֆեոդալական երկպառակությունները դադարել են, զարգացել են քաղաքները։ Բայց նրա հաջորդների օրոք միջֆեոդալական հակասությունները սրվել են։ Ուժեղացել է թուրքական նվաճման վտանգը։ 1456 թվականին հունգարական, լեհական և սերբական միացյալ ջոկատները, զորավար Ցանոշ Հունյադիի գլխավորությամբ, Բելգրադի մոտ հաղթել են թուրքերին։ Մատյաշ Հունյադի թագավորի օրոք (1458-1490) կենտրոնական իշխանությունն ամրապնդվել է, Հունգարիային են կցվել Մորավիան, Սիլեզիան և Արևելյան Ավստրիան։
Հունգարիայի թուլացում և մասնատում
[խմբագրել | խմբագրել կոդը]15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին միջֆեոդալական պատերազմները վերսկսվել են, ուժեղացել է կալվածատիրական ճնշումը, որը հանգեցրել է 1514 թվականի գյուղացիական պատերազմին՝ Դոժա Դյորդի գլխավորությամբ։ Մոխաչի մոտ թուրքերից կրած պարտությունից (1526) հետո Հունգարիայի միջին մասը ընկավ թուրքական լծի տակ, արևմտյան և հյուսիսային մասերը անձնական ունիայով միավորվեցին Ավստրիայի հետ, հունգարիայի նախկին տիրույթների մի մասն էլ անցավ Տրանսիլվանիա իշխանությանը։ 17-րդ դարի վերջին հունգարական հողերն անցան Հաբսբուրգներին։ 1703-1711 թվականներին Հունգարիայում տեղի ունեցավ ազգային-ազատագրական ապստամբություն՝ Ֆերենց II Ռակոցիի ղեկավարությամբ, որն ավարտվեց անհաջողությամբ։ Հունգարիան մնաց Հաբսբուրգների տիրապետության տակ։ 18-րդ դարի վերջից Հունգարիայի արտադրողական ուժերը զարգացան, սկզբնավորվեցին կապիտալիստական հարաբերությունները։ 1848-1849 թվականներին տեղի ունեցավ բուրժուական հեղափոխություն, որը ճնշվեց ցարական Ռուսաստանի աջակցությամբ։ Չնայած պարտությանը, հեղափոխությունը, որի հետևանքով հիմնականում վերացվեցին ճորտատիրական հարաբերությունները, նպաստեց կապիտալիզմի հետագա զարգացմանը։
Ավստրո-Հունգարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1866 թվականին ավստրո-պրուսական պատերազմում կրած պարտությունից հստո Հաբսբուրգները, զիջելով Հունգարիայի տիրող դասակարգի պահանջներին, ստեղծեցին (1867) Ավստրո-Հունգարական միասնական միապետություն, որտեղ Հունգարիաբ, ինչպես և Ավստրիան, դիտվում էր պետության ինքնուրույն մաս։ Հունգարիայի կազմի մեջ մտան, բացի բուն Հունգարիայից, նաև Սլավոնիան, Խորվաթիան, Տրանսիլվանիան։ 1870-ական թվականներին ուժեղացավ ավստրիական և օտարերկրյա կապիտալի մուտքը Հունգարիա, առաջ եկավ խոշոր արդյունաբերություն, կազմավորվեց արտադրական պրոլետարիատ, սկզբնավորվեց բանվորական շարժումը։ 1890 թվականին հիմնադրվեց Հունգարիայի սոցիալիստական կուսակցությունը։ 1914-1918 թվականներին առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո-Հունգարիան Գերմանիայի դաշնակիցն էր։ Հունգարիայի կառավարող շրջանները պաշտպանում էին ավստրո-գերմանական իմպերիալիզմի զավթողական պլանները։ Բոլոր կուսակցությունները, այդ թվում սոցիալիստները, վարում էին շովինիստական պրոպագանդա։
Հունգարիայի Հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում և Ավստրո-Հունգարիայի պարտությունը պատերազմում խթանեցին հեղափոխական և ազգային-ազատագրական շարժումը Հունգարիայում։ 1918 թվականի հոկտեմբերին սկսվեց ընդհանուր գործադուլ, որը վերաճեց բուրժուա-դեմոկրատական հեղափոխության։ Իշխանության գլուխ անցավ բուրժուազիան։ Նոյեմբերի 16-ին Հունգարիան հռչակվեց հանրապետություն։ 1918 թվականի նոյեմբերի 24-ին հունգարական ինտերնացիոնալիստները Բ. Կունի գլխավորությամբ, հեղափոխական սոցիալիստները և ձախ սոցիալ-դեմոկրատների մի խումբ ստեղծեցին Հունգարիայի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ)։ 1919 թվականի մարտի 21-ին հռչակվեց Հունգարական Սովետական Հանրապետությունը, որի տապալումից (1919 թվականի օգոստոսին) հետո հաստատվեց Միկլոշ Հորթիի ֆաշիստական բռնապետությունը, այն ճանաչեց Հունգարիայի հետպատերազմյան սահմանները որոշող Տրիանոնի հաշտության պայմանագիրը (1920), համաձայն որի ոչ հունգարաբնակ մարզերը անցան Չեխոսլովակիային, Հարավսլավիային, Ռումինիային և Ավստրիային։ Հորթիի կառավարությունը Իտալիայի, իսկ ավելի ուշ նաև ֆաշիստական Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ վարում էր հակասովետական արտաքին քաղաքականություն։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին Հունգարիան միացավ Հակա-ինտերնյան պակտին, իսկ 1940 թվականին՝ Բեռլինի պակտին։ Մասնակցեց Չեխոսլովակիայի անդամահատմանը (1938—1939)՝ ստանալով Սլովակիայի մի մասը, Անդրկարպատյան Ուկրաինան և Հյուսիսային Տրանսիլվանիան։ Որպես ֆաշիստական Գերմանիայի դաշնակից-արբանյակ մասնակցեց Հարավսլավիայի և ԽՍՀՄ-ի վրա հարձակումներին։ 1944 թվականի մարտին գերմանական զորքերը օկուպացրին Հունգարիան՝ երկրում հաստատելով Ֆերենց Սալաշիի տեռորիստական վարչակարգը։ 1944 թվականի հոկտեմբերին խորհրդային զորքերը մտան Հունգարիա, դեկտեմբերի 22-ին Դեբրեցենում կազմվեց Ազգային ժամանակավոր կառավարություն, որը պատերազմ հայտարարեց հիտլերյան Գերմանիային։ 1945 թվականի ապրիլի 4-ին սովետական բանակն ավարտեց Հունգարիայի ազատագրումը։ Համադեմոկրատական հեղափոխությունը վերաճեց սոցիալիստականի։ 1945 թվականի սեպտեմբերի 25-ին Հունգարիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ԽՍՀՄ-ի հետ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունգարիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Մայրաքաղաքը Բուդապեշտն է։ Հյուսիսից սահմանակցում է Սլովակիային, Ուկրաինային, արևմուտքից՝ Ավստրիային և Սլովենիային, Հարավից՝ Սերբիային և Խորվաթիային, Արևելքից Ռումինիային։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունգարիան զբաղեցնում է Ալպերով ու Կարպատներով շրջապատված Միջինդանուբյան հարթավայրի մեծ, հյուսիսային մասը։ Դանուբը երկիրը բաժանում է 2 մասի։ Նրանից արևելյանը Միջինդանուբյան մեծ դաշտավայրն է՝ Ալֆյոլդը (բարձրությունը՝ 100—200 մ), որը հյուսիսից եզրավորված է Կարպատների համակարգին պատկանող լեռների շղթայով (800—1000 մ)։ Այստեղ, Մատրա լեռնազանգվածում է Հունգարիայի ամենաբարձր կետը՝ Կեկեշ լեռը (1015 մ)։ Դանուբի աջափնյա մասը զբաղեցնում է խիստ մասնատված Դունանտուլ հարթավայրը, որտեղ գերիշխում են 150—200 մ բարձրությունները։ Դունանտուլը հատված է Միջինհունգարական լեռների գոտիով (բարձրությունը՝ 400—700 մ), նրանից հարավ-արևելք առանձին բարձրանում է Մեչեկ լեռնազանգվածը (բարձրությունը՝ մինչև 682 մ)։ Երկրի հյուսիս-արևմուտքում գտնվում է Միջինդանուբյան փոքր դաշտավայրը՝ Կիշալֆյոլդը (բարձրությունը՝ 120—180 մ), որի միայն հարավային մասն է պատկանում Հունգարիային։ Արևմուտքից այն եզրավորված է Ալպերի նախալեռներով (բարձրություևը՝ 500—800 մ)։ Երկրաբանական կառուցվածքում գերիշխում են պալեոզոյի և մեզոզոյի հասակի նստվածքային ապարները։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]վարչականորեն բաժանվում է 19 մեդիեի (մարզի)։ Բուդապեշտ, Դեբրեցեն, Դյոր, Միշկոլց, Պեչ և Մեգեդ քաղաքները վարչական առանձին միավորներ են։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարուստ է ածխի, նավթի, բնական գազի, երկաթի, բոքսիտների, մանգանի հանքավայրերով։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն է, ցամաքային։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 20—22,5 °C Է, հունվարին՝ -2-ից մինչև-4 °C: Տարեկան տեղումները 900 մմ-֊ից (երկրի հարավ-արևմուտքում) մինչև 450 մմ են (Ալֆյոլդի կենտրոնում և արևելքում)։
Ներքին ջրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունգարիայի գետային ցանցը պատկանում է Դանուբի ավազանին, որը 270 կմ երկարությամբ կտրում է երկիրը հյուսիսից հարավ։ Դանուբի գլխավոր ձախ վտակը Տիսան է, Հունգարիայում առավել խոշոր աջ վտակներից են Ռաբան, Շիոև, Դրավան։ Լճերը քիչ են. ամենախոշորը Բալատոնն Է։
Հողեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերակշռում են սևահողերը։ Լեռնային և բլրային շրջաններում կան գորշ անտառային և ճմա-կարբոնատային, Դանուբի և Տիսայի հովիտներում՝ սղյուվիալ հողեր։ Տարածքի 17%-ը անտառածածկ Է։
Ալֆյոլդը ծածկված է եղել տափաստանային բուսականությամբ, այժմ նրա զգալի մասը հերկված Է։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանիներից տարածված են նապաստակը, դաշտամուկը, գետնասկյուռը, աղվեսը, ոզնին, տափաստանային և անտառային թռչուններ, գետերում ու լճերում՝ շիղաձուկը, բրամը, գայլաձուկը և այլն։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունգարիան ինդուստրիալ-ագրարային երկիր է։ 1976 թվականին ժողովրդավարական տնտեսության մեջ զբաղվածների 44%-ը բաժին էր ընկնում արդյունաբերությանը, 21%-ը՝ գյուղատնտեսությանը։
Հունգարիայի հանքա-հումքային և էներգետիկական ռեսուրսները սահմանափակ են։ էներգետիկայի հիմքը ածուխն է, որի և մազութի բազայի վրա կառուցվել են խոշոր ՋԷԿ-եր։ Արդյունահանում են բոքսիտներ (2-րդ տեղը Եվրոպայում), երկաթի ցածր տեսակի հանքանյութ, մանգան, բազմամետաղներ, կաոլին, ինչպես նաև փոքր քանակությամբ նավթ և գազ։ «Բարեկամություն» նավթամուղով ստացվող նավթի բազայի վրա Սազհալոմբատայում ստեղծվել է նավթավերամշակման խոշոր կոմբինատ, իսկ «Բարեկամություն-2» նավթամուղով ստացվող նավթի բազայի վրա հզոր կոմբինատ է գործում Լենինվարոշում։ Պաքշ քաղաքում կառուցվում է հունգարիայի առաջին ատոմակայանը։ Հունգարիայի մեքենաշինությունը մասնագիտացած է առավելապես ոչ մետաղատար ճյուղերի գծով՝ էլեկտրատեխնիկա, հատկապես կապի տեխնիկա, էլեկտրոնիկա և սարքաշինություն, նաև տրանսպորտային միջոցների թողարկում՝ ներքին այրման շարժիչների և այդ հիման վրա դիզելային ուղևորատար վագոնների (գնացքների), մոտոցիկլետների, բեռնատար ավտոմեքենաների, նավերի ու հատկապես ավտոբուսների («Իկարուս» մակնիշի) արտադրություն։ Մեքենաշինության 3/5-ը կենտրոնացած է Բուդապեշտում։ Խոշոր կենտրոններ են նաև Դյորը, Միշկոլցը, Դեբրեցենը, Սեկեշֆեհերվարը։
Քիմիական արդյունաբերությունը հենվում է բնական գազի և նավթաքիմիական կիսաֆաբրիկատների վրա։ Գլխավոր ճյուղերն են հանքային պարարտանյութերի և պլաստմասսաների արտադրությունը (Կազինցբարցիկա, Լենինվարոշ)։ Զարգացած է դեղագործական արդյունաբերությունը, որի արտադրանքի 2/3-ը արտահանվում է։
Սննդի արդյունաբերության առաջատար ճյուղը պահածոների արտադրությունն է։ Զարգացած են նաև թռչնավերամշակման, մսեղենի և հրուշակեղենի ճյուղերը։ Տեքստիլ արտադրանքի շուրջ 1/2-ը տալիս է բամբակեղենի, 1/5-ը՝ բրդեղենի արդյունաբերությունը։ Տեքստիլ ինդուստրիայի 3/5-ը կենտրոնացած է մայրաքաղաքում։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունգարիայի հողային ֆոնդի 52,3%-ը կազմում են վարելահողերը, մարգագետիններն ու արոտավայրերը՝ 14,1%-ը, խաղողի ու պտղատու այգիները և բանջարանոցները՝ 5,6%֊ը։ Վարելահողերի 14,2% ֊ը պատկանում է պետությանը, 80,6% ֊ը՝ կոոպերատիվ սեկտորներին, 2%-ը՝ մենատնտեսներին, 3,2%֊ը կազմում են տնամերձները։ Գյուղատնտեսության սոցիալիստական վերակառուցումն ուղեկցվում է նրա տեխնիկական վերազինմամբ, հանքային պարարտանյութերի ինտենսիվ օգտագործմամբ, ոռոգվող հողատարածությունների ընդարձակմամբ։ Ցանքատարածությունների մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային կուլտուրաները (հիմնականում ցորեն և եգիպտացորեն)։ Շաքարի ճակնդեղի ցանքերը կենտրոնացած են Կիշալֆյոլդում և Ալֆյոլդի հարավ-արևելքում։ Մշակում են նաև արևածաղիկ ու կանեփ։ Խաղողի ու պտղատու այգիների հիմնական զանգվածը գտնվում է Դանուբի և Տիսայի միջագետքում. տեսակավոր գինիների արտադրության համար օգտագործվող խաղողի այգիները գտնվում են լեռների հարավային լանջերին։ Պտղաբուծությունը և բանջարաբուծությունը առանձին տարիների տալիս են գյուղատնտեսության արտահանության 1/3-ը։ Անասնապահությանը բաժին է ընկնում գյուղատնտեսության համախառն արտադրանքի 44%֊ը և գյուղատնտեսության ամբողջ արտահանության մինչև 40% ֊ը։ Հիմնական ճյուղը խոշոր եղջերավոր անասունների բազմացումն է։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունգարիայի երաժշտական մշակույթը սկզբնավորվել է երաժշտական հարուստ բանահյուսության հիման վրա։ Հունգար ժողովրդական երգասացների մասին առաջին տեղեկությունները վերաբերում են X դարի։ Քրիստոնեության ընդունումից (X դ.) հետո հունգարական երաժշտության զարգացման վրա մեծ ազդեցություն է գործել գրիգորյան խորալը։ XIII դարում սկսել է զարգանալ պրոֆեսիոնալ երաժշտական արվեստը։ XV դ. Բուդայում և եպիսկոպոսների խոշոր պալատներում գոյություն են ունեցել կապելլաներ։ Չնայած օսմանյան արշավանքների հարուցած խոչընդոտներին, այդ շրջանում երևան են եկել առաջին աշխարհիկ երաժշտական երկերը։ Ռեֆորմացիայի շրջանում տարածվել է հունգարական հոգևոր երգը։ XVII—XVIII դդ. հունգարական արիստոկրատական շատ տներ ունեին գործիքային և երգչախմբային կապելլաներ։ Արևմտաեվրոպակաև ազդեցությամբ զարգացել է քաղաքային երաժշտական կյանքը։ Հունգարական առաջին երաժշտա-բեմական ստեղծագործության հեղինակն է Դ. Մատրային։ XVIII դարի վերջին քաղաքային միջավայրում ծագել է պարային գործիքային երաժշտության, այսպես կոչված, վերբունկոշ ոճը, որը XIX դարի կեսերին դարձել է հունգարիայի ռոմանտիզմի հիմնական ոճը, օգտագործվել խոշորագույն կոմպոզիտորների երկերում։ Վերբունկոշին բնորոշ տարրերի մշակման հիման վրա Յո. Ռուզիչկան ստեղծել է հունգարական առաջին օպերան («Բելայի փախուստը», 1822)։ XVIII դ.—XIX դ. սկզբին Հունգարիայի երաժշտական արվեստում երևան են եկել ազգային միտումներ, որոնք առավել վառ արտահայտվել են ռոմանտիկական ազգային օպերայում (հիմնադիրն է Ֆ. Էրկեչը)։ 1834 թվականին ստեղծվել է առաջին, այսպես կոչված, Ազգային երաժշտական դպրոցը, որի հիման վրա Ֆ. Լիստը 1875 թվականին հիմնադրել է Երաժշտական ակադեմիա։ 1837 թվականին Պեշտում հիմնադրվել է օպերային թատրոն, 1840 թվականին՝ Ազգային կոնսերվատորիա, 1853 թվականին՝ Ֆիլհարմոնիկ ընկերություն։ Հունգարական ազգային երաժշտական մշակույթի զարգացմանը մեծապես նպաստել է Ֆերենց Լիստի ստեղծագործական և հասարակական գործուևեությունը։ Ազգային երաժշտական ավանդույթևերը զարգացրել է Մ. Մոշոնին։ XIX դարի վերջին հանդես են եկել նշանավոր կատարողներ, հատկապես հռչակված էր ջութակի հունգարական դպրոցը։ Հունգարիայում են ծնվել և գործել նշանավոր ջութակահարներ Յո. Յոահիմը, Մ. Հաուզերը, Ն. Աուերը, դաշնակահարներ Ա. Սեկեյը, Ա. Աենդին, դիրիժորներ Դ. Ռիխտերը, Ա. Նիկիշը։ XX դարի 1-ին կեսին համաշխարհային ճանաչում ստացան Ֆ. Լեհարի և Ի. Կալմանի օպերետները։ Հունգարական նոր երաժշտությունը (XX դ. սկիզբ) կապված է Բ. Բարաոկի և Զ. Կոտսյի գործունեությանը։ 1945 թվականից Հունգարիայի երաժշտական կյանքը նշանավորվում է ազգային-դեմոկրատական մշակույթի ընդհանուր վերելքով, ինքնագործ արվեստի և երաժշտական կրթության զարգացումով։ Ժամանակակից կոմպոզիտորներից են՝ Պ. Կադոշան, Ռ. Մարոշը, Ա. Միհայը, Է. Սերվանսկին, Ֆ. Ֆարկաշը, Շ. Սոկոլային, Դ. Կուրտագան, Ֆ. Սաբոն։ Երաժշտական մշակույթի կենտրոնը Բուդապեշտն է, որտեղ գործում են՝ Ֆ. Լիստի անվան Հունգարական ազգային երաժշտական ակադեմիան, Բ. Բարտոկի անվան կոնսերվատորիան, Հունգարական օպերային թատրոնը և Օպերետայի մայրաքաղաքային թատրոնը, սիմֆոնիկ նվագախմբեր, ժողովրդական պարի պետական անսամբլը, «Բուդապեշտ» պարային անսամբլը, պրոֆեսիոնալ և սիրողակաև բազմաթիվ կոլեկտիվներ, հունգար երաժիշտների ասոցիացիան (1949), Հունգարական ԳԱ-ին կից ժողովրդական երաժշտության բաժանմունքը (1953), «Բարտոկի արխիվ» ընկերությունը (1961), երաժշտության ինստիտուտը (1969)։ Երաժշտական կյանքի նշանավոր կենտրոններ են նաև Պեչը, Սեգեդը, Դեբրեցենը, Միշկոլցը։ Ժամանակակից նշանավոր երաժիշտ-կատարողներից են դիրիժոր Յա. Ֆերենչիկը, դաշնակահարուհի Ա. Ֆիշերը, ջութակահարներ Դ. Կովաչը և Վ. Տատիային, օպերային երգիչ-երգչուհիներ Ա. Ֆարագոն, Դ. Մելիշը, Մ. Լասլոն, Օ. Սենին, օպերետային՝ Ռ. Ռատոնյին, Պ. Կերտեսը, է. Դալամբոշը, երաժշտագետներից և երաժշտական քննադատներից՝ Բ. Սաբոլչին, Ա. Մոլնարը և ուրիշներ։
Հայերը Հունգարիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը Հունգարիայում բնակություն են հաստատել X-XI դարերից։ XIII դ. Հունգարիայի մայրաքաղաք Էստերգոմում եղել է հայկական թաղամաս։ XIII դ. Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Բ-ի և Հունգարիայի թագավոր Անդրաշ II-ի միջև կնքվել է բարեկամության պայմանագիր։ XV-XVI դդ. շուրջ 3000 հայ ընտանիք ներգաղթել է Տրանսիլվանիա (մտնում էր Հունգարիայի կազմի մեջ)։ Հայերը հիմնել են Գեռլա, Եղիսաբեթուպոլիս (այժմ՝ Դումբրվեն) քաղաքները, որոնք ունեցել են ներքին ինքնավարություն՝ քաղաքային վարչություն և դատարան, հայ քաղաքապետ, կառուցել են եկեղեցիներ, հիմնել դպրոցներ։ Հայերի հիմնական զբաղմունքն արհեստներն ու առևտուրն էր, ինչը խրախուսել են իշխաններն ու թագավորները՝ տալով զանազան արտոնություններ։ Լեոպոլդ I-ը հայկական բնակավայրերը հայտարարել է քաղաքներ, Կառլոս VI-ը թագավորական ազատ քաղաքների իրավունք է շնորհել Գեռլա (1726) և Եղիսաբեթուպոլիս (1733) քաղաքներին։ 1791 թվականին Հունգարիայի պետական ժողովը հայերին պաշտոնապես հայտարարել է երկրի լիիրավ քաղաքացիներ։ Դարեր շարունակ ապրելով Հունգարիայում՝ նրանք մասնակցել են պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին։ Կռվել են երկիրը թուրքական լծից ազատագրողների շարքերում, մասնակցել 1848-49 թվականների հեղափոխությանը [1200 զինվոր, այդ թվում՝ 70 սպա, զորավարներ (Էռնո Քիշ, Վիլմոշ Լազար, Յանոշ Ցեց), որի ճնշումից հետո Ավստրո-Հունգարիայում հայերին սպառնում էր ձուլման վտանգը։ Մի խումբ հայ մտավորականների ջանքերով գաղութն ապրել է մտավոր և հոգևոր զարթոնք։ Հրատարակվել են հայագիտական գրքեր, հիմնադրվել Հայկական թանգարանը։ 1887 թվականից հրատարակվել է «Արմենիա» ամսագիրը (հունգարերեն)։ Ազգային ինքնագիտակցության արթնացումը դանդաղեցրել է ձուլման ընթացքը։ Հայ համայնքները որոշ աշխուժացում են ապրել 1915 թվականի Մեծ եղեռնից փրկված հայերի ներգաղթով։ 1919 թվականին հիմնվել է «Մասիս» ընկերությունը (հրատարակել է «Նոր դար» պարբերաթերթը), 1920- թվականին՝ Հունգարիո հայ միությունը։ 1945 թվականին։ Բուդապեշտում կառուցվել է հայկական մատուռ։ Գործում է Ս. Գրիգոր հայկական եկեղեցին։ 1980-ական թթ. կազմակերպվել է հայ-հունգարական մշակութային ընկերությունը, 1987 թվականից մի խումբ հայ մտավորականների ջանքերով՝ «Արմենիա» ընկերությունը։
Ներկայումս Հունգարիայում կա 15 հազար հայ (որոնցից շատերը հայերեն չգիտեն), նրանք աշխատավորներ են, բժիշկներ, գիտնականներ, իրավաբաններ, ճարտարապետներ, նկարիչներ, դերասաններ, արվեստագետներ և այլն։
Հունգարահայերը ներգրավված են պետական, տնտեսական ու հասարակական կյանքի մեջ։ Հունգարիան աշխարհում առաջին պետությունն է, որտեղ 1995 թվականին ստեղծվել, կազմավորվել է հունգարահայ ինքնավարություն, որի նպատակն է համախմբել բոլոր հունգարահայերին, նրանց շրջանում տարածել մայրենի լեզուն, արվեստը, մշակույթը։ Ղեկավարն է Ալեքսան Ավանեսյանը։
Հունգարահայ համայնքը սերտ կապեր ունի սփյուռքահայ մյուս համայնքների հետ։
1995 թվականից լույս է տեսնում «Արարատ» (հունգարերեն և հայերեն) թերթը։
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Հունգարիայի Հանրապետության միջև հաստատված են եղել 1992 թվականից մինչև 2012 թվականի օգոստոսի 31[10]։
Քաղաքի տեսարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հունգարիայի տարածքը
- ↑ 2,0 2,1 Հունգարիայի բնակչությունը 2015 թվականին
- ↑ Հունգարիայի բնակչությունը 2011 թվականին
- ↑ Հունգարիայի ՀՆԱ-ն
- ↑ Հունգարիայի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն
- ↑ Հունգարիայի անվանական ՀՆԱ-ն
- ↑ Հունգարիայի մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն
- ↑ Հունգարիայի Ջինի
- ↑ Hwunga8iaji ՄԶՀ
- ↑ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունգարիա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 667)։ |
- Երկրներ այբբենական կարգով
- Եվրոպայի երկրներ
- Եվրոպական միության անդամ երկրներ
- 1920 հիմնադրված պետություններ և տարածքներ
- Դեպի ծով ելք չունեցող երկրներ
- Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ
- Լիբերալ ժողովրդավարություններ
- Հանրապետություններ
- Հունգարիա
- ՄԱԿ-ի անդամ երկրներ
- Միջերկրածովյան միության անդամներ
- ՆԱՏՕ-ի անդամ երկրներ