Հմայակ Աբրահամի Արծաթպանյան (Արծաթբանյան, հունիսի 5 (17), 1876[1][2], Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 8, 1920(1920-01-08) կամ 1919[1][2], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ[1][2]), հայ գեղանկարիչ։
Ծնվել է Դոնի Նախիջևանում, գյուղացու ընտանիքում։ Հայրը՝ Աբրահամ և մայրը՝ Մարիամ, երիտասարդ տարիներին եղել են սիրողական դերասաններ, մասնակցելով Դոնի Նախիջևանի հայկական թատերախմբի ներկայացումներին։ Նրանց չորս որդիներից ամենափոքրը Հմայակն էր. նա դեռ մանկությունից սիրել է պատրաստել կավե կենդանիներ, թռչունների ֆիգուրներ։ Նախնական կրթությունն ստացել է Նախիջևանի Խաչվերաց վանքի հոգևոր ուսումնարանում 1884-1891 թվականներին։ Ավարտելուց հետո աշխատել է լուսանկարչատանը, Չերեպախինի մոտ, նկարելով նաև սրբապատկերներ։ Հաջորդ երկու տարիների ինքնաշխատությունը կարելի է տեսնել «Պսակադրությունից առաջ» կամ «Աղջիկը հարս» գեղանկար էսքիզում, կատարած 1893 թվականին։ Լիրիկական տրամադրություն արտահայտող այդ նախանկարն արդեն հավաստում է ապագա նկարչի խոստումնալից ունակությունները։ Որոշ ժամանակ հաճախել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի դասընթացները, իսկ 1904 թվականին ավարտել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը, աշակերտելով Վ. Սերովին։ Դոնի Ռոստովում դասավանդել է նկարչություն։ Ցուցահանդեսների մասնակցել է 1895 թվականից։ 1967 թվականին Երևանում բացվել է նրա գործերի ցուցահանդեսը։
Գլխավոր գործերից են՝ «Ամառանոցը», «Արմավիրի տեսարան», «Այգի», «Կազբեկ», «Բնանկար տնակով», «Ինքնադիմանկար», «Հիվանդ երեխայի մոտ», «Աղքատի հուղարկավորությունը», «Հրդեհ հայկական գյուղում», «Ավերակների վրա», «Թուրքերի գազանությունները», «Սարսափների աշխարհում», «Դաշնամուրի առաջ», «Չաթալբաշյանի դիմանկարը», «Վերջին ակորդը», «Ընթերցանություն», «Մ. Շահինյանի դիմանկարը», «Իմ ծաղիկները»[3]։
-
Հ. Արծաթպանյան, «Հիվանդ երեխայի մոտ»,
1900
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 163.
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ (համառոտ բառարան), Ե., «Լույս», 1977, էջ 72։
- Կատալոգ Հմայակ Արծաթպանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի, Ե., 1967։
- Ռ. Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 70)։
|