Հին քաղաք (Տալլին)
Տալլինի Հին քաղաք | |
Historic Centre (Old Town) of Tallinn* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Հին քաղաքի մանրակերտը Տալլինի քաղաքային թանգարանում | |
Երկիր | Էստոնիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1997 (21-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Հին քաղաք (էստ․՝ Tallinna vanalinn), Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հնագույն մասը։ 1997 թվականին Տալլինի Հին քաղաքն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում որպես հյուսիսեվրոպական առևտրական քաղաքի լավ պահպանված պատմական կենտրոնի օրինակ[1]։ Մակերեսը 118 հա է։ Հին քաղաքի շինությունները հիմնականում կառուցվել են 13-16-րդ դարերում[2]։
Հին քաղաքը պայմանականորեն բաժանվում է երկու մասի՝ Վերին և Ստորին քաղաքներ։ Վերին քաղաքում, որը տեղակայված է Տոոմպեա բարձունքին, ի սկզբանե ապրելէ ազնվականությունը, մինչդեռ Ստորին քաղաքում հիմնավորվել են առևտրականները, արհեստագործները և առավել ցածր եկամուտներ ունեցող խավը։ Ստորին քաղաքը Վերին քաղաքից բաժանվել է ամրոցային պատով, որի զգալի մասը պահպանվել է մինչ օրս։
Վերին քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]Փայտե առաջին շինությունը Տոոմպեա բարձունքին հավանաբար կառուցվել է 11-րդ դարում։ Հետագայում զգալի կերպով քաղաքի ճարտարապետական տեսքը կանխորոշել է տեղի շինարարական նյութը՝ սալիկային կրաքարը։
1219 թվականի Լինդանիսե բնակավայրը գրավել են դանիացի խաչակիրները Վալդեմար II-ի ղեկավարությամբ, ինչից հետո քաղաքը ստացել է Ռևել անվանումը, իսկ Վերին քաղաքը դարձել է օտարերկրացի տիրակալների նստավայրը։ Տոոմպեան բաժանվել է երեք հատվածի՝ Մեծ քաղաք, Փոքր քաղաք և մերձակա հատված։ Երբ 15-րդ դարում քաղաքի կառավարումն անցել է Տևտոնական օրդենին, ամրոցը վերակառուցվել է․ այն ձեռք է բերել քառակուսի տեսք։ Նրա անկյուններում կառուցվել են չորս աշտարակներ՝ այդ թվում Հասակով Հերմանը (1360-1370-ական թվականներ), որի բարձրությունը 16-րդ դարում ավելացվել է 10 մ-ով։ Ռևելի տնտեսական ու մշակութային ծաղկմանը զուգընթաց հանզայական շրջանում (16-րդ դար) ամրոցն աստիճանաբար հեռացել է իր սկզբնական նշանակությունից՝ պաշտպանությունից՝ վերածվելով ներկայացուցչական պալատի։ Երբ Հյուսիսային պատերազմի արդյունքում ռուսները գրավել են Ռևելը, նրա աշտարակներից մեկն ավերվել է, և ամրոցը կրկին վերակառուցվել է բարոկկո ոճով։ Ներկայումս Տոոմպեա ամրոցում հաստատվել է Էստոնիայի խորհրդարանը՝ Ռիյգիկոգուն։
Վերին քաղաքում է գտնվում Էստոնիայի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Տալլինի մայր տաճարը, որը կառուցվել է 13-րդ դարում։ Իր ներկայիս տեսքը տաճարը ստացել է բազմաթիվ վերափոխումներից հետո։ Տաճարում թաղվել են նշանավոր շատ մարդիկ, այդ թվում՝ Պոնտուս Դելագարդին, Իվան Կրուզենշտեռնը։
Ալեքսանդր Նևսկու ուղղափառ տաճարը կառուցվել է 19-րդ դարի վերջին և դարձել Էստոնիայի ռուսականացման խորհրդանիշը, այդ պատճառով էլ այն երկար ժամանակ դուր չի եկել Տալլինի բնակիչներին։ Մի քանի անգամ պլանավորվել է տաճարի քանդումը կամ վերափոխումը։
Փողոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիրիկու
- Կոհտու
- Լյուհիկե Յալգ
- Պիկ Յալգ
- Պիյսկոպի
- Ռահուկոհտու
- Ռուտու
- Տոոմ կոոլի
- Տոոմպեա
- Տոոմ Ռյույթլի
Ստորին քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորին քաղաքի կենտրոնը Ռատուշայի հրապարակն է, որտեղ գտնվում է 13-րդ դարի ռատուշան՝ կառուցված գոթական ոճով, Եգորովի տունը և այլ կառույցներ։ Ռատուշայի դիտահրապարակից բացվում է քաղաքի ու նավահանգստի հրաշալի համայնապատկերը։ Տալլինի խորհրդանիշներից մեկը Ծեր Թոմաս հողմացույցն է, որը 1530 թվականից զարդարում է Տալլինի ռատուշայի սրաձողը։
Olde Hansa ռեստորանում կարելի է խորասուզվել միջնադարյան Տալլինի մթնոլորտում։
Ռատուշայի դիմաց գտնվում է Ռատուշայի դեղատունը։ Նրա մասին առաջին հիշատակությունը առնչվում է 1422 թվականին։ Այսպիսով, այն Եվրոպայի ամենահին դեղատներից է, որոնք գործում են միևնույն շենքում՝ սկսած 15-րդ դարից։ Այն նաև Տալլինի ամենահին կոմերցիոն և բժշկական հաստատությունն է։
Տալլինի քաղաքային պատերը, որոնք ներառում են ամրոցի պատերն ու աշտարակները, քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից են։ Միջնադարում Տալլինը Բալթիկ ծովի մերձափնյա քաղաքներից առավել լավ պաշտպանվածներից է եղել։ Քաղաքային պատերի շինարարությունը սկսվել է 13-րդ դարի երկրորդ կեսից։ Կա կարծիք, որ առաջին ամրություններն անցել են ներկայիս Լայ, Հոբուսեպեա, Վանա Տուրգ, Կուլասեպա փողոցներով։ Քաղաքի ընդարձակման հետ ամրոցային պատերն ընդարձակվել են․ ամրությունների կատարելագործումը շարունակվել է մոտ 300 տարի։ Վերջնական արդյունքում 2-3 մ հաստությամբ պատերի բարձրությունը հասել է 13-16 մ-ի։
Ներկայումս 2,35 կմ երկարությամբ պատերից պահպանվել է 1,85 կմ-ը, 40 աշտարակից՝ 26-ը, ինչը հազվագյուտ երևույթ է եվրոպական քաղաքների համար, որտեղ ամրոցային պատերը վերացվել են՝ անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված։ Միջնադարյան քաղաքային պատերը շրջապատված են եղել խրամով (մնացորդները կարելի է տեսնել Տոոմպարկի շրջակայքում) և ունեցել են գլխավոր վեց և երկրորդական ևս մի քանի դարպասներ։ Պահպանվել է զինաշտարակը՝ Գեր Մարգարետը՝ 25 մ տրամագծով, որը կառուցված է Ծովային մեծ դարպասի առաջ։ Ներկայումս այնտեղ գործում է Էստոնիայի ծովային թանգարանը։
Հրետանային Կիկ ին դե Կյոկ աշտարակը իր ժամանակին եղել է Մերձբալթիկայի ամենահզոր աշտարակը։
Ստորին քաղաքում պահպանվել են միջնադարյան մի քանի եկեղեցիներ։ Սուրբ Նիկոլայի նախկին լյութերական եկեղեցին հինմնադրել են գերմանացի առևտրականները 18-րդ դարում։ Այն նաև կիրառվել է որպես ապրանքների պահեստ։ Եկեղեցին Ստորին քաղաքի միակ եկեղեցին է, որ Ռեֆորմացիայի ժամանակ թալանի չի ենթարկվել։ 1944 թվականին Տալլինի ռմբակոծության ժամանակ այն ավերվել է, ապա վերականգնվել։ Ներկայումս եկեղեցին Էստոնիայի գեղարվեստական թանգարանի մասնաճյուղ է և համերգասրահ։
Սուրբ Հոգու եկեղեցում, որը կառուցվել է 14-րդ դարում, պահպանվել է 15-րդ դարի վարպետ Բերնտ Նոտկեի կառուցած խորանը և 17-րդ դարի ժամացույցը՝ Քրիստիան Աքերմանի նախագծով։
Սուրբ Օլաֆի եկեղեցին, որն անվանվել է նորվեգացի արքա Օլաֆ Հարալդսոնի պատվին, հայտնի է 13-րդ դարից, իր ժամանակին եել է Եվրոպայի ամենաբարձր կառույցը։ Եկեղեցին ունի դիտահարթակ։
Ստորին քաղաքի տարածքում գտնվել են երկու մենաստաններ՝ կանանց ցիստերիանական (Սուուր Կլոոստրի փողոց) և տղամարդկանց դոմինիկյան (Վիեննայի փողոց, 12-18-րդ շենքերի տեղում)։
Քաղաքային ամենահին շուկան գտնվել է ներկայիս Պիկ Յալգ աշտարակի հարևանությամբ, հետագայում այն տեղափոխվել է Ռատուշայի հապարակի շրջան, իսկ ամրոցային պատերի կառուցումից հետո՝ դրանց սահմաններից դուրս՝ ներկայիս Վանա Տուրգ հրապարակի մերձակայք։
Ռիգայի Սևագլուխների տան նմանությամբ Տալլինում գործել է Սևագլուխների տուն Պիկ փողոցում, որը միաբանության տներից միակն է, որ անխաթար է մնացել մինչև 21-րդ դարը։ Սևագլուխների եղբայրությունը միավորել է գերմանացի ամուրի առևտրականներին Լիվոնիայի տարածքում և Տալլինում գործել է 15-րդ դարի սկզբից մինչև 1940 թվականը։ Շենքի ճակատամասը 15-րդ դարի հոլանդական վերածննդի ոճով է։ Ճակատամասին կան հանզայական ընկերության մեջ մտնող այլ քաղաքների զինանշաններ՝ Բրյուգե, Նովգորոդ, Լոնդոն, Բերգեն։ Ռուս կայսրեր Պետրոս I-ը, Պավել I-ը և Ալեքսանդր I-ը եղել են Եղբայրության պատվավոր անդամներ և այցելել Սևագլուխների տուն։
Ստորին քաղաքում պահպանվել են առևտրականների տներ՝ հատկապես հանզայական քաղաքի ծաղկման ժամանակաշրջանին առնչվող[3]։ Դրանցից աչքի են ընկնում Երեք քույրերը, Երեք եղբայրները, Հայր ու որդին, 23 և 29 տները Լայ փողոցում, Peppersack ռեստորանը Վանա Տուրգ հրապարակում[4]։ Վիեննայի փողոցի № 17 պատմական տանը գործում է Տալլինի քաղաքային թանգարանը։
Ստորին քաղաքի տարածքում աշխատում է Էստոնիայի հանրակրթական գործող դպրոցներից հնագույնը՝ Գուտավ Ադոլֆի գիմնազիան (բացվել է 1631 թվականի հունիսի 6-ին)։
Ստորին քաղաքի հյուսիսային մասում՝ Գեր Մարգարետ աշտարակի հարևանությամբ, 1996 թվականին բացվել է Ընդհատված գիծ հուշահամալիրը՝ նվիրված «Էստոնիա» լաստանավի ողբերգական խորտակմանը, որի արդյունքում մահացել են հարյուրավոր մարդիկ։
Խորհրդային ժամանակաշրջանում Տալլինի Հին քաղաքը հաճախ որպես միջնադարյան Եվրոպայի կինոդեկորացիա կիրառվել է ֆիլմերի նկարահանման ժամանակ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Centre, UNESCO World Heritage. «Historic Centre (Old Town) of Tallinn». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Bureau, Tallinn City Tourist Office & Convention. «Old Town». Visit Tallinn (english). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Средневековые жилые дома». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ ««Три сестры», «Три брата», «Отец и сын»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Актер по имени Таллинн
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հին քաղաք (Տալլին) կատեգորիայում։ |