Հարություն Պեզճյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պեզճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Պեզճյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1771 |
Մահացել է | հունվարի 3, 1834 (62 տարեկան) |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և բարերար |
Հարություն Պեզճյան Պողոսի (Ղազևզ (Գագազ) Հարություն ամիրա ապրիլի 10, 1771 - հունվարի 3, 1834), հայ հասարակական և Թուրքիայի պետական գործիչ։ Պեզճյանների ամիրայական ընտանիքից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Պեզճյանը ծնվել է 1771 թվականի ապրիլի 10-ին, Օսմանյան կայսրության Ստամբուլ քաղաքում։
Ավարտել է Գում Գափուի հայոց վարժարանը (1783), զբաղվել ջուլհակությամբ, մետաքսի առևտրով (այստեղից էլ «Ղազեզ» մականունը)։ Հովհաննես Տյուզյան ամիրայի միջնորդությամբ 1807 թվականից աշխատել է թուրք, արքունի դրամահատարանում՝ որպես հսկիչ։ Եղել է սուլթան Մահմուդ 11-ի անձնական սեղանավորն ու խորհրդականը։ Կարևոր դեր է խաղացել Թուրքիայի պետական կյանքում և Կ․ Պոլսի հայկական համայնքում (ժամանակի հայ պատմագրության ներկայացուցիչները Պեզճյանի գործունեության շրջանն անվանել են «Պեզճյանի դար»)։ Պեզճյանը ջանացել է միավորել Կոստանդնուպոլիսի լուսավորական և կաթոլիկական համայնքները, վերացնել նրանց միջև տասնամյակներ շարունակվող դավանաբանական վեճերն ու ընդհարումները։ Այդ պատճառով իր դեմ է հարուցել և՝ էջմիածնի, և՝ Վատիկանի թշնամանքը։ 1820 թվականին Կ․ Պոլսում Ֆրանսիայի դեսպանի պահանջով աքսորվել է, սակայն 1821 թվականին ներման է արժանացել և նշանակվել Թուրքիայի դրամահատարանի կառավարիչ, մեծապես նպաստել երկրի ֆինանսական-հարկային սիստեմի կարգավորմանը։
Պեզճյանը զգալի դեր է խաղացել նաև ենիչերիների կորպուսը վերացնելու (1826) գործում։ Սուլթանի միջամտությամբ վերահաստատել է հայոց եկեղեցու իրավունքները Երուսաղեմում, կանխել հույն և լատին հոգևորականության ոտնձգությունները։
Պեզճյանի ձեռներեցությամբ ու նյութական միջոցներով կառուցվել են Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի նոր շենքը (1823), Մայր եկեղեցին (1829), Ս․ Փրկչի Ազգային հիվանդանոցը (1833), բացվել Բերայի օրիորդաց վարժարանը (1826), Գում Գափուի մայր դպրոցը (1828), Ս․ Առաքելոց ազգային (1830), Պողոսյան տղայոց (1832), Վարվառյան օրիորդաց (1832), Թոփ Գափուի Պեզճյան (1832) և չորսդասյա երկսեռ էյուբյան (1832) վարժարանները, հրատարակվել է Գևորգ դպիր Պալաթեցի Տեր-Հովհաննիսյանի «Բառարան պարսկերեն ըստ կարգի հայկական այբուբենից» աշխատությունը։ Մասամբ հոգացել է Հայկազյան բառարանի հրատարակության ծախսերը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Պեզճյանը մահացել է 1834 թվականի հունվարի 3-ին։ Թաղված է Գում Գափուի Հայոց Մայր եկեղեցու զավթում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 224)։ |