Հայերը Ֆիլիպիններում
Ֆիլիպինահայեր |
---|
Ֆիլիպինների դրոշը |
Ընդհանուր քանակ |
114 |
Բնակեցում |
Լեզու(ներ) |
Հայերեն, Իսպաներեն |
Հավատք(ներ) |
Հայ Առաքելական եկեղեցի |
Հայերը Ֆիլիպիններում հաստատվել են ուշ միջնադարում՝ կապված հարավային և հարավարևելյան Ասիայի հետ եվրոպական երկրների առևտրով։ Ինչպես ժամանակակից Ֆիլիպիններում, այնպես էլ Ինդոնեզիայում, Մալայզիայում, Սինգապուրում և Թաիլանդում ուշ միջնադարում հաստատված հայերը հիմնականում վաճառականներ էին և այստեղ էին տեղափոխվել Իրանից, Հնդկաստանից ու Չինաստանից։ Ներկայումս Ֆիլիպիններում մոտ մի քանի տասնյակ հայ է բնակվում՝ միայն մայրաքաղաք Մանիլայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանի կատարած առաջին շուրջերկրյա ճանապարհորդության (1519-1521) ընթացքում «համեմունքների կղզիներից» հյուսիս ընկած կղզեխումբը անցնում է իսպանական տիրապետության տակ և կոչվում է իսպանացի գահաժառանգ Ֆիլիպի անունով՝ «Ֆիլիպիններ»։ Այստեղ հայկական գաղթավայրերի հիմնումը համարվում է 16-րդ դարի երկրորդ կեսը՝ դրանց հայտնագործումից մի քանի տասնամյակ անց։ Նրանց մուտքը կղզիներ, ի տարբերություն այլ օտարազգիների, եղել է ազատ և խրախուսվել տեղական իշխանությունների կողմից։
17-18-րդ դարերում իսպանական կաթոլիկական օրդենները Ֆիլիպիններում դառնում են հիմնական քաղաքական և տնտեսական ուժը։ Նրանք իրենց ձեռքում կենտրոնացնում են հսկայական կալվածքներ, և գաղութային տերությունների դեմ պայքարելու նպատակով սահմանափակում են Ֆիլիպինների կապերը արտաքին աշխարհի հետ։ Մյուս գաղութային տերությունները իրենց հերթին արգելում են իսպանացիների մուտքը ոչ իսպանական գաղութները։ Այս պայմաններում Ֆիլիպիններ մուտք ունեին միայն չինացի, հնդիկ և հայ առևտրականները, Մանիլայի ու Ակապուլկոյի (Մեքսիկա) միջև թույլատրվում էր առևտրական նավերի տարեկան երկու ուղերթ։ Այդ շրջանում արծաթը, ոսկու հետ համահավասար, դառնում է փոխանակման համարժեք, որը նոր աշխարհի իսպանական գաղութներից Եվրոպա էր արտահանվում հիմնականում Մանիլայի միջոցով, և Արևելքի երկրների հետ առևտուրը ուղղակի կախվածության մեջ էր արծաթի առկայությունից։ Այդ պատճառով արծաթը եվրոպական գաղութային տերությունների ուշադրության կենտրոնում էր և դարձել էր հիմնական գործոն Իսպանիայի և այդ տերությունների փոխհարաբերություններում։ Այս պայմաններում հայ առևտրականները, որոնք չունենալով պետականություն, չէին կարող գաղութային քաղաքականության ոլորտում մրցակից լինել, ստանում են համեմատաբար արտոնյալ պայմաններ։
Մանիլայի հայկական առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն 17-րդ դարում Չինաստանի Կանտոն (Գուանչժոու) քաղաքում ունենալով հայկական առևտրական գաղութ, սկսում են անմիջականորեն մասնակցել մանիլյան առևտրին, չինական մետաքսը Կանտոնից և Մակաոյից տեղափոխել Մանիլա, իսկ այստեղից ամերիկյան արծաթը՝ Հնդկաստան։ 17-րդ դարի հայ առևտրականների դերը մանիլյան առևտրում ավելի է աճում, որովհետև մրցակցության հետևանքով իսպանական առևտրական նավերի ուղերթները չափազանց կրճատվում են, իսկ 1640 թվականից ընդհանրապես դադարեցվում։ Աճող հակասությունները հանգեցնում են երկարատև պատերազմների, և եվրոպական տերությունների դերը մանիլյան առևտրում խիստ սահմանափակվում է։ Մանիլա մուտք են գործում միայն հնդիկ մուսուլման և հայ առևտրականները։ Արդյունքը լինում է այն, որ առևտրի գերակշռող մասը մնում է հայ առևտրականների տնօրինության տակ։ Եվրոպական առևտրականները ստիպված դիմում են վերջիններիս ծառայությանը։ Սովորաբար հայերը Ֆիլիպիններ նավարկում էին սեփական նավերով (հայ նավապետների ղեկավարությամբ և հայկական դրոշի ներքո), որոնք այդ շրջանում կազմել են, այսպես կոչված, «տեղական նավերի» (աշխարհի այդ շրջանի բոլոր նավերը, բացառությամբ եվրոպական փոքրաթիվ նավերի, որոնք իրավունք ունեին նավարկելու Եվրոպա՝ Աֆրիկան շրջանցելով) գերակշռող մասը։ Հայկական նավերը խարսխվում էին ոչ միայն եվրոպական գաղութներում, այլև Արևելքի պետություններում, որտեղ վայելում էին մեծ արտոնություններ։
1686 թվականին Հնդկաստանում գործող Արևելահնդկական առևտրական ընկերության և տեղի հայ վաճառականների միջև կնքված պայմանագրով հայ վաճառականներն անգլիական նավերով Մանիլայում ազատ ելումուտի և առևտրի իրավունք են ստացել։ Հայ առևտրականները Մանիլայից հիմնականում արտահանել են համեմունք, մետաքս, կերպաս և այլն, ներմուծել շաքար և արծաթ, ինչպես նաև «հայկական» կոչվող ներկատեսակ։ Հայ ակնավաճառների ձեռքում է եղել Ֆիլիպիններում թանկագին քարերի առևտրի մենաշնորհը։
18-րդ դարում Մանիլայի հայ գաղութը հիշվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գրագրություններում՝ որպես Իրանա-Հնդկաստանի (Նոր Ջուղայի) հայոց թեմի մեջ մտնող համայնք։ 18-րդ դարի երկրորդ կեսին Ֆիլիպիններում ապրել և ստեղծագործել է պատմաբան Զաքարիա Ջուղայեցին։ Այդուհանդերձ, Մանիլայում հայ վաճառականները չէին կարող առանց պետականության երկար կյանք ունենալ։ Եվրոպական գաղութարարները հնարավորություն չունենալով ազնվորեն մրցակցել հայ վաճառականների հետ, որոնք գերազանցում էին փորձով, կապերով, պայմանների գիտակությամբ և վայելում էին տեղական տիրակալների հովանավորությունը, դիմում էին անսքող կամայականությունների, խտրականության, օգտվելով այդ պետությունների քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական աջակցությունից։ Հետագայում, երբ մանիլյան առևտուրը կորցրեց իր սկզբնական նշանակությունը, հայ վաճառականների առևտուրը շարունակում էր կապող օղակ մնալ Հնդկաստանի, Չինաստանի և Արևելքի այլ երկրների հետ ծավալվող առևտրում։ ծովահենության ու կապերության և շարունակվող խտրականության հետևանքով Մանիլայի առևտրի հայկական մենաշնորհին վերջ տրվեց։
Գաղթօջախի մարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Ճապոնական օկուպացիայի տարիներին (1942-1945) և հատկապես Մանիլայի կոտորածից հետո, Ֆիլիպիններում և հարակից երկրներում հայերի թիվը կտրուկ նվազել է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրի Բարսեղով, Հայերը և համաշխարհային ծովային առևտուրը, ««Քյուրքչյան» հրատարակչություն», էջ 5-67, «Ֆիլիպինները հայերի ծովային առևտրում»։
- Bhaswati Bhattacharya, Making money at the blessed place of Manila: Armenians in the Madras–Manila trade in the eighteenth century, «Cambridge University Press»։
- Էդուարդ Դանիելյան Հայկական ծովային առևտրի զարգացման քաղաքակրթական գործոնները և միջազգային մրցակցությունը XVII դարում (հայերեն) // Նորավանք հիմնադրամ.
- Ռ. Ա. Աբրահամյան Հայերը Ֆիլիպիններում և Պինանգ կղզում (հայերեն) // Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա. — Т. 9. — № 9. — Էջ 42-50. — ISSN 0320-8117.
- Սեպուհ Ասլանեան Ջուղայեցի վաճառականներ և եվրոպական արևելա-հնդկական ընկերություններ. ցամաքային առևտուր, պաշտպանութեան ծախսեր և հավաքական ինքնաներկայացման սահմանները վաղ արդի Սեֆյան Իրանի մեջ (հայերեն) // Նոր հանդես. — Էջ 237-290.
- Margaret Sarkissian Armenians in South-East Asia (անգլերեն) // Board of Trustees of Northern Illinois University on behalf of Northern Illinois University and its Center for Southeast Asian Studies. — Т. 3. — № 2. — Էջ 1-33.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |