Հայերը Ռոդոսթոյում
Ռոդոսթո (թուրքերեն՝ Թեքիրդաղ՝ հայերեն Թագավորասարի «Թեքֆյուրդաղ» աղավաղումից), առաջին հայ բնակիչները եղել են 17-րդ դարի սկզբին ջալալիների ասպատակությունների և թուրք-պարսկական ավերիչ պատերազմների հետևանքով (1606-1607) Կամախից, Ակնից, Կարինից, Երզնկայից և այլ հայաբնակ վայրերից տեղահանվածները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարից 20-րդ դարերին հայերի թիվը Ռոդոսթոյում 15 հազար էր (քաղաքի բնակչության գրեթե կեսը)։ Զբաղվել են առևտրով, արհեստներով, ձկնորսությամբ, հողագործությամբ, այգեգործությամբ։ Եղել են նաև բժիշկներ, ճարտարապետներ, իրավաբաններ։
Հայկական եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հայկական եկեղեցին՝ Սուրբ Հրեշտակապետը, կառուցվել է 1607 թվականին՝ համայնքի հոգևոր առաջնորդ Գրիգոր Դարանաղցու նախաձեռնությամբ։ Թուրքերի կողմից ավերվելուց հետո նույն տեղում կառուցվել է Սուրբ Հովհաննես եկեղեցին։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ռոդոսթոյում գործել են Սուրբ Թագավոր, Սուրբ Խաչ, Սուրբ Փրկիչ եկեղեցիները, որոնց անուններով էլ կոչվել են քաղաքի հայկական թաղամասերը։ Ռոդոսթոն թեմի առաջնորդանիստ քաղաք էր, որի հոգևոր ենթակայության տակ էր Մալղարա, Չոռլու, Սիլիվրի քաղաքների հայ բնակչությունը։
Ուսումնական հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործել են Հովնանյան, Հիսուսյան վարժարանները։ Դպրոց են ունեցել նաև հայ բողոքականները։ 19-րդ դարի վերջից Ռոդոսթոյում գործել են հասարակական-լուսավորական, բարեգործական, մարմնամարզական, սկաուտական կազմակերպություններ, լսարան-ընթերցասրահներ։
Այլ կազմակերպություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործունեություն են ծավալել ՀՀԴ և ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները, մշակութային միությունները (անդամներից շատերը մասնակցել են Արևմտյան Հայաստանի ազատագրության համար Կովկասում կազմակերպված հայդուկային շարժումներին, եղել են օսմանյան լծից Մակեդոնիայի ազատագրության համար մարտնչող հայ ֊բուլղարական ապստամբական զորախմբերում)։ Ռողոսթոյում ներկայացումներով հանդես են եկել Կոստանդնուպոլսից հրավիրված Մ. Մնակյանի, Թ. Ֆասուլաճյանի, Վ. Փափազյանի թատերախմբերը։ 1908 թվականին լույս է տեսել «Կայծեր» խմորատիպ թերթը։ 1895-1896 թվականներին և հատկապես 1915 թվականից հետո Ռոդոսթոյի հասարակական կյանքն անկում է ապրել, իսկ 1922 թվականի զանգվածային բռնագաղթից հետո քաղաքը վերջնականապես հայաթափվել է։ Հայերն ապաստան են գտել Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ֆրանսիայում և այլուր։
Հայտնի ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոդոսթոյում են ծնվել կամ ռոդոսթոցի ծնողների զավակներ են Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը, երգահան Բարսեղ Կանաչյանը, կինոբեմադրիչ Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան), գրողներ Վազգեն Շուշանյանը, Սեդա Սևանը, մի շարք նշանավոր հասարակական ֊քաղաքական ու մշակութային գործիչներ։