Jump to content

Հայաստանի միջազգային դրություն (1918-1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Հանրապետություն
 Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետություն Մայիսի 28, 1918 թ. - Դեկտեմբերի 2, 1920 թ. Հայկական ՍՍՀ 

Նշանաբան՝
Մեկ ազգ, մեկ հայրենիք

Քարտեզ


(Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը 1918-1920 թթ․)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Երևան
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ առաքելական եկեղեցի
Տոն Մայիսի 28
Հիմն Մեր Հայրենիք
Արժույթ Հայկական ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ Խորհրդարանական հանրապետություն
Պետության գլուխ Վարչապետ
Օրենսդրություն Խորհրդարան
Պատմություն
- Երևանում Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը 1.08.1918 թ.
- Հայ-վրացական կարճատև պատերազմը 5-31.12.1918 թ.
- Միացյալ և անկախ Հայաստանի հռչակումը 28.05.1919 թ.
- Հայաստանի խորհրդարանական առաջին և միակ ընտրությունները 21-23.06.1919 թ.
- Հայաստանի անկախության փաստացիորեն ճանաչումը Անտանտի Գերագույն խորհրդի կողմից 19.01.1920 թ.
- Ալեքսանդրապոլում Հայաստանի համալսարանի հանդիսավոր բացումը 31.01.1920 թ.
- Սևրի պայմանագրի ստորագրումը 10.08.1920 թ.

Հայաստանի առաջին միջպետական կապերը հաստատել է Քառյակ միության երկրների (Գերմանիա, Թուրքիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա) և անմիջական հարևանների հետ։ Ըստ Բաթումի պայմանագրի (1918 թվականի հունիսի 4)՝

  1. Հայաստանը չէր կարող դիվանագիտական կապեր ունենալ օսմանյան կայսրության դեմ պատերազմող պետությունների հետ։
  2. Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն։

Գերմանիան, դժգոհ լինելով իր ասիական դաշնակցից, համարում էր, որ օսմանյան կայսրությունը Բաթումի պայմանագրով խախտել է Բրեստ-Լիտովսկի պայմանագրով (1918 թվականի մարտի 3) նախատեսված սահմանը, ուստի, Հարավային Կովկասի հանրապետությունների հետ պետք է նոր պայմանագիր կնքվի։ Նախատեսվում էր Կ. Պոլսում հրավիրել նոր խորհրդաժողով։

Ավետիս Ահարոնյան 1866 թ., գ. Իգդիր Մավա, Սուրմալուի գավառ 1948 թ., Փարիզ (թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը)

Կ․ Պոլսի պայմանագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթումի պայմանագրի պայմանները վերանայելու նպատակով 1918 թվականի հունիսին Կ. Պոլիս է մեկնել հայկական պատվիրակություն՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, իսկ մեկ այլ պատվիրակություն էլ Համազասպ Օհանջանյանի ղեկավորությամբ մեկնել է Բեռլին։ Նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել Գերմանիայի և վերջինիս դաշնակից պետությունների ներկայացուցիչների հետ։ Սակայն Կ. Պոլսի խորհրդաժողովը տեղի չի ունեցել, և շուտով Քառյակ միության երկրները պարտվել են պատերազմում։

Համազասպ Օհանջանյան

Մուդրոսի զինադադար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուդրոսի զինադադարով (1918 թվականի հոկտեմբերի 30) իր պարտությունը ճանաչած օսմանյան կայսրությունը պարտավորվել է զորքերը հետ քաշել մինչև 1914 թվականի ռուս-թուրքական սահմանը։ Թուրքական զորքերի հեռանալուց մի քանի ամիս անց բրիտանական զինվորական հրամանատարության օժանդակությամբ ՀՀ կազմի մեջ են մտել Նախիջևանի երկրամասը և Կարսի մարզի մեծ մասը։ ՀՀ-ն՝ որպես պատերազմում հաղթանակած Անտանտի դաշնակից, ձգտել է ամրապնդել իր միջազգային դիրքերը։

ՀՀ դիվանագիտական ձեռքբերումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ն դիվանագիտական ներկայացուցչություններ է բացել 40-ից ավելի երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Բրազիլիա, Իտալիա, Բուլղարիա, Հաբեշստան, Ֆինլանդիա, Ճապոնիա, Շվեյցարիա, Իրան և այլն), ինչպես նաև հարաբերություններ հաստատել նախկին Ռուսական կայսրության տարածքում կազմավորված առանձին պետական կազմավորումների՝ Ուկրաինայի, Բեսարաբիայի, Թերեքի, Դոնի շրջանների, գեներալ-լեյտենանտ Աևտոն Դենիկինի կամավոր, բանակի և Կուբանի ու Սիբիրի ծովակալ Ալեքսանդր Կոլչակի կառավարությունների հետ։

Առավել կարևոր էին հարաբերությունները Ռուսաստանի հարավում ստեղծված պետական կազմավորումների հետ (Անտոն Դենիկինի գլխավորությամբ), որովհետև այնտեղ և Հյուսիսային Կովկասում հանգրվանել էին Հայոց ցեղասպանությունից փրկված 100 հազարից ավելի գաղթականներ, իսկ խորհրդային Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը չէր շտապում ճանաչել Հայաստանի անկախությունը։

ՀՀ դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանը հարևան երկրներից միակն էր, որի հետ ՀՀ Կառավարությունը տարածքային և այլ կարգի վեճեր չի ունեցել և ձգտել է առևտրական ու դիվանագիտական սերտ կապեր պահպանել նրա հետ։

ՀՀ դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-վրացական հարաբերությունների ամենակնճռոտ խնդիրը հայկական Լոռի և Ջավախք գավառների հիմնահարցերն էին, որոնք Ռուսական կայսրության վարչատարածքային բաժանումների հետևանքով հայտնվել էին Թիֆլիսի նահանգի սահմաններում։ 1918 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թուրք, զորքերի հեռանալուց հետո Վրաստանի Հանրապետությունը ռազմակալել է այդ գավառները։ Հայկական իշխանություններին չի հաջողվել խնդիրը լուծել խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։ 1918 թվականիի դեկտեմբերին հայկական կողմը ստիպված ուժ է գործադրել, սկսվել է հայ-վրացական պատերազմ, որտեղ վրացական բանակը պարտություն է կրել։ Մեծ Բրիտանիայի զինվորական հրամանատարության միջամտությամբ ռազմական գործողությունները դադարեցվել են, և 1919 թվականի հունվարի 9-17-ը Թիֆլիսում տեղի ունեցած խորհրդաժողովում Լոռին բաժանվել է 3 մասի՝ վրացական, հայկական և «չեզոք գոտու»։ Վերջինս կառավարելու էր անգլիացի գենահաևգապետը, որին օգնելու էին վրացի և հայ տեղակալները։

ՀՀ դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների կիզակետում Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի խնդիրներն էին։ «Վիճելի» տարածքներին տիրանալու Ադրբեջանի Հանրապետության ձգտումը դարձել էր պետական քաղաքականության հիմնաքար։ Թուրքական բանակի մուտքը (1918 թվական) Անդրկովկաս սանձարձակել է մուսավաթ, կառավարությունը։ Սակայն 1918-1920 թվականներին հրավիրված արցախահայության 8 համագումարները չեն ճանաչել Ադրբեջանի իշխանությունը, իսկ տեղի հայկական ինքնապաշտպանության ուժերը պայքարել են մուսավաթ, և բոլշևիկյան Ադրբեջանի ոտնձգությունների դեմ։

Անդրանիկ Օզանյան

Զորավար Անդրանիկի՝ Սիսիանում տեղակայված ջոկատի արշավանքը Ղարաբաղ կասեցվել է անգլիական զինվորական հրամանատարության պահանջով, և նա վերադարձել է Զանգեզուր։ Սյունիքի հայ ազգաբնակչությունը նույնպես հարկադրված դիմել է զենքի և պաշտպանել իր՝ ՀՀ կազմում լինելու իրավունքը։ Այստեղ ինքնապաշտպանությունն սկզբում ղեկավարել է Անդրանիկը, իսկ 1919 թվականից՝ ՀՀ Կառավարության գործուղած Արսեն Շահմազյանը, Սերգեյ Մելիք-Յոլչյանը, Գարեգին Նժդեհը և այլ գործիչներ։

Գարեգին Նժդեհ

Նժդեհի գլխավորությամբ Զանգեզուրում հայ բնակչության հերոսական պաշտպանության շնորհիվ երկրամասը մնացել է Հայաստանի կազմում։ Փարիզի խաղաղության խորհրդաժողովը (1919 թվականի հունվար-1920 թվականի հունվար) կոչված էր նախապատրաստելու և ստորագրելու հաշտության պայմանագրերը Առաջին աշխարհամարտում (1914-1918 թվականներ) պարտված երկրների (Գերմանիա, Թուրքիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա) հետ։ Ի թիվս 27 երկրների՝ խորհրդաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանը։ Հայկական հարցի քննարկումը նախապատրաստելու համար Փարիզ է մեկնել ՀՀ պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։

Պողոս Նուբար Փաշայի կիսանդրին

Այնտեղ էր նաև տակավին 1912 թվականին կազմակերպված ազգային պատվիրակությունը՝ Պողոս փաշա Նուբարի գլխավորությամբ, որը ներկայացնում էր արևմտահայության շահերը։ Հայկական պատվիրակությունները չնայած բազմաթիվ հարցերի շուրջ ունեցել են տարբեր մոտեցումներ, այնուամենայնիվ պատրաստել են հայկական պահանջները ներկայացնող մեկ հուշագիր, որը 1919 թվականի փետրվարի 25-ին ներկայացվել է խորհրդաժողովին։

Վուդրո Վիլսոն

Դեռևս 1919 թվականի հունվարի 30-ին ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի նախաձեռնությամբ խորհրդաժողովը որոշել է ընդունել Հայաստանն ազատագրելու և նրան հոգատար (մանդատատեր) նշանակելու առաջարկը։ Հարցն ուսումնասիրելու համար 1919 թվականի սեպտեմբերի 25-ին Երևան է ժամանել ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ։ Օսմանյան կայսրության հետ կնքվելիք հաշտության պայմանագրի նախագիծը մշակելու նպատակով 1920 թվականի ապրիլին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում գումարվել է խորհրդաժողով, որտեղ հատուկ ուշադրություն է հատկացվել Հայկական հարցին, ընդգծվել է, որ դրա լուծումը նշանակում է Հայաստանի 2 մասերի միավորում։ Ապրիլի 24-ին ԱՄՆ-ը փաստացի ճանաչել է Հայաստանի անկախությունը, սակայն 1920 թվականի հունիսի 1-ին Սենատի որոշմամբ (52 դեմ, 23 կողմ ձայներով) մերժվել է Հայաստանի հովանավորությունն ընդունելը։ Որոշման համար բացասական դեր է խաղացել նաև Ջեյմս Հարբորդի պատվիրակության ներկայացրած եզրակացությունը՝ ավերակված ու օգտակար հանածոներով աղքատ Հայաստանին հովանավորելու անհեռանկարայնության մասին։

Սևրի պայմանագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրներն ու Թուրքիան կնքել են հաշտության պայմանագիր, որն ստորագրել է նաև ՀՀ պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը։ Պայմանագրի 89-93 հոդվածներն ամբողջովին վերաբերում են Հայաստանին։ Վուդրո Վիլսոնի իրավարարությանն է հանձնվել սահմանների որոշումը ՀՀ-ի և օսմանյան Թուրքիայի միջև՝ Տրապիզոնի, էրզրումի, Բիթլիսի, Վանի նահանգներում։ Նոյեմբերի 22-ին նա հրապարակել է իրավարարի իր վճիռը, որով նշված նահանգներում Հայաստանն ստանում էր 90 հազար կմ2 տարածք, իսկ ՀՀ-ի հետ կունենար 161.330 կմ2 տարածք, ելք դեպի Սև ծով՝ Տրապիզոն նավահանգստով։ 1920 թվականի ապրիլից սկսվել է քեմալա-բոլշևիկյան մերձեցումը։ Կողմերից յուրաքանչյուրը հետապնդել է իր նպատակները։ Բոլշևիկներն Ադրբեջանի խորհրդայնացումից հետո ցանկանում էին տիրել ողջ Անդրկովկասին, իսկ քեմալականները՝ իրականացնել ազգային ուխտը։ Տարածաշրջանում ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական իրադրություն։ Մոսկվա է գործուղվել ՀՀ պատվիրակությունը՝ Լևոն Շանթի նախագահությամբ։

Լևոն Շանթին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Հայ-ռուս ումնական բանակցությունները տեղի են ունեցել 1920 թվականի մայիսի 28-ից հուլիսի 1-ը, որոնց ընթացքում Մոսկվա է ժամանել նաև քեմալականների պատվիրակությունը, և բոլշևիկները նախապատվությունը տվել են նրանց։

Թիֆլիսի պայմանագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Շանթի պատվիրակության հետ բանակցություններն ընդհատվել են և որոշվել է շարունակել Երևանում։ Կազմվել է խորերդ, պատվիրակություն՝ Բորիս Լեգրանի գլխավորությամբ։ 1920 թվականիի օգոստոսի 10-ին ՀՀ ներկայացուցիչներ Արշակ Ջամալյանը և Արտաշես Բաբալյանը Թիֆլիսում Բորիս Լեգրանի հետ կնքել են համաձայնագիր, որով Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը հայտարարվել են «վիճելի» տարածքներ, և ժամանակավորապես ռազմակալել են խորերդ, զորքերը։ Բորիս Լեգրանի հետ բանակցությունները վերսկսվել են հոկտեմբերի 12-ին, իսկ 28-ին ստորագրվել է արձանագրություն։ Կնքվելիք պայմանագրի նախագծով՝ Հայաստանի անբաժան մաս էին համարվում Երևանի և Կարսի նահանգներն ամբողջությամբ, Զանգեզուրը, Ղազախն ու Լոռին։

Մովսես Սիլիկյան

1920 թվականի սեպտեմբերի 28-ին թուրք, զորքերի լայնածավալ հարձակմամբ սկսվել է թուրք-հայկական պատերազմը։ Ռազմական գործողությունները ծավալվել են Կարսի (հրամանատար՝ Մովսես Սիլիկյան) և Սուրմալուի (հրամանատար՝ Դրո, Դրաստամատ Կանայան) ռազմաճակատներում։ Հայկական զորքերը պարտություն են կրել՝ թշնամուն թողնելով Սարիղամիշը, Կաղզվանը։ Հոկտեմբերի 30-ին թուրքերը գրավել են Կարսը, իսկ նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը։ Նոյեմբերի 18-իև հաստատվել է զինադադար, և Ալեքսանդր Խատիսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ալեքսանդրապոլ։

Դևաստամատ Կանայան

Ալեքսանդրապոլի պայմանագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակցություններն սկսվել են նոյեմբերի 25-ին և ավարտվել դեկտեմբերի 2-ի՝ լույս 3-ի գիշերը, երբ ստորագրվել է հաշտության պայմանագիրը։ Հայ-թուրքական սահմանը հաստատվել է Ախուրյան և Արաքս գետերով։ Թուրքիային են անցել ոչ միայն Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը։ Օգտվելով Հայաստանի այդ ծանր կացությունից՝ Բորիս Լեգրանը Սիմոն Վրացյանի կառավարությունից պահանջել է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին, որոնք կազմել էին Հայաստանի ռագմահեղափոխական կոմիտե և նոյեմբերի 29-ին մտել հանրապետության տարածք։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Դրոն և Համբարձում Տերտերյանը Երևանում Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիաս Լեգրանի հետ ստորագրել են համաձայնագիր և իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնել Հայհեղկոմին։ Այսպես խորհրդայնացվել է Հայաստանը, և համաձայնագրի 1-ին կետով Հայաստանը հայտարարվել է անկախ Սոցիալիստական խորհրդային Հանրապետություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։