Կրիշնա (թրգմ՝ Թուխ Մանուկ), հինդուիզմիում Վիշնու աստծո ութերորդ Ավատարը։ Հնդկական հայտնի էպոսում՝ Մահաբհարատում, Կրիշնան հիշատակվում է իբրև չարի ու անօրինության դեմ պայքարող քաջա արքա՝ Յադու արքայատոհմից, խորագետ դիվանագետ, իմաստուն խորհրդատու։ Հենց Կրիշնան է վարում գլխավոր հերոսներից մեկի՝ Արջունի սայլակառքը Կուրու արքայատոհմի գահի համար մղվող պայքարում։ Կրիշնան ներկայացվում է որպես ճշմարտության և բարոյականության մեծ գիտակ, խիզախ զինվորական և առաքինի թագավոր։ Այսօր էլ բազմաթիվ են Հնդկաստանում Կրիշնային նվիրված սրբատեղիներն ու տաճարները։ Ծնվելով Յադու արքայատոհմում՝ Կրիշնան ծնված պահից էլ մարտնչում է չարի՝ մասնավորապես մարդկային մարմին ստացած իր քեռի դև Կամսայի դեմ ու սպանում վերջինիս։ Կրիշնան կյանքի ընթացքում էլ սիրվում է թե՛ արքայական իր ազգականների շրջանում, թե Բհարատի (Հնդկաստանի) բնակիչների մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 689)։