Կուր-Արաքսյան դաշտավայր
Կուր-Արաքսյան դաշտավայր, դաշտավայր արևելյան Անդրկովկասում, Ադրբեջանում։ Գտնվում է Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքում։ Մեծ Կովկասի և Փոքր Կովկասի միջև, արևելքից ողողվում է Կասպից ծովով։ Երկարությունը 250 կմ է, լայնությունը՝ 150 կմ։ Ալյուվիալ-ակումուլյատիվ հարթավայր է՝ մինչև 200 մ բարձրությամբ, կենտրոնական և արլևելյան մասերում ծովի մակարդակից ցածր։ Ռելիեֆը բարդացած է գետաբերուկներով, իջվածքներով, բաշերով ու ցեխաբուխներով։ Հարուստ է նավթով։ Կլիման չոր ցամաքային է՝ շոգ ամառով, չափավոր ցուրտ ձմեռով։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 25-28 °C է, հունվարինը՝ 1, 3-3, 6 °C, տեղումները՝ 200-400 մմ։ Գերակշռում են մերձարևադարձերի չոր կիսաանապատային լանդշաֆտները։
Մոխրագույն և մոխրագորշ, հաճախ աղակալված հողերում աճում է օշինդրային և օշինդրաաղուտային բուսականություն, մուգ մոխրագորշ հողերում՝ խոտաօշինդրային, կծմախոտային ասոցիացիաներ։ Արևելքում տարածված են աղուտներ և ճահիճներ, գետահովիտներում՝ ուռենի, բարդի, թեղի։ Մշակում են բամբակենի, խաղող և պտղատու այգիներ, կան ձմեռային արոտավայրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 26)։ |
|