Կոստանցա
Կոստանցա | |
Մասնագիտություն՝ | թագավորական կոնսորտ |
---|---|
Ծննդյան օր | 1303 |
Վախճանի օր | հունիսի 19, 1344 |
Վախճանի վայր | Կիպրոս |
Դինաստիա | Բարսելոնյան հարստություն |
Հայր | Ֆեդերիկո II Սիցիլիացի |
Մայր | Eleanor of Anjou, Queen of Sicily? |
Ամուսին | Henry II of Jerusalem?, Լևոն Ե և John of Lusignan? |
Կոստանցա (իտալ.՝ Costanza, 1303 - հունիսի 19, 1344, Կիպրոս), Կիպրոսի, Երուսաղեմի և Կիլիկյան Հայաստանի թագուհի։
Կոստանցան Սիցիլիայի արքա Ֆեդերիգո II-ի և Էլեոնորա Անժուացու դուստրերից մեկն էր։
Նա սկզբում նշանվել է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV-ի և Ժաննա Նավարացու կրտսեր որդու՝ արքայազն Ռոբերտի հետ, բայց գործը ամուսնության չի հասել, քանի որ Ռոբերտը երիտասարդ հասակում՝ 1308 թվականին մահացել է։
1317 թվականին Կոստանցան ամուսնացել է Կիպրոսի և Երուսաղեմի թագավոր Հենրիի (Հուգո 3-րդ դը Լուսինյանի որդու) հետ[1], ով կնոջից մեծ էր շուրջ երեսուն տարով։ Նրանք միասին ապրել են 7 տարի՝ մինչև Հենրիի մահը 1324 թվականին, և այդպես էլ զավակ չեն ունեցել։
1331 թվականին առողջական լուրջ խնդիրներ ունեցող Կոստանցան ամուսնացել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն V-ի հետ[2]։ Այդ ամուսնությունը նպաստել է կրոնական հակասություններից բզկտված հայոց արքունիքում լատինական ազդեցության ուժեղացմանը, ինչը հարուցել է հայ իշխանների զգալի մասի խիստ դժգոհությունը։ Թագուհին պալատում արժանացել է հիմնականում քամահրական վերաբերմունքի։ 1341 թվականին Լևոնն սպանվել է իր իշխանների ձեռքով, և Կոստանցան դարձյալ այրիացել է։ Երկրորդ ամուսնությունից նույնպես նա երեխաներ չի ունեցել։
1343 թվականին Կոստանցան ամուսնացել է Կիպրոսի զորապետ՝ կոնետաբլ Ժան դը Լուսինյանի հետ։ Որոշ ժամանակ անց նա մահացել է (մոտավորապես քառասուն տարեկան հասակում)՝ դարձյալ չունենալով ոչ մի զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Edbury, 2005, էջ 72
- ↑ Stopka, 2016, էջ 233
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stopka, Krzysztof (2016). Armenia Christiana: Armenian Religious Identity and the Churches of Constantinople and Rome (4th-15th Century). Jagiellonian University Press.
- Edbury, Peter W. (2005). «Franks». In Konnari, Angel Nicolaou; Schabel, Christopher David (eds.). Cyprus: Society And Culture 1191-1374. Brill. էջեր 63–102.
|