Կոլդո
Կոլդո իսպ.՝ Koldo Álvarez | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Խեսուս Լուիս Ալվարես դե Էուլատե Գուերգե | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 4, 1970[1] (54 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վիտորիա, Իսպանիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 185 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 84 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Անդորրա (գլխավոր մարզիչ) | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խեսուս Լուիս Ալվարես դե Էուլատե Գուերգե (իսպ.՝ Jesús Luis Álvarez de Eulate Güergue, սեպտեմբերի 4, 1970[1], Վիտորիա, Իսպանիա), ավելի հայտնի որպես Կոլդո (բասկ.՝ Koldo), անդորրացի ֆուտբոլիստ բասկյան ծագմամբ, դարպասապահ։ Անդորրայի ֆուտբոլի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ։ Կոլդոն եղել է Անդորրայի ազգային հավաքականի բազմամյա հիմնական դարպասապահը, որը հավաքականի կազմում անցկացրել է 78 հանդիպում։
2003 թվականին Անդորրայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է երկրի վերջին 50 տարիների լավագույն ֆուտբոլիստ։ Կոլդոն համարվում է անդորրական ֆուտբոլի լեգենդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խեսուս Լուիս Ալվարես դե Էուլատեն ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 4-ին Իսպանիայում, Բասկերի Երկրի ատոմային շրջանում՝ Վիտորիա-Գաստեյս քաղաքում։ «Կոլդո» մականունը ստանալու համար նա պարտական է իր բասկյան ծագմանը, քանի որ այն համարժեք է իսպանական Լուիս անվանը[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին Կոլդոն սկսել է իր ակումբային կարիերան «Աուրերա Վիտորիա» ակումբի կազմում, որն իր հարազատ քաղաքի գլխավոր ֆուտբոլային ակումբն էր։ 19 տարեկան հասակում դառնում է «Ատլետիկո Մադրիդ» ակումբի պահեստային դարպասապահը։ Ակումբի կազմում 1991 թվականին դառնում է Իսպանիայի գավաթի դափնեկիր, չնայած այն հանգամանքին, որ եզրափակչում նա մնացել էր պահեստային նստարաններին, իսկ թիմի հիմնական դարպասապահն էր Անխել Մեխիասը։ «Ատլետիկոյի» կազմում Կոլդոն այդպես էլ ինչ-որ խաղի չի մասնակցում[3]։
Որոշ ժամանակ անց Կոլդոն դառնում է «Տոլեդո» ակումբի ֆուտբոլիստը, որը հանդես էր գալիս Իսպանիայի երրորդ ֆուտբոլային դիվիզիոնում։ 1993-94 թվականների մրցաշրջանում հանդես գալով «Սալամանկայի» ակումբի կազմում, նա դառնում է Իսպանիայի Սեգունդա Բ դիվիզիոնի հաղթող, իսկ ակումբը ստանալով դիզիոնային մակարդակի բարձրացում սկսում է հանդես գալ Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում։
1994 թվականին Կոլդոն դառնում է «Անդորրա» ակումբի ֆուտբոլիստը։ Ակումբը տեղակայվում է Անդորրայի մայրաքաղաքում։ Ակումբի կազմում նա հայտնվում է իր հայրենակից Պեյո Բենգոեչեայի հրավերքով, ով հանդիսանում էր այդ ակումբի գլխավոր մարզիչը[4]։ «Անդորրա» ակումբը համարվում էր նույնանուն երկրի լավագույն ակումբը, սակայն նրանք հանդես էին գալիս Իսպանիայի ցածր դիվիզիոններում։ «Անդորրայի» կազմում որպես ֆուտբոլիստ հանդես գալու հետ համատեղ Կոլդոն աշխատում էր որպես Անդորրայի պատանեկան և երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչ[5]։ Այս ակումբը Կոլդոն լքում է 2006 թվականին՝ մինչ այդ ակումբի կազմում անցկացնելով 12 մրցաշրջան։
2006-07 թվականների մրցաշրջանը Կոլդոն անցկացրել է «Բալագեր» ակումբի կազմում։ Այս ակումբում նա հասցնում է մասնակցել 10 հանդիպման, հետո կրկին համալրում է «Անդորրայի» կազմը, որտեղ և ավարտում է իր ֆուտբոլային կարիերան 2009 թվականին[5]։
Կարիերան հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդորրայի ազգային հավաքականը ձևավորվել է 1996 թվականին, և այդ ժամանակվանից Կոլդոյին առաջարկել են հանդես գալ հավաքականի կազմում[6]։ Հպատակագրման կանոնները Անդորրայում շատ խիստ են․ քաղաքացիություն ստանալու համար ընդհանուր կարգով երկրում անհրաժեշտ է ապրել 20 տարի։ Սակայն Անդորրայում ամուսնանալը Կոլդոյին հնարավորություն է տալիս ստանալ քաղաքացիություն և դրա հետ միասին մեկնարկել ելույթները ազգային հավաքականի կազմում[4]։
1998 թվականին նա առաջին անգամ հրավիրվում է ազգային հավաքականի կազմ գլխավոր մարզիչ Մանոել Միլուիրի կողմից։ Հավաքականի կազմում նա կատարում է իր նորամուտը 1998 թվականի հունիսի 3-ին կայացած Բրազիլիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում[7]։ Կոլդոն դառնում է պատմության մեջ երրորդ դարպասապահը, որը պաշտպանում է ազգային հավաքականի դարպասները։
2003 թվականի նոյեմբերին Անդորրայի ֆուտբոլային ֆեդերացիան ճանաչում է Կոլդոյին Անդորրայի ֆուտբոլային պատմության վերջին հիսունամյակի լավագույն ֆուտբոլիստ։ Անձամբ Կոլդոն այսպիսի վերաբերմունքի վերաբերյալ արտահայտվել է հետևյալ կերպ․ «Յուրաքանչյուր դարպասապահ, ով հանդես է եկել Անդորրայի ազգային հավաքականի կազմում, ունի լավ հնարավորություններ իրեն ներկայացնելու առիթով․ աշխատանքը ամեն խաղում մեծ է»[6]։
2004 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Անդորրայի հավաքականը բաց էր թողնում խաղում ոչ ավելի քան երեք գոլ, ինչը հավաքականի համար լավ արդյունք էր համարվում[8]։ Այս արդյունքի համար իր մեծ ներդրումը ուներ հենց Կոլդոն։ 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում Անդորրան իր խմբում հավաքում է հինգ միավոր, ինչը հավաքականի լավագույն արդյունքն էր ընտրական և որակավորման փուլերում։
2008 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Կոլդոն մասնակցում է տեղի ունեցած 12 խաղերին և ստանում է երկու դեղին քարտ։ Ռուսաստանի ազգային հավաքականի դեմ կայացած տնային խաղում Կոլդոն հանդիպման ավելացված ժամանակի առաջին խաղակեսի ընթացքում ետ է մղում Դենիս Կոլոդինի 11 մետրանոց հարվածը։
2009 թվականի հունիսի 10-ին Կոլդոն հավաքականի կազմում որպես ավագ անցկացնում է իր վերջին հանդիպումը։ Այդ խաղն է դառնում 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Անգլիայի ազգային հավաքականի դեմ խաղը, որն ավարտվում է Անդորրայի հավաքականի ջախջախիչ պարտությամբ (6:0)[6]։ Այդ խաղում Կոլդոն, 17 անգամ միջամտելով խաղին, թույլ չի տալիս մրցակցին գրանցել ավելի խոշոր հաշիվ։ Հանդիպման 79-րդ րոպեին հավաքականի գլխավոր մարզիչ Դավիդ Ռոդրիգոն Կոլդոյի փոխարեն խաղադաշտ է դուրս բերում դարպասապահ Ժոզեպ Գոմեսին։ Մարզադաշտում գտնվող երկրպագուները ոտքի ելած հրաժեշտ էին տալիս դաշտից հեռացող և միջազգային կարիերան ավարտող Կոլդոյին[6]։
Ընդհանուր հաշվով գաճաճ պետության և աշխարհի ամենաթույլ ազգային հավաքականներից մեկի կազմում Կոլդոն անցկացրել է 78 հանդիպում, բաց թողել 209 գոլ և այս ցուցանիշով դարձել Եվրոպայի ամենաշատ թվով գոլեր բաց թողնող դարպասապահներից մեկը[9]։ Կոլդոն Անդորրայի հավաքականի կազմում հանդես է եկել շուրջ 11 տարի և եղել է այդ շրջանում հավաքականի հիմնական դարպասապահը, այդ իսկ պատճառով էլ նա անդորրական ֆուտբոլի լեգենդներից մեկն է[6]։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Կոլդոն գլխավորում է Անդորրայի մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականը և որպես մարզիչ անցկացնում է 6 հանդիպում[10]։ 2009 թվականի մարտի 28-ին Կոլդոն եղել է Անդորրայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը, որի գլխավորությամբ այդ օրը երիտասարդական հավաքականների միջև ընթացող Եվրոպայի 2011 թվականի առաջնության շրջանակներում Անդորրայի հավաքականը հանդիպել է Ռումինիայի ազգային հավաքականին։ Խաղն ավարտվում է ռումինացիների հաղթանակով (2:0)[11]։
2010 թվականի փետրվարին Կոլդոն գլխավորում է Անդորրայի ազգային հավաքականը՝ այդ պաշտոնում փոխարինելով Դավիդ Ռոդրիգոյին[5], ով եղել էր հավաքականի մարզիչը սկսած 1999 թվականից։ Այսպիսով Կոլդոն դառնում է եվրոպական ազգային հավաքականների ամենաերիտասարդ գլխավոր մարզիչներից մեկը[12]։
2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Անդորրայի հավաքականը մեկ գոլ է հեղինակում և բաց է թողնում 25-ը, ինչն այս ազգային հավաքականի համար այնքան էլ վատ արդյունք չէր։ 2012 թվականի մայիսի 30-ին հավաքականը Կոլդոյի գլխավորությամբ առաջին անգամ չի պարտվում․ Ադրբեջանի ազգային հավաքականի դեմ կայացած խաղն ավարտվում է ոչ-ոքիով[13]։ 2013 թվականի օգոստոսի 14-ին Անդորրան ոչ-ոքիով է ավարտում նաև Մոլդովայի ազգային հավաքականի դեմ խաղը։ 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում Անդորրայի հավաքականը խմբում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Նրանց այս շրջանում չի հաջողվում գոլի հեղինակ դառնալ, սակայն փոխարենը նրանք իրենց դարպասն են ընդունում 30 գնդակ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անդորրա» ակումբի կազմում հանդես գալու տարիներին Կոլդոն ծանոթանում է Պատրիսիա Մոլնեի հետ, ով RTVA հեռուստաալիքի հաղորդավարուհի էր։ Որոշ ժամանակ անց զույգն ամուսնանում է։ Նրանք ունեն երկու երեխա՝ տղան՝ Իկերը և աղջիկը՝ Նայան։ Կոլդոն հիմնականում աշխատում է բանկում։ Ավելի վաղ Կոլդոն աշխատում էր ապահովագրական ընկերությունում, սակայն կնոջ պատճառով սկսում է աշխատել բանկում, որի սեփականատերն է իր կնոջ հայրը[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Имена и фамилии басков» (ռուսերեն). spain2012.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Կոլդո պրոֆիլը BDFutbol կայքում
- ↑ 4,0 4,1 «El seleccionador euskaldun de Andorra» (իսպաներեն). deia.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 16.06.2013-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Биография Кольдо» (ռուսերեն). Официальный сайт УЕФА. 01.11.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 16.06.2013-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Золотой выбор УЕФА: легенда карликов» (ռուսերեն). iSport.ua. 06.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 16.06.2013-ին.
- ↑ «Статистика игр за сборную Андорры» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 16.06.2013-ին.
- ↑ «50 лет УЕФА» (ռուսերեն). Спорт-Экспресс. 28.01.2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 16.06.2013-ին.
- ↑ «Статистика Евро. Обогнать Маттеуса? Только через шесть лет!» (ռուսերեն). UA-Футбол. 30.05.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 21.06.2013-ին.
- ↑ «Koldo Alvarez» (անգլերեն). УЕФА. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Under-21 2011 — Romania-Andorra» (անգլերեն). УЕФА. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Молодые тренеры европейских сборных. «Тренерский ценз»» (անգլերեն). footballtop.ru. 16.11.2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Протокол матча Андорра — Азербайджан (0:0)» (անգլերեն). eu-football.info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Почтальоны и педиатры на защите чести страны» (ռուսերեն). Чемпионат.com. 20.11.2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 16.06.2013-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլդո» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 4 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Անդորրացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Անդորրա ՖԱ-ի ֆուտբոլիստներ
- Անդորրայի հավաքականի ֆուտբոլիստներ