Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 35, 2013 թ.
Գերճնշում կամ Արյան բարձր ճնշում, հաճախ կոչվում է նաև Զարկերակային գերճնշում, խրոնիկական հիվանդություն, որի դեպքում զարկերակներում արյան ճնշումը բարձրանում է։ Այս վիճակը սրտից «պահանջում» է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար։
Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումներով, որոնք իրենցից ներկայացնում են սրտամկանի վիճակը՝ կծկված (սիստոլա) կամ թուլացած (դիաստոլա)։ Հանգստի վիճակում արյան նորմալ սիստոլիկ ճնշումը 100-140 մմ ս․ս․ սահմաններում է (վերին ցուցանիշ), դիաստոլիկ ճնշումը՝ 60-90 մմ ս․ս․ սահմաններում (ստորին ցուցանիշ)։ Զարկերակային գերճնշում համարվում է արյան ճնշման կայուն կերպով բարձրացումը 140/90 մմ ս․ս․ և ավելի բարձր։
Տարբերում են առաջնային (էսենցիալ) գերճնշում և երկրորդային գերճնշում․ դեպքերի 90–95%-ը գնահատվում են որպես «առաջնային գերճնշում», ինչը նշանակում է արյան բարձր ճնշում՝ առանց պատճառ հանդիսացող ակնհայտ առողջական խնդրի։ Մնացած դեպքերի 5–10%-ը (երկրորդային գերճնշում) հանդիսանում են երիկամները, սիրտը, զարկերակները կամ ներզատական համակարգը ախտահարող որևէ հիվանդության հետևանք։ Գերճնշումը հանդիսանում է ինսուլտի, սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության, զարկերակների անևրիզմաների, ծայրամասային զարկերակների հիվանդությունների գլխավոր ռիսկի գործոնը և երիկամների խրոնիկ հիվանդությունների պատճառ ...