Ծոյեծը
Ծոյեծը (չին. 坐月子, փինյին zuòyuèzi), հետծննդյան շրջան, չինական ավանդույթ, երբ ծննդաբերությունից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սահմանափակումներ են կիրառում կնոջ նկատմամբ, սահմանվում է հատուկ սննդակարգ, արգելվում է դուրս գալ տնից, լվանալ մազերը և մարմինը, քայլել աստիճանների վրայով, կարել, գտնվել քամոտ տարածքում[1]։ Այս սովորույթը տարածված է մայրցամաքային Չինաստանում, Թայվանում, Վիետնամում, Կորեայում, Մալայզիայում[2] և պաատճառաբանվում է մայրացած օրգանիզմի թուլությամբ։ Ծոյեծըն ավարտվում է երեխայի ծննդյան մեկ ամսականը նշելու արարողությամբ (չինարեն՝ 彌月)[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծոյեծըի մասին առաջին հիշատակումը հանդիպում է մ.թ. 1-ին դարով թվագրվող «Լի ծի» երկի «Տնային օրենք գլխում» (չինարեն՝ 禮記內則篇)։ Ըստ որի՝ կինը պետք է ծննդաբերությունից հետո երեք ամիս չմերձենա ամուսնուն, չխոսի և չտեսնի նրան։ Պատմականորեն ծոյեծըն կիրառվում էր միայն հարուստ ընտանիքներում, որտեղ կինը կարող էր իրեն թույլ տալ չաշխատել[4], իսկ աղքատների մոտ հանգստի տևողությունը զգալիորեն կարճ էր։
Չինաստանի կոմունիստական կուսակցության և Կանանց համաչինական ֆեդերացիայի ներկայացուցիչները բազմաթիվ առիթներով հրապարակայնորեն հավանություն են տվել ծոյեծըի կիրառմանը, հատկապես՝ ֆիզիկական աշխատանքի արգելքին[5]։
Հիմնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծոյեծըն բխում է «ին և յան» հայեցակարգից։ Կինը համարվում է «ին» «սառը» և թույլ սկզբունքի առանցքը, իսկ ծննդաբերությունից հետո նա հատկապես թույլ է և «սառը», քանի որ նրան «պակասում է» յան տարրը։ Այդ պատճառով սառը կամ փչող օդի ցանկացած շփում համարվում է չափազանց վնասակար։
Բացի այդ, չինական ավանդույթը փաստում է, որ հետծննդյան արյունային արտադրությունը կարող է հանգեցնել դժբախտության և բարկացնել աստվածներին։
Դիետա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծոյեծըն պահանջում է խիստ դիետա (արգելված են սառը սնունդն ու ջուրը, աղի, կծու ուտեստները, թեյը, սուրճը, ոգելից խմիչքները, ծովամթերքը, սագի միսը, ընդհանուր առմամբ՝ պինդ և կոշտ սնունդը)[6], թույլատրվում է հավի միս, քունջութ, արգանակ, որոնք կապված են «ին և յան»-ի սկզբի հետ։
Ծննդաբերությունից անմիջապես հետո մորը կերակրում են քնջութի յուղով տապակված ձվով, և այստեղից սկսվում է ծոյեծըն։ Մին դինաստիայի ժամանակաշրջանից մայրերին, որոնք անցնում էին ծոյեծըի միջով, կերակրում էին հատուկ ապուրով, որը կոչվում է «շենխուաթան» (չինարեն՝ 生化湯): Ավանդական բժշկության մասնագետները կարծում են, որ այս հեղուկի օգտագործումը ծնվելուց հետո մոտավորապես երկրորդից մինչև 12-րդ օրը օգնում է արագ դադարեցնել հետծննդյան արյունահոսությունը։ Նմանատիպ մյուս երկու հայտնի ուտեստներն են չինական գուտապերչով և երիկամներով ապուրը, ինչպես նաև քնջութի յուղի մեջ տապակած հավի միսը (չինարեն՝ 蔴油雞)[3]։
Վարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգելվում է այցելել ուրիշների տներ, տաճարներ, աղոթքներ կարդալ, երեկոյան տնից դուրս գալ, քայլել աստիճաններով, մազերը սանրել, կարել, սեռական ակտիվություն դրսևորել, ծանր իրեր բարձրացնել, աշխատել խոհանոցում, լաց լինել, գրքեր կարդալ, լոգանք ընդունել (թույլատրվում է մարմինը սրբել միայն բուսական թուրմով թաթախված շորով կամ սպունգով)։ Ավանդաբար ողջ ծիսակարգի ընթացքում ծննդաբերած կնոջ մասին հոգ է տանում սկեսուրը։
Ներկա վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծոյեծըի տևողությունը մոտավորապես համապատասխանում է բժշկական «հետծննդյան շրջանին»՝ 4-6 շաբաթ, որի ընթացքում վերականգնվում են արգանդի հյուսվածքները, պատռվածքները ապաքինվում են և վերականգնվում է ծննդաբերության ժամանակ կորցրած արյունը։ Այս ժամանակաշրջանի որոշ ծեսեր ունեն բժշկական հիմնավորումներ. ծոյեծըի համար առաջարկվող հատուկ սնունդն ունի բարձր սննդային արժեք և պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A և երկաթ։ Տեղաշարժի և աշխատանքի սահմանափակումները օգնում են չծանրաբեռնվել ծննդաբերությունից հետո. ոմանք դա վերագրում են սնահավատությանը։
Կան ավանդական չինական բժշկության կենտրոններ, որոնք թույլ են տալիս ծոյեծըն կազմակերպել ավելի «գիտական և ժամանակակից» ձևով (իրականում դրանք առողջարաններ են նրանց համար, ովքեր վերջերս են ծննդաբերել)։ Հաճախ պնդում են, որ դրանց մեջ մնալը նվազեցնում է հետծննդյան դեպրեսիայի հավանականությունը, այնուամենայնիվ, 2009 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշ հանգամանքներում (երբ սկեսուրն է խնամք տրամադրում կամ մայրը ծոյեծըն անօգուտ է համարում), ապա այս ծիսակարգը կարող է կրկնապատկել դեպրեսիայի զարգացման հավանականությունը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wan E. Y., Moyer C. A., Harlow S. D., Fan Z., Jie Y., Yang H. Postpartum depression and traditional postpartum care in China: role of zuoyuezi // International journal of gynaecology and obstetrics: the official organ of the International Federation of Gynaecology and Obstetrics. — 2009. — Vol. 104, no. 3. — P. 209—213. — ISSN 1879-3479. — — PMID 19036364.
- Taiwan Review. — Kwang Hwa Pub. (USA), 2007. — P. 43—46.
- Cheung N. F., Mander R., Cheng L., Chen V. Y., Yang X. Q., Qian H. P., Qian J. Y. 'Zuoyuezi' after caesarean in China: an interview survey // International journal of nursing studies. — 2006. — Vol. 43, no. 2. — P. 193—202. — — PMID 15967454.
- Ewa Chmielowska, Fu-sheng Shih (2007). «Folk Customs in Modern Society: 'Tradition of Zuoyuezi' in Taiwan: An Physical Anthropology Perspective» (PDF). EATS IV conference. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.(չաշխատող հղում)
- 翁玲玲 麻油雞之外. — 稻香出版社. — 1994.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «坐月子能洗头吗?坐月子洗头对身体有什么影响?» (չինարեն). 育儿网. 2010 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Chmielowska, 2007, էջ 1
- ↑ 3,0 3,1 Chmielowska, 2007, էջ 4
- ↑ Yu-Ping Shieh (2005 թ․ հունիսի 3). «A Study on the Traditional Kinmen Birth Custom» (չինարեն). Ming-chuan University. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ Manning K.E., Wemheuer F. Eating Bitterness: New Perspectives on China's Great Leap Forward and Famine. — University of British Columbia Press, 2011. — (Contemporary Chinese Studies Series). — ISBN 9780774859554 — P. 81.
- ↑ Epstein M. Competing Discourses: Orthodoxy, Authenticity, and Engendered Meanings in Late Imperial Chinese Fiction. — Harvard University Asia Center, 2001. — (East Asian Monographs). — ISBN 9780674005129 — P. 33.