Խաղաղության կողմնակիցների շարժում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Խաղաղության կողմնակիցների շարժում, միջազգային զանգվածային շարժում ընդդեմ պատերազմի և միլիտարիզմի։ Միավորում է խաղաղությունը պաշտպանելու պատրաստակամ մարդկանց՝ անկախ ազգային, քաղաքական և կրոնական պատկանելությունից։ Առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939 - 1945) հետո, միջազգային դրության խոր փոփոխությունների պատճառով, երբ խաղաղության ուժերը սկսեցին ակտիվանալ՝ հենվելով բոլոր երկրների ժողովրդական զանգվածների աջակցության վրա։
1948 թվականին Վրոցլավում (Լեհաստան) տեղի ունեցավ մշակույթի գործիչների խաղաղության պաշտպանության համաշխարհային կոնգրես, որն արտահայտվեց բոլոր երկրներում խաղաղության կողմնակիցների ջանքերի միավորման օգտին։ 1949 թվականին ապրիլին կայացավ (Փարիզում և Պրահայում միաժամանակ) խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրես, որին մասնակցում էին 72 երկրների պատվիրակներ։ Կոնգրեսը նշեց, որ խաղաղության համար պայքարը դառնում է բոլոր ժողովուրդների ընդհանուր գործը և զգոնության կոչ արեց։ Այն ստեղծեց Խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրեսի մշտական կոմիտե, 1950 թվականին նոյեմբերից՝ Խաղաղության համաշխարհային խորհուրդ (ԽՀԽ)՝ Ֆ. Ժոլիո-Կյուրիի նախագահությամբ։
Պատերազմի հրձիգների դեմ ամենօրյա պայքարի ընթացքում մշակվեցին խաղաղության կողմնակիցների շարժման սկզբունքները, զանգվածային ոչնչացման զենքի արգելում և սպառազինությունների մրցավազքի դադարեցում, այլ տարածքներում գտնվող օտարերկրյա ռազմական բազաների վերացում, զինաթափում, գաղութատիրության և ռասայական խտրականության բոլոր տեսակների վերացում, պետությունների տարածքային ամբողջականության հարգում, տարբեր կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցություն և այլն։
Հայտնի են խաղաղության կողմնակիցների 1950 թվականին և 1976 թվականին Ստոկհոլմյան կոչերը, որոնք պահանջում էին արգելել ատոմային զենքն ու դադարեցնել սպառազինությունների մրցավազքը։ Կոչերը ստորագրեց մոտ մեկ միլիարդ մարդ։ 1949 թվականին, Հյուսիս-Ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ստեղծումից հետո, խաղաղության կողմնակիցները ծավալեցին կոլեկտիվ անվտանգության համակարգ ստեղծելու արշավ։ Խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրեսը (1950 թվականին նոյեմբերի 16 - 22, Վարշավա) դիմեց բոլոր երկրների կառավարություններին՝ խաղաղությունը պաշտպանելու և պատերազմի պրոպագանդան արգելելու կոչով։
1951 թվականի փետրվարին ԽՀԽ-ի նստաշրջանը դիմեց հինգ մեծ տերություններին (Խորհրդային Միություն, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա)՝ կոչ անելով կնքել խաղաղության դաշնագիր։
1974 թվականին ապրիլի 25-ին լրացավ խաղաղության մարտիկների շարժման քառորդ դարը։ Այդ կապակցությամբ ԽՀԽ-ի կոչով շատ երկրներում անցկացվեցին միամսյակներ, տեղի ունեցան խաղաղասեր ուժերի գործունեությանը նվիրված ժողովներ, սիմպոզիումներ, կոնֆերանսներ, որոնց մասնակիցները ամփոփեցին խաղաղության միջազգային շարժման հաջողությունները, նշեցին արդի ժամանակաշրջանում նրա խնդիրները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 711)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղության կողմնակիցների շարժում» հոդվածին։ |
|