Լսարանի էֆեկտ
Լսարանի էֆեկտ կամ լսարանի ազդեցություն, հայտնի է նաև՝ Զայոնցի ազդեցություն, ֆասիլիտացիայի ազդեցություն անուններով, սոցիալական հոգեբանության ֆենոմեն, մարդու վարքի վրա որևէ կողմնակի դիտորդի ներկայության ազդեցություն, որից փոխվում է այս կան այն աշխատանքն իրականացնող մարդու վարքը, հետևաբար նաև աշխատանքի արդյունքը և որակը։ Ազդեցությունն ուսումնասիրել է Ռոբերտ Զայոնցն իր հետազոտություններում։
Լսարանի ազդեցության արդյունքը ցայտունորեն արտահայտվում է մարզիկների մոտ, որոնք մրցումների ժամանակ ավելի բարձր ցուցանիշներ են ցուցաբերում, քան մարզումների ընթացքում։ Բոլոր նրբությունները յուրացնելու դեպքում արդյունքը կախված է լինում միայն ֆիզիկական տվյալներից, և հասարակության առաջ ելույթի արդյունքը գերազանցում է սպասելիքները։
Լսարանի ազդեցությունը հաշվի է առնվում, օրինակ, հոգեբանական հետազոտություններ անցկացնելիս. լսարանի էֆեկտը կարելի է դիտարկել որպես ներքին վավերականությանն սպառնացող գործոններից մեկը։
Ազդեցության ֆենոմեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու գործունեության տեսակների մեծ մասն ունի կոլեկտիվ բնույթ և իրականացվում է տարբեր խմբերում։ Սոցիալական հոգեբանները բացահայտել են խմբային գործունեության ժամանակ առաջացող մի շարք պայմաններ, որոնց դեպքում գործունեության վերապահումները հնարավոր է նվազագույնի հասցնել կամ ընդհանրապես բացառել։ Խմբային կարգավորումը լավ հասկանալու համար պետք է համակարգել խմբային գործունեության գործընթացների և պայմանների մասին գիտելիքները, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել գործընթացները, բարելավել և ինտենսիվացնել խմբերի գործունեությունը, մեծացնել նրա արտադրողականությունը և այլն։
Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում շրջապատի կողմից ուշադրությանը։ Ոմանց դա անհանգստացնում է, ստիպում է շվարել, կարմրել, կակազել, խոսքերը և գործողությունները շփոթել, նույնիսկ հուզմունքից խեղդոց զգալ կոկորդում։ Մյուսները հակառակը՝ ուրախանում են, էներգիայի հոսք են զգում և սկսում են ավելի վստահ և հանգիստ զգալ, երբ նկատում են, որ հետաքրքրություն են առաջացրել[1]։
Նմանատիպ տարբերությունները կարող են բացատրվել անձի անհատական առանձնահատկություններով, օրինակ ինքնագնահատականով, խառնվածքի տեսակով և այլն։ Բայց այս երևույթը հասկանալու համար դիսպոզիցիոն պատճառները բավարար չեն։
Միևնույն մարդը կողմնակի ուշադրության առկայության որոշ իրավիճակներում մի դեպքում կորցնում է ինքնատիրապետումը, խառնվում է, իսկ մեկ այլ դեպքում, ընդհակառակը, ինքնավստահություն, ուրախ գրգռվածություն է զգում։ Կան մարդիկ, որոնք բոլոր իրավիճակներում իրենց միանման են դրսևորում, օրինակ, ամաչում են։ Ընդհակառակը, կան մարդիկ, որոնք լսարանի ուշադրությունից չեն քաշվում, թեև ինքնավստահությունը կարող է թվացյալ լինել, ոչ թե իրական։
Դժվար չէ տարբերել՝ ինքնավստահությունն իրական է, թե թվացյալ.
- իրական ինքնավստահության դեպքում, երբ լսարանի ուշադրության սուբյեկտը կողմնակի ուշադրության ներքո ինչ-որ գործողություն է կատարում, օրինակ, դասախոսություն է կարդում, տուն է կառուցում կամ սպորտով է զբաղվում, ապա իր անձի կամ իր կատարած աշխատանքի նկատմամբ ուշադրությունը նկատելով՝ նա ուժերի հոսք է զգում, առույգություն և ոգևորություն է զգում, նրա շարժումների կոորդինացիան չի խախտվում, գործունեության կամ գործողությունների որակը բարձրանում է։
- թվացյալ ինքնավստահության դեպքում, երբ մարդն արտաքին հանգստության տակ թաքցնում է հուզմունքը, շփոթվածությունը և անվստահությունը, ապա արձանագրվում են նորմալ իդեոմոտոր ռեակցիաների բացահայտ խախտումներ՝ շարժումների կոորդինացիայի խախտումներ, որոնք պայմանավորված են անվստահությունը թաքցնելու ոչ ճկուն փորձերի ֆոնով։ Օրինակ, դասախոսի անվստահության ցուցանիշներից է թղթից կարդալը, որը մեկնաբանվում է որպես ոչ պրոֆեսիոնալության դրսևորում[2]։
Այստեղից պարզ է, որ երբեմն այլ մարդկանց ներկայությունը նպաստում է գործունեության որակի բարելավմանը, իսկ երբեմն վատացնում է գործունեության որակը։ Ֆլոյդ Օլպորտը (Floyd Allport), վերլուծելով այս երևույթները, 1924 թվականին դրանք անվանել է Լսարանի էֆեկտ[3]։ Նա նաև ներմուծել է կողմնակի ուշադրության առկայությամբ անհատի գործունեությունը մեկնաբանող երկու տերմիններ.
- գործունեության բարելավումն անվանել է սոցիալական ֆասիլիտացում (սոցիալական նպաստավորություն)
- գործունեության վատթարացումն անվանել է սոցիալական արգելակում (սոցիալական զսպվածություն)։
Ներկայումս այս երկու հասկացություններն էլ համընդհանուր կիրառություն ունեն։ Չնայած Օլպորտը ներմուծել է այդ տերմինները, բայց նա չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչու և ինչ պայմաններում են առաջանում սոցիալական ֆասիլիտացիան և սոցիալական արգելակումը։
1965 թվականին Ռոբերտ Զայոնցն առաջարկել է լսարանի էֆեկտի առաջին տեսական հիմնավորումը[4]։
Լսարանի էֆեկտի առաջացման պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լսարանի մեկնաբանության կոնֆլիկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռ. Զայոնցը, ելնելով վարքագծի բիհեյվիորիստական բանաձևից,
- N = S-R (S՝ ստիմուլ, խթան, R՝ ռեակցիա),
ենթադրել է, որ այլ մարդկանց առկայությունը և նրանց ուշադրությունն անհատի համար ընդհանուր լարվածության լուրջ աղբյուր է։ Անորոշության զգացում և, որպես հետևանք, լարվածություն առաջացնող պատճառներից է լսարանի արձագանքի անկանխատեսելիությունը։ Եթե մարդը գիտի, թե ինչ և ինչպես անել կամ ասել, ապա լարվածությունն ընդհանուր առմամբ դրական է ազդում նրա գործունեության վրա, ընդ որում հանդիսատեսի թվի ավելացումը (խթաններ) ինտենսիֆիկացնում է ֆասիլիտացիայի էֆեկտը։
Հալլի-Սպենսի խթանիչ տեսության տեսանկյունից դիտելու դեպքում անհատն իր տեսակի առանձնյակների ներկայությամբ լավ յուրացրած (գերիշխող) ռեակցիան ավտոմատ կերպով, այսինքն՝ անթերի է կատարվում։ Բայց երբ ռեակցիան վատ է յուրացված, ապա նկատվում է անհատի գործունեության վատթարացում, քանի որ անհրաժեշտ, բայց վատ վարժված ռեակցիայի իրականացմանը խանգարում է դոմինանտ, թեև ոչ պետքական ռեակցիան։ Առաջանում է սոցիալական արգելակում։ Այս տեսությունը տարածվում է ոչ միայն մարդկանց, այլև կենդանական աշխարհի մեծ մասի վրա։
Ռ. Զայոնցը եզրակացրել է, որ լարվածության ավելացումը բարելավում է պարզ խնդիրների կատարումը և վատացնում՝ դժվարներինը.
- հեշտ և լավ ծանոթ աշխատանքի դեպքում դիտորդների առկայությունը խրախուսիչ ազդեցություն է ունենում
- դժվար և քիչ ծանոթ աշխատանքի դեպքում դիտորդների առկայությունը ճնշող, արգելակող ազդեցություն է ունենում։
Դիտորդների առկայությունը ուժեղացնում է կատարողի դոմինանտ ռեակցիան, որը տվյալ գործում առավել հատուկ է կատարողին։ Պարզ աշխատանքի դեպքում դա նշանակում է ճիշտ ռեակցիայի քանակների ավելացում (բարձր արտադրողականություն), իսկ դժվար աշխատանքը կատարելիս դա նշանակում է սխալ ռեակցիաների քանակի ավելացում (մարդն ավելի շատ սխալներ է անում)[5]։ Այս վարկածը հաստատվել է մոտ 20 000 փորձարկվողների հետ կատարված գրեթե 300 հետազոտություններով[6]։
Սակայն Նիկոլաս Կոտրելը հանդես է եկել լսարանի էֆեկտի այլընտրանքային բացատրությամբ, պնդելով, որ այս ֆենոմենը բացատրվում է նրանով, որ հասարակության մեջ ինչ-որ գործունեությամբ զբաղված մարդիկ հանդիսատեսի կողմից գնահատական ստանալու ակնկալիքներ ունեն և մտահոգված են սպասվող գնահատականով։ Եվ իսկապես, հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ այն մարդկանց ներկայությամբ, որոնք ինչ-ինչ այլ պատճառներով չեն կարող հանդես գալ որպես հմտությունները և կարողությունները գնահատող փորձագետներ կամ որոնց աչքերը կապված են, անձի գործունեությունն ուղեկցվում է պակաս լարվածությամբ, քան այն մարդկանց ներկայությամբ, որոնք գործունեությունը գնահատողի դերում են հանդես գալիս։ Կոտրելը շատ ապացույցներով հիմնավորել է որ տարբերություն կա հանդիսատեսի նկատմամբ անհատի ունեցած պարզ վերաբերմունքի և նրանց կողմից գնահատականի ակնկալիք ունենալու զգացողությունների միջև[7]։
Բայց այդ դեպքում ինչպես բացատրել խավարասերների, մրջյունների և զուգավորվող առնետների վարքը, որոնք նույնպես լսարանի էֆեկտ են ցույցաբերում։ Մի՞ թե նրանք էլ հանդիսատես ցեղակիցներից իրենց գործունեության գնահատականի ակնակալիքներ են ունենում[8]։
Ուշադրության կոնֆլիկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ն. Կոտրելի և Ռ. Զայոնցի վեճը լուծելու փորձ է կատարել Ռոբերտ Բերոն իր ուշադրության կոնֆլիկտի տեսությամբ (Baron R., 1986): Եթե Զայոնցն ասում է, որ այլոց ներկայությունը մարդու գրգռման պատճառ է հանդիսանում, ապա Ռոբերտ Բերոն պնդում է, որ իրենց տեսակի առանձնյակների ներկայությունն է նյարդայնացնող և շեղող գործոն հանդիսանում։ Այլոց ներկայությունը նախ և առաջ շեղող գործոն է հանդիսանում՝ հարուցելով ուշադրության կոնֆլիկտ։ Եվ ահա այդ ուշադրության կոնֆլիկտն արդեն հանգեցնում է գրգռման, և կախված նրանից, թե ինչպես անհատին կհաջողվի հաղթահարել այն, գրգռվածությունը կա՛մ կխթանի, կամ էլ կխոչընդոտի նրա գործունեությանը։
Եթե անհատը չափազանց մեծ ուշադրություն է դարձնում ներկա հանդիսատեսին, ապա սոցիալական արգելակման արդյունքում նրա գործունեությունն ընդհանրապես կարող է դադարել։ Եթե նա դրա փոխարեն հիմնական ուշադրությունը լսարանից սևեռի իր անձնական գործունեության վրա, ապա գրգռվածության ուժեղացումը կամ նպաստավոր կլինի լավ յուրացրած ռեակցիայի համար կամ կզսպի վատ յուրացված ռեակցիայի իրականացումը։
Ստացվում է, որ իր գործունեության նկատմամբ ունեցած ուշադրության և այլ առանձնյակների նկատմամբ ունեցած ուշադրության միջև կոնֆլիկտը լարվածություն է առաջացնում կոգնիտիվ գործընթացում, ինչն էլ լարվածություն է առաջացնում անհատի մոտ։ Ակնհայտ է այն փաստը, որ մարդկանց մեծ մասն ուզում են լավագույնս ներկայանալ ուրիշների մոտ։ Եվ այն դեպքերում, եթե մարդը պարզ խնդիր է լուծում, որին նա սովոր է կամ որը լավ յուրացրել և լավ կատարում է, ապա ուշադրության կոնֆլիկտի արդյունքում առաջացած լարվածության գործընթացը կարող է նպաստել գործունեությանը։
Բայց բարդ խնդիր լուծելու դեպքում ամեն ինչ այլ կերպ է։ Այստեղ յուրաքանչյուր սխալ ուղեկցվում է ֆրուստրացիայով, որը աճելու է ներկա դիտորդների առկայության պատճառով առաջացած լարվածությունից։ Սա հանգեցնում է տագնապի, խուճապի, լարվածության և որպես հետևանք, գործունեության անկազմակերպվածության, խոտանի։
Կարևոր է նշել, որ ոչ միայն կողմնակի դիտորդները կարող են առաջացնել ուշադրության կոնֆլիկտ, այլև անձամբ ինքը՝ անհատը կարող է իր համար հանդիսատես լինել և սեփական գործունեության գնահատողի դերում հանդես գալով ուժեղացնել ներքին հակամարտությունը, և հետևաբար լարվածությունը։ Ռ. Բերոնի տեսության զարգացման այս լրացումն առաջարկել է Քեթ Ժիմանսկին և Սթիվեն Հարկինսը[9]։
Բրիան Մալենը և Ռոյ Բաումեստերը այս տեսության ևս մեկ լրացում են կատարել։ Այդ լրացման մեջ նշվում է, որ գործունեության ընթացքում սեփական գործողությունների վերլուծությունը հղի է գործողությունների ճշգրտության և արագության միջև կոնֆլիկտով։ Երբ այս կամ այն գործողությունները կատարելիս հանդիսատեսի ներկայության դեպքում անհատի մոտ ուշադրության կոնֆլիկտ է առաջանում, անհատը կարող է կենտրոնանալ կամ ճշտության կամ արագության վրա։ Բայց դրանցից մեկին նախապատվություն տալով կտուժի մյուսը և գործունեության որակը կընկնի[10]։
Եվ այնուամենայնիվ Ռ. Բերոնի ուշադրության կոնֆլիկտի տեսությունը չի կարող բացատրել որոշ փաստեր։ Օրինակ, Ալեքսանդր Դյուման կարող էր իր վեպերը գրել ցանկացած վայրում` տանը, շոգենավի տախտակամածին, խանութի վաճառասեղանին։ Ընդ որում արդյունավետությունը չէր տուժում. նույն էին և՛ արագությունը, և՛ գեղարվեստական ստեղծագործության որակը։ Նա այնքան տարված էր աշխատանքով, որ չէր շեղվում կողմնակի հայացքներից։ Եթե նկատի առնել այն փաստը, որ վեպ գրելը ծանր գործ է, ապա ուշադրության կոնֆլիկտի տեսությունը համապարփակ չէ։ Կան բազմաթիվ այլ գրողներ, որոնք կարող էին արագ և արդյունավետ աշխատել միայն առանձնացած պայմաններում[11]։
Համատեղ գործունեության իրավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ մարդիկ այս կամ այն անհատի գործունեության մեջ կարող են հանդես գալ ոչ միայն անմասնակից դիտորդների դերում, այլև իրենք էլ ներգրավվեն գործունեության մեջ։ Շուկայի առևտրականները իրենց ապրանքները վաճառելուն զուգընթաց չեն կարող անտարբեր մնալ մեկը մյուսի գործի նկատմամբ։ Նրանց միջև մրցակցություն կլինի։ Բայց նրանք կշարունակեն հանդիսատես լինել իրար համար, համապատասխանաբար, նրանց համատեղ գործունեությունը կունենա պասսիվ դիտորդի ներկայության ազդեցություն։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ այս գործողությունը կուժեղանա անհատների միջև մրցակցային հարաբերություններով։
Մրցակցությունը որակի բարելավման, ապրանքների կամ ծառայությունների կատարելագործման հզոր ազդակներից մեկն է, որն առաջնորդվում է մրցակցին գերազանցելու մղումով։ Հենց այս մրցակցության շնորհիվ են արևմտյան երկրները հասել գիտության, տնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում այդքան բարգավաճման։ Սակայն մրցակցությունն ունի իր բացասական կողմերը։ Այն նպաստում է գործունեության արագության աճին ի վնաս որակի և բարձր ճշգրտության[11]։
Այսպիսով, համատեղ գործունեությունը, որն ընկալվում է որպես մրցակցություն, կարող է ուշադրության կոնֆլիկտի ևս մեկ աղբյուր դառնալ։ Չէ՞ որ մրցակիցները, հետևելով միմյանց գործունեությանը, երկուստեք համեմատում են իրենց արդյունքները։ Եթե մեկը գերազանցում է մյուսին, ապա երկրորդը, ձգտելով հասնել նման կամ նույնիսկ ավելի լավ արդյունքների, կորցնում է այլ չափանիշ։
Եթե մրցակցի գործունեությունը ոչնչով չի տարբերվում կամ նույնիսկ ավելի վատ է, ապա նա ընդհանրապես կարող է չընկալվել որպես մրցակից։ Այդ դեպքում համատեղ գործիչները միմյանց վրա ազդում են որպես սովորական հանդիսատեսներ[1]։
Եզրակացություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ լրացուցիչ հետազոտություններով պարզվել է Լսարանի էֆեկտից հետևյալ կախվածությունները.
- կատարողի վրա կարող է ազդել ոչ թե ցանկացած, այլ հեղինակավոր և բանիմաց դիտորդը, որն ընդունակ է աշխատանքը գնահատել. Լսարանի էֆեկտի ազդեցությունն ուղիղ համեմատական է դիտորդի հեղինակությանը։
- Ազդեցությունը մեծանում է խնդրի բարդությանը զուգընթաց. նոր հմտություններն ու կարողությունները, ինտելեկտուալ ընդունակությունները ավելի հեշտությամբ են ենթարկվում լսարանի էֆեկտի ազդեցությանը (դեպի աշխատանքի արդյունավետության նվազում) և ընդհակառակը, հին, պարզ պերցեպցիայի և հենաշարժական ունակությունների հետ կապված գործունեությունների վրա լսարանի ազդեցությունը նվազում է, իսկ հեղինակավոր դիտորդի ներկայությամբ դրանց իրագործման արդյունավետությունն ավելանում
- մրցակցային և համատեղ գործունեության դեպքում դիտորդների ավելացումը լսարանի էֆեկտի ազդեցությունը մեծացնում է (ինչպես դրական, այնպես էլ բացասական ուղղությամբ)
- ինտելեկտուալ ճիգեր պահանջող բարդ և նոր խնդիրներ լուծելիս անկայուն էմոցիոնալ համակարգ ունեցող անհատներն ավելի շատ դժվարություններ են ունենում, քան կայուն զգացմունքային հատկություններով օժտված անհատները
- Զայոնցի էֆեկտի ազդեցությունը ենթարկվում է Յերկս-Դոդսոնի ակտիվացման օպտիմումի օրենքին. դիտորդի առկայությունը (փորձարարի) ավելացնում է փորձարկվողի մոտիվացումը, որի հետևանքով հնարավոր է արտադրողականության աճ, սակայն մոտիվացիայի որոշակի օպտիմալ մակարդակից հետո, չափազանց բարձր մոտիվացիայի հետևանքով գործունեության արդյունավետությունն ընկնում է[12][13][14]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին վավերականությանը սպառնացող այլ գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաջորդականության էֆեկտ
- Հոթորնի էֆեկտ
- Պլացեբոյի էֆեկտ
- Ռոզենթալի էֆեկտ
- Առաջին տպավորության էֆեկտ
- Բարնումի ազդեցություն
- Ուղեկցող շփոթություն
- Վիճակագրական ռեգրեսիա
- Ներքին վավերականություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Социальное влияние в группах. 2016 © НП ЦДО Элитариум. 2009-03-04
- ↑ Administrator. «Социальная психология - Теория конфликта внимания». fond-ids.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Strauss, Bernd (2002 թ․ հուլիսի 1). «Social facilitation in motor tasks: a review of research and theory». Psychology of Sport and Exercise (անգլերեն). 3 (3): 237–256. doi:10.1016/S1469-0292(01)00019-X. ISSN 1469-0292.
- ↑ (Kelley H. & Thibaut J., 1969)
- ↑ эффект аудитории. Академик. Большая психологическая энциклопедия
- ↑ «Эффект аудитории (или эффект Зайонца)». psyfactor.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ (Майерс Д., 1997).
- ↑ «Образовательный портал ТГУ». edu.tltsu.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Szymanski K. & Harkins S., 1987
- ↑ (Mullen В., & Baumeister R., 1987)
- ↑ 11,0 11,1 «2.3. Теория конфликта внимания: Как это обычно и бывает, разногласия между двумя теориями снимает». sci.house. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ ROBERT M. YERKES. JOHN D. DODSON. THE RELATION OF STRENGTH OF STIMULUS TO RAPIDITY OF HABIT-FORMATION. Արխիվացված 2016-01-12 Wayback Machine Journal of comparative neurology and psychology. – 1908. (անգլ.)
- ↑ § 8. Вариации оптимума. Закон Йеркса — Додсона. Экспериментальная психология. Под редакцией П.Фресса и Ж.Пиаже. Вып. 5, Прогресс, М.,1975, с. 119-125. (ռուս.)
- ↑ Людмила Копец Эффект аудитории (Эффект Зайонца) Библиотека Психологические эксперименты. (ռուս.)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |