Jump to content

Լուսավորչի աջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Լուսավորիչ

Լուսավորչի աջը Գրիգոր Ա Լուսավորչի աջ ձեռքի սուրբ մասունքներն են, որոնք 5-րդ դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում (Աջի մեջ)։ Հայ եկեղեցու ավանդական կանոնադրությամբ կաթողիկոսարանում Լուսավորչի աջի առկայությունը պարտադիր է՝ որպես հայրապետական աստիճանի խորհրդանիշ, որի զորությամբ են տրվում օրհնություններն ու կատարվում օծումները։ Լուսավորչի աջը սուրբ Խաչափայտի (սուրբ Նշան) ու Աստվածամուխ սուրբ Գեղարդի հետ, գլխավոր սրբությունն է և գործածվում է սուրբ Լուսավորչի մյուռոնի օրհնության ժամանակ։ Գրիգոր Ա Լուսավորչի վախճանվելուց (325/326) կարճ ժամանակ անց նրա նշխարները տարածվել են ողջ Հայաստանում։

Ղազար Փարպեցու հիշատակությունները Լուսավորչի խաչի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատված Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց» աշխատությունից
Վահան Մամիկոնյան

Ըստ Ղազար Փարպեցու՝ Վարդանանց ժամանակ, երբ նախարարները կեղծ ուրացությամբ վերադառնում էին Պարսկաստանից, հոգևոր դասը եկողներին իրենց քրիստոնյա լինելը հիշեցնելու և դարձի բերելու համար ընդառաջ է ելել «առաքելանման նահատակ Սուրբ Գրիգորի նշխարներով»։ Նրա հաջորդ վկայությամբ, երբ Վահան Մամիկոնյանը «Հայոց ուխտապահ նախարարներով հանդերձ» վերադարձել է Պարսկաստանից (այնտեղ 485 թվականին պաշտոնապես ճանաչվել էր սպարապետ), Հովհաննես Ա Մանդակունին նրանց դիմավորել է «ճգնավոր նահատակ Գրիգորի սուրբ նշխարներով, որոնցով էլ նրանց բոլորին ճանապարհել էր դեպի արքունիք»։

Այլ հիշատակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասունքների պաշտամունքը զորացել է կրոնական մաքառման շրջանում՝ Քաղկեդոնի ժողովից հետո։ Գրիգոր Ա Լուսավորչի լույս նշխարները հիշատակել են նաև մատենագիրներ Սեբեոսը, Մովսես Կաղանկատվացին (7-րդ դար), Հովհաննես Ե Դրասխանակերտցին (9–10-րդ դար), Ասողիկը (10-րդ դար), Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Մխիթար Այրիվանեցին (13-րդ դար), Առաքել Դավրիժեցին (18-րդ դար) և այլք։

Մովսես Կաղանկատվացու հիշատակությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շնորհալիի պատկերը Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարի պատին

Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Ներսես Գ Տայեցին Գրիգոր Ա Լուսավորչի մասունքների մեծ մասը իշխան Գրիգոր Պատրիկ Մամիկոնյանի ձեռքով Թորդանից տեղափոխել է Վաղարշապատ։ Այնուհետև, եկեղեցաքաղաքական հանգամանքներով պայմանավորված, խամրել են մնացյալ նշխարների մասին եղած պատմությունները, և միակ ճաճանչող մասունքի է վերածվել Լուսավորչի աջը։ Որպես կաթողիկոսարանի գլխավոր սրբություններից՝ առաջին անգամ հիշատակվում է Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականում»։

Վարդան վարդապետի հիշատակությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Վարդան Վարդապետը գրում է, որ նշխարների քանիցս տեղափոխություններից հետո (բյուզանդական Զենոն կայսրը 5-րդ դարում տարել է Կ.Պոլիս, ապա դրանք վերադարձվել և դրվել են Զվարթնոցում և այլ տեղերում) իր օրոք մնացել էր միայն «Աջն լուսընկալ և շնորհաբաշխ»։ Լուսավորչի աջով Հայոց կաթողիկոսները բացառիկ դեպքերում օրհնել են ժողովրդին։ Կոստանդին Բ Կատուկեցին, հարկադրաբար հրաժարվելով կաթողիկոսական աթոռից (չի համակերպվել Հեթում Բ թագավորի լատինամետ քաղաքականության հետ), զգեստավորվել է հայրապետական հանդերձներով, բարձրացրել Լուսավորչի աջը, օրհնել Հայոց թագավորությունն ու ամենայն աշխարհը և հեռացել կաթողիկոսարանից։ Հռոմկլայի անկումից (1292) հետո եգիպտական սուլթանը գերի է տարել Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն՝ կաթողիկոսարանի սրբություններով և Լուսավորչի աջով հանդերձ։

Առաքել Դավրիժեցու հիշատակությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաքել Դավրիժեցու պատմության 1669 թ. հրատարակության շապիկը

Ըստ Առաքել Դավրիժեցու՝ Լուսավորչի աջը, գերեվարվելով Եգիպտոս, «երբ մտավ նրանց ապարանքը, պատժեց նրանց մահվամբ, ինչպես տապանակի միջոցով (պատժվեցին) այլազգիները։ Արդեն անհամար ու անթիվ էին մեռելները, երբ սուրբ Լուսավորիչ Գրիգորի աջ ձեռքը վերադարձրին Կիլիկիա՝ Հեթում Բարեպաշտ թագավորին։ Ապա ցասումը դադարեց նրանց նկատմամբ» («Պատմություն», 1988, էջ 325)։ Այսպիսի եզակի համեմատություն է արվում Հին կտակարանի գլխավոր սրբության՝ Ուխտի տապանակի հետ, Լուսավորչի աջը համարելով Հայոց Ուխտի տապանակ։

Լուսավորչի աջի տեղափոխումն Էջմիածին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Լուսավորչի աջի՝ Սուրբ Էջմիածին տարվելու (1441) մասին ժամանակի աղբյուրները նշում են, որ Աջը Սսի կաթողիկոսարանից անհետանալով, մոտ չորս տարի հետո հայտնվել է Էջմիածնում։ Նույն շրջանի մի շարք այլ աղբյուրներում ասվում է նաև, թե կորած Լուսավորչի աջը գտնվել է Սսում, որի պահպանությունը հանձնվել է Աջապահյաններին։ Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ Սեֆեդինյանը (1434–1464) կարակոյունլու Ջահանշահ խանի օժանդակությամբ 1461 թ. տիրել է Սուրբ Էջմիածնի աթոռին։ Մեկ տարի անց, հարկադրաբար հեռանալով Մայր աթոռից՝ իր հետ տարել է Լուսավորչի աջը։

Բերվող Աջին վասպուրականցիները ցնծությամբ են դիմավորել, ինչը հավաստում է նրա հանդեպ եղած համաժողովրդական սերն ու պաշտամունքը։ Ապա, Նախիջևանին մերձակա Օծոփի Սուրբ Աստվածածին վանքի միաբաններից Վրթանես եպիսկոպոսի ջանքերով, արկածային վիպական մի պատմություն հիշեցնող գործընթացով, Լուսավորչի աջը վերադարձվել է Սուրբ Էջմիածին։ Աջը երկրորդ անգամ Սուրբ Էջմիածնից հանվել է շահ Աբբաս առաջինի կատարած բռնագաղթից (1604) հետո, երբ նա ի շարս այլ սրբությունների Սպահան է տարել նաև Լուսավորչի աջը։ Փիլիպոս Ա Աղբակեցուն հաջողվել է 1663 թ. այն վերադարձնել Սուրբ Էջմիածին։

Լուսավորչի աջի մյուս դեգերումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքը

Նոր Ջուղայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պահվում է ևս մի Աջ, որը, ենթադրվում է, մի մասունք ունի Լուսավորչի նշխարներից։ Պատմության ծանր ժամանակներում, երբ կաթողիկոսները քաղաքական իշխանության կողքին լինելու համար անհրաժեշտաբար թողել են Մայր աթոռը, իրենց հետ վերցրել են Լուսավորչի աջը՝ հայրապետական աթոռի և պաշտոնի վավերականությունը հաստատելու համար։ 5–15-րդ դարերում, քաղաքական պարագաների բերումով, կաթողիկոսական աթոռը Լուսավորչի աջով հանդերձ բազմիցս տեղափոխվել է. Դվին (484–931), Աղթամար (931–944), Արգինա (944–992), Անի (992–1065), Ծամնդավ (1066–1105), Շուղրի Սև լեռան Կարմիր վանք (1105–1116), Ծովք (1116–1149), Հռոմկլա (1149–1292), Սիս (1293–1441) և կրկին Էջմիածին (1441 թվականից առ այսօր)։

Սբ. Գրիգոր Լուսավորչի աջը (հուշարձան, Էջմիածին)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: