Լյուդվիգ Բազիլ
Լյուդվիգ Բազիլ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1931[1] կամ ապրիլի 15, 1931 Համադան, Իրան |
Մահացել է | 1990[1] կամ օգոստոսի 17, 1990 Մյունխեն, Գերմանիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, խմբավար և ջութակահար |
Լյուդվիգ Բազիլ (Լյուդվիգ Գասպարի Բարսեղյան, 1931[1] կամ ապրիլի 15, 1931, Համադան, Իրան - 1990[1] կամ օգոստոսի 17, 1990, Մյունխեն, Գերմանիա), հայ խմբավար, ջութակահար, կոմպոզիտոր։
Գրող, ճառագիր, հրապարակախոս Վազրիկ Բազիլի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդվիգ Բազիլը (Բարսեղյանը) սերում է ազնվական և հոգևորական տոհմից, որն Իրանում հաստատվել է XVII դարի սկզբի հայերի բռնագաղթի ժամանակ։ Ծնվել է Համադանում, կրթություն ստացել է Թեհրանում՝ ավարտելով Թեհրանի պետական երաժշտանոցը[2]։ Բարձրագույն կրթությունը կատարելագործելու նպատակով մեկնել է Հռոմ, 1954 թվականին ավարտել Հռոմի «Սանտա Չեչիլիա» կոնսերվատորիայի ջութակի և 1956 թվականին՝ կամերային երաժշտության բաժինները, հաճախել կոմպոզիցիայի դասընթացների։ 1959–1961 թվականներին՝ Թեհրանի «Արարատ» միության երգչախմբի, ապա՝ «Հայ երգ» հաստատության հիմնադիրներից, 1961–1965 թվականներին՝ երգչախմբի ղեկավար[3]։
1965 թվականից ապրել է Մյունխենում։
Գրել է երգեր և խմբերգեր (Դանիել Վարուժանի, Գրիգոր Նարեկացու, Սիամանթոյի խոսքերով), լարային կվարտետներ («Անիի լքված եկեղեցիները», «Վարդավառին»), պիեսներ՝ ֆլեյտայի, լարային նվագախմբի, երկեր՝ ջութակի, թավջութակի, երաժշտական պատկեր (Սիամանթոյի «Աղոթքի» խոսքերով)՝ մեներգչուհու, կանանց երգչախմբի և նվագախմբի համար։
Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի համար գրած երաժշտության մեջ յուրովի է օգտագործել հայ ժողովրդական և միջնադարյան հոգևոր երաժշտության ելևէջները ու ռիթմական հատկանիշները։
Մշակել է ժողովրդական և աշուղական երգեր։ Ստեղծագործությունները տպագրվել են Իտալիայում («Արդի հայ երաժշտություն» մատենաշարով) և Թեհրանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Իրանահայ կոմպոզիտորական արվեստ. Լյուդվիգ Բազիլ (1931-1990)։ Շուշան Այվազյան
- ↑ Ով Ով է հայեր։ Կենսագրական հանրագիտարան. հատոր առաջին։ Խմբ․՝ Հովհաննես Մնացականի Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրանահայ կոմպոզիտորական արվեստ. Լյուդվիգ Բազիլ (1931-1990)։ Շուշան Այվազյան։
- Բրուտյան Ց., Իրանահայ երաժշտական մշակույթը, Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու։ Արվեստագիտություն 2, Երևան, 1975, էջ 43։
- «Րաֆֆի» օրացույց, Թեհրան, 2012 («Րաֆֆի» օրացույցը տպագրվում է շուրջ 75 տարի և իր էջերում գիտալուսավորչական նպատակով զետեղում է պարսկահայ տարբեր արվեստագետների կյանքին ու գործունեությանը նվիրված ամփոփ հոդվածներ)։
- Այվազյան Շ., Հայ երաժիշտների դերը Իրանի երաժշտական մշակույթի ձևավորման գործում, Երաժշտական Հայաստան, 1 (48), 2015, էջ 70։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական համառոտ հանրագիտարան։ Ա-Դաջում։ Վիկտոր Ամազասպովիչ Համբարձումյան։ Հայկական հանրագրատարանի գլխավոր խմբագրություն, 1990 - 766 էջ։
- Սփյուռքահայ գրականություն։ Տարեգիրք Տ։ Խորհրդ. գրող, 1989 - 383 էջ։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Բազիլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |