Jump to content

Լադիկ Էլիզբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լադիկ Էլիզբարյան
Ծնվել է1920
ԾննդավայրԾաղկունք, Նոր Բայազետի գավառ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Լադիկ Արշակի Էլիզբարյան (1920, Ծաղկունք, Նոր Բայազետի գավառ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1942), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լադիկ Էլիզբարյանը ծնվել է 1920 թվականին, Սևանի շրջանի Ծաղկունք գյուղում։ 7-րդ դասարանն ավարտել է հայրենի գյուղում, այնուհետև սովորել և ավարտել է Սևան քաղաքի միջնակարգ դպրոցը։ 1939 թվականին նշանակվել է Սևանի շրջանի Գոմաձոր գյուղի ոչ լրիվ միջնակարգ դպրոցի ուսուցիչ, դասավանդել է թվաբանություն։ 1939 թվականի նոյեմբերին Էլիզբարյանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, սովորել և ավարտել է կրտսեր հրամանատարների դպրոցը, ստացել՝ կրտսեր սերժանտի կոչում[1]։

1941 թվականին, պատերազմի հենց սկզբից Էլիզբարյանը մասնակցել է մարտերին, սկզբում Սմոլենսկի, այնուհետև՝ Ելեց քաղաքի ուղղությամբ, որտեղ վիրավորվել է, բուժվելուց հետո մեկնել 7-րդ հրաձգային գվարդիական դիվիզիա՝ որպես դասակի հրամանատարի օգնական մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը։ 1942 թվականին Էլիզբարյանը գործուղվել է սովորելու հրետանային ուսումնարան, 1943 թվականին ավարտել է, ստացել՝ լեյտենանտի կոչում, մեկնել ռազմաճակատ՝ որպես 518-րդ հրաձգային գնդի հրետանային դասակի հրամանատար (Առաջին բելոռուսական ռազմաճակատ)[1]։

1944 թվականին Էլիզբարյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով։ Բոբրույսկ քաղաքի մոտ գիշերային մարտերից մեկում ֆաշիստական տանկը խփելու համար երկրորդ անգամ պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով։ 1944 թվականին մարտերից մեկում ծանր վիրավորվել է, ապաքինվելուց հետո զորացրվել է բանակից[1]։

Էլիզբարյանը զորացրվելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի սկզբում Սևանի շրջանի Լճաշենի, այնուհետև Սևան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան № 1 միջնակարգ դպրոցում։ Աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, դասավանդել է պատմություն և հասարակագիտություն։ Աշխատել է դպրոցի ուսմասվար, լուսաշխի արհմիության Սևանի շրջկոմի նախագահ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1942 թվականին Էլիզբարյանը ընդունվել է կուսակցության շարքերը[1]։

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (1944, կրկնակի)
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]