Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1838)։ 1857-1897 թվականներին զբաղեցրել է պետական կարևոր պաշտոններ։ 1874 թվականից պետական խորհրդի անդամ էր։ 1861-1882 թվականներին եղել է Պետերբուրգի Կայսերական հանրային գրադարանի (այժմ՝ Սալտիկով-Շչեդրինի անվան) տնօրեն, 1882-1897 թվականներին՝ ժողովրդի լուսավորության մինիստր։ Դելյանովի օրոք մտցվեց (1884) համալսարանական նոր կանոնադրություն, որը համալսարաններին զրկում էր նախկին ինքնավարությունից, փակվեցին (1886) կանանց բարձրագույն դասընթացները։ 1887 թվականի հունիսի 18-ին նրա հրապարակած շրջաբերականով սահմանափակվում էր ազնվական ծագում չունեցող երեխաների մուտքը գիմնազիաներ, իսկ «կառապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաները» չէին կարող ընդունվել միջնակարգ ուսումնական հաստատությունները։ Սահմանվեց տոկոսային չափ ուսումնական հաստատություններ ընդունվող հրեաների համար։ Նրա օրոք փակվեցին (1885) հայկական բազմաթիվ դպրոցներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 327)։